f

Անկախ

«Ցավ է, որ ոչ միայն Թալիշը, այլև Արցախն ենք կորցրել». հերոս Սարգիս Սահակյանի մայր


Հայրենիքի կանչով

Հրազդանի բազմաբնակարան շենքերից մեկի պատին սևաչյա երիտասարդի նկարն է` կողքին գրված` Ռուսկի, որ խոհուն հայացքով անցորդներին կարծես կանչում է` կանգնի՛ր, կարևոր բան պետք է ասեմ: Հրազդանցի Սարգիս Սահակյանն է` Արցախյան քառօրյա պատերազմի անմահ հերոսը:

Սարգիսը չորս տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնություն: Տասնհինգ տարի այնտեղ ապրելուց հետո չափահաս Սարգիսը մի օր որոշում է հետ վերադառնալ Հայաստան: Հայրը կտրականապես դեմ էր դրան, բայց մայրը դրական է ընդունել:

Սարգիսը չի լսել հորն ու համառորեն մերժել է. «Գնում եմ Հայաստան: Ո՛չ, հիմա ես եմ որոշում` որտեղ պետք է ծառայել: Ես իմ հայրենիքում պետք է ծառայեմ, մեծ բարձունքների հասնեմ»:

2014 թվականի հուլիսի 22-ին Սարգիս Սահակյանը զորակոչվել է բանակ` սկզբում ծառայության անցնելով Մատաղիսի զորամասում, հետո` Թալիշի զորամասում: Բանակում նրա հետ Սարգիս անունով ուրիշ տղա էլ էր ծառայում, որի համար Սաքոյին Ռուսկի են կոչել:

«Երբեք չի տրտնջացել ծառայությունից: Շատ գոհ էր, սիրված ու հարգված` ծառայակիցների և հրամանատարության կողմից: Ես հաճախ էի գնում Արցախ: Կարոտը խեղդում էր»,-ասում է տիկին Թամարան:

Մոր խոսքով` որդու ծառայությունը դժվար չի տարել, որդին էլ չի դժգոհել դրանից, պարտաճանաչ զանգում էր: Արձակուրդի ժամանակ միշտ անակնկալ էր անում ծնողներին և քրոջը: Պարզ հիշում է` վերջին  արձակուրդը հունվարին էր, իսկ ապրիլին զոհվել էր Սարգիսը:

«Կարոտս առա: Սաքոս էլ ասում էր` ուզու՞մ ես այնպես անեմ, որ չհասած Արցախ` նորից հետ գտամ: Հպարտություն էի ապրում»,- արցունքները զսպել չկարողանալով` պատմում է մայրը:         

Դեռ 2012 թվականին տիկին Թամարան դստեր հետ Հայաստան էր եկել: Երկար մնալ չի կարողացել. որդուն շատ էր կարոտում: Աղջիկն ամուսնացել է, ինքն էլ վերադարձել է որդու մոտ:

«Անընդհատ փշերի վրա էի: Մտածում էի` շուտ հասնել նրան»,-ասում է նա:

Փոքրուց Սարգիսը տարբեր մարզաձևերով է զբաղվել, բայց առավել ֆուտբոլն էր սիրում: Մրցաշարերից միշտ հաղթանակով ու մեդալներով էր վերադառնում: Երազում էր հանդիպել Հենրիխ Մխիթարյանին: Մեծ սեր ուներ համակարգչի նկատմամբ: Ինքնուս համակարգչային ծրագրեր էր սովորում, կատարելագործվում այդ բնագավառում:

«Յուրաքանչյուր սպորտի մեջ տեսնում էր իրեն»,- ասում է մայրը:

Քույրը` Ռուզաննան, պատմում է, որ եղբոր հետ շատ կապված են եղել, միշտ միասին են եղել: Դասերն ավարտելուց հետո Սարգիսը երկար կանգնում էր անձրևի տակ և սպասում քրոջը:

«Երկուսով լավ մանկություն ենք ունեցել: Հիմա նայում եմ իմ երեխաներին և մտածում, որ նրանք մեր մանկության օրերը չեն ապրի»,-ասում է նա:

Պատմում է, որ փոքրուց Սարգիսը շատ համարձակ և արկածախնդիր էր. միայնակ տատիկի ու պապիկի տուն է հասել: Եղբոր մասին սիրով ու ակնածանքով է խոսում: Խոստովանում է` հոգու դատարկությունը ոչ մի բանով չի լցվում: Հիշում է, որ մի օր իրենց տան դուռը քեռու որդին է բացել`զինվորական համազգեստով: Ռուզաննան մի պահ կարծել է` Սարգիսն է վերադարձել:

Գնդացրորդ Սարգիսը

Ոչ ոք չի մոռացվել… ոչինչ չի մոռացվել…

Յոթ տարի է անցել Քառօրյա պատերազմից: Սարգիսը չկա, նրա արյամբ պահված Թալիշում ոսոխ թշնամին ամեն լուսաբացին մուղամ է լսում և հոխորտում: Վերևում` ամենաբարձրում, համառորեն խաղաղ ու համբերատար Սարգիսն է ժպտում` գուցե ներելով իրենից պակաս հայրենատեր լինելու մեր թուլությունն ու անկարողությունը:

Տիկին Թամարան պատմում է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ անբացատրելի տագնապով է արթնացել: Անգամ հարևանի դրած սուրճը չի խմել: Որդու զանգին էր անհամբեր սպասում: Սկզբում չի գիտակցել, որ պատերազմ է: Երբ իմացել է, շտապել է եկեղեցի, բայց մոմերն այդպես էլ վառել չի կարողացել:

«Տարօրինակ զգացողություն էր մոտս. չէի ուզում տնից դուրս գալ: Այնպես դառն ուզում էի լացել, սիրտս մրմռում էր»,-ասում է տիկին Թամարան:

Սարգիսը պատերազմի մասին ոչինչ չի պատմել մորը: Զանգել էր քեռուն և խնդրել, որ թույլ չտան մայրը հեռուստատեսությամբ լուրերին հետևի: Երբ հեռախոսազանգի ժամանակ կրակոցների ձայներ է լսել, որդին ասել է. «Տղերքը խրամատ են փորում, ցեխը քարով ու փայտով են հանում, դրանց ձայներն են»:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններ է ծավալել` կիրառելով ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Սարգիսն ու իր մարտական ընկերները հերոսաբար մարտնչել են թշնամու դեմ` նրան պատճառելով մարդկային և զինտեխնիկայի կորուստներ: Տղաները երկու անգամ հակահարձակման են անցել: Երկրորդ մարտը Սարգսի համար ճակատագրական է եղել: Հերոս Սարգիսը զոհվել է Թալիշում` ապրիլի 3-ին`հետ շպրտելով թշնամուն և կանխելով նրա առաջխաղացումը:

Յոթ տարի է անցել, բայց մայրը լավ հիշում է ապրիլի 3-ին` ժամը 11:30-ին, որդու հետ վերջին հեռախոսազանգը:

«Մամ ջան, էլի կզանգեմ». ասել է Սաքոն` այդպես էլ չզանգելով:

Որդու զոհվելու լուրը տիկին Թամարային եղբայրն է հայտնել: Շտապ օգնության մեքենայով են տարել նրա մոտ: Հիմա ցավը սուր հիշողությամբ գրկել է նրան, ամեն վայրկյան զգացնել տալիս իր մասին:

«Յոթ տարի է արդեն` ես իմ որդու գերեզմանից չեմ կտրվում»,-արցունքները թաքցնելու համար աչքերն է փակում մայրը:

Մոր խոսքով` որդին չէր սիրում, որ մայրը մենակ էր մնում: Հիմա տիկին Թամարան միայնակ է տանում որդու կորստյան ցավը, երկար նստում և զրուցում է նրա նկարների հետ:

«Մինչև հիմա չեմ համակերպվում, որ որդիս չկա: Սպասում եմ` գա, դուռս ծեծի»,-ասում է նա:

Տիկին Թամարան անկեղծանում է` որդու մարտական ընկերներից ոչ ոք այդպես էլ չի եկել իրենց տուն: Խոստացել էին` նրա իրերից բերել, բայց այդպես էլ այդ դրանք չեն հասել մորը: Ծառայակից ընկերները տիկին Թամարային ասել են, որ շատ են ափսոսում, որ Ռուսկիի նման ընկեր են կորցրել: Մի օր տիկին Թամարայի եղբորորդին 44-օրյա պատերազմից Սաքոյի վրեժի փամփուշտն էր բերել նրա համար: Արցախյան 44-օրյա պատերազմը ցավով է տարել նա, ամեն զոհվող զինվորի համար մղկտացել է,չէ որ  բոլորին իրենն է համարել:

«Շատ մեծ ցավ եմ ապրում, որ ոչ միայն Թալիշը, այլև Արցախն ենք կորցրել: Իմ տղան կյանք է տվել այդ հողի համար: Շատ կուզեմ, որ նորից գնամ Արցախ, նպատակ ունեմ Սաքոյի հիշատակին խաչքար կանգնեցնել այնտեղ»,-ասում է մայրը:

Սարգիս Սահակյանը հուղարկավորվել է Հրազդանի գերեզմանատանը: Հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի հրամանով «Արիություն» մեդալով, ՀՀ նախագահի հրամանով` «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից` «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով, Երկրապահ կամավորականների միության կողմից`«Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան Սարգիս Սահակյան Ապրիլյան պատերազմ Հայաստան խմբագրի ընտրանի

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին