f

Անկախ

ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ


-Պարոն Մանուկյան, ի՞նչ է կատարվում, Ձեր կարծիքով, աշխարհի 1/6 մասը կազմող
տարածքում, որի անունը դեռևս հայտնի չէ, և այդ գործընթացների հետ կապված՝ ի՞նչ է
սպասում մեզ առաջիկայում:

- Այն, որ Խորհրդային Միությունը փլուզվում է, ոչ մեկի համար գաղտնիք չէ, դա կատարվում է    մեր աչքի առաջ և այդ ընթացքում ծառանում են բազում խնդիրներ, որոնց լուծման նպատակով կառավարությունը կազմել ու կազմում է ծրագրեր. դրանց մասին խոսվել է, այդ ծրագրերը մնացել են ուժի մեջ: Բազմաթիվ հարցեր կան, որոնց ես այսօր չեմ անդրադառնա, կառանձնացնեմ միայն երեքը: Առաջինը անկախության հարցն է: Մենք հայտարարել էինք, որ մեր ազգային թիվ մեկ նպատակը անկախ պետականության ստեղծումն է: Մենք պետք է ձգտենք, որ մյուս պետությունները ճանաչեն մեր անկախությունը՝ գիտակցելով, որ դա կախված է այն բանից, որ Խորհրդային Միություն կենտրոն անվանումով ինստիտուտը ճանաչի մեզ: Այդ առումով մենք բավականին մոտ ենք լուծմանը: Սեպտեմբերի 21-ին   տեղի կունենա հանրաքվե, «այո» պատասխանի մասին ոչ մի կասկած չկա, որից հետո Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում կընդունի անկախության վերաբերյալ և կդիմի
Պետական խորհրդին՝ պնդումով, որ վերջինս ճանաչի մեր անկախությունը:

Եթե Պետական խորհուրդն ու հանրապետությունները ճանաչեն մեր անկախությունը, ապա կճանաչեն նաև մյուս պետությունները: Դրանից հետո մենք կձգտենք գտնել տասը հանրապետությունների հետ համագործակցելու տարբերակները: Եթե Պետական խորհուրդը չճանաչի մեր անկախությունը, այդ դեպքում այնտեղ աշխատելը նպատակահարմար չէ: Բայց անմիջապես ուզում եմ ասել, որ դա չի նշանակում, թե մեր հարաբերությունները կխզենք մյուս հանրապետությունների կամ այն մարմնի հետ, որը հիմա կենտրոն է կոչվում:

Երկրորդ խնդիրը. մենք միշտ հայտարարել ենք, թե ձգտելով քաղաքական անկախության, գիտակցում ենք, որ տնտեսական անկախություն ընդհանրապես գոյություն չունի, դա հասկանալի է: Պատկերացնենք, օրինակ, որ Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվեր կազմել մի տնտեսական ծրագիր, թե ինչպես պետք է գոյատևել եվրոպական համագործակցության բոլոր երկրների հետ կապերը խզելու դեպքում: Ֆրանսիայի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կպատասխաներ, որ այդպիսի տնտեսական ծրագիր կազմել հնարավոր չէ: Դա վերաբերում է բոլոր երկրներին, այնպես որ տնտեսական անկախություն գոյություն չունի, բայց մեր տնտեսական կախվածությունը միակողմանի է. և մենք, առանց մյուս հանրապետությունների հետ համագործակցելու, երկար չենք դիմանա, շատ բարդ իրավիճակ կստեղծվի: Այդպես է նաև մյուս հանրապետությունների համար: Մոսկվայում մենք միշտ հայտարարել ենք՝ ձգտելով քաղաքական անկախության՝ կողմնակից ենք, որ բոլոր 15 հանրապետություններն իրար հետ ունենան տնտեսական դաշինք և շարունակեն իրենց համագործակցությունը տնտեսական ասպարեզում: Եվ հիմա այդ հնարավորությունը ստեղծվել է:

Կան տարբեր ծրագրեր, բայց հիմնականը Շատալինի և Յավլինսկու տնտեսական ծրագրերն են: Երկու օր առաջ Պետական խորհրդի նիստ էր, որտեղ ԳԽ-ի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հետ մասնակցում էի նաև ես: Այնտեղ մանրամասն քննարկվեց Յավլինսկու ծրագիրը, և որոշվեց այն ընդունել որպես հիմք:
Ի՞նչ է ասում այդ ծրագիրը. 15 հանրապետությունները, անկախ իրենց կարգավիճակից, ինքնիշխան, առանձին պետություն են, թե ոչ (խոսքը, պարզ է, վերաբերում է մերձբալթյան հանրապետություններին), միասին պետք է կազմեն տնտեսական դաշինք, հինգ տարով պայմանագիր կնքեն իրար հետ և համագործակցեն տնտեսական ասպարեզում: Այսինքն՝
Պետական խորհրդի աշխատանքներին մասնակցելուց մեր հրաժարվելը չի խանգարում
մասնակցելու մեզ համար ամենակարևոր ոլորտին՝ տնտեսական համագործակցությանը. դա է
մեր ձգտումը, մեր երազանքը, և դա իրականանում է: Ինչ վերաբերում է Յավլինսկու ծրագրին,
ես չէի ուզենա տնտեսական նրբությունների մեջ մտնել, բայց ինձ ավելի սրտամոտ է
Շատալինի ծրագիրը, որովհետև այն ավելի մեծ ինքնուրույնություն է տալիս
հանրապետություններին և իրականացվում է: Ասեմ, որ Պետական խորհրդի նիստերին
Ղրղզստանի պրեզիդենտն առաջարկեց Յավլինսկու ծրագրի փոխարեն Շատալինի ծրագիրն
ընդունել որպես հիմք: Դա չընդունվեց մյուս հանրապետությունների կողմից: Որոշվեց 
Յավլինսկու ծրագիրը վերամշակել և ստորագրել:

Մերձբալթյան հանրապետություններից Լատվիան է մասնակցել այդ պայմանագրին: Կետեր կան, որոնք գուցե բոլոր հանրապետությունները ստորագրեն, բայց հնարավոր չլինի իրականացնել, կամ խուսափեն իրականացնել: Ընդմիջումների ժամանակ, երբ խոսում էի մյուս հանրապետությունների
նախարարների խորհրդի նախագահների հետ, զգացի, որ բոլորը կստորագրեն, բայց որոշ
կետեր կաշխատեն չկատարել: Լավն այն է, որ հինգ տարով է, և ցանկացած պահի կարող ենք
պայմանագիրը չեղյալ հայտարարել:

Երրորդ հարցը, որի մասին բազմիցս խոսվել է, և որը մեզ համար շատ կարևոր է, այն է, որ
պետք է աշխատենք Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքել, որը երաշխավորելով մեր և Ռուսաստանի ստրատեգիական շահերը՝ չսահմանափակի մեր ազատությունը և չխանգարի հարևանների հետ մեր հարաբերություններին. դա նուրբ հարց է:
Մոսկվայում մենք որոշ զրույցներ ունեցանք, և ես հուսով եմ, որ այդպիսի դաշինք հնարավոր կլինի կնքել: Այդպիսով, մենք որոշ կետերում դառնում ենք անկախ պետություն՝ աշխատելով ճանաչվել այլ պետությունների կողմից: Տնտեսական առումով մենք դեռ ինչ-որ ժամանակ կախվածություն կուենանք Միության մյուս հանրապետություններից՝ ձգտելով կապվել նաև ուրիշ երկրների հետ, բայց այդ խնդրում բարդություններ կան, ժամանակ է պահանջվելու: Այդպես եմ ես տեսնում վիճակը և մեր անելիքները:

Բայց այսօր մի այլ հարց կա՝ ձմեռվա հարցը, որը սարսափեցնում և վախեցնում է Խորհրդային Միության բնակչությանը: Կարևորագույնը պարենն է և էներգետիկան: Վառելիքի
և էներգետիկայի առումով մենք լրիվ կախման մեջ ենք գտնվում:

Ինչ վերաբերում է մթերքին, ապա ջանք չենք խնայում, որպեսզի հանրապետությունն ապահովենք պարենով: Մի քանի օր առաջ Բուշի հանձնարարությամբ Միացյալ Նահանգներից պատվիրակություն էր եկել օգնություն ցույց տալու նպատակով. ուսումնասիրում էր Խորհրդային Միության
հանրապետությունների տնտեսական վիճակը: Նրանք բավական զարմացած գնացին Հայաստանից: Մինչ այդ եղել էին յոթ հանրապետություններում և, իրենց իսկ վկայությամբ, ոչ մի տեղ այդչափ մշակված գյուղատնտեսական ծրագրեր չէին տեսել: Որոշ հանրապետություններ մինչև իսկ պահանջարկի թվերը չէին կարողացել ներկայացնել:

Մի քանի օրից կգա Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարարը, և մենք կփորձենք այդ աշխատանքը հասցնել ավարտին: Բացի դրանից, հնարավոր է, որ եվրոպական համագործակցության երկրները զգալի օգնություն ցույց տան Խորհրդային Միությանը: Մենք հարց ենք դրել, որ Հայաստանին հասանելիք օգնությունը տրվի ոչ թե Խորհրդային Միության միջոցով, այլ անմիջաբար:
Էներգետիկայի հարցը, ինչպես ասացի, ավելի բարդ է. մազութի արտադրությունը Խորհրդային Միությունում մոտավորապես 30 տոկոսով նվազել է: Այն ճանապարհները, որոնցով մազութ ենք ստանում, ժամանակ առ ժամանակ փակվում են, փորձում ենք ածուխ առնել փոխանակության միջոցով:
Անցյալ տարի, երբ ձմեռր չէր սկսվել, ես պաշտոնապես հայտարարեցի, որ սով չի լինի:
Ես հիմա էլ պիտի ասեմ, որ ձմեռը բարեհաջող կանցնի: Ճիշտ է, մեծ ջանքեր ու զոհողություններ կպահանջվեն, բայց կհաղթահարենք:
Խորհրդային Միության մյուս հանրապետությունների հետ մեր տնտեսական կապերը պահելով հանդերձ՝ պետք է գիտակցենք, որ դրանք ոչ թե մեր տնտեսության զարգացմանը նպաստող կապեր են, այլ գոյատևման կապեր: Զարգացմանը նպաստող կապերը պետք է լինեն մյուս առաջադեմ երկրների հետ:

-Պարոն Մանուկյան, դուք ասացիք՝ ոչ մի երկիր, մինչև անգամ Ֆրանսիան, չի կարող
կազմել անկախ տնտեսության ծրագիր, բայց, բնականաբար, ամեն մի երկիր ունի իր
տնտեսական ծրագիրը: Մեզ մոտ շատ է ասվում այն մասին, որ սեպտեմբերի 21-ին մեր
ժողովուրդը կասի իր «այո»-ն, բայց մենք չունենք սեպտեմբերի 22-ի ծրագիրը:

-Նախ ասեմ, որ մենք չենք կարողանում գնահատել այն, ինչ ունենք: Սեպտեմբերի 22-ի ծրագիրը սեպտեմբերի 21-ին չպետք է պատրաստվեր: Անկախությանը պատրաստվում էինք օգոստոսից սկսած: Դա աննկատ էր անցնում մեր ժողովրդի համար, որովհետև չկար պարեն, հոսանք, ժողովուրդը իրավացիորեն դժգոհում էր: Սոցիալական լարվածություն կար, անարդարություն կար, որոշ բնագավառներում քաոսային վիճակ կար: Բնական է՝ ժողովուրդը դա է տեսնում: Բայց ուզում եմ ասել, որ միայն դա չպետք է տեսնել;

Առաջին ծրագիրը, որ ես մտածել էի իրականացնել, երբ որ ընտրվեցի վարչապետ, սեփականաշնորհումն էր, այն մեր գյուղացիներին հայրենիք էր տալիս: Ցանկացած մասնագետ կասի, որ սեփականաշնորհման  հիմքը հողի սեփականաշնորհումն է: Դա ամենածանր հարցն է: Շատ երկրներ կան, որոնք չեն կարողացել ավարտին հասցնել հողի սեփականաշնորհումը: Դա աշխարհի ամենաբարդ խնդիրներից մեկն է: Մենք առաջ քաշեցինք այդ հարցը: Կառավարությունը քննարկեց, հիմնական դրույթները որոշեց: Գերագույն խորհրդում օրենքներ ընդունվեցին, հարյուրհազարավոր մարդկանց ջանքերով դա իրականացվեց:

Եվ մենք դարձանք ԽՍՀՄ-ում միակ հանրապետությունը, որը կատարել է հողի սեփականաշնորհումը: Դա ճանապարհ է դեպի անկախություն:

Երկրորդ. երեկվանից իմ սեղանին դրված է մի նոր հեռախոս, սեպտեմբեր ամսին մենք պայմանագիր կնքեցինք ATT ամերիկյան ֆիրմայի հետ և արդեն արբանյակային կապ ունենք աշխարհի հետ: ԽՍՀՄ-ում այդպիսի կապ ոչ մի հանրապետությունում չկա: Իսկ բիզնեսի հիմքում ընկած է կապը: Միությունը 60 միջազգային ալիք ունի: Մենք՝ արդեն 180, մի քանի ամսից կունենանք 270 ալիք: Այսինքն՝ ապագայի կարևորագույն քայլերից մեկն արդեն արված է:

Երրորդ հարցը՝ մենք Երևանում գործարար մարդկանց հավաքեցինք և որոշում ընդունեցինք հայկական բանկ ստեղծելու մասին: Այսօր Եսայի Ստեփանյանը մեկնեց Փարիզ, որտեղ վերջին բանակցություններն են տեղի ունենում: Ստեղծվում է հայկական բանկ, հիմնադրամը 200 մլն դոլար է, որից 10 մլն ներդնում է  կառավարությունը:

Այդ հիմնադրամին մասնակցում են Եվրոբանկը (Աթալլիի բանկը), մի քանի եվրոպական բանկեր, սփյուռքահայեր: Այդ 200 մլն հիմնադրամով բանկը կարող է Հայաստանին 4 միլիարդ դոլարի վարկ տրամադրել (1: 20 հարաբերություն է):
Դա ԽՍՀՄ-ում աննախադեպ երևույթ է: Նշանակում է, որ դու քո սեփական բանկից 4 միլիարդ վարկ կունենաս: Դա կարևոր խնդիր է: Ես կարող եմ նշել ուրիշ խնդիրներ, որոնցով էապես տարբերվում ենք մյուս հանրապետություններից: Մենք խորհրդակցության էինք Պետական խորհրդում, որտեղ քննարկվում էին Խորհրդային Միության ԳԱ-ի կարգավիճակի և գիտության ֆինանսավորման հարցերը: Կատարյալ շփոթ ստեղծվեց և հարցը չլուծվեց:

Մինչդեռ մենք միակ հանրապետությունն ենք, որ ստեղծել ենք միջազգային ստանդարտներին համապատասխան գիտության ֆոնդ, և գիտության ֆինանսավորումը կատարվելու է այդ ֆոնդի միջոցով: Հիմա արդյունքները չնչին են և չեն երևում: Բայց դա կարևորագույն քայլ է. միջազգային կառույցներին համապատասխանող մի կառույց ունենալ, որը ֆինանսավորի գիտության զարգացումը: Ժամանակ կանցնի, և կտեսնեք, թե ինչ մեծ արդյունք կտա այդ նախաձեռնությունը:

Մի ուրիշ քայլ էլ ասեմ: Բոլոր հանրապետությունների տնտեսության՝ պետպլան կոչվող
նախարարությունները, որ անվանում են էկոնոմիկայի նախարարություն, 10 օրով հավաքվել
էին Բրյուսելում: Այնտեղ բանակցություններ էին վարվում եվրոպական համագործակցության
երկրների հետ:

Մենք ներկայացրինք 36 ծրագիր: Ըստ որում ծրագիր պատրաստելիս մեծ ջանքեր թափեց
մեր իմֆորմացիայի ինստիտուտը: Հարյուրավոր մարդիկ աշխատեցին ծրագրերի վրա:
Միակ հանրապետությունը, որը համեմատելի էր մեզ հետ, Ուկրաինան էր, որը կարծեմ 15 ծրագիր էր
ներկայացրել:

Հատուկ նշվեց, որ Հայաստանը առջևում է, միջազգային ստանդարտներին համապատասխանող տնտեսական ծրագիր է ներկայացրել, որը կարող է ֆինանսավորվել:
Այս տարի եվրոպական համագործակցության երկրները 450 մլն էքյու են տալու Խորհրդային
Միությանը: Մեր բնակչությունն ու տնտեսությունը ստանալու էին 8-9 մլն էքյու, բայց քանի որ
մյուս հանրապետությունները ծրագրեր չէին ներկայացրել, իսկ մենք ներկայացրել էինք,
որոնք արդեն կարելի է ֆինանսավորել, սպասում ենք, որ մոտավորապես 30-40 մլն. էքյու
կստանանք:

Դա ոչ թե վարկ է, այլ օգնություն այդ ծրագրերը իրականացնելու համար:
Այսինքն՝ այս հարցում էլ ենք մենք պատրաստ: Հիշատակածս հարցերը ցույց են տալիս, թե
որքանով ենք պատրաստ նոր ստեղծվող կարգավիճակին: Մենք բազմաթիվ պայմանագրեր
ունենք տարբեր երկրների ֆիրմաների հետ: Այստեղ մինչև հիմա արտասահմանյան խոշոր
գործարաններ չեն բացվել, դրա համար երբեմն մեղադրում են արտաքին տնտեսական
կապերի նախարարին. ադարացի չէ, որովհետև դա ամբողջ Խորհրդային Միության ցավն է,
արտասահմանյան կապիտալ չէր ներմուծվում: Պատճառն ամենից առաջ այն է, որ
պակասում են կառույցները, որոնք կարող են այդ կապիտալը ճիշտ օգտագործել, իսկ
Հայաստանն՝ իր կառույցներով, մյուսներից առաջ է անցել:

Երրորդ՝ քաղաքական անորոշ վիճակ էր. վիճակի փոխվելու հետ մենք սկսեցինք
բանակցություններ վարել և հիմա երկու պայմանագիր ենք ստորագրելու: Ռումինիայի և
Լեհաստանի կառավարություններն են դիմել մեզ, որպեսզի իրենց հետ պայմանագրեր 
կնքենք:
Մոտ ժամանակներս կամ նրանց վարչապետները կգան Հայաստան, կամ ես կմեկնեմ
Վարշավա, Բուխարեստ, և այդ պայմանագրերը կստորագրենք:

Հեղաշրջման տապալումից անմիջապես հետո հրավիրեցինք արտաքին հարաբերություններով զբաղվող մեր մասնագետներին՝ քննարկելու համար այն միտքը, որ կադրերի պատրաստման, վարկերի ստացման համար մեր բնական շուկան, տնտեսական հարաբերությունները պետք է Արևելքի հետ կառուցել: Մենք նամակներ ուղարկեցինք Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների վարչապետներին և մոտ ժամանակներս կսկսենք հարաբերություններ հաստատել այդ երկրների հետ տնտեսական, քաղաքական, մշակութային փոխշահավետ համագործակցություն իրականացնելու համար:

Շարունակվում են այն աշխատանքները, որ սկսել էինք ամիսներ առաջ մեր անմիջական հարևանների՝ Իրանի և Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու նպատակով: Այդ ամենը ժամանակ է պահանջում: Բայց ես լավատես եմ և կարծում եմ, որ մենք այն հանրապետություններից ենք, թերևս միակը, որն արդեն պատրաստ է անցնելու նոր կարգավիճակի:
Մեր ժողովուրդը մասնավոր սեփականության անցնելու հոգեբանական արգելքներ չունի:

Ի դեպ, սեփականաշնորհումը ընթանում է աննկատ, մինչդեռ մեկ ամսում 200 տարբեր
օբյեկտներ ենք սեփականաշնորհել: Մեծ թափով կշարունակենք և մեկ տարուց հետո չենք
ունենա առևտրի նախարարություն այն տեսքով, ինչ հիմա կա, օրինակ, չեն լինի պետական
խանութներ, խանութներում նույն ստանդարտ ապրանքների փոխարեն կլինի
բազմազանություն և այլն: Ճիշտ է, այս ընթացքում ծառանում է մի խիստ կարևոր խնդիր.
սոցիալական արդարության խնդիրը:

Սա արդեն կառավարության հոգսն էլ է: Ինչ վերաբերում է ժողովրդին, նա պատրաստ է տնօրինելու իր բախտը, կառուցելու մասնավոր սեփականության վրա հիմնված հասարակարգ՝ քաջ գիտակցելով նաև անցնելիք ուղու դժվարությունները: Մենք հիմա նոր պայմաններին համապատասխանող, միջազգային կառույցները լավ պատկերացնող,արտասահմանյան ֆիրմաների, նախարարների հետ լուրջ և նուրբ բանակցություններ վարելու կարողություն ունեցող մասնագետների կարիք ունենք:
Մեզանում այդպիսիները քիչ են, այդ պատճառով երևի շարունակենք ներգրավել
սփյուռքահայ մասնագետներին:

Ներկայումս, ճիշտ է, ժամանակավոր, Հայաստանում է Վահրամ Ներսիսյանը, որը միջազգային բանկի լատինամերիկյան բաժնի վարիչն է և արդեն երրորդ անգամ է, որ արձակուրդ է վերցնում ու գալիս Հայաստան: Աշխատում է օրուգիշեր, օգնում և՛ բանակցություններ վարելիս, և՛ ծրագրեր կազմելիս: Հավանաբար ինչ-որ ժամանակից հետո նա մշտական բնակություն հաստատի այստեղ: Նման հայեր շատ կան, որոնք կգան, կօգնեն մեզ: Մասնագետների հարցը ամենակարևորն է: Ցանկացած երկիր, եթե ուզում է զարգանալ, առաջին հերթին պետք է պատրաստի մասնագետներ:

-Ինչպե՞ս եք պատկերացնում անկախ ժողովրդավարական Հայաստանի ապագան, մեր
ժողովրդի ապագան: Ի՞նչ հեռանկարներ կան:

-Ես մի անգամ արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ եթե մարդ չզգա, որ աշխարհ է եկել օգտակար մի գործով հետք թողնելու, ոչ թե միայն ուտել-խմելու համար, ապա նա ներքին ուժ չի ունենա և ոչինչ չի ստեղծի: Նույնը ազգերի դեպքում է: Մեր ազգն անցել է հազարամյակների ճանապարհ և ծառայություններ է մատուցել ժամանակակից քաղաքակրթություններին: Քաղաքակրթությունները փոխվում են. կար Հունաստանի քաղաքակրթությունը, Չինաստանի քաղաքակրթությունը, կա եվրոպական քաղաքակրթություն, գուցե 2000 թվին ինչ-որ ուրիշ, նոր քաղաքակրթություն առաջանա նոր ձևերի, նոր սկզբունքների հիման վրա: Եվրոպական քաղաքակրթության ստեղծման մեջ մեծ դեր են խաղացել նաև հայերը:

Այդ դերի մասին մենք քիչ ենք խոսում: Բայց ժամանակակից Եվրոպան փոքր-ինչ այլ կլիներ, եթե հայերը չմասնակցեին Եվրոպայի քաղաքակրթության ստեղծմանը: Այն նոր քաղա-
քակրթության մեջ, որը պետք է ստեղծվի, ես կարծում եմ, հայերը հսկայական ավանդ են
ունենալու: Եվ ես դա համարում եմ առաքելություն: Առաքելությունը թշնամությունը չէ ուրիշ
ազգերի նկատմամբ, ոչ ժողովրդավարական համակարգը չէ: Առաքելություն նշանակում է, որ
Աստված քեզ պատահական չի ստեղծել, քո առջև խնդիրներ է դրել, և դու պարտավոր ես
դրանք իրականացնել:

Ես գտնում եմ, որ հայերը բացառիկ ազգերից մեկն են (բացառիկ ասելով ես չեմ ուզում նսեմացնել մյուս ազգերին, դա չի նշանակում թշնամություն մյուսների նկատմամբ), բացառիկ՝ Արևմուտքի և Արևելքի միջև կապի առումով. շատ կարևոր օղակ է հարավի և հյուսիսի, անցյալի և ապագայի միջև: Մենք հին ժողովուրդ ենք, պարտավորություններ ունենք  մյուս ժողովուրդների հանդեպ, և որպեսզի դրանք կարողանանք կատարել, պետք է հզոր լինենք: Թույլ մարդու մինչև իսկ ամենախելոք խոսքը տեղ չի հասնում, մինչդեռ ուժեղի կիսախելոք խոսքն անգամ անցնում է: Մենք պետք է կարողանանք մեր դերը կատարել: Դրա համար պետք է հզոր լինենք: Մենք պետք է ունենանք պետություն: Դա առաջին քայլն է, բայց հարկ է հիշել, որ հայերի մի մասը Հայաստանից դուրս է ապրում, և եթե ուրիշ ազգերի համար ինքնակազմավորում նշանակում է պետություն ստեղծել, ապա մեզ համար պետությունը կորիզն է, մինչդեռ մենք պետք է կարողանանք կազմակերպել ողջ ազգը:

Դա է ազգկազմակերպությունը: Դա չի նշանակում զինվորական կարգապահություն. դա նշանակում է արդի աշխարհին համապատասխանող միջազգային և պետական ու ոչ պետական կառույցներ, որոնք հնարավորություն տան մեր ազգին խնդիրները լուծելիս հենվել ոչ միայն մեր պետության հզորության, այլ նաև համայն հայության վրա:

Ես ուզում եմ օրինակ բերել. եթե եվրոպական համագործակցության երկրների խորհրդակցությունում Մերձբալթյան երկրները դիտվում են որպես եվրոպական երկրներ,
որոնց օգնություն ցույց տալը բնական է համարվում, իսկ Անդրկովկասը, փաստորեն, Ասիա է և
եվրոպական համագործակցության հետ կապ չունի, ապա Հայաստանի հարցը այլ է,
որովհետև Եվրոպայում շատ հայեր կան, որոնք կստիպեն, որ հայերին ճանաչեն աշխարհում,
այսինքն՝ դրսի հայությունը լոբբիի այդ դերը կատարում է: Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է
ձգտենք համախմբել այդ ազգ-կազմակերպությունը: Այստեղ բնական է, որ մենք հետևենք
հրեաներին և ուրիշներին՝ իրենց համապատասխան կառույցների օրինակով մերը ստեղծելու
համար: Նրանց գործարար մարդկանց առաջին քայլն այդ կառույցների ստեղծում էր: Դրան պետք է նպաստեն նաև իշխանությունները, քաղաքական կուսակցությունները՝ աշխատելով համագործակցված: Ես այսպես եմ տեսնում մեր ազգի ապագան:
Գիտակցում եմ, որ մենք ունենք առաքելություն: Իսկ այդ առաքելությունը կատարելու համար պետք է լինենք հզոր, հզորանալու համար պետք է կարողանանք կազմավորվել որպես համաշխարհային ազգ, որն իր հերթին պահանջում է ունենալ անկախ պետականություն: Դա է մեր ճանապարհը: Ճանապարհ, որը կբերի մեզ հզորության, մեր ժողովրդի բարգավաճմանը:
Եվ ես շատ պայծառ եմ տեսնում մեր ապագան: Ճիշտ է, մեր ժողովուրդը, մեր մտավորականությունը, բոլորս այսօր տնտեսական ծանր վիճակում ենք, բայց պետք է առաջ նայենք ու տեսնենք վաղվա օրը:
Եվ ահա աննկատ մոտեցանք մի շեմի՝ սեպտեմբերի 21-ին: Այդ օրը Հայաստանն ինչ-որ
սիմվոլիկ ձևով դառնալու է անկախ:
Մենք կարևոր շեմ ենք անցնում և պետք է գիտակցենք
այդ բանը:
Ու եթե վաղը թոռներս ինձ հարցնեն. «Պապիկ ջան, այդ շեմը անցնելիս դու քայլ արե՞լ ես, մեր տոհմը մասնակցե՞լ է», ես հպարտությամբ կասեմ՝ այո, մասնակցել եմ: Ես գիտեմ, որ պատասխանը «այո» է լինելու, և մեր «այո»-ն հիշելու են սերունդները:

Վարչապետ Վ. Մանուկյանի հեռուստազրույցը
1991թ. սեպտեմբերի 19-ին
 Հարցազրույցը վարեց Տիգրան Պասկևիչյանը
«Հայաստանի Հանրապետություն», 1991, 20 սեպտեմբերի 

Վազգեն Մանուկյան 1991թ անկախության հանրաքվե խմբագրի ընտրանի

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին