f

Անկախ

Չաշխատեց բիրտ ուժը, գործի է դրվում փափուկ ուժը․ Սիրիան արաբական աշխարհի համար կրկին ցանկալի գործընկեր է


Օրեր առաջ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղի ունեցավ Արաբական պետությունների լիգայի 32-րդ գագաթնաժողովը, որին 12 տարվա ընդմիջումից հետո մասնակցում էր նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։ Ավելի վաղ՝ մայիսի 7-ին, կառույցի անդամ երկրների համաձայնությամբ  վերականգնվել էր Սիրիայի անդամակցությունը Արաբական պետությունների լիգային։ Սիրիային ԱՊԼ-ից հեռացրել էին 2011-ին՝ այդ երկրում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո։

Ուշագրավ է, որ արաբական այն երկրները, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորել են Ասադի ընդդիմադիրներին ու պայքարել են նրա հեռացման համար, այժմ շտապում են բարելավել հարաբերություններն  այդ նույն Ասադի կողմից կառավարվող Սիրիայի հետ ու անգամ ներդրում ունենալ այդ երկրի վերականգնման գործում։ 

Ի՞նչ և ինչո՞ւ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում։ Սիրիայի և արաբական երկրների հարաբերությունների բարելավումն ինչպե՞ս կանդրադառնա սիրիական հակամարտության վրա․ այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան, այն երկրները, որոնք մոտ մեկ տասնամյակ ֆինանսավորել են Ասադի հակառակորդներին ու պայքարել նրան իշխանությունից հեռացնելու համար, այժմ մեծ շուքով են ընդունում նույն Ասադին ու ձգտում են կարգավորել հարաբերությունները Սիրիայի հետ։ Ի՞նչ է փոխվել։ Ինչո՞ւ է տեղի ունենում այն, ինչ տեղի է ունենում։ 

-Սիրիայի նկատմամբ վերաբերմունքի և քաղաքականության փոփոխությունը պայմանավորված է միաժամանակ մի քանի իրողություններով։ Առաջինն, իհարկե, գետնի վրա իրավիճակն է Սիրիայում, այն է՝ Սիրիայում գործող վարչակարգի հաջողությունները նրա հիմնական հակառակորդների նկատմամբ և որոշակի ստատուս քվոյի ապահովումը, որը մեծ հաշվով գործում է 2019-2020թթ․։ Այսինքն սիրիական հակամարտությունը կառավարելի վիճակում է, և առավելությունը գործող վարչակարգինն է, ինչն էլ հաշվի են առնում տարածաշրջանային և արտատարածաշրջանային խաղացողներն իրենց քաղաքականությունը մշակելիս կամ վերանայելիս։

 Երկորրդը  տարածաշրջանային և գլոբալ իրողություններն են, որոնք որոշակիորեն փոխկապակցված են։ Խոսքն առաջին հերթին Միացյալ Նահանգների դիրքերի թուլացմամբ պայմանավորված՝ տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին է։ Մասնավորապես՝ ամրապնդվում են Չինաստանի դիրքերը, և այս երկրի ակտիվ միջնորությամբ տարածաշրջանում լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում, այն է՝ կարգավորվում են հարաբերությունները Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև։ Սա իր հերթին  ուղիղ ազդեցությունն է ունենում  տարածաշրջանային հիմնախնդիրների, այդ թվում  սիրիական հակամարտության,  եմենական, լիբանանյան հիմնախնդրի, Իրաքում ստեղծված իրավիճակի վրա։ 

Այն դիրքավորումը, որ ունեին արաբական երկրները սիրիական հակամարտության հարցում, ըստ էության ձախողվեց,  արաբական երկրները տանուլ տվեցին իրենց տարածաշրջանային մրցակիցներին, այդ թվում և Իրանին։ Եվ որպեսզի կարողանային Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորել, պետք է նախ և առաջ կարգավորեին հարաբերությունները Սիրիայի առանցքային տարածաշրջանային հովանավորի՝   տվյալ դեպքում Իրանի հետ։ Եվ այդ պրոցեսները հանգեցրեցին Սիրիա-արաբական երկրներ հարաբերությունների կարգավորմանը։

-Իսկ արդյոք տեղի ունեցողը նշանակո՞ւմ է, որ արաբական երկրներն ընդունել են իրենց պարտությունը։ Թե՞ սա պարզապես մարտավարության փոփոխություն է։ Ասադի հեռացման պահանջն այլևս արդիական չէ՞։

- Ասադի հեռացման պահանջն այլևս փաստացի վերանայված պահանջ է։ Ինչպես արդեն նշեցի, դա առաջին հերթին պայմանավորված է Սիրիայի տարածքում արձանագրված իրողություններով։ Ինչ վերաբերում է արաբական երկրների դիրքորոշմանը, ապա այո, նրանք միանշանակ ընդունել են, որ իրենց նախկին քաղաքականությունը ձախողվել է, և ներկայում փորձում են վերանայելով մարտավարությունը և  այլ եղանակներով, մասնավորապես  փափուկ ուժի՝  քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ազգային, մշակութային գոծիքակազմի կիրառմամբ  վերականգնել իրենց ազդեցությունը Սիրիայում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա  էական անհրաժեշտություն է ներկայիս Սիրիայի համար։ Ավելի քան մեկ տասնամյակ տևող ծանր հակամարտության պայմաններում, Սիրիայի դեմ հայտարարված քաղաքական, տնտեսական բազմաշերտ պատժամիջոցների համատեքստում, խորը հումանիտար խնդիրների առկայության պայմաններում, բնականաբար, Սիրիային անհրաժեշտ է համակողմանի աջակցություն, որն, ըստ էության, կարող են ցուցաբերել տարածաշրջանի արաբական երկրները։ Այսինքն՝ որոշակիորեն փոխադարձ ընդունելի իրավիճակ է, որից երկուսն էլ կօգտվեն։ Ի տարբերություն Իրանի, որն այս պահին ունի լուրջ տնտեսական խնդիրներ  և չի կարող ակտիվ հակամարտության ընթացքում ցուցաբերած աջակցությունը տեղափոխել նաև տնտեսական հարթություն, արաբական երկրները, հատկապես Պարսից ծոցի արաբական երկրները, ունեն շատ մեծ ֆինանսատնտեսական հնարավորություններ և կարող են  էական ազդեցություն ու միջամտություն ունենալ Սիրիայում հումանիտար և տնտեսական խնդիրների կարգավորման հարցում։

-Իսկ արաբական աշխարհի հետ հարաբերությունների բարելավումն ինչպե՞ս կանդրադառնա սիրիական հակամարտության վրա։ 

- Սիրիական հակամարտության վրա էական փոփոխություն հազիվ թե ունենա, հատկապես միջանկյալ,  կարճաժամկետ հեռանկարում, երբ մենք ականատես ենք աշխարհաքաղաքական փոփոխությունների գործընթացին։ 

Սիրիական հակամարտության այն կանխատեսելի և կառավարելի վիճակի վրա, որ կա արդեն մի քանի տարի, էական ազդեցություն չունեն արաբական երկրները, փոխարենն էական ազդեցություն ունեն Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, որոշակիորեն նաև Միացյալ Նահանգները։ Տևական ժամանակ է, որ արաբական երկրների հովանավորյալ խմբավորումները մեծ հաշվով էական ազդեցություն չունեն հակամարտության վրա։ Շատ ավելի մեծ ազդեցություն ունեն Թուրիքայի հովանավորյալ խմբավորումները, քրդական տարաբնույթ  կառույցները և որոշակի ինքնաբավությամբ օժտված ահաբեկչական խմբավորումները։ Այսինքն այս պարագայում արաբական երկրները մրցակցությունից դուրս են մնացել։ Նրանց ազդեցությունը խիստ սահմանափակ է Սիրիայի ներսում ծավալվող բուն հակամարտային իրավիճակի վրա։ Այլ բան է, որ այդ երկրները, ինչպես արդեն նշեցի, կարող են փափուկ ուժի կիրառմամբ վերականգնել և անգամ էլ ավելի մեծացնել իրենց ազդեցությունը Սիրիայի տարածքում՝  լուրջ մրցակից դառնալով նաև իրենց տարածաշրջանային հակառակորդների կամ մրցակիցների համար։

-Տնտեսական դժվարությունները, ստեղծված  հումանիտար ճգնաժամը, աճող աղքատությունը, սոցիալական ծանր վիճակն Ասադի դիրքերը թուլացրել են։ Արաբական աջակցությամբ արդյոք այս իրավիճակը կփոխվի՞։

-Իհարկե, որոշակիորեն փոխվելու է։ Բայց ներկայում չեմ կարող կանխատեսել, թե  ինչ մակարդակի փոփոխություններ կարող են լինել, որովհետև գործընթացն առայժմ միայն խոստումների և կանխատեսումների փուլում է։ Որոշակի անորոշություն այս համատեքստում, անշուշտ, առկա է, բայց որ արաբական տերությունների ֆինանսական աջակցությունը զգալիորեն կարող է մեղմել և  մարդասիրական, և սոցիալ-տնտեսական վիճակը, միանշանակ է։ Դրա վրա էլ խաղադրույք են կատարում արաբական երկրները՝ փորձելով վերանայել իրենց քաղաքականությունը և մարտավարությունը և փափուկ ուժի միջոցով վերականգնել այն դիրքերը, որ նրանք կորցրեցին սիրիական հակամարտության ընթացքում իրենց սխալ դիրքավորման պատճառով։

-Արդոք Սիրիայի վերադարձը ԱՊԼ Իրանի հաղթանա՞կն է։

-Ոչ միայն Իրանի, այլ նաև Չինաստանի։ Ինչո՞ւ է այս գործընթացը տեղի ունենում։ Քանի որ թուլացել է տարածաշրջանի  հակամարտություններում ԱՄՆ  ներգրավվածությունը և տարածաշրջանային ակտիվ քաղաքականությունը։ Այստեղ ոչ միայն Իրանի հանգամանքը պետք է հաշվի առնել, այլ նաև դրան զուգահետ Չինաստանի ակտիվ դերակատարությունը, որովհետև որպես տարածաշրջանային գործընթացների  հիմնական մեդիատոր դիրքավորվում է Չինաստանը։ Իրանի դիրքերի ամրապնդումը ի դեմս արաբական տիրապետությունների հետ հարաբերությունների կարգավորման և հակաիրանական այդ առանցքի ճեղքման, տեղի է ունենում նաև Չինաստանի ազդեցությամբ,  որի ուղիղ արդյուքնում թուլանում է Միացյալ Նահանգների քաղաքականությունը և նրա դաշնակիցների, հատկապես Իսրայելի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա։ 

Երբ խոսում ենք Իրանի ազդեցության աճի մասին, բնականաբար, պետք է հասկանանք, որ դա տեղի է ունենում զուգահեռ  Չինաստանի և Սաուդյան Արաբիայի ազդեցության աճի, որովհետև այս բոլոր գործընթացներում Իրանին հավասար էական ազդեցություն ունի Սաուդյան Արաբիան, որը փորձում է հատկապես փափուկ ուժի միջոցով վերականգնել իր դիրքերը տարածաշրջանում, որոնք թուլացել էին ակտիվ հակամարտային փուլում Սաուդյան Արաբիայի ոչ գրագետ դիրքավորման և քաղաքականության հետևանքով։

-Եթե տեղի ունեցող զարգացումները դիտարկենք Հայաստանի տեսանկյունից, Հայաստանի վրա ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող են ունենալ դրանք, և մենք ի՞նչ դաս ունենք քաղելու Սիրիայի շուրջ 12 տարվա զարգացումներից։

-Որպես ուղիղ ազդեցություն դժվար է առանձնացնել։ Դասը ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի բոլոր ժողովուրդների համար պետք է լինի՝ ամեն գնով խուսափել  ներքին զինված հակամարտությունից։

Այն, որ սիրիական հակամարտությունը տևական ժամանակ բևեռացված է և ավելի քան տասը տարի շարունակվող այս պատերազմը  բզկտում է  այդ պետությունը և ժողովրդին, այդ երկիրը դարձել է գլոբալ առճակատման թատերաբեմի, պետք է դառնա ամենակարևոր ցուցիչը։

Կարևոր հանգամանք է, որ կարող է ազդեցություն ունենալ Սիրիայի հետ հարաբերություններում, այն, որ ՀՀ-ն բավականաչափ հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերել հակամարտության սկզբից ի վեր և չի դադարեցրել հարաբերությունները Սիրիայի Արաբական Հանրապետության հետ, անգամ հումանիտար առաքելություն է ուղարկել այդ երկիր։

Մյուս կարևոր հանգամանքը սիրիահայ համայնքի ներկայությունն է, այդ երկրի տարածքում զգալի հոգևոր, մշակութային ժառանգության առկայությունը։  Սիրիան շատ կարևոր երկիր է համազգային տեսանկյունից որպես պատմական հայրենիքին՝ Արևմտյան Հայաստանին ամենամոտը գտնվողը։ Սիրիայում  հայկական համայնքի ներկայությունը և նրա դիրքերի բարելավումը ռազմավարական խնդիր է, որը պետք է դառնա համահայկական միասնական քաղաքականության նպատակային ուղղությունը։ Մանավանդ որ դրա համար առկա են բարենպաստ պայմաններ․ Սիրիայի բնակչությունը և իշխանությունները դրական վերաբերմունք ունեն հայկական համայնքի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Այդ դրական մթնոլորտը պրակտիկ դաշտ տեղափոխելով պետք է օգտագործել բոլոր հնարավոր հարթություններում՝ այդ թվում Սիրիայի վերականգնման աշխատանքներում որոշակի ներգրավվածություն ունենալով, հայկական համայնքին աջակցություն ցուցաբերելով։ 


 

հարցազրույց Սիրիա Մերձավոր Արևելք Արաբական պետությունների լիգա խմբագրի ընտրանի սիրիական հակամարտություն Բաշար Ասադ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին