f

Անկախ

ՀՈՂ ՉՏԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ


1996-ի վաղ գարնանը, տամուկ ու սրսփուն օրով գնում էինք Կարս` Ազգային ժողովի պատվիրակությանը ճանապարհելու Անկարա: Ինչպես հին ու մոռացված ժամանակներում՝ Գյումրիով անցանք սահմանը, եւ մեր երթը հուզախռով էր, քանի որ բոլորս առաջին անգամ էինք անցնում այդ ճանապարհով եւ առաջին անգամ էինք տեսնելու Կարսը, որտեղ Չարենցը թողել էր Կարինե Քոթանջյանին եւ իր տունը գետափին` շինած անտաշ քարով:

Մեր ուշադրությունն այնքան սեւեռ էր տեսանելի ամեն ինչի հանդեպ, որ չնկատեցինք էլ, թե ինչպես հասանք Կարսի օդակայան, որտեղ մեզ ուղեկցող թուրքական անվտանգության եւ ոստիկանության աշխատողները հրավիրեցին օդակայանի պետի սենյակ` մի բաժակ թեյի: Թալին անունով Պոլսում ծնված թարգմանչուհին, որ Կարսում թուրք ինժեների կին էր, հրաշալի էր խոսում արեւմտահայերեն եւ փորձում էր մեզ համար տաք ու հարազատ մթնոլորտ ստեղծել:

Ես թեյ չեմ սիրում, սուրճ էլ ոչ ոք չառաջարկեց, ուստի դռների մոտ նստած, մեկուսի ծխում էի` հետեւելով երկուստեք քաղաքավարի զրույցին, երբ մեր վարորդներից մեկը կիսաբաց արեց դուռը եւ ինձ հրավիրեց դուրս: Նա ինձ ցույց տվեց ձեռքի մոմլաթե տոպրակը եւ շինարարությունից առաջացած սեւահողի հսկայական բլուր եւ ասաց, որ ուզում է մի բուռ հող վերցնել, տանել, շաղ տալ իր պապի գերեզմանին: Պապը ծնունդով կարսեցի է եղել, բայց ոստիկանները թույլ չեն տալիս:

Ես կատակեցի` այ տղա, երեւի իրենք մեր պատմական հողերն են հասկացել, ոչ թե մի բուռը, եւ իմ հերթին դուրս հրավիրեցի Թալինին, որ բացատրվենք: Ոստիկաններն ուշադիր լսեցին եւ ասացին` ո՛չ, հող չի կարելի տանել: Մի քիչ հետո կմտնեք Կարս, խանութներում ամեն ինչ կա, գնեք՝ ինչ ուզում եք: Ոստիկանը խոսում էր հանգիստ, նույնիսկ բարեկիրթ, բայց միջադեպն այնքան անսպասելի էր, որ ես ցնցված էի, ու չկար ոչ մի ասելիք…

Պատվիրակությունը ճանապարհելուց հետո մենք գնացինք Կարս, տեսանք Վարդանի կամուրջը, Առաքելոց եկեղեցին, Կարսի հին բերդը: Նույնիսկ ինչ-որ ռեստորանում խմեցինք ու երբ շատ խնդրեցինք, մեզ թույլ տվեցին տեսնել Անին… Մեզ հետ էր նաեւ իմ Անի աղջիկը, որ համբուրում էր մեր կիսավեր եկեղեցիների պատերն ու լաց լինում՝ մեզ հսկող ոստիկանների զարմացած հայացքների ներքո։

Դժվար օր էր։ Բոլորս առաջին անգամ էինք Անին տեսնում։ Անի աղջիկս լաց էր լինում, մենք՝ տղամարդկանցով, մեր ներսում էինք լալիս։

Ես հնագույն աշխարհների բազմաթիվ հուշարձաններ էի տեսել, բայց դրանցից ոչ մեկը կիսավեր Անիի տպավորությունը չէր թողնում։ Դա զարմանալի մեծ քաղաք էր՝ շրջապատված անառիկ պարիսպներով, որոնց վրայով նույնիսկ ինքը՝ Արեւելքի մեծ զինվոր Լենկ Թեմուրը, երկու անգամ փորձեց ու չկարողացավ անցնել։ Եվ Բագրատունյաց վագրը մնաց մենակ, բայց կանգուն, ափսոս, սակայն, քանդված-թալանված մայրաքաղաքը հսկելու։

Վագրը, սակայն, մեղավոր չէր։ Մեղքն անցյալում էր, երբ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը՝ անհասկանալիորեն սուրբ հռչակված, Անին ոսկով վաճառեց Բյուզանդիային՝ այդ նույն վագրի հայացքի տակ։ Չգիտեմ՝ ինչպես էր վագրը նայում Անիի հզորության օրերին, սակայն մեր օրը տխուր էր վագրը…

Իմ հող, իմ երկիր, իմ վագր… մտածում էի ես, երբ հեռվում մնացող մեծ քաղաքի վրա անձրեւ էր գալիս։

Եվ երբ արդեն վերադառնում էինք, սահմանի մոտ նույն ոստիկանը ժպիտով ինչ-որ բան ասաց հող ուզող վարորդին, որը թուրքերեն գիտեր: Հարցրի` ի՞նչ ասաց, վարորդը երկար լռեց, հետո պատասխանեց. ասում է` մեքենաների անիվներին ցեխ է կպել, տար պապիդ գերեզմանին շաղ տուր:

Հետո պատվիրակությամբ վերադարձանք տուն…

Բայց ես մի բան սովորեցի՝ հող չտալու … արվեստը։

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ֊ԳՈՒԼԱՆՅԱՆ

էսսե Մերուժան Տեր-Գուլանյան արևմտյան Հայաստան Թուրքիա Հայաստան խմբագրի ընտրանի

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին