Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան հավաստիացնում է, որ Արցախի նախկին ղեկավարության իրավունքները պահպանվում են։
«Մենք մշտապես հանդիպումներ ենք ունենում։ Հանդիպումներ են եղել նաեւ այն անձանց հետ, որոնք մեղադրվում են Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ Նրանց իրավունքներն ապահովվում են։ Մենք ուշադիր վերաբերմունք ենք ցուցաբերում յուրաքանչյուր կալանավորվածի հանդեպ։ Նրանց տրամադրվում է հնարավորություն՝ կապ պահպանելու իրենց ընտանիքների հետ, նրանք ապահովված են թարգմանիչներով»,- ասել է Ալիեւան։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանություններն անօրինաբար պահում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, գեներալ Դավիթ Մանուկյանին, խոսնակ Դավիթ Իշխանյանին, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանին, պետնախարար Ռուբեն Վարդանյանին։