f

Անկախ

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում հաղթանակը  կենսական է լինելու թե իշխանության, թե ընդդիմության համար


2024-ը Թուրքիայի համար ընտրական տարի է, բայց տեղական մակարդակով՝ սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Արդեն հայտնի է, որ մարտի 31-ին կայանալիք ընտրություններին  մասնակցության իրավունք է ստացել 36 կուսակցություն: Ներկայում թե իշխանության, թե ընդդիմության ուշադրությունը կենտրոնացած է Ստամբուլի վրա, որը Թուրքիայի ամենամեծ քաղաքն է: Փորձագետները թեժ ընտրապայքար են կանխատեսում Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի քաղաքապետերի աթոռի համար. սրանք թուրքիայի 3 խոշորագույն քաղաքներն են, որոնք 2019-ի ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր քաղաքապետ են ընտրել: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այս անգամ փորձելու է վերականգնել իր դիրքերը և հաղթանակ ապահովել նաև այս քաղաքներում: 

Իշխանությունն արդեն հրապարակել է Ստամբուլի քաղաքապետի իր թեկնածուի անունը: Նա Թուրքիայի նախկին  շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումն է։ Նրա հիմնական մրցակիցը լինելու է Ստամբուլի գործող քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն: Եթե 2019-ի ընտրություններում ընդդիմությունը միասնական թեկնածուով էր հանդես եկել, ապա այս անգամ, կարծես, ընդդիմադիր ամեն ուժ առանձին թեկնածու է ներկայացնելու: Այս պայմաններում, բնականաբար, Իմամօղլուի կամ որևէ այլ ընդդիմադիր ուժի  համար ավելի բարդ կլինի ընտրություններում հաղթելը: 

Փորձագետները 52-ամյա Իմամօղլուին համարում են 2028-ի նախագահական ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակիցը: Նախորդ տարվա նախագահական ընտրություններին նա առաջադրվել չկարողացավ դատական արգելքի պատճառով: Միևնույն ժամանակ, կարծիք կա, որ առաջիկա ընտրություններում հնարավոր պարտությունը կարող է նվազեցնել Իմամօղլուի շանսերը 2028-ի ընտրապայքարում: Կարևոր է նշել, որ ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենում նախորդ տարվա համապետական ընտրությունների ֆոնին, երբ անգամ երկրաշարժից հետո ստեղծված աղետալի վիճակի ու տնտեսական ճգնաժամի պայմաններում Էրդողանին հաջողվեց վերընտրվել նախագահի պաշտոնում, իսկ նրա քաղաքական ուժը մեծամասնություն ստացավ խորհրդարանում: 

Թուրքիայում սպասվող ընտրական հնարավոր զարգացումների մասին է «Անկախը» զրուցել թուրքագետ Նելլի Մինասյանի հետ:

 -Տիկին Մինասյան, հաշվի առնելով, որ իշխող քաղաքական ուժը ձգտելու է վերականգնել իր դիրքերը երկրի 3 խոշորագույն քաղաքներում՝ ինչպիսի՞ն է լինելու առաջիկայում սպասվող ընտրապայքարը: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

-Իհարկե,  ողջ հանրապետությունում են ՏԻՄ ընտրություններ սպասվում, բայց ուշադրությունը  կենտրոնացած է երեք խոշոր քաղաքների վրա: Այս պահին թե ընդդիմադիրների, թե իշխանության ուշադրությունը  կենտրոնացած է Ստամբուլի վրա: Ինչպիսին կլինի ընտրարշավը, դժվար է հիմա ասել, դեռ վաղ է:  Կարող եմ միայն նշել, որ էրդողանը հետաքրքիր կարգախոս է առաջ քաշել Ստամբուլի համար ընտրապայքարում՝ երկրաշարժի դեմ պայքարը և քաղաքի  բեռնաթափումը: Իշխող քաղաքական ուժի թեկնածուն էլ ինժեներ-շինարար է մասնագիտությամբ: Նրանք նշում են, որ ներկայիս քաղաքապետը հաջողության հասնել չի կարողացել այդ հարցում, իսկ իրենք հենց այդ ուղղությամբ կգործեն:  Խոսքը քաղաքի բեռնաթափման մասին է, նախատեսում են, որ մինչև 2 մլն մարդ դուրս կգա քաղաքից: Թուրքիայի և հատկապես Ստամբուլի համար մեծ խնդիր են ապօրինի շինությունները, որն  այս համատեքստում խոստանում են լուծել: Կա նաև «Ստամբուլ» ջրանցքի  նախագիծը, որը էրդողանի համար այժմ ամենառազմավարական նախագծերից մեկն է, և որի իրագործման համար նրան պետք է հաղթանակ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում:  

-Իսկ ընդդիմադիր քաղաքապետները որքանո՞վ են կարողացել արդյունավետ կառավարել: Օրինակ՝ Իմամօղլուն իր հարցազրույցներից մեկում  նշել է, որ չնայած բանկերն իրենց ֆինանսավորում հրաժարվել են տրամարդել, բայց այնումամենայնիվ կարողացել են քաղաքի զարգացում ապահովել: 

-Իհարկե, կատարվել է որոշակի աշխատանք, բայց կան նաև բազմաթիվ խնդիրներ, առաջին հերթին արդեն նշեցի ապօրինի շինությունները, քաղաքի ծանրաբեռնվածությունը, Ասիայից եկող միգրանտներն են շատացել, ինչը իրենք խնդիր են դիտարկում: Բայց այս ամենից զատ,  ՏԻՄ ընտրությունները  պետք է դիտարկել քաղաքական գործընթացների համատեքստում: Այսինքն այնպես չէ, որ ընդդիմության կամ իշխանության թեկնածուն եկավ, ամեն ինչ շատ լավ է լինելու, բոլոր խնդիրները լուծվելու են: Ընտրություններում մեծ դեր ունի քաղաքական գործոնը: 

-Այս ընտրությունները որքանո՞վ են փոխկապակցված 2028-ի նախագահական ընտրությունների հետ: Ստամբուլի քաղաքապետ  Իմամօղլուի կամ Անկարայի քաղաքապետ Յավաշի պարտությունը արդյոք վե՞րջ կդնի նրանց քաղաքական հավակնություններին: 

- Ընդդիմությունը Իմամօղլուի վրա  խաղադորւյք է կատարել՝ նկատի ունենալով, որ եթե նա հաղթի, 2028-ի նախագահական ընտրություններում կդառնա ընդդիմության ամենահավանական թեկնածուն: Բայց պարտությունը չի նշանակում քաղաքական հավակնությունների ավարտ: Կուսակցությունը, որ ներկայացնում են այս գործիչները, հարյուրամյա  պատմություն ունի,  և այս մի պարտությունը չի կարող վերջ դնել նրանց քաղաքական հավակնություններին: Բայց հաղթանակի ապահովումը ՏԻՄ ընտրություններում հաղթանակի հավանականություն կբերի 2028-ի նախագահական ընտրություններում, եթե մինչ այդ այլ քաղաքական զարգացումներ չլինեն: Ընդ որում, Թուրքիայում այդ նախադեպը կա. այսօրվա իշխող  ուժն էլ առաջինը հաղթել է ՏԻՄ ընտրություներում, հետո նոր խորհրդարանական ընտրություններում, քանի որ այն ժամանակ խորհրդարանական կառավարման համակարգն էր գործում: 

-Իմամղօլուն համոզմունք է հայտնել, որ կհաղթի, քանի որ իրեն քվե տալով քաղաքացիներն ուղերձ կհղեն Էրդողանին,որ ժողովրդավարություն են ցանկանում: Արդյոք այս սցենարը հավանական համարո՞ւմ եք: 

-Թուրքիայում ընտրությունները ինստիտուցիոնալացված են, ընտրակաշառքների խոստումներ կարող են լինել, բայց ընտրությունները չեն կեղծվում: Մանավանդ այդ  քաղաքների բնակչությունը նման չէ արևելյան հատվածների բնակչությանը, որ ավելի ավանդապաշտ է ու ավելի կրոնին է նվիրված: Սրանք խոշոր քաղաքներ են, որոնք ավելի շատ եվրոպական մտածելակերպ ունեն, և սա է  ընդդիմության թիրախը, քանի որ ընդդիմությունը  Թուրքիային տեսնում է ավելի շատ Արևմտյան շրջանակներում: 

Կան այլ խնդիրներ իհարկե, օրինակ՝ Ստամբուլի ջրանցքի կառուցումը, որը չի կարող իրականացվել առանց հաղթանակի կամ գուցե շատ դժվարությամբ: Մյուս կողմից Ստամբուլի բնակչությունն էլ դեմ է այդ ջրանցքի կառուցմանը՝  հաշվի առնելով հետագա հնարավոր խնդիրները:  Ջրանցքը ենթադրում է ստեղծել այլընտրանք  այսօրվա գործող Բոսֆորի և Դարդանելի նեղուցներին, որոնք կապում են երկու մայրցամաքները: Եթե նեղուցները կառավարվում են Մոնտրոյի կոնվենցիայով և դրանք բաց են առևտրային նավարկության համար, դրանից Թուրքիան եկամուտ չի ստանում, ապա ջրանցքը վերահսկվելու է Թուրքիայի կողմից և մեծ եկամուտներ է ապահովելու այդ երկրի բյուջե: Իսկ Ստամբուլի բնակչությունը դեմ է ջրանցքի կառուցմանը, քանի որ բնապահպանական խնդիրներ կարող են առաջանալ՝ ջրամատակարարման և  ջրային պաշարների վտանգում, Սև և Մարմարա ծովերի էկոհամակարգերի խախտում, Սև ծովի ծանծաղում և այլն: 

-Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձից հետո իշխանությունն առավելագույնս կենտրոնացած է, և Էրդողանն ունի գրեթե անսահման լիազորություններ: Այս պարագայում մի քանի քաղաքում իշխանություն ունենալ-չունենալն արդյոք մեծ դե՞ր է կատարում: 

-Սրանք պատահական քաղաքներ չեն, այլ երկրի 3 խոշորագույն քաղաքները, որոնք ունեն մեծ տնտեսական պոտենցիալ, այստեղ է կենտրոնացած բիզնեսը: Բացի այդ, ՏԻՄ ընտրություններում հաղթանակը կնպաստի, որ էրդողանն ավելի ինքնավստահ գնա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Գործող Սահմանադրությունն ընդունվել է 1982-ին, հետագայում փոփոխություններ են տեղի ունեցել, վերջինը՝ 2017-ին, բայց ամբողջությամբ նոր փաստաթուղթ չի ընդունվել: 

 

 

ընտրություններ Թուրքիա Ստամբուլ քաղաքական խմբագրի ընտրանի Ռեջեփ Թայիփ Էրդողան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին