f

Անկախ

Արկածախնդրություն է առանց արտաքին աջակցության Ռուսաստանի հետ բաց հակադրության մեջ մտնելը. քաղաքագետ


Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին նախագիծն ընդգրկվել է հոկտեմբերի 3-ին  մեկնարկող  ԱԺ լիագումար նիստերի  օրակարգ. օրերս ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին: 

Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1998-ին, երբ հիմնադրվել է Միջազգային քրեական դատարանը: Սակայն հիմանդիր փաստաթուղթը՝ Հռոմի ստատուտն, այդպես էլ չի վարերացրել, ավելին, 2004-ին ՀՀ սահմանադրական դատանանն այն հակասահմանադրական էր ճանաչել: 2023-ի մարտին, սակայն, ՀՀ սահմանադրական դատարանը, ևս մեկ անգամ քննելով հարցը, համարել է, որ այն չի հակասում ՀՀ  Սահմանադրությանը: Հայկական կողմը Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մտադրությունը հիմնավորում է Ադրբեջանին իր ռազմական հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու ձգտմամբ: Իրավունքի ոլորտի մասնագետները, սակայն, շեշտում են, որ Ադրբեջանը Միջազգային քրեական դատարանի անդամ չէ և անգամ մտադրություն չունի վավերացնել Հռոմի ստատուտը, հետևաբար այս ատյանն անարդյունավետ է Ադրբեջանին պատասխանատվության կանչելու գործում: 

Փոխարենն  այս քայլը դիտարկվում է որպես հակառուսականության դրսևորում. Միջազգային քրեական դատարանն այս տարվա մարտին  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել: Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պարտավոր են ձերբակալել ՌԴ նախագահին, եթե նա գտնվի իրենց երկրի տարածքում: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը Հռոմի ստատուտը վավերցանելու Հայաստանի մտադրությունը բնորոշել է որպես «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի նկատմամբ:  

Ո՞րն է Հռոմի կանոնադրությունը վավերացնելու բուն նպատակը: Ի՞նչ հաշվարկներ կան այդ որոշման հիմքում. այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ:

-Պարոն Սուրենյանց, ո՞րն է Հռոմի ստատուտը վավերացնելու բուն նպատակը: Ինչո՞ւ հիմա: 

-Իրավունքի դաշտ չեմ մտնի, կտամ քաղաքական գնահատական: Այն պաշտոնական հռչակումները, որ իշխանություններն անում են, Հռոմի ստատուտը, միարժեք,  այդ խնդիրները լուծել չի կարող: Նախ՝ հիմա աշխարհում միջազգային իրավունքի ճգնաժամ է: Այս պայմաններում  ասել, որ ինչ-որ  միջազգային դատարան, ինչ-որ ստատուտ քեզ պաշտպանելու է, մոլորություն է: Հակառակ դեպքում, օրինակ՝ 8 ամիս առաջ Լաչինի միջանցքը բացված կլիներ Հաագայի դատարանի որոշումից հետո, մենք էլ այս փորձանքի մեջ չէինք ընկնի: 

Երկրորդը, եթե նույնիսկ միջազգային իրավունքի ճգնաժամ չլիներ, չնայած դա ակնհայտ կա, քանի որ  Ադրբեջանը Հռոմի ստատուտը չի վավերացրել, նրա վրա այդ դատարանի իրավազորությունը շատ սահմանափակ է : Այն արդյունքը,  որ իշխանությունները հռչակում են, ունենալ չենք կարող: 

Սա ակնհայտորեն արվում է հակառուսական  կամպանիայի շրջանակներում, որը հրահրված է իշխանությունների կողմից: Եվ այս գործընթացը Ռուսաստանի կողմից դիտարկվում է որպես  ծայրահեղ թշնամական  քայլ: Հետևաբար պետք է սպասել շատ կոշտ հակազդեցության Ռուսաստանի կողմից:

Հակիրճ՝ արկածախնդրություն է առանց արտաքին աջակցության Ռուսաստանի հետ բաց հակադրության մեջ մտնելը:

-Իսկ այդ արտաքին աջակցությունը Հայաստանը չունի՞:

-Իհարկե, չունենք: Տեսե՞լ եք արևմտյան որևէ երկիր, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Հայաստանի համար: Ես գեղեցիկ հայտարարություններ եմ լսել, լսել եմ պոստֆակտում արձանագրումներ և նույնիսկ ֆինանսական աջակցություն, օրինակ՝ Արցախի մեր հայրենակիցների համար, բայց որևէ հայտարարություն չեմ լսել, որը ենթադրում է, որ Ֆրանսիան կամ ԱՄՆ-ն պատրաստ են պատասխանատվություն ստանձնել Հայաստանի անվտանգության համար: Նրանք նույնիսկ ճանապարհն են ցույց տալիս: Անկախության օրվա առթիվ Բայդենի՝ Փաշինյանին հղված շնորհավորական ուղերձում ուղիղ ասվում է՝ ուզում ես անվտանգություն, հարևաններիդ հետ խաղաղություն հաստատիր: Ավելի ուղիղ ասել, որ մեզ վրա հույս չդնես, ուղղակի հնարավոր չէ: 

Մի արձանագրում անեմ՝ Ռուսաստանը լավ բարեկամ չէ, բայց սարսափելի թշնամի է: Եթե մենք քայլեր ենք անում, հետևանքները պետք է հաշվարկենք:

-Ձեր կարծիքով՝ մեր իշխանական վերնախավն արդյոք հաշվարկե՞լ է հակառուսական գործողությունների հնարավոր հետևանքները: Ի՞նչ է սպասվում: 

-Ոչ: Իհարկե, ոչ: Շատ լուրջ անվտանգային, տնտեսական խնդիրների դեմ կառնենք: Չթվարկեմ այդ ցանկը:  Ցանկացած մարդ, առանց իմ թվարկելու, ինքնուրույն կարող է պատկերացնել, թե ինչ խնդիրներ կարող է Ռուսաստանը ստեղծել մեզ համար:

Նիկոլ Փաշինյանն ի՞նչն է հաշվարկել, որ սա էլ հաշվարկի:  Նա իր ողջ քաղաքականությունը կառուցում է ինչ-որ թշնամու կերպար ստեղծելու, հետո այդ թշնամու դեմ հերոսաբար պայքարելու վրա: Անկախ նրանից՝ այդ թշնամին երկրի սահմաններից ներս, թե դուրս է: Հիմա կստացվի, կստացվի: Չի ստացվի, մի օր կճողոպրի Հայաստանից՝ երկիրը թողնելով ավերակների վերածված:

-Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում: 

-Այս պահին մենք անտագոնիստական հարաբերություններ ունենք: Հետո, երբ նոր իշխանություններ գան, կկարողանա՞նք արդյոք հարաբերությունները շտկել, ժամանակը ցույց կտա: Անգամ իշխանափոխության պարագայում հարաբերությունները վերականգնելը շատ դժվար է լինելու, որովհետև փոխադարձ  այնքան նստվածք է մնալու մեր հասարակության մոտ, ռուսների մոտ, շատ դժվար է լինելու հարաբերությունները հին մակարդակին բերելը:

-Զրույցի սկզբում Դուք էլ շեշտեցիք, որ Ադրբեջանը չի վավերացրել Հռոմի ստատուտը և այս հարթակն անարդյունավետ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցում: Այս խնդիրը բարձրաձայնում են նաև իրավունքի ոլորտի մասնագետները: Մինչդեռ ոչ միայն հանրային մակարդակում, այլ նաև  ԱԺ-ում իշխանություններն այդ շեշտադրությամբ են փաստաթուղթն առաջ մղում: Ո՞րն է տրամաբանությունը: 

- Այս  նույն խումբը չորս  տարի առաջ ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ: Իրենց հայտարարություններին  լրջություն տալը և քննարկելը, թե ինչի հիմա վրա են նման բան հայտարարել, անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն մի փնտրեք մի տեղում, որտեղ անբարոյականություն է և տգիտություն:

-Ձեր կարծիքով՝ Հռոմի ստատուտը կվավերացվի՞ ՀՀ ԱԺ-ի կողմից: 

-Այո, վավերացնելու են, որովհետև ողջախոհությունն  այս իշխանությանը վաղուց լքել է: 

 

հարցազրույց Հռոմի ստատուտ քաղաքականություն Սուրեն Սուրենյանց

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին