Այսօրչ՝ փետրվարի 27-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել ոստիկանության հոսպիտալի աշխատակիցները: Նրանք դժգոհ են, որ հոսպիտալը լուծարվել է: Պահանջում են՝ չփակել հոսպիտալը և դադարեցնել կադրային ջարդը:
Հոսպիտալի աշխատակիցները նշում են, որ չեն դադարի պայքարը, մինչև չհասնեն իրենց նպատակին՝ հոսպիտալը պետք է շարունակի գործել:
Դեռ փետրվարի 12-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր, թե որն է Ոստիկանության հոսպիտալի լուծարման անհրաժեշտությունը, ինչին ի պատասխան վարչապետն ասել էր, որ հոսպիտալի սպասարկման համար պահանջվում է բավական մեծ գումար՝ 800 մլն դրամ:
«Ոստիկանների մեծամասնությունն այսպես, թե այնպես բժշկական ծառայություններ ստանում են առողջապահական այլ հիմնարկներում, մենք այդ 800 միլիոնը վերցնում ենք, դնենք այդ պետպատվերի վրա, որ ոստիկաններն այլ բժշկական հաստատություններում որակյալ ծառայություն ստանան: Ես համոզված եմ, որ հոսպիտալի լուծարումը 100%-ով ճիշտ որոշում է»,- ասել էր վարչապետը: