Արցախում ապրող 120 հազար հայն իր անկոտրում պայքարով վերահաստատում է՝ իր պայքարը հանուն հացի չէ. դա պայքար է սեփական հայրենիքում ապրելու իրավունքի համար, հետևապես, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի Արցախի ճակատագիրը, մեր՝ բոլոր հայերիս համար Արցախը պետք է համարվի հոգևոր արժեք. բոլորս պետք է ապրենք «Հաջորդ տարի՝ Արցախում» բանաձևի ընկալմամբ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով արցախահայության պայքարի և այդ պայքարի շնորհիվ Հայաստանին ընձեռված բացառիկ հնարավորությունների մասին, նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ շեշտելով.
«Արցախի պայքարը ոչ թե հացի մասին է, այլ նրա, որ կոնֆլիկտը կարգավորված չէ, ուստի որքան էլ աշխարհի հզորները ցանկանան 44-օրյա պատերազմի արդյունքներն ընդունել՝ որպես վերջնական իրողություն, միևնույն է, կոնֆլիկտը դրանով կարգավորված չէ։ Սա արցախահայության պայքարի ամենալուրջ քաղաքական մեսիջն է, որի նպատակն է ինքնորոշման իրավունքի ճանաչումը»,- ասաց Խոսրով Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ՝ արցախահայության այս պայքարի հասցեատերը միջազգային հանրությունից՝ աշխարհի գերհզոր տերություններից զատ, առաջինը հենց Հայաստանի իշխանությունն է, ուստի, այս իշխանությունը պետք է հրաժարվի «Արցախը՝ ձեզ» մտայնությունից, ինչից բխում է, որ պարտավոր է հետ կանչել դրա մասին իր արած հայտարարությունները։