Տեսչական մարմինների գործունեության համակարգման գրասենյակը նախատեսում է առաջատար տեխնոլոգիաների միջոցով բենզալցակայաններում տեղադրված բենզալցման ապարատները միացնել ՀԴՄ ապարատներին: Այս մասին սեպտեմբերի 15-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների` ՀԴՄ կտրոնների տրամադրման վերաբերյալ հարցերին, ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի` տեսչական մարմինների համակարգման վարչության պետ Արթուր Ասոյանը:
Նրա խոսքով` մոտ ժամանակներս Հայաստանում ավտոմատացված համակարգ կհայտնվի, ուստի բենզինով լիցքավորման ժամանակ գնորդին անմիջապես ՀԴՄ կտրոն կտրամադրվի: Սակայն Ասոյանը դեռ չի կարող ասել, թե կոնկրետ երբ է իրականացվելու այս գաղափարը: