f

Անկախ

Մեր երեխեքին փրկելը խաղուպար էր, Իշխան Վահանյանն ի՞նչ իրավունք ուներ անպատրաստ երեխեքին պատերազմ տանել. զոհվածի ծնող


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, այսօր՝ մարտի 2-ին, զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հարցաքննվեց պատերազմում զոհված Հայկ Հարությունյանի հայրը՝ Հրանտիկ Հարությունյանը։

Նա պատմեց, որ որդին երկու ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը։ Հայկից ծնողները մինչեւ հոկտեմբերի 6–ը տեղեկություն չեն ունեցել։ Հրանտիկը ծանոթներից մեկի միջոցով ճշտել է, որ իր տղան հոկտեմբերի 5–ին եղել է Հադրութում, բայց չի հավատացել, որովհետեւ իմացել է, թե տղան ու մյուս զինծառայողները Ջաբրայիլում են։ Հոկտեմբերի 6–ի գիշերը, ժամը 2–ի սահմանում, Հայկը զանգել է հորը, կես ժամ զրուցել են, տղան  հորը վստահեցրել է՝ ապահով տեղ են տարել։

 

 

«Մինչեւ ամսի 8–ը հետը խոսել եմ, ամսի 8–ից նորից կապը կտրվեց»,– պատմեց Հրանտիկ Հարությունյանը։

Հրանտիկը շարունակել է փնտրել տղային եւ միայն հոկտեմբերի 16–ին է նրան հաջողվել  որդու զինծառայակիցներից սերժանտ Հարութ Բալասանյանի հետ կապվել։ 

«Հարցրին՝ Հարությունյանը Հայկը ձեզ հե՞տ է, ասաց՝ հա, իմ հետ ա, ասացին՝ կլինի երեխու հետ խոսե՞նք, հեռախոսն անջատեց։ Հետո նորից զանգեցի գումարտակի հրամանատարի տեղակալ Գարիկ Վարդերեսյանին ու իմացա, որ երեխեքը Վանք գյուղում շրջափակման մեջ են։ Դրանից հետո նորից զանգել եմ իրեն, ասել եմ՝ ի՞նչ է պետք, ծնողներն ի՞նչ կարող են անել, որ երեխեքին հանենք, ասաց՝ հոպար, լրիվ նորմալ է, մենք զբաղվում ենք։ Մինչեւ հոկտեմբերի 19–ը ես զանգել եմ ու նույն բանն էր ասում։ Ամսի 19–ին, բա՝ երեխեքը զանգել են, ուզեցել են դուրս գան, ճանապարհին ընկել են հրետակոծության տակ»,– պատմեց Հրանտիկ Հարությունյանը։ 

Նա տեղեկացրեց, որ նույնիսկ պատերազմից հետո ծնողները տեղեկություն չեն ունեցել իրենց որդիներից։ Հավաքվել են Պաշտպանության նախարարությունում, ամեն մեկն իր տղայի մասին գրավոր տեղեկություններ էտվել նախարարությանը ու այդպես մի քանի շաբաթ գնացել–եկել են։ Հետո նախարարությունն ինչ–որ հանձնաժողով է ստեղծե, որն ըստ Հրանտիկի՝ չի գործել։

«Դատախազին ասում եմ՝ ինչու չեք մեղավորներին ձերբակալում, եթե ուզում եք տեղեկություն իմանալ էդ գործի մասին, մտեք մեր տված տեղեկությունները կարդացեք ու իմացեք՝ ով է դավաճանել։ Մեր երեխեքին փրկելը խաղուպար էր, ի դեպ, դատարանին քննիչը խաբել է, ասել է, թե իբր էն 6 երեխեքին փրկել են Պաշտպանության նախարարությունը, բայց նրանց մենք ենք փրկել Ղարաբաղում, ՊՆ–ն ոչ մի բան չի արել»,– պատմեց Հրանտիկ Հարությունյանը։

Պատերազմում զոհված Հայկի հայրը պատմեց, որ ինքը հիվանդանոցում տեսակցել է  փրկված զինծառայողներին։ Որդու նկարը ցույց է տվել, բայց նրան ասել են, թե իբր չեն ճանաչում Հայկին։

«Սուտ էին ասում, որովհետեւ մեզնից առաջ ԱԱԾ–ի քննիչը մտել էին իրենց մոտ ու ասել, որ ոչ մի բան չասեն մեզ։ Բայց երեխեքն ասել են՝ մեր ընկերները ողջ են, տղաներից մեկն ասել էր՝  հոպար, որ մենք բաժանվել ենք 8 հոգի մի խումբ է եղել, 6–ը մեկ այլ, 6 հոգի էլ մեկ ուրիշ։ Տղաներից մեկն ասում էր, որ մյուս տղաների խումբն ասել է՝ մենք վախենում ենք, չենք գալիս, մենք էլ եկել ենք էստեղ։ Իրենք հաստատ գիտեին, թե իրենց ընկերներին որտեղ էին թողնում, եթե զբաղվեին...ԱԱԾ–ն էլ չթողեց տղաները ինֆորմացիան մեզ ասեն։ Բայց մի շաբաթ հետո աներոջս տղան չերեզներով ճշտել էր, որ երեխեքը Ձորափ գյուղում անտառի մեջ են, եկել եմ Աշոտ Բալասանյանին ասել, որովհետեւ ինքն էր զբաղվում էդ գործերով, փոխարենն ինքը կազմակերպեր, որ երեխեքին փրկեին, ինքը  խումբ վերցրեց, գնաց մոտակա գյուղերում ման եկավ, թուրքերը գլխի ընկան, որ ողջ երեխեք կան, հաջորդ օրը մեր երեխեքին խփեցին»,– պատմեց նա։

Հրանտիկ Հարությունյանը դիմելով գործով ամբաստանյալ Իշխան Վահանյանին, ասաց.

«Ինքը որեւե մեկին ներկայացրե՞լ է, որ իր երեխեքը պատրաստ են պատերազմին, կամ որեւէ մեկն իրեն հարցրե՞լ է դրա մասին։ Ինքն ի՞նչ իրավունք ուներ անպատրաստ երեխեքին տաներ պատերազմ։ Իմ երեխեն երկու ամսվա ծառայող էր, ինչի՞ համար պետք է գնար պատերազմ։ Իշխան Վահանյան, դու պատերազմից հետո որեւիցե մեկին զանգե՞լ ես, հետաքրքրվե՞լ ես  քո անձնակազմով»։

Ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Իշխան Վահանյանը, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքը:

5-րդ գումարտակի անձնակազմը մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ, գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը եւ Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը եւ Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ:

Իշխան Արմենի Վահանյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով:

Իշխան Վահանյան 44-օրյա պատերազմ Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին