Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ կհանդիպեն Արցախի հայաթափումից հետո։ Հանդիպումը կլինի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։
Երևանն ու Բաքուն դեռ չեն հայտարարել միջոցառման շրջանակում քաղաքական գործիչների երկկողմ հանդիպում անցկացնելու պլանների մասին՝ գրում է Риа գործակալությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։
Վերջին անգամ Փաշինյանը և Ալիևը հանդիպել են հուլիսի 15-ին Բրյուսելում, որը նրանց հինգերորդ հանդիպումն էր 2023 թվականին։
Փետրվարին նրանց բանակցությունները տեղի ունեցան Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի մասնակցությամբ։ Մայիսին Փաշինյանը և Ալիևը Բրյուսելում և Մոսկվայում հանդիպել են համապատասխանաբար Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հունիսին Շառլ Միշելը, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միացան Մոլդովայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններին։
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումները Գրանադայում և Բրյուսելում այս աշնանը չկայացան՝ չնայած դրանց նախապատրաստմանը և ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ալիևը հրաժարվել էր մեկնել Գրանադա։