f

Անկախ

Պետությունը խրախուսո՞ւմ, թե՞ խոչընդոտում է ծնելիության աճը


Խոսույթի մակարդակում պետությունն իբրև թե խթանում է ծնելիությունը, իսկ ահա համակարգային մակարդակում՝ խոչընդոտում ծնելիության աճին։ Կհարցնեք՝ ինչպե՞ս։ Չէ որ ծնելիության խթանման ծրագրեր են իրականացվում, ամեն տարի բյուջեից մեծ գումարներ են ուղղվում այդ ծրագրերին։ Կարող եք անգամ թվարկել՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստն է բարձրացվել  (չնայած այդ բարձրացված գումարն առնվազն  50 անգամ ցածր է  սոցապ  նախարարի աշխատավարձից), երեխայի ծննդյան ժամանակ հատկացվող միանվագ գումարները պարբերաբար բարձրացվում են, երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան պարագայում  ամենամսյա վճարներ են սահմանվել և այլն։

Բայց սա ընդամենը շղարշն է, որը կոչված է թաքցնելու իրականությունը։

Սկսենք սկզբից՝ հղիությունից։ Հղիության վարումն ու ծննդաբերությունը Հայաստանում անվճար են, մի կողմ թողնենք այսպես կոչված մաղարիչները, որ մի տեղ սեփական կամքով, մի տեղ էլ պարտադրված անում են ծննդկանի հարազատները։ Բայց ավելի ազնիվ կլինի ասել, որ պետությունն ընդամենը համաֆինանսավորում է հղիությունը վարելը։ Ընդ որում, պետության համաֆինանսավորումն ընդհանուր ծախսերի մի փոքր մասն է կազմում։ Հղիության ինն ամիսների ընթացքում այնքան լրացուցիչ, պետպատվերի մեջ չներառված ստուգումների ու մասնագիտական խորհրդատվությունների կարիք է լինում, յուրաքանչյուր ամսվա ընթացքում այնքան պրոֆիլակտիկ նշանակումներ են արվում, որ հղին և իր ընտանիքը պետք է նախապես պատրաստված լինեն այդ ընթացքում  ամենամսյա կլորիկ, ներկայիս նվազագույն աշխատավարձին համարժեք ու երբեմն էլ գերազանցող վճարներին։ 

Երեխայի ծնվելուց հետո մի կողմից ընտանեկան բյուջեն կրճատվում է, քանի որ ծնողներից մեկը խնամքի արձակուրդում է գտնվում և, բնականաբար, չի աշխատում, մյուս կողմից էլ ծախսերը կտրուկ ավելանում են։ Միայն երեխայի տակդիրների ամենամսյա գումարն ավելին է, քան պետության կողմից տրվող մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը։ Իսկ եթե հանկարծ մայրական կաթը չբավականացնի և ստիպված լինեն երեխային արհեստական կաթնախառնուրդով կերակրել, ապա այդ ընտանիքը «կորած է», քանի որ ամսական նվազագույն աշխատավարձի չափով գումար էլ դրա համար է հարկավոր։ Չհաշված, որ երեխային անհրաժեշտ է հագուստ, խաղալիքներ, խնամքի պարագաներ, երբեմն-երբեմն դեղեր, որոնք էլի զգալի բեռ են ընտանեկան բյուջեի վրա։

Երեխայի առողջապահական ծախսերը սոցիալական պետություն համարվող Հայաստանում միայն դեղերով չեն սահմանափակվում։ Եթե հանկարծ Ձեր երեխան հիվանդանա պոլիկլինիկայի ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին՝ այն է՝ գիշերը կամ հանգստյան օրերին, ստիպված եք լինելու վճարել անգամ  առաջին բուժօգնության համար։ Չնայած մինչև 18 տարեկանների բուժօգնությունը Հայաստանում անվճար է, սակայն ստիպված պետք է վճարեք նաև նեղ մասնագետի խորհրդատվության համար, եթե չեք կարող ամիսներով սպասել պետպատվերի հերթում։ Օրինակ՝ ծանոթներիցս մեկի 4-ամյա երեխային, որի դեմքն անճանաչելի էր դարձել ատամնաբորբից առաջացած  այտուցվածության պատճառով, մասնագետն առաջարկել էր 1,5 ամիս հետո մոտենալ, եթե անվճար սպասարկում են ուզում։

Գաղտնիք չէ նաև, որ տարվա գրեթե կեսը բուժհաստատությունները հրաժարվում են պետպատվերով բուժսպասարկումից՝  պատճառաբանելով, որ պետպատվերի՝ իրենց հատկացված  գումարներն սպառվել  են։

Հաջորդ մարտահրավերը ծնող դառնալու համարձակություն ունեցած մարդու համար մեր բնակավայրերի անմատչելիությունն է մանկասայլակի համար։ Չնայած քաղաքաշինական նորմերը սահմանում են, որ շենքերը, փողոցները պետք է հարմարեցված լինեն սայլակների համար, բայց դա միայն թղթի վրա։ Իրականությունն այն է, որ անգամ մանկական խանութները, դեղատները թեքահարթակներ չունեն։ Իսկ եթե այնպիսի բանուկ հատվածում եք ապրում, որ փողոցն անցնելու համար պետք է գետնանցումից օգտվեք, ապա մինչև երեխայի քայլելը մոռացեք այդ փողոցն անցնելու մասին։ 

Երբ լրանում է երեխայի երկու տարին, ծնողը պետք է վերադառնա աշխատանքի։ Ու այս անգամ նա բախվում է էլ ավելի մեծ խնդրի․ պետական մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունը  և մասնավոր մանկապարտեզների աստղաբաշխական վճարները։ Եթե, այնուամենայնիվ, բախտներդ բերի և երեխային տեղավորեք  ձեր վարչական շրջանում կամ գոնե հարակից վարչական շրջաններում գործող պետական որևէ մանկապարտեզում,  իմացեք, որ մանկապարտեզների աշխատաժամն ավարտվում է ժամը 17։00-ին, մինչդեռ Հայաստանում պետական հատվածի աշխատանքն ավարտվում է 18։00-ին, իսկ մասնավոր սեկտորում՝ 19։00-ին և ավելի ուշ։ Թե ինչպես եք համատեղելու աշխատանքն ու երեխայի խնամքը, գլուխկոտրուկ է։ 

Ավելի բարդ է դպրոցահասակ երեխա ունեցող ծնողների վիճակը։ Տարրական դասարաններում դասերն ավարտվում են մինչև օրվա կեսը։ Եվ աշխատող ծնողը ստիպված պետք է կամ դայակ ունենա, կամ վճարովի երկարօրյա դասեր գտնի, երբեմն էլ երկուսը միասին, քանի որ տարրական դասարանի փոքրիկը, հատկապես Երևանում, կդժվարանա միայնակ մի վայրից  մյուսը հասնել։ Այստեղ կհիշեք դայակների ծրագրի մասին, որը ենթադրում է պետության կողմից համաֆինանսավորում դայակի աշխատավարձի համար։ Բայց արի ու տես, որ անունը կա, ամանումը չկա։ Ծրագրի շահառու դառնալն անիրագործելի առաքելություն է։ 

Այսքանից հետո զարմանալի չէ, որ մարդիկ պատրաստ չեն մի քանի անգամ այս փորձությունների փուլերով անցնել, որքան էլ պետությունը հեռուստաեթերով վարդագույնի երանգներով ներկայացնի ծնելիության խթանման ծրագրերը և դրանց արդյունավետությունը։ 

Եթե պետությունն իսկապես ուզում է խթանել ծնելիությունը, ապա առնվազն երեխայի ծնողին չպետք է զրկի աշխատելու հնարավորությունից՝ ամեն քայլափոխին խոչընդոտներ ստեղծելով։ Առնվազն կփորձի լուծել մանկապարտեզների պակասի և աշխատաժամերի խնդիրը, կխրախուսի գործատուներին, որ ունենան մանկական խաղասենյակներ, որտեղ, օրինակ, դասից կամ մանկապարտեզից հետո կզբաղվեն իր աշխատակիցների երեխաները, մինչ աշխատակիցներն իրենց գործն ու աշխատանքային օրն ավարտին կհասցնեն։  

Ի դեպ, ՀՀ Վիճակագրական կոմիտեի  տվյալներով՝ 2022-ին ՀՀ բնակչության կեսից ավելին՝ 53 տոկոսը,  կազմել են կանայք։ Նրանցից վերարտադրողական տարիքի,  այն է՝  20-45 տարեկան են ավելի քան 586 հազարը կամ ընդհանուր բնակչության 20 տոկոսը։ Ստացվում է՝ պետական սխալ կամ գուցե և մտածված քաղաքականության հետևանքով մեր երկրի բնակչության տնտեսապես ակտիվ մասի առնվազն կեսը զրկված է իր ողջ պոտենցիալով աշխատելու հնարավորությունից։ Իսկ թե դրա հետևանքով ինչ ահռելի կորուստներ է կրում մեր երկիրն ու տնտեսությունը, ոչ ոք չի հաշվարկել։ 


 

ծնելիություն դեմոգրաֆիա էսսե խմբագրի ընտրանի

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին