f

Անկախ

Հաճընի գոյամարտը


Երիտթուրքերի ծրագրած հայոց ցեղասպանությունը երբեք նպատակին չէր հասնի, եթե արևմտահայությունը միասնաբար ոտքի կանգներ ու մաքառեր, ինչպես արեց վանեցին, գարահիսարցին, հաճընցին...

 Ցավոք, դիմադրության կղզիները սակավաթիվ էին, անկազմակերպ ու առանձին-առանձին: Հաճընի հերոսամարտն առանձնանում է նրանով, որ այն Հայոց Կիլիկիայի տարածքում էր, և հայությունն այստեղ ինքնապաշտպանության դիմեց ցեղասպանությունից տարիներ անց:

Հաճըն քաղաքը գտնվում է Լեռնային Կիլիկիայում: Հայերն այստեղ բնակություն են հաստատել հազարամյակներ առաջ: 1915 թ. Հաճընն ուներ մոտ 35000 բնակչություն, բացառապես` հայեր: Հաճընը ծաղկուն քաղաք էր, զարգանում էին արհեստները, առևտուրը, կային ինը եկեղեցի և տասնյակ դպրոցներ:

1915 թ. կուլ գնալով երիտթուրքերի խաբեությանը` Հաճընը դատարկվեց, և բնակչությունը կոտորվեց Դեր Զորի անապատներում: Սակայն վերապրած հաճընահայերը վերադարձան և վերաբնակեցրին քաղաքը:

Մուդրուսի զինադադարից հետո (1918, 30 հոկտեմբերի) Դաշնակից պետությունները, մանավանդ Ֆրանսիան, որ առանձնակի հետաքրքրություններ ունեին Կիլիկիայում, հավաստիացնում էին, որ ոչ միայն երաշխավորն են հայերի անվտանգության, այլև ամեն ինչ կանեն հինավուրց այդ հողում հայկական պետականություն ստեղծելու համար: Այս խոստումներն ավելի ոգևորեցին հայությանը և շուտով Կիլիկիան կրկին հայաշատ դարձավ: Հետագայում անգամ հնչակյանները` Միհրան Տամատյանի գլխավորությամբ, 1920 թ. օգոստոսի 4-ին հռչակեցին Կիլիկիայի Հանրապետությունը:

Եղեռնից հետո Հաճընում հաստատվեցին ցեղասպանությունից վերապրած մոտ 8000 հայեր:

Ցավոք, հերթական անգամ հայությունը զոհ գնաց օտարի սադրանքին: Ֆրանսիական կառավարությունը, որ պատերազմի ավարտին արդեն լուծել էր իր խնդիրները Արևելքում, սիրախաղ սկսեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ: Կիլիկիահայությունը բավական ուշ հասկացավ ֆրանս-թուրքական դավադրությունը: Ֆրանսիացիներն այնքան նենգ գտնվեցին, որ անգամ զինաթափեցին Արևելյան լեգեոնն ու Կիլիկիայի հայությանը` նրանց թողնելով անպաշտպան թուրքական յաթաղանի դեմ:

Թուրքերը պատրաստվեցին առաջին հարվածը հասցնել Հաճընին, որ Լեռնային Կիլիկիայի միջնաբերդն էր: Քաղաքում կազմվեց պաշտպանական կոմիտե` Սարգիս Ճեպեճյանի և Կարապետ Չալյանի գլխավորությամբ:

Զենքի կոչվեցին 15-60 տարեկան տղամարդիկ: Կազմվում էին վաշտեր, ջոկատներ, նաև 60 հեծյալներից բաղկացած հարվածային միավոր: Սահմանվում էր զինվորական կարգապահություն, քաղաքում` պարետային ժամ: Կառուցվում էին պաշտպանական գծեր, խրամատներ: Պարենավորման վրա չափաբաժիններ էին սահմանվում:

Սակայն Հաճընի պաշտպանները զենք-զինամթերքի կարիք էին զգում: Զենքի կոչված 1200 կռվողներն ընդամենը 132 հրացան ունեին:

Արդեն 1920 թ. փետրվարին Հաճընում դրությունը սպառնալից էր: Թուրքական կանոնավոր բանակը սպասում էր ձնհալին, որպեսզի հարձակվի Լեռնային Կիլիկիայի վրա: Բայց մինչ այդ Աթաթուրքի կառավարությունը զինում է շրջակա թուրքական և քրդական գյուղերին, որոնք շրջափակման մեջ են պահում Հաճընը` կտրելով այն արտաքին աշխարհից: Քննարկելով ստեղծված իրավիճակը` քաղաքի պաշտպանական խորհուրդը որոշում է օգնության խնդրանքով դիմել Կիլիկիայում գտնվող ֆրանսիական զորքերի հրամանատարությանը: Եվ Հաճընի հոգևոր առաջնորդ, եպիսկոպոս Պետրոս Սարաջյանը, Ազգային վարժարանի տնօրեն Շմավոն Փոսթոյանը և պատվավոր քաղաքացիներից Հարություն Խաչատրյանը փետրվարի սկզբին, ճեղքելով թշնամական գյուղերի օղակը, ուղևորվում են Ադանա` ֆրանսիական զորքերի գնդապետ Բրեմոնի մոտ:

Պատվիրակության առջև խնդիր էր դրված ապահովել ֆրանսիական զորքերի զինական, բարոյական և նյութական օգնությունը, Ադանայից և Կիլիկիայի այլ բնակավայրերից հայկական աշխարհազոր հավաքագրել և օգնություն ուղարկել Հաճըն:

Պատվիրակությունը ճանապարհների անանցանելիության և թուրքական խոչընդոտների պատճառով շատ դժվարությունների է հանդիպում: Մասնավորապես, ստիպված է լինում ամբողջ մեկ շաբաթ հանգրվանել Սիսում: Այստեղ ֆրանսիական կառավարիչ Թայարդան խոստանում է հայերին օգնել զինամթերքով, բայց հրաժարվում է ֆրանսիացի զինվորներ տրամադրել:

Միայն մարտի սկզբին է հայկական պատվիրակությանը հաջողվում հասնել Ադանա: Մարտի 7-ին հաճընցիների պատվիրակությունը հնչակյան գործիչ Միհրան Տամատյանի հետ հանդիպում է գնդապետ Բրեմոնին, որը խոստանում է զենքով և պարենով ապահովել այն հայ կամավորներին, որոնք կցանկանան մեկնել Հաճըն:

Կարճ ժամանակամիջոցում Ադանայում հավաքվում է 200 երիտասարդ, որոնք պատրաստ էին զինվելու և Հաճըն մեկնելու: Սակայն ֆրանսիական հրամանատարությունը սկզբում հրաժարվում է կատարել խոստումը և զենք ու զինամթերք տրամադրել: Պատվիրակների բողոքից հետո Սիսի ֆրանսիացի կառավարիչ Թայարդան, ի վերջո, երկարատև բանակցություններից հետո զինում է երիտասարդներին, սակայն հանձնարարում, որ դեպի Հաճըն շարժվեն իր նախանշած ճանապարհով:

Երիտասարդները, քաջ իմանալով նախանշած ճանապարհի բարդությունները և այն, որ այդ ճանապարհն անցնում է հոծ թուրքական բնակավայրերով, փորձում են գնալ լեռնային այլընտրանքային ճամփաներով: Սակայն ֆրանսիացիները, իմանալով այդ մասին, ստիպում են հայերին գնալ այլ ճանապարհով: Հայկական ջոկատը պաշարվում է և կոտորվում: Ամբողջ զենքն ու զինամթերքն անցնում է թուրքերին:

Արդյոք միտումնավոր չէի՞ն ֆրանսիացիների պնդումները:

Մի քանի օրից գնդապետ Բրեմոնը հայ պատվիրակներին հասկացնում է, որ ավելորդ է որևէ շոշափելի օգնություն ակնկալել իրենցից:

Դեռևս ուշ չէր հաճընցիների համար նահանջելը և թուրքական շղթայից ազատվելը: Սակայն հայերն այս անգամ էլ են դառնում ֆրանսիական խարդավանքի զոհ: Գնդապետ Բրեմոնը հայ պատվիրակներին ասում է, որ հայերի նահանջը վնասակար կլինի Եվրոպայի  աչքում հայերի համբավի տեսանկյունից և կդիտվի որպես Կիլիկիայի նկատմամբ հայերի ազգային իրավունքների ժխտում: Ցավալի է, բայց փաստ, Հաճընի և կիլիկիահայության ներկայացուցիչները կուլ են տալիս խայծը և կամավոր նահատակության մեկնում:

1920 թ. մարտից քեմալական զորքերը աքցանի մեջ են առնում Հաճընը: Հայերի զգոնությունը թուլացնելու համար թուրքական զորքերի հրամանատար Կոզան օղլու Ղողանը բանակցություններ է վարում` առաջարկելով հաշտություն կնքել:

Ի վերջո, թուրքական հրամանատարությունը մարտի 28-ին վերջնագիր է ներկայացնում հաճընցիներին` առաջարկելով հանձնել զենքերը և անձնատուր լինել: Հայերը հրաժարվում են ենթարկվել թուրքական պահանջներին:

Ապրիլ ամսից թուրքերը պարբերաբար ռմբակոծում են քաղաքը, իսկ ապրիլի 30-ին գրոհի ենթարկում այն: Սակայն հայերի հզոր հակագրոհն ստիպում է թուրքերին, հարյուրավոր զոհեր տալով, նահանջել: Հայերին անգամ հաջողվում է թուրքերից խլել թնդանոթը, սակայն արկեր չլինելու պատճառով այն ուղղակի գլորում են ձորը:

Հայերը քաջաբար պաշտպանվում են և խիզախ հակահարձակումներով հազարավոր կորուստների մատնում թշնամուն: Սակայն Հաճընի իրավիճակը հետզհետե օրհասական է դառնում. զգացնել է տալիս սննդամթերքի և զինամթերքի պակասը:

1920 թ. մայիսի 30-ին կնքվում է ֆրանս-թուրքական զինադադարը, որի արդյունքում ֆրանսիացիները թուրքերին են հանձնում Սիսը: Քաղաքը պարպվում է հայերից, և դա ավելի է ազատում թուրքերի ձեռքերը: Հաճընն ավելի է մեկուսանում արտաքին աշխարհից:

Հայ քաղաքական ուժերը, որ կենտրոնացել էին Ադանայում, շտապում են կամավորներ հավաքագրել` Հաճընին օգնություն ուղարկելու համար: Կարճ ժամանակում հավաքվում են 300 սպառազեն երիտասարդներ: Սակայն Հաճըն մեկնելու օրը` սեպտեմբերի 22-ին, ֆրանսիական զորքերը շրջապատում են նրանց, զինաթափում և արտաքսում Կիլիկիայից:

Իսկ ճնշումը Հաճընի վրա օր օրի ահագնանում էր: Քաղաքի պաշտպանները նեղվում էին սովից: Հայերն ուտում էին ամեն ինչ, միայն սովամահ չլինեին: Ականատեսների պատմելով` սովահար բնակչությունն ուտում է անգամ շուն, կատու, կաշի, ծառի կեղև…

Հոկտեմբերի 15-ին թուրքական զորքերը հրետանային նախապատրաստությունից հետո մեծ ուժերով գրոհում են քաղաքի վրա, ճեղքում հայերի պաշտպանական շղթան ու ներխուժում քաղաք:

Սկսվում է նախճիրը: Թուրքերը կոտորում են բոլորին` անխտիր: Միայն 387 հոգի` Կայծակ Արամի գլխավորությամբ, կարողանում է ճեղքել շղթան ու հեռանալ քաղաքից:

Հաճընի գրավման ժամանակ ավելի քան 6000 հայ զոհ գնաց ֆրանսիացիների նենգությանն ու թուրքական յաթաղանին:

Վահե Անթանեսյան

անցյալից Կիլիկիա Հաճըն Հայոց Ցեղասպանություն Ֆրանսիա

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին