f

Անկախ

Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Հարությունյան


«Իրավունք»-ը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՓՐԿՕՂԱԿ ՉՈՒՆԻ, ՈՒՆԻ ՄԻԱՅՆ «ՌՈՒՊՐ»

— Ի՞նչ է այսօր կատարվում Ռուսաստանի շուրջ, ի՞նչ է հետապնդում Արեւմուտքը եւ այս համատեքստում ի՞նչ վտանգներ կան Հայաստանի համար:

— Ռուս-ուկրաինական կոնֆլիկտում, որը վերածվեց հավաքական Արեւմուտք եւ Ռուսաստան առճակատման, հիմնական նպատակը, որը հետապնդում է Արեւմուտքը Ռուսաստանին տնտեսապես ծնկի բերելն է: Տնտեսական աննախադեպ սանկցիոն ճնշման ողջ նպատակը Ռուսաստանին ստրատեգիական պարտության մատնելն է: Ուստի՝ Ռուսաստանը պետք է փորձի դիմագրավել այդ սպառնալիքին, իսկ դիմագրավման ճանապարհներից մեկը, եթե ոչ գլխավորը, իր արտաքին տնտեսական վեկտորը դեպի Աֆրիկա, Միջերկրական ծովի երկրներ, Հնդկական օվկիանոսով դեպի հարավարեւելյան Ասիայի երկրներ ուղղելն է: Ռուսաստանի համար ստրատեգիական կարեւորության այդ խնդրի լուծման գործում, պարագաների բերումով, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան այս փուլում ունեն աննկարագրելի կարեւորություն: Սա է պատճառը, որ Ռուսաստանը օբյեկտիվորեն կաշկանդված է ռազմավարական գործընկերության պայմանագրով նախատեսված անվտանգային ողջ փաթեթի ծավալով Հայաստանին աջակցություն ցույց տալու խնդրում: Դա է պատճառը, որ Ռուսաստանը փորձում է ներկայանալ, որպես անաչառ միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, թեեւ այդ առումով էլ հայ հասարակության մոտ կարող են առաջանալ հիմնավոր պրետենզիաներ Ռուսաստանին: Սակայն, վերջին հաշվով, եթե փորձենք անաչառ վերլուծել ստեղծված իրավիճակը, ապա ամենածանր պայմաններում մեզ ‹‹փրկօղակ›› կարող է նետել միայն Ռուսաստանը: Բանն այն է, որ այսօր, թե՛ Ռուսաստանը եւ թե՛ հավաքական Արեւմուտքը Ադրբեջանի վրա ունեն միայն քաղաքական ազդեցության լծակներ: Ընդ որում, հանուն արդարության հարկ է փաստել, որ Ադրբեջանի վրա Արեւմուտքի քաղաքական ճնշման միջոցները, երբեմն, ավելի արդյունավետ են: Օրինակ՝ Եվրախորհրդարանի վերջին բանաձեւը կարելի է որակել որպես Ադրբեջանին ներկայացված ‹‹դեղին քարտ››: Եվ թեպետ միանգամայն հասկանալի է, որ Եվրախորհրդարանի բանաձեւերը իրականում ռեալ քաղաքականության վերածվելու քիչ շանս ունեն, քանի որ ունեն խորհրդատվական բնույթ, բայց դրանով հանդերձ այդ բանաձեւերը ստեղծում են քաղաքական որոշումներ կայացնելու համար բարենպաստ միջավայր եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը չի կարող այդ բանաձեւերի հետ հաշվի չնստել: Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար կարեւոր է շարունակել մնալ Եվրամիության համար էներգետիկայի կամ գազամատակարարման ոլորտում ամենագլխավոր գործընկերներից մեկը: Սա Ադրբեջանի համար կենսական կարեւորության խնդիր է, եւ հետեւաբար նա ստիպված է հաշվի նստել Եվրախորհրդարանի բանաձեւերի հետ: Հենց սրանում է Արեւմտյան քաղաքական ճնշումների արդյունավետությունը: Ադրբեջանի վրա քաղաքական ճնշման համանման գործիքակազմ կարող է կիրառել նաեւ Ռուսաստանը: Իրականում այնպես չէ, որ Ռուսաստանը միակողմանի կախված է Ադրբեջանից: Ադրբեջանը նույնպես բազում թելերով կապված է Ռուսաստանի հետ՝ պայմանավորված տնտեսության առանձին սեկտորներում ռուսական ներդրումներով, էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցությամբ, որպես արտահանման մատչելի շուկա եւ վերջապես ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Տնտեսության ոլորտում ռազմավարական կարեւորության երկուստեք փոխշահավետ ծրագրեր են իրականցվում նաեւ Թուրքիայի հետ: Բայց այս ամենի պարագայում անգամ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը կարծես գերադասում է թուրք-ադրբեջանական զույգի հանդեպ վարել ավելի շրջահայաց քաղաքականություն, քանի որ համագործակցությունը նշված զույգի հետ անհրաժեշտ է Արեւմուտքի կողմից կործանարար սանկցիոն ճնշմանը դիմագրավելու, ուստի եւ ռազմավարական պարտությունից խուսափելու համար: Գլխավորապես, այս հանգամանքներով պետք է բացատրել Ռուսաստանի կաշկանդվածությունը Հարավային Կովկասում իր բացարձակ աշխարհաքաղաքական ազդեցությունը պահպանելու խնդրում: Բայց նույնիսկ այդ պարագայում, եթե Հայաստանում պետականությունը հայտնվի ակնհայտ կործանարար սպառնալիքների տակ, ապա գործնականում կամ, ինչպես հիմա տարածված է ասել, գետնի վրա մեզ փրկօղակ նետել կարող է, կրկնում եմ՝ միայն Ռուսաստանը, ընդ որում` ոչ թե հայերիս հանդեպ սիրուց դրդված, այլ բացառապես սեփական ռազմավարական շահերով պայմանավորված: Արեւմուտքը փրկօղակ չունի, նա ունի միայն «ռուպր» (բարձրախոս): Սա է իրականությունը, ինչը պետք է հասկանանք: Անվտանգության ոլորտում մեջքով շուռ գալ դեպի Ռուսաստանը եւ դրա անունը դնել դիվերսիֆիկացիա, առնվազն մանկամտություն է: Իշխանություններն այլեւս բաց գնում են անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը մերժելու ճանապարհով՝ փոխարենը հանրությանը որեւէ լուրջ ինստիտուցիոնալ այլընտրանք կամ երաշխիք չառաջարկելով: Սա հղի է լուրջ վտանգներով: Այդ հակառուսական քաղաքականությունը խորացավ հատկապես մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում Փաշինյանի հանդիպումներից հետո:

«ՀԱՊԿ-Ը ՊԵՏՔ Է ԴԻՏԱՐԿԵԼ ՈՐՊԵՍ ԵՐԵՔ ՌԵԳԻՈՆՆԵՐԻ ՄԻԱԿՑՈՒՄ»

— Պարո՛ն Հարությունյան, Հայաստանը բացեիբաց խոսում է նաեւ կոնկրետ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, այս ամենը ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

— Անհրաժեշտ է նշել, որ ՀԱՊԿ-ը ձեւավորվել է 1992թ.-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ` որպես հետխորհրդային տարածքում իր ռազմաքաղաքական ազդեցության ապահովման ինստիտուտ: Այդ կառույցի միջոցով ՌԴ-ն ստանձնել էր ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին սպառնալիքների չեզոքացման կազմակերպման պարտավորությունը՝ անդամ պետությունների պաշտպանական կարողությունները այդ նպատակին ծառայեցնելու գործը համակարգելու միջոցով: Անդամակցել ՀԱՊԿ-ին Հայաստանի համար նշանակում էր սեփական նպաստը բերել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության խորացմանը: Մենք ՀԱՊԿ-ին անդամակցել ենք ոչ նրա համար, որ մեր անվտանգության խնդիրներում սպասելիքներ ունեինք, ասենք, Կենտրոնական Ասիայի երկրներից: Ո՛չ, անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ մենք նպաստել ենք Ռուսաստանի ռազմաքաղաքական հեղինակության ու ազդեցության ամրապնդմանը: Հետեւաբար մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները: Ղրղզստանը կոնֆլիկտ ունեցավ Ուզբեկստանի հետ կամ բոլորովին վերջերս Տաջիկիստանի հետ: Նշված դեպքերում կոնֆլիկտի կարգավորմանը ՀԱՊԿ-ը չմասնակցեց: Բոլորն էլ հասկանում էին, որ ՀԱՊԿ միջամտությունը տվյալ դեպքերում ավելի շատ խնդիրներ էր առաջացնելու, քան նպաստելու էր կոլեկտիվ անվտանգության ամրապնդմանը: Այդ կնճիռները փորձեց կարգավորել Ռուսաստանը, որպես այդ տարածաշրջանում ազդեցիկ աշխարհաքաղաքական դերակատար: Գործնականում ՀԱՊԿ-ը պետք է դիտարկել որպես երեք ռեգիոնների միակցում՝ կենտրոնական ասիական, հարավկովկասյան եւ արեւմտյան շրջանը՝ ՌԴ արեւմտյան շրջաններ եւ Բելառուս: Այս ենթատարածքներում պետությունների անվտանգության սպառնալիքները որակապես միմյանցից տարբերվում են: Կենտրոնական Ասիայի երկրների անվտանգային սպառնալիքնեը բոլորովին այլ են, մեզ համար բոլորովին այլ, Բելառուսի համար՝ այլ: Տարբեր են ոչ միայն սպառնալիքները, տարբեր են նաեւ այդ սպառնալիքների հնարավոր հետեւանքները: Եթե Կենտրոնական Ասիայի երկրներում ենթադրենք այդ անվտանգային սպառնալիքների իրացման պարագայում խնդիրը կարող է ավարտվել իշխանափոխությամբ, Հայաստանի պարագայում վտանգված է մեր պետականությունը: Սրանք տարբեր բաներ են: Եվ որքանով մենք ենք անտարբեր Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի արտաքին սպառնալիքների նկատմամբ, նույնչափ էլ նրանք են մեր հանդեպ անտարբեր: ՀԱՊԿ-ից պահանջել այն, ինչը օբյեկտիվորեն չի կարող անել, նշանակում է գնալ միտումնավոր ՀԱՊԿ-ի հետ հարաբերություննեը փչացնելուն: Գնալ ՀԱՊԿ-ին հավելյալ պահանջներ ներկայացնելու ճանապարհով՝ հանգեցնելով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցմանը կամ վատթարացմանը, նույնն է, որ ձեռնոց են նետում Ռուսաստանին, հարվածում նրա աշխարհաքաղաքական հեղինակությանը: Արդյո՞ք դա արդարացված է, նույնիսկ եթե մենք ունենք մեր գործընկերոջը պրետենզիաներ ներկայացնելու օբյեկտիվ հիմքեր: Կարծում եմ՝ պատասխանն ավելի քան երբեւէ ակնհայտ է, այն էլ այսօր, երբ Ռուսաստանն ինքը հայտնվել է իր ինքնությանը եւ ինքնիշխանությանը ուղղված էքզիստենցիալ սպառնալիքների տակ: Դա չի նշանակում հանուն Ռուսաստանի անվտանգային շահերի զոհաբերել մեր անվտանգությամբ: Բայց հենց այս բանական մոտեցումը ենթադրում է ռազմավարական գործընկերոջ հետ շիտակ եւ սեփական անվտանգային խնդիրների շուրջ երկուստեք մտահոգ, լուծումների փնտրտուքին ուղղված զրույց, այլ ոչ համագործակցության փաստացի մերժում: Չգիտեմ, թե մեր իշխանությունների նման քաղաքականությունը որքանով կարող է խնդրահարույց լինել Ռուսաստանի համար, բայց որ Հայաստանի համար այն կարող է լինել կործանարար՝ գրեթե համոզված եմ:

Խոսրով Հարությունյան ՀԱՊԿ Ռուսաստան Հայաստան հարցազրույց

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին