Անհատական շուրջ 80 գործ մենք ունենք դեռեւս 44-օրյա պատերազմից, այստեղ Ադրբեջանն ունի մերժողական քաղաքականություն եւ որեւէ կերպ չի ցանկանում հետաքննության միջոցով բացահայտել դեպքերը եւ ճշմարտության իրավունքն ապահովել ընտանիքների համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
«Անհետ կորածների խնդիրը եւս շարունակաբար համարվում է չլուծված։ Շուրջ 210 գերեվարված անձինք Ադրբեջանից հայրենադարձվել են Հայաստան։ Հայ գերիների վերադարձի առնչությամբ ընթանում են քաղաքական քննարկումներ, բայց այս քաղաքական քննարկումներն ունեն երկրորդական նշանակություն, այսինքն՝ բանակցությունների առաջնային օբյեկտը ոչ թե այս անձանց հայրենադարձումն է, այլ հիմնականում բանակցություններն ընթանում են միջպետական բնույթի խնդիրների շուրջ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ, կողմերն ունեն համաձայնություն, որ խնդիրները լուծելուց հետո, որպես երկրորդական հետեւանք կհայրենադարձվեն նաեւ այնտեղ պահվող հայերը։ Կարծում եմ՝ բարձրաստիճան ղեկավարները ամնավերջում են հայրենադարձվելու, եւ այն պահին, երբ Ադրբեջանն առավելագույնս թե՛ ներքաղաքական, եւ թե՛ արտաքին քաղաքական նպատակներով գործածած կլինի նրանց գործոնը»,- նշեց Սահակյանը։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից, ստացվում է, որ կորցնելու է նաեւ այդ անձանց հայրենադարձնելու իրավական լծակը։