Խաղաղության պայմանագիր այս իշխանության օրոք քիչ հավանական է, որ կկնքվի, թշնամին միշտ պահանջատեր է լինելու ու շահագրգռված, որպեսզի իշխանափոխություն Հայաստանում տեղի չունենա։ Կա մի ընդհանուր բան, որը կապում է հայաստանյան ներկայիս իշխանություններին իրենց ընտրազանգվածի ու մի քիչ էլ մեր հարեւանների հետ։
Դա իրենց ատելությունից ծնված վախն է, որն ունեն «նախկինների» հանդեպ։ Նրանք հասկանում են, որ իշխանափոխություն պետք է կատարվի հենց «նախկինների» միջոցով։ Եթե ի հայտ գան ուժեր, որոնք որեւէ կերպ կապ չունեն ո՛չ Ռոբերտ Քոչարյանի հետ, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի հետ, միեւնույն է` նրանք միշտ համոզված են լինելու, որ այդ ուժերը ծնվել են նրանց հովանավորչությամբ ու ղեկավարությամբ։ Եվ քանի որ հասկանում են նաեւ, որ իշխանափոխությունից հետո բավարար չափով աջակցություն չեն ունենալու ժողովրդի կողմից՝ անգամ ընդդիմադիր դաշտում տեղավորվելու համար, ինչպես դա հաջողվեց նախորդ երկու նախագահներին, ուստի պատրաստ են ամեն կերպ պահպանել իրենց իշխանությունը՝ չկատարելով իրենց տված նախընտրական խոստումներն ու այլ կոպտագույն խախտումներով։
Ի՞նչ է անում ընդդիմությունը։ Այո, կա համախմբվածություն, օրեցօր ընդդիմադիր դաշտն ավելի է խտանում, ավելի շատ հայտնի ու անհայտ մարդիկ են հրապարակայնորեն արտահայտում իրենց դժգոհությունը գործող իշխանություններից, Հայ առաքելական եկեղեցին, չշեղվելով իր հոգեւոր առաքելությունից, որքան հնարավոր է ակտիվ է նաեւ քաղաքական դաշտում, բայց ինչ-որ բան պակասում է։
Ավելի ճիշտ՝ ինչ-որ մեկն է պակասում։ Կարծում եմ՝ այդ մեկը պետք է լինի հենց նախորդ իշխանություններից։ Առանց անտեսելու մյուս մեր բազմաթիվ քաղաքական այրերին, նկատենք, որ այդ մեկը կարող է լինել Սերժ Սարգսյանը, կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, կարող է լինել Վազգեն Մանուկյանը, իսկ ամենաիդեալականը կլինի, եթե այս երեք հմուտ ու փորձառու քաղաքական գործիչները մեկ դառնային ու միասին գործեին` մեկ թիմում, Վեհափառ հայրապետի օրհնությամբ։
Մյուս մեր հարգարժան քաղաքական ու տնտեսական գործիչները թող իրենց մեջ ուժ ու կամք գտնեին՝ թոթափելու իրենցից երկրի առաջին դեմքը լինելու բաղձանքներն ու անկեղծորեն միանային նրանց` հանուն բարգավաճ, միացյալ ու դեմոկրատական Հայաստանի, միասին համահայկական ճակատ ստեղծեին, միասին հանրապետությունը հզորացնեին։
Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը եւ թե՛ Վազգեն Մանուկյանն առանձին-առանձին ինքնաբավ քաղաքական գործիչներ են, գուցեեւ որոշ քաղաքական հարցերում տարբեր մոտեցումներով, բայց, վստահաբար, ունեն շատ կարեւոր ընդհանուր մի զգացում՝ հայրենասիրություն։ Թերեւս այս երեք անհատականություններին միացնող միակ բանը հայրենասիրությունն է։
Հենց հայրենասիրությունն էլ կօգնի նրանց համախմբվել եւ ցույց տալ աշխարհին, թե ինչպես է պետք իշխանափոխություն կատարել հայկական մոդելով։ Եվ քանի որ իշխանությունը փոխվեց Սերժ Սարգսյանի վարչապետության օրոք, ուստի արդար կլիներ, եթե այս խորհրդավոր միությունը կազմակերպելու ծանր լուծն էլ իր վրա վերցներ հենց ինքը` Սերժ Սարգսյանը։ Ընտրություններին այլընտրանք չկա։ Հայաստանյան ներկա կառավարությունը պետք է հեռանա` ժողովրդի կողմից ամբողջությամբ վստահությունը կորցրած, եւ նա դրա համար ամեն ինչ անում է։
Գենադի Մնացականյան