f

Անկախ

«Այդ չափորոշիչները չեն արտացոլում ՀՀ քաղաքացու և հայ մարդու դաստիարակությունը»․ Աիդա Թոփուզյան


Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Աիդա Թոփուզյանը հանրակրթության պետական չափորոշիչների մեջ բազմաթիվ մտահոգիչ ու ռիսկային հարցեր է տեսնում։

Անկախ-ի հետ զրույցում նա ասաց, որ ամեն ինչ սկսվում է նպատակների և խնդիրների սահմանումից, սակայն այդ չափորոշիչներում հիմնավորված չէ ո՛չ առարկայի դասավանդման արդիականությունը, ոչ էլ նպատակներն ու խնդիրները, և երբ ուսումնասիրում ես չափորոշիչներում նշված վերջնարդյունքները, հասկանալի չէ, թե որ երկրի համար են դրանք գրված, և որ երկրի քաղաքացի ես դաստիարակում։

«Ամենավտանգավորն այն է, որ դրանք չեն արտացոլում և չեն հիմնավորում հիմնական վերջնարդյունքը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու դաստիարակությունը»,-ասում է նա,-մինչդեռ ամեն մի առարկայի դասավանդում պետք է ծառայի նախևառաջ ՀՀ քաղաքացու դաստիարակությանը։ Դրա համար այդ չափորոշիչներում, որտեղ որ նշված է քաղաքացի, կողքին պետք է ավելացնել՝ ՀՀ, որովհետև մեր նպատակն առաջին հերթին ՀՀ քաղաքացի և հայ մարդ դաստիարակելն է»։

Որպես օրինակ Թոփուզյանը բերում է հայոց լեզուն, որտեղ իբրև հայոց լեզվի ուսումնասիրության հիմնական նպատակ՝ սահմանված է հետևյալը․ «բանավոր և գրավոր խոսք կառուցելու, տեքստ ստեղծելու ուսուցում»։

«Բայց հայոց լեզուն մեզ համար միայն դա չէ, այն ազգային ինքնության ճանաչողության ու բացահայտման միջոց է: Հետևաբար հայոց լեզվի դասավանդման նպատակի սահմանումը պետք է լինի մայրենի լեզվի լիարժեք իմացության ապահովումը, ազգային ինքնության և աշխարհաճանաչողության բացահայտմանն ու ՀՀ քաղաքացու աշխարհայացքի ձևավորմանը նպաստելը»:

Կամ, օրինակ, օտար լեզվի առարկայական չափորոշիչներում բացակայում են կարևորագույն խնդիր հանդիսացող «մայրենիի հիման վրա օտար լեզվի ուսուցումը կազմակերպելու» և «օտար լեզվով սեփական երկիրը, ժողովուրդը, պատմությունը, մշակույթը պրոպագանդելու» խնդիրները: «Այդ մասին ոչինչ չկա նաև առարկայի վերջնարդյունքներում: Դրա համար օտար լեզվի դասավանդման խնդիրների մեջ պետք է ավելացնել հետևյալ վերջնարդյունքը՝ սեփական ժողովրդի մշակույթը, պատմությունը, երկիրը ներկայացնելու և նրանց դերը համաշխարհային մշակույթում օտար լեզվով արժևորելու կարողությունը»:

Թոփուզյանը շեշտում է՝ կրթական չափորոշիչների արդյունքում մեր երեխաների մեջ պետք է սերմանվի նաև հպարտության և արժանապատվության զգացում։ «Օրինակ՝ վերցնենք քիմիան, ֆիզիկան, մաթեմատիկան և այլն։ Այդ առարկաները գոնե պետք է ունենան որոշ թեմաներ, որոնք հենց այդ նպատակն են հետապնդում՝ ի՞նչ են տվել մեր գիտնականներն աշխարհին։ Ուրիշ բան, եթե մենք բան չունենայինք ասելու։ Բայց երբ որ մենք դպրոցներ ենք ստեղծել և աշխարհին տվել ենք ինչ-որ բան, գոնե մեր երեխան դա պետք է իմանա»։

Պրոֆեսորն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ օրինակ, «Հայոց պատմության» ծրագրում հայոց պատմության հասկացությունների կամ ենթահասկացությունների մեջ կա պայքար ձևակերպումը, բայց հստակ չէ, թե ինչ պայքարի մասին է խոսքը։ «Եթե ազգային ազատագրակամն պայքար է, գրեք հենց այդպես։ Փաստորեն, եթե խորը նայում ես, տեսնում ես, որ ազգային ազատագրական պայքարը փոխարինվել է կամ պայքար կամ կոնֆլիկտ  հասկացողությամբ։ Կամ այդ նույն Հայոց պատմության հիմնական հասկացությունների մեջ դուրս են մնացել ընտանիք, դպրոց, եկեղեցի հասկացությունները»։

Թոփուզյանի խոսքով՝ առարկայի նպատակը չի հետապնդում սեփական ժողովրդին իր պատմությամբ դաստիարակելու անհրաժեշտությունը և ընդհանրապես ծրագրի բովանդակության, վերջնարդյունքների մեջ չեն նշվում ազգ, ազգային, հայ հասկացությունները:

Հայոց եկեղեցու պատմություն առարկան այլ առարկաների մեջ տարրալուծելու հետ կապված՝ Թոփուզյանը գտնում է, որ իբրև առանձին առարկա՝ դա լրիվ այլ մտածելակերպ էր տալիս։ «Շատ բան կարելի էր փոխել այդ առարկայի մեջ, կարելի էր փոխել ծրագիրը, բայց ոչ թե այն հանել ու վերջակետ դնել։ Ինձ համար զարմանալի է, որ, օրինակ, Հայոց պատմություն առարկայի մեջ գրված է, որ սովորողը կծանոթանա Հայաստանի կրոնին։ Ի՞նչ է նշանակում Հայաստանի կրոն»։

Կամ, օրինակ, Թոփուզյանը գտնում է, որ պարտադրված պատերազի մեջ գտնվող երկրում Նախնական զինվորական պատրաստություն առարկան հանելն ու այլ առարկաների մեջ տարրալուծելը մեծ սխալ է։ «Այդ առարկան պետք է լինի առանձին, և դրա միջոցով պետք է տալ դպրոցի ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի չափման չափորոշիչները։ Պետք է հասկանալ, որ առաջիկա առնվազն 20 տարվա ընթացքւմ մենք այս չափորոշիչներով ենք կրթելու սերունդ։ Եվ թող մտածեն՝ Աստված չանի, եթե պատերազմ լինի, այդ սերունդը կկարողանա՞ անել այն, ինչ արեց այսօրվա սերունդը։ Այ սա՛ պետք է հաշվի առնել»։

Փոխարենը, առանց հաշվի առնելու երեխաների տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները, առարկայական չափորոշիչների բովանդակության մեջ սողոսկել են Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաների կրթությանը վերաբերող սկզբունքները:

«Կենսաբանություն» առարկայի 8-րդ դասարանի /13 տարեկան/ վերջնարդյունքներում նշված է՝ սովորողը պետք է կարողանա համեմատել արական և իգական սեռական օրգանների կառուցվածքն ու գործառույթը, նշել հակաբեղմնավորիչների տեսակները և դրանց գործածությունը՝ ելնելով նպատակից, բացատրել օրգանիզմի կարիքները և փոփոխությունները հետծննդյան շրջանից մինչև հասունություն, բացատրել որոշ սեռավարակների տարածման ուղիներն ու կանխարգելման եղանակները:

Իսկ 12-րդ դասարանի վերջնարդյունքներում նշված է՝ սովորողը պետք է կարողանա բացատրել, թե ինչպես են հերմաֆրոդիտները բազմանում, տարբերակել արտաքին և ներքին բեղմնավորումը, բերել օրինակներ, երբ սեռական բազմացումը առավել արդյունավետ է, քան անսեռը, նկարագրել էստրոգեն/պրոգեստերոն հակաբեղմնավորիչ հաբերի ազդեցության կենսաբանական հիմքը,  քննարկել և գնահատել հակաբեղմնավորիչներ օգտագործելու կենսաբանական, սոցիալական և էթիկական կողմերը և այլն։

«Կա՞ այդ ուսուցիչը, որը պիտի կարողանա այս չափորոշիչներով երեխաներ պատրաստել։ Թե՞ ամեն մեկն իր երևակայության սահմաններում պետք է այս թեման դասավանդի»։

Ըստ Թոփուզյանի՝ առավել զավեշտալի են «Կենսաբանություն» և «Մաթեմատիկա» ու «Հայոց լեզու» առարկաների միջառարկայական կապերի պահանջները: «Մաթեմատիկա» առարկայից, օրինակ, պահանջվում է սեռավարակների տարածվածության և բեղմնականխիչների արդյունավետության վերաբերյալ տվյալները  ենթարկել վիճակագրական վերլուծության։

Մանկավարժական համալսարանը «Հանրակրթության պետական չափորոշիչների ձևավորման և հաստատման Կարգ»-ի և առարկայական չափորոշիչների վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրել է ԿԳՄՍՆ՝ առաջարկելով խուսափել շտապողականությունից, վերանայել և վերամշակել թե՛ «Հանրակրթության Պետական Չափորոշիչների Ձևավորման և Հաստատման Կարգ»-ը, թե՛ «Առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը», դրանք դնել մարզերում և մայրաքաղաքում մասնագիտական հանրույթի և հասարակության տարբեր շերտերի լայն քննարկմանը։

Թոփուզյանի խոսքով՝ հարցը պետք է նախօրեին քննարկման դրվեր նաև Հանրային խորհրդում, սակայն քննարկումը մեկ շաբաթով հետաձգվել է։

Աիդա Թոփուզյան հանրակրթական չափորոշիչ խմբագրի ընտրանի ՀՀ ԿԳՄՍ

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին