f

Անկախ

«Թումանյան'ս ART». վայր, որը միավորում է Արցախը սրտում ունեցողներին


Վայր, որտեղ հնչում է Արցախի բարբառը և  որտեղ կարելի է վայելել Արցախի համեղ խոհանոցի ուտեստներ, վայր, որը մի հարկի տակ է միավորում Արցախը սրտում ունեցողներին. Մոսկովյան 6/7 հասցեում՝ Երիտասարդական մետրոյի հարևանությամբ,  վերաբացվել և մի քանի ամիս է՝ գործում  է Ստեփանակերտի «Թումանյան'ս ART» ռեստորանը:

«Ունենք և արցախյան ուտեստներ, և մի քիչ թիթիզական բաներ, որ երիտասարդներին էլ հետաքրքրի: Փորձում ենք ոճը պահել  և հնարավորինս նմանեցնել Ստեփանակերտի Թումանյան’սին: Դժվար է, քանի որ այնտեղից գրեթե ոչինչ չենք կարողացել բերել»,- «Անկախի» հետ զրույցում ասում է Քրիստին Բալայանը, որն ամուսնու հետ հայրենազրկումից հետո Երևանում է վերաբացել Ստեփանակերտում սիրելի դարձած ռեստորանը: 

Ասում է՝ ավանդույթի ուժով Երևանում էլ շատ-շատերը սիրելի դեպի ռեստորան են ձգտում: «Անգամ եթե չեն նստելու, մարդիկ մտնում են, բարևում, որպիսություն հարցնում և շարունակում իրենց ճանապարհը: Քանի որ կենտրոնական վայր է, միմյանց ինչ-որ բան փոխանցելու կարիք առաջանալու դեպքում մեզ մոտ են թողնում, որ մյուսը գա, վերցնի»,- ասում է Բալայանը՝ պատմելով ռեստորանի առօրյայի մասին: 

Հատուկ կարիքներով երեխաների կրթությունը՝ կյանքի նպատակ

Քրիստին Բալայանը ծնվել է Բաքվում: 10 տարեկան էր, երբ ընտանիքով հաստատվեցին Արցախում: Ասում է՝ այդ պահից ի վեր իր կյանքն ու բոլոր ծրագրերը և երազանքները կապված են եղել Արցախի հետ: Նա ունի իրավաբանական և տնտեսագիտական կրթություն, բայց իր կյանքի առնվազն 25 տարիներն աշխատել է երեխաների կրթության ոլորտում: Հիշում է՝ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ փորձում էր օգնել Թալիշից տեղահանված ընտանիքներին: Իսկ հետո սկսեց գյուղից-գյուղ շրջել՝ հասկանալու, թե ինչի կարիք ունեն մարդիկ և ինչպես կարող է օգնել նրանց: Շրջայցերի ընթացքում նրա համար պարզ դարձավ, որ շատ են հատուկ կարիքներով երեխաները: Արդյունքում ստեղծվեց «ՄիլաԳրի» հիմնադրամը, որը կոչված էր հատուկ կարիքներով երեխաներին աջակցելու և կրթելու: Իսկ հեռանկարում մտադրվել էին Ստեփանակերտում հիմնել Արցախում առաջին ներառական մանկապարտեզը: 

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Արցախը չլքած Քրիստինի համար նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո մնալու կամ հեռանալու ընտրանքի հարց չի եղել: Ասում է՝ մարդ կարող է ունենալ մեկ տուն և այդ մեկ տունը պետք է լինի հայրենիքում: Ուստի մնացին և շարունակեցին ապրել և արարել Արցախում: «ՄիլաԳրի» հիմնադրամի ծրագրերի իրականացման համար ֆինանսավորման կարիք ունեին: Ուստի 2021-ի սեպտեմբերին բացեցին «Թումանյան’ս ART» ռեստորանը, որի եկամտի 100 տոկոսն ուղղում էին հատուկ կարիքներով երեխաների կրթությանը: 

«Մեր ռեստորանը Թումանյան փողոցում էր գտնվում: Եվ շատ մշակութային միջոցառումներ էինք ունենում՝ նկարների և լուսանկարների ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, մաստեր-կլասներ, մշակութային երեկոներ: Այստեղից էլ ռեստորանի անվանումը: Իսկ Երևանում ART-ը նաև Արցախն է խորհրդանշում»,- ասում է Բալայանը: 

Պատմում է, որ շրջափակման  վերջին շրջանում Ստեփանակերտում գործող միակ ռեստորանը Թումանյան’սն է եղել՝ դառնալով Ստեփանակերտի բնակիչների հանդիպման և շփման վայրը: 

«Սնունդ ոչ մեկը չուներ: Բայց մենք ունեինք պտղատու ծառեր՝ թուզ, հոն, խնձոր: Այդ մրգերով մուրաբաներ էինք պատրաստել: Խոտաբույսերով  թեյեր ունեինք: Մարդիկ գալիս էին, զրուցում և թեյ վայելում հաճելի միջավայրում»,- ասում է նա՝ հավելելով, որ 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո արդեն ռեստորանն ապաստան է դարձել հարյուրավոր մարդկանց համար՝ ապահովելով սնունդ: 

«Ամսի 20-ից արդեն ինչ հնարավոր էր,  սարքում ու անվճար տրամադրում էինք մարդկանց, որոնք շրջաններից Ստեփանակերտում էին ապաստանել՝  անօթևան ու անսնունդ:  Ամսի 20-ին 12 հոգու մի քիչ պյուրե և ապուր տվեցինք: Հետո արդեն ով ինչ ուներ, բերում մեզ էր թողնում, նոր հեռանում: Սեպտեմբերի 29-ին  120 մարդ հաց է կերել մեզ մոտ, հետո  նոր ավտոբուսներով հեռացել: Այդ օրը մենք էլ դուրս եկանք»,- պատմում է Բալայանը՝ հավելելով, որ տատիկ-պապիկից է  սովորել և այժմ էլ իր երեխաներին է սովորեցնում, որ պետք է կիսվել ունեցածով: 

Այժմ Թումանյանս’ի եկամտի 20 տոկոսն է ուղղվում հատուկ կարիքներով երեխաների աջակցությանը: Բալայանն ասում է՝ հույս ունի, աստիճանաբար կկարողանա մեծացնել այդ սահմանաչափը: Եվ չնայած «ՄիլաԳրի» հիմնադրամն այստեղ դեռ չի վերաբացվել, շահակիցներն ավանդույթի ուժով շարունակում են դիմել իրենց: 

«Կազմակերպությունը որպես այդպիսին դեռ չենք կարողանում վերականգնել, բայց շարունակում ենք մեր գործունեությունն այլ ֆորմատով. Ամանորի  նախաշեմին 47 երեխայի համար միջոցառում ենք կազմակերպել,  ունենք ընտանիքներ, որոնց տան վարձն ենք տալիս, կա երեխա, որին օգնում ենք տրանսպորտի գումարով, որ կարողանա բժշկի գնալ ամեն օր: Մարդիկ ավանդույթի ուժով մեզ են դիմում: Իսկ մենք սահմանափակ հնարավորություններ ունենք: Կապ չունի, որ մեր շահակիցները  տարբեր տեղերում են հաստատվել, մենք փորձում ենք օգնել»,- ասում է Բալայանը: 

Ապագան՝ Արցախում

Քրիստին Բալայանը վստահ է՝ կգա ժամանակ, երբ Արցախը կրկին հայկական կլինի: «Մի քիչ հետո, չգիտեմ այդ մի քիչն ինչքան է, մարդ ապրում է 70-80 տարի, բայց պատմության համար դա շատ քիչ ժամանակահատված է, Արցախը հաստատ նորից կլինի հայկական ու նորից Արցախ կգնանք: Եթե ես էլ չգնամ, իմ երեխաները հաստատ Արցախ կգնան,- ասում է նա:- Եթե հանկարծ որևէ պահի իմ  մեջ հույսը մարի, որ ես կգնամ Արցախ, սիրտս կկանգնի, որովհետև ինձ այդ հույսն է ուժ տալիս, որ ես ապրեմ, փորձեմ նորը ստեղծել, երեխաներիս նորից իմ շուրջը հավաքեմ»: 

Բալայանն ասում է՝ միշտ էլ գիտեին, որ «վառոդի տակառի վրա են ապրում», և պատերազմն անխուսափելի է: Բայց մինչև 2016-ը վստահ էր, որ պատերազմի դեպքում մենք հաղթելու ենք: Քառօրյա պատեազմի ժամանակ մեծ հիասթափություն ապրեց: Անգամ փորձեց քաղաքականություն մտնել՝ իր մտահոգությունները տեղ հասցնելու համար. նա որպես նախագահի թեկնածու մասնակցել է 2020-ի ընտրություններին: 

«Երբ  կինը, որ ողջ կյանքն աշխատել է երեխաների հետ, մտնում է քաղաքականություն, նշանակում է  կամ խելագար  է,  կամ այնքան է դեմ տեղի ունեցողին, որ այդ քայլը կատարում է: Ես այդ քայլին դիմեցի, որովհետև ուզում էի մի բան փոխել»,- ասում է նա: 

Բալայանը շեշտում է. «Մենք պարտվեցինք այն ժամանակ, երբ դավաճանեցինք մեր նպատակին ու գաղափարախոսությանը: Ծնողներս,  երբ ամեն ինչ կորցրել են Բաքվում ու եկել  Արցախ, դուրս են եկել հրապարակ և կանչել միացում: Երբ մենք դավաճանեցինք միացման գաղափարին, մենք պարտվեցինք: Հենց դա ինձ դրդեց, որ  այդկերպ փորձեմ մարդկանց ասել, որ դեռ ժամանակ ունենք  ու կարող ենք փոխել ամեն ինչ:  Մենք հզոր ենք, երբ միասին ենք: Եթե ճիշտ քայլեր ձեռնարկեինք, եթե հողն ու ազգը մեզ համար ավելի կարևոր լինեին, այսօր այս օրին չէինք լինի: Մենք թույլ ենք տվել, որ մեր աչքի առջև քանդեն մեր երկիրն ու բանակը»: 

Նա վստահեցնում է՝ երբեք Արցախից հեռանալու միտք չի ունեցել: «Այնտեղ ապրելն ու արարելը մեր պայքարի ձևն էր: Եթե սիրում ես հայրենիքդ, պետք է այդ երկրում ապրես, իմանաս այդ երկրի ցավն ու դարդը: Միայն այնտեղ լինելով կարող ես ապրեցնել քո երկիրը,- ասում է նա:- Ինձ համար դա իմ տանն ապրելու վերջին հնարավորությունն  էր: Մինչև վերջին պահը,  երբ հնարավոր էր Արցախի օդը շնչել, այնտեղ եմ եղել և դուրս եկել միայն այն ժամանակ, երբ թուրքը մեր դռան դեմը կանգնած էր»: 

Բալայանն ասում է՝ հեռանալիս Արցախին հրաժեշտ չի տվել ու մինչ օրս մտքով դեռ այնտեղ է.  «Կատարվողը դեռ չենք ընդունել, այն վիճակում եմ, որ միշտ գալիս էի, մի քանի օր մնում, հետ գնում, ուղղակի այս անգամ մի քիչ երկար է այդ ամենը տևում»: Նա համոզված է՝ ապագայում նորից հայկական Արցախ ունենալու համար նախ պետք է կարողանանք ընդունել տեղի ունեցածը.  «Երբ ընդունեցինք,  կմտածենք քայլերի մասին: Հիմա դեռ շուտ է,  որ հնարավոր լինի ինչ-որ քայլ ձեռնարկել: Երբ մարդ չգիտի, թե որտեղ երեխային քնեցնի կամ ինքը քնի, ի վիճակկի չէ մտածել, թե ինչ անի, որ երկիր փրկի: Իսկ այդ կենցաղայինն այնքան է սուղ հիմա: Մարդիկ պետք է ընդունեն ու ընկալեն եղածը, որ դրանից հետո հասկանանք, թե ինչ ենք անելու»: Իսկ այս փուլում Քրիստինի և նրա ամուսնու համար պայքարի միջոց է դարձել «Թումանյան’ս ART»-ը վերակենդանացնելը՝ այդպիսով  մարդկանց միավորելու  և գոնե շփման միջոցով հոսգը թեթևացնելու հնարավորություն ընձեռելով:  

«Ուզում եմ բարությունը վարակիչ դառնա: Երբ բարության պանդեմիա լինի, երբ մարդիկ հասկանան ու  փորձեն  կիսել կողքինի  ցավը, երբ կիսվեն ունեցած լավ բանով,  կուժեղանանք և ամեն ինչ լավ կլինի»,- ասում է Բալայանը: 

Լուսանկարները՝ Քրիստին Բալայանը և Թումանյան'ս ART-ի ֆեյսբուքյան էջերից

Քրիստին Բալայան Արցախ կորսված հայրենիք խմբագրի ընտրանի

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին