f

Անկախ

Երբ պետությունը մատից փուշ հանելու փոխարեն ծաղրում է գյուղացուն


107 դրամի փոխհատուցում կարկտահարության պատճառով բերքը կորցրած գյուղացուն․ այսպիսին է Հայաստանի Հանրապետություն սոցիալական պետության աջակցությունն իր քաղաքացիներին։

Ամռանը Գեղարքունիքի մարզում ուժեղ կարկտահարության հետևանքով որոշ համայնքներ մինչև 100 տոկոս բերքի կորուստ ունեցան։ Կարկտահարությունից օրեր անց մարզպետարանի և համայնքապետարանի մասնագետների այցը և կորուստների վերաբերյալ տվյալների հավաքագրումը տարվա կեսը դառը դատած, ծախսեր արած ու արդյունքում առանց բերքի ու եկամտի մնացած գյուղացուն հույս ներշնչեց․ եթե պետությունը վնասները գոնե մասամբ փոխհատուցի, հնարավոր է, գյուղացին կարողանա գոնե սերմնացուի, պարարտանյութերի  և թունաքիմիկատների պարտքերից ազատվել ու ինչ-որ կերպ գոյատևել մինչև հաջորդ տարի։ Բայց արի ու տես, որ կարկտահարությունից 6 ամիս անց հատկացված փոխհատուցումն ավելի շատ ծաղր է գյուղացու հանդեպ, քան թե աջակցություն։

Մարտունի քաղաքի բնակիչներից Էրիկ Մարգարյանն օրերս ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել էր ստացականը, ըստ որի որպես կարկտահարության պատճառած վնասների փոխհատուցում ստացել է 107 դրամ գումար։ Թե այդ «աստղաբաշխական» գումարով բերքը կորցրած բնակիչն իր ծախսերի որ մասն է փակելու, մեծ հարց է։ 

Փոխհատուցում ստացած քաղաքացիներից մեկն էլ մարտունեցի տիկին Էլմիրան է։ Կարկուտից ամբողջությամբ ավերված նրա հողամասից լուսանկարներ հրապարակել էինք նաև ամռանը։ 

Նա ասում է, որ գրեթե 100 տոկոսով կորցրած բերքի դիմաց ստացել է ընդամենը 16 հազար դրամ փոխհատուցում։ «Այդքան գումարով ես միայն սնուցող նյութեր եմ գնել, որ կարողանամ կարկուտից հետո կարտոֆիլի մի քանի թուփ փրկել և ձմռան համար ուտելու կարտոֆիլ ունենալ»,- ասում է նա և թվարկում, թե ինչ կորուստներ է կրել։ 

Նրա խոսքով՝ իր տնամերձ հողամասում ունի մոտ 30 մետր երկարությամբ ազնվամորում թփեր, որոնցից տարեկան  20-30 կգ բերք էր  ստանում։ Ազնվամորու մեկ կգ-ը ամռան ամիսներին  շուկայում միջինում 1000 դրամ է։ Ազնվամորուց բացի ունի նաև սև և կարմիր հաղարջի թփեր։ 

Տիկին Էլմիրան ասում է, որ ունի 7 խնձորի ծառ, որոնցից առնվազն 150-200 կգ խնձոր էր  ստանում։   Մանր ու խալերով խնձորի կիլոգրամը 200-250 դրամ է, մի քիչ ներկայանալի տեսքով խնձորի գինը 400-500 դրամ է կիլոգրամի դիմաց։ 

Տնամերձ հողամասում կա նաև կեռասի երեք ծառ, որոնք միասին մոտ 200 կգ բերք էին տալիս։ «Մի 7 կգ չիր էի պատրաստում, մի 100 կգ էլ թարմ կեռաս էի վաճառում։ Ինչ էլ մնում, մնում էր»,- ասում է տիկին Էլմիրան ու անցնում ընկուզենու ծառերին։ 

Ասում է, որ իր երկու ընկուզենիներից միասին մոտ 5 պարկ պոպոք էր հավաքում, իսկ մեկ կգ կեղևով պոպոքի արժեքը 2000 դրամ է։ 

«Երկու ծիրանի ծառ ունեմ, որոնց բերքով և չիր էի անում, և ձմռան համար պահածոներ փակում։ Բալի ու սալորի ծառերի մասին էլ չասեմ։ Այս տարի ես անգամ մեկ կգ միրգ կամ հատապտուղ իմ հողամասի ծառերից ու  թփերից չեմ հավաքել։ Ոչ միայն եկամուտս եմ կորցրել, այլ նաև հավելյալ ծախս եմ արել, քանի որ ուտելու, պահածոյացնելու, ձմռան ապրուստ ստեղծելու համար ամեն ինչ գնել եմ»,- ասում է տիկին Էլմիրան։ 

Նա նաև շեշտում է, որ կարկուտից հետո կրկնակի ծախս է արել ու նորից լոբի, կաղամբ, բիբար, պոմիդոր, կանաչեղեն ցանել։ «Արդյունքում առաջին ու վերջին բերքը ստացել եմ հոկտեմբերին, իսկ ողջ ամռան ընթացքում ստիպված էլի գնել եմ դրանք՝ հավելյալ գումար ծախսելով,- ասում է նա և հավելում։-  Կարկուտից հետո հատիկ առ հատիկ սնուցող նյութերով մշակել եմ ծառերի շնորհիվ ոչ ամբողջությամբ վերացած կարտոֆիլի թփերը։ Արդյունքում ստացել եմ այնքան կարտոֆիլ, որ հազիվ կբավարարի ձմռանն օգտագործելուն։ Հիմա եմ հասկանում, որ ծախսածս գումարով ավելի շատ կարտոֆիլ կարող էի գնել, քան թե ստացել եմ․ պարզապես սերմնացուին էլ էի գումար տվել, չէի ուզում, որ կորեր»։ 

Տիկին Էլմիրան հարցնում է՝ ի՞նչպես են հաշվարկել, որ  ի վերջո համարել են՝ իր կրած հարյուր հազարների վնասը հնարավոր է 16 հազար դրամով փոխհատուցել։ 

«Ամեն տեսակ բերք ու բարիքից զրկված գյուղացին ի՞նչ պիտի անի 16 հազար դրամով»,- հարցնում է նա։ 

Գեղարքունիքի մարզպետարանում էլ «Անկախի» հետ զրույցում արձանագրում են․ գյուղացին այնքան մեծ վնասներ է կրել, որ հատկացված գումարները դրանց համեմատությամբ չնչին բան են։ 

Գեղարքունիքի մարզպետարանից «Անկախը» հետաքրքրվեց, թե որ համայնքներին է փոխհատուցում տրվել և որքան։ Ըստ մարզպետարանի հատկացրած տվյալների՝ պատճառված վնասի մասնակի փոխհատուցում տրվել է միայն բերքի 50-100 տոկոս կորուստ ունեցած բնակավայրերին։ Այդպիսիք 12-ն են՝ Գավառ(բերքի կորուստը կազմել է 60-70 տոկոս), Արծվանիստ (70 տոկոս), Լճավան (50-60 տոկոս), Լճափ (70 տոկոս), Ծովազարդ (70 տոկոս), Գանձակ (50-60 տոկոս), Հայրավանք (50-60 տոկոս), Երանոս (70 տոկոս), Ծովասար (50 տոկոս), Վաղաշեն (50-85 տոկոս), Մարտունի (50-90 տոկոս), Գեղամասար (50 տոկոս)։ 12 համայնքներին միասին հատկացվել է 21 մլն 926 հազար դրամ։ Փոխհատուցում է տրվել 1571 քաղաքացու։ Կոպիտ հաշվարկով՝ մեկ քաղաքացուն բաժին է հասել 13900 դրամ։ 

Փոխհատուցում ստացած քաղաքացիների թվով առաջատարը Մարտունին է՝ 410 քաղաքացի, որոնց ընդհանուր հատկացվել է 6 մլն 842 հազար դրամ։ Սակայն փոխհատուցման գումարի չափով առաջատարը Գեղամասարն է՝ այստեղ տուժած 123 քաղաքացիներին հատկացվել է 8 մլն 816 հազար դրամ։

Ուշագրավ է, որ մարզպետարանի հատկացված տեղեկատվության համաձայն՝ Գավառում տուժած քաղաքացիները հրաժարվել են պետության կողմից հատկացված ընդհանուր  314 հազար դրամ փոխհատուցումից։ 

Իսկ փոխհատուցման բանաձևը հետևյալն է եղել․ 1 հեկտար հացահատիկի և հատիկընդեղեն մշակաբույսերի համար հատկացվել է 30 հազար դրամ։ Պտղի և հատապտղի համար փոխհատուցումը կազմել է կրած վնասի 5 տոկոսը։ Իսկ բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի և կերային ու տեխնիկական մշակաբույսերի համար՝ կրած վնասի 4 տոկոսն է փոխհատուցվել։ 

Ստացվում է, որ սիմվոլիկ փոխհատուցումով պետությունն ավելի շատ տեղեկատվական աղմուկ է ստեղծում՝ սոցիալական պետության պատրանք ստեղծելով։ Իսկ իրականում պետության կողմից հատկացված չնչին գումարներով գյուղացու մատից անգամ փուշ հանել հնարավոր չէ։ 

 

կարկուտ փոխհատուցում գյուղատնտեսություն Գեղարքունիքի մարզ Մարտունի Խմբագրի ընտրանի Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Անցնող շաբաթն աշխարհում
Մերկելը կորոնավիրուսը պատմության մեջ ԵՄ-ի համար ամենամեծ փորձություն է անվանել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 954 նոր դեպք է գրանցվել
Ինչպե՞ս 99% -ով նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու վտանգը
Հանրապետության տարբեր քաղաքներից ու գյուղերից դիմել են Գյումրի, որ օգնություն ստանան
ԱԺ աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա համար. ԱԺ աշխատակազմի ղեկավար
Պետք է ամեն խոսալուց առնվազն մի 100 հատ սուտ ասես, որ մարդ չհասկանա, որ մեկը հերքի
ՀՀ պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել արդեն 42 տնտեսվարողի նկատմամբ. ԱԱՏՄ
Օրական կիրականացվի 1000 թեստավորում. թեստերի տեղական արտադրության համար խոշոր գումար է հատկացվել
Ադրբեջանցին Հայաստանում սպանել է Կոտայքի մարզի բնակչին. գործը դատարանում է
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ուղիղ
Այդ ողջ քաղաքական աղմուկը, ռեսուրսների կոնցենտրացիան և ֆինանսական ծախսերը ընդամենը 8 օրվա համար էին
Աբովյանի, Հրազդանի և Չարենցավանի համայնքապետարանները տրանսպորտային միջոցներ են տրամադրել՝ Երևանում բնակվող բուժաշխատողներին տեղափոխելու համար
Խնդիրներ, որ դեռ լուծում չունեն. Վահե Էնֆիաջյան
Վեց ոստիկանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. փոխոստիկանապետ
Լոռու մարզի մի քանի համայնքներում կատարված ճանապարհաշինության գործընթացներում հայտնաբերվել են կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումներ․ հարուցվել են քրգործեր
ՀՀ-ից Արցախ մուտք գործող բոլոր տրանսպորտային միջոցները ախտահանվում են
Անցնող շաբաթը Հայաստանում
Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման` հարգելով վերջինիս մահվան հանգամանքը. Ալինա Նիկողոսյան
Դեպի բնականոն կյանքի հուն. Շահան Գանտահարյան
Ինչու՞ առ այսօր Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել ապրիլյան հանձնաժողովի նիստին. Արմեն Աշոտյան
Դատախազության հայտարարությունը միանշանակ պետք է վերաբերի նաև Ռոբերտ Քոչարյանին. փաստաբան
         Գնահատվել է հայ խաղաղապահների ծառայությունը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր
Այն, որ «Քաղաքացիական ավիացիային զրկել են լիցենզիայից» լուրը իշխանությունը հերքում է չի նշանակում, որ ամեն ինչ նորմալ է. Սամսոնյան
Ավելին
Ավելին