f

Անկախ

Գրատպության թանգարան


Գրատպության թանգարան. գրի ակունքներից մինչև գրահրատարակչություն

Գրատպության թանգարան

«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում այս անգամ այցելել ենք Հայաստանի ազգային գրադարանում գործող Գրատպության թանգարան և զրուցել Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանի հետ:

-Պարոն Սարիբեկյան, մեր զրույցը սկսենք Գրատպության թանգարանի ստեղծումից:

-Նախ նշեմ, որ Գրատպության թանգարանը «նորաբաց» թանգարան է. բացվել է 2017-ին: Գուցե տարօրինակ է, որ երբ 2012-ին հայկական տպագրության 500-ամյակի առթիվ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը հռչակվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք, Հայաստանը գրատպության թանգարան դեռևս չուներ, և նման կարևոր իրադարձությունը նշվեց առանց հայկական տպագրության պատմությունը ներկայացնող թանգարան ունենալու: Լավ է, որ այդ իրադարձությունը գոնե հուշեց՝ Հայաստանի ազգային գրադարանում, ուր շատ արժեքների թվում պահվում են նաև հայկական տպագրության վաղ նմուշներ, նման թանգարան ստեղծելու և այդ արժեքները ոչ միայն պահելու, այլև ցուցադրելու անհրաժեշտություն կա...  

-Որպես նորաստեղծ մշակութային օջախ՝ ի՞նչ հաջողություններ ունի Գրատպության թանգարանը: Որքանո՞վ է հասարակությունը տեղեկացված թանգարանից:

-Հանրության լայն զանգվածները թանգարանի գոյության մասին դեռևս տեղյակ չեն, և այս առումով մեզ համար առաջնահերթություն են հանրությանը թանգարանի մասին իրազեկելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ուստի մենք, կարևորելով սոցցանցերի դերը, թանգարանի ընթացիկ գործունեության, ցուցանմուշների, այցելուների, իրականացվող կրթական ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն ենք տարածում թե՛ Ազգային գրադարանի, թե՛ Գրատպության թանգարանի ֆեյսբուքյան էջերով: Եվ քանի որ մեր ֆեյսբուքյան էջերի հետևորդների թիվը 2019-ին էականորեն ավելացել է, վստահ ենք՝ դա կբերի ցանկալի արդյունքի: 2019-ին արձանագրվել է այցելությունների որոշակի աճ, իսկ 2020-ին նախատեսել ենք գերազանցել նաև 2019-ի ցուցանիշը...  

-Ովքե՞ր են թանգարանի հիմնական այցելուները:

Գրատպության թանգարան

-2019-ի հիմնական այցելուները դպրոցականներն են եղել: Մենք, որպես թիրախային խումբ, հենց նրանց էլ ընտրել էինք 2019-ին: Քանի որ գրադարանը կարևոր կրթական առաքելություն ունի, այդ առաքելությունն իրականցնելու հարցում Գրատպության թանգարանն առաջնային գործառույթ ունի իրականացնելու, օրինակ՝ «Ուրբաթագրքի», «Ազդարարի» կամ «Համատարած աշխարհացոյցի» մասին դասագրքերում կարդացող աշակերտը լավ կլինի, որ սեփական աչքերով տեսնի այդ նմուշները. այդ ժամանակ երբեք չի մոռանա՝ որն է առաջին տպագիր գիրքը, տպագիր պարբերականը, տպագիր քարտեզը: Գրատպության գյուտը դպրոցում անցնող աշակերտը Գրատպության թանգարանում հոլոգրաֆիայի միջոցով կարող է ծանոթանալ տպագրության ձևերին ու եղանակներին: 2020-ին մեր թիրախային խումբը նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկները կլինեն:  

-Ո՞ր թանգարանների հետ եք համագործակցում:  

-Գրատպության թանգարանը համագործակցում է Գրականության և արվեստի թանգարանի հետ, որտեղից ժամանակավոր ցուցադրության համար նմուշներ ենք վերցնում: Համագործակցում ենք նաև Մատենադարանի հետ: Մատենադարանն ունի գրքերի վերականգման և մշակման արդիական սարքավորումներ, և մենք վերականգման ու մշակման ենք ուղարկում հնատիպ գրքերը:  Նախատեսել ենք նաև այլ համագործակցություններ:

-Գրատպության թանգարանի հետ կապված ի՞նչ մտահոգություններ ունեք:

-Ինձ չի բավարարում Գրատպության թանգարանի տարածքի չափը: Այն, հաշվի առնելով էլեկտրոնային գրքի տարածման միտումները, պիտի ընդարձակվի: Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ: Աշխարհն ընթանում է թղթի և տպագիր արտադրանքի դուրս մղման ճանապարհով. ապագայում շրջանառությունից դուրս են մղվելու թղթադրամները, տպագիր պարբերականները... Էլեկտրոնային գիրքն էլ իր հերթին ապագայում դուրս է մղելու տպագիր գրքին: Թեև մեզ մոտ դեռ վաղ է այդ ամենի մասին խոսելը, բայց, ըստ էության, սա անկասելի ընթացք է. քաղաքակրթությունը թղթից ազատվելու ճանապարհն է բռնել... Ի՞նչ գործառույթ են կատարելու գրադարաններն այդ դեպքում, երբ գիրք կարդալու համար գրադարան այցելելը պարտադիր պայման չի լինելու այլևս: Կարծում եմ՝ գրադարանները, որպես տարածք, ուր պահվում կամ սպասարկվում են տպագիր գրքեր, ապագայում գերազանցապես թանգարանային գործառույթ են կատարելու: Ցուցադրվելու են տպագիր գրքեր, այնպես, ինչպես Մատենադարանում ձեռագիր գրքերն են այսօր ցուցադրվում: Ու նաև մարդիկ կզբաղվեն գիտահետազոտական գործունեությամբ: Ուստի, ընդունելով նորագույն ժամանակների այս մարտահրավերը, արդեն իսկ ժամանակն է մտածել Գրատպության թանգարանի տարածքն ընդարձակելու մասին: Այսպես թե այնպես, Գրատպության թանգարանը գրատպության ընթացքն ու բազմազանությունն ավելի լիարժեք ծավալով հանրությանը ներկայացնելու համար շատ ավելի մեծ տարածք է ենթադրում, քան մենք ունենք այսօր: Ինչո՞ւ այն չարտացոլի հայկական տպագրության բոլոր փուլերը՝ դրանց բնորոշ բոլոր ցուցանմուշներով հանդերձ: Եվ մյուս կողմից, կարևոր է, որ մեծ տարածքում այդ ցուցանմուշները հնարավոր կլինի առանձնացնել, ցուցադրել ավելի ազատ՝ դրանք առավել ցայտուն դարձնելու համար: Նշեմ՝ մեր հավաքածուներում ցուցադրության համար հետաքրքրություն ներկայացնող անսպառ նյութ կա: Մինչդեռ այս պահին այն, ինչ ներկայացված է թանգարանում, ամենահայտնի նմուշներն են, այն դեպքում, երբ դա կարող է լինել մի հսկայական տարածք, որտեղ տպագրության յուրահատկությունները կարող են ցուցադրվել անգամ տասնամյակներով:  

-Ի՞նչ քայլեր եք նախատեսում իրականացնել 2020-ին:  

-Շարունակել կրթական ծրագրերը, առանձնացնել ցուցադրության համար հետաքրքրություն ներկայացնող նյութերը, շարունակել թանգարանը համալրել նոր ցուցանմուշներով,  թանգարանում սկսել նաև ականավոր տպագրիչների կիսանդրիների տեղադրում: Սկսելու ենք հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի կիսանդրուց, ինչն արդեն նախատեսել ենք այս տարի: Եվ ամենակարևորը՝ ձեռնարկել քայլեր այցելությունների թիվն անհամեմատ մեծացնելու ուղղությամբ: Գրատպության թանգարանը պիտի մեր գրատպության փառահեղ պատմությանը պատշաճ այցելություններ ունենա...  

Հրաչյա Սարիբեկյան

-Պարոն Սարիբեկյան, մեր հասարակությունն այսօր ի՞նչ վերաբերմունք ունի գրքի հանդեպ:

-Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Հայաստանում բավականին փոխվել է վերաբերմունքը գրքի հանդեպ: Հատկապես այս իմաստով, 2012-ը շրջադարձային կարելի է համարել: Համեմատեք երկու խոշորագույն հրատարակչությունների՝ «Անտարես»-ի և «Զանգակ»-ի՝ մինչև 2012-ն ու դրանից հետո տպագրած գրքերի քանակն ու որակը: Շատ հրատարակչություններ հենց այդ շրջադարձային տարեթվից սկսեցին ակտիվանալ: Բացվեցին նոր հրատարակչություններ և նոր գրախանութներ: Հայալեզու գրքերը խանութներում անհամեմատ շատ գրադարակներ սկսեցին նվաճել: «Բուկինիստ» գրախանութում հաճախ հերթեր են գոյանում: Նոր գրքեր թարգմանվեցին և շարունակում են թարգմանվել: 2019-ին Ազգային գրադարանը օրական շուրջ 900 այցելություն է ունեցել: Մի չափազանց կարևոր հանգամանք ևս. գրքի հանդեպ վերաբերմունքը մեր հանրության մեջ շատ բան փոխվեց նաև մի կարևոր իրադարձությունից հետո: Այո´, ես իրադարձություն եմ համարում, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետը կառավարության անդամներին գիրք է նվիրում: Սա արդեն հանրության մեջ գրքի հանդեպ վերաբերմունք ձևավորող կարևորագույն քայլ է, քանի որ գրքի հանդեպ վերաբերմունքը հանրության մեջ շատ բանով պայմանավորված է նախ և առաջ պետության ղեկավարության՝ գրքի հանդեպ ունեցած վերաբերմունքով:    

-Ի՞նչ խոհերով ու ցանկություններով կամփոփեք զրույցը:

-Ես կուզեի, որ մարդիկ որքան հնարավոր է շատ հաղորդակցվեին գրքի հետ, գնահատեին այն: Ժամանակին, երբ դասավանդում էի, առաջին դասս անպայման նվիրում էի մարդու կյանքում ընթերցանության ունեցած նշանակությանը: Ինչպես մարմնին ձևավորման համար տարատեսակ նյութեր ու սնունդ է անհրաժեշտ, այնպես էլ հոգուն ու մտքին է անհրաժեշտ այդ սնունդը: Գիրքը կերտում է մեր հոգին, իսկ հոգեկերտվածքն իր հերթին՝ դրոշմ թողնում մեր մարմնի վրա: Մարդկանց շարժուձևից անգամ կարելի է պարզել՝ գործ ունես կյանքում գեթ մի գիրք ընթերցած, թե ընդհանրապես ոչ մի գիրք չընթերցած մարդու հետ: Իսկ մարդը, որ նաև ժամանակ է հատկացնում իր ընթերցածի վրա մտորելուն, կոփում է իր մտածողությունը, կերտում ոգին: Այնինչ, ժամանակակից սպառողական հասարակության մեջ մենք ավելի շատ տեսնում ենք հագուստի ու սննդի, այսինքն՝ մեր ֆիզիկական մարմնի անհրաժեշտությունների պաշտամունք: Դեմ չեմ, բայց մի տեսակ համամասնությունն է խախտված: Ուզում եմ փողոցներում, հանրային տրանսպորտում, այգիներում գիրքը ձեռքին մարդկանց շատ տեսնել, ուզում եմ, որ գիրքը նորից լավագույն նվերը համարվի, բացվեն ավելի շատ գրախանութներ, և, առհասարակ, գիրքը պաշտամունքի առարկա դառնա: Եվ այդ իմաստով շատ կարևոր դերակատարում կարող է ունենալ Գրատպության թանգարանը, իսկ ընթերցանության մշակույթի ձևավորման իմաստով՝ Ազգային գրադարանն առհասարակ:  

Գրատպության թանգարան

ՀԳ. Զրույցի վերջում ուղղակի չեմ կարող չանդրադառնալ Գրատպության թանգարանի էքսկուրսավար Անահիտ Մուրադյանի անցկացրած հրաշալի էքսկուրսիային, որի ընթացքում նա մեծ սիրով ու գորովանքով ներկայացրեց տպագիր գրքի ամենամեծ պահոցի՝ Գրատպության թանգարանի լավագույն ցուցանմուշները՝ առանձնացնելով տպագրությանն առնչվող ամենահետաքրքիր դրվագները: Տիկին Անահիտը համոզված է՝ բոլոր ժողովուրդների համար գիրը՝ կլինի ձեռագիր, թե տպագիր, ազգի ներկայացման կարևորագույն գրավականն է: Ու այն հատկապես կարևոր է հայ ազգի համար, որը երկար դարեր զուրկ է եղել պետականությունից, և ազգային ինքնությունը պահպանելու միակ ճանապարհը եղել է գիրն ու մշակույթը: Տիկին Անահիտի հետ միասին անցանք Գրի ակունքներ, Հայոց այբուբեն, Հայ գրատպության առաջնեկները, Հայկական գրատպության սփյուռքը, Հայ վաճառականության ներդրումը գրատպության գործում, Գրահրատարակչություն, Գրի հավերժությունը սրահներով, որոնցից յուրաքանչյուրն ունի տպագրությանն առնչվող իր ասելիքը և անպայման շարունակում է նախորդին՝ ամբողջականացնելով հայ գրատպության պատմությունն ու հասցնելով մինչև մեր օրերը: Գրատպության պատմությունը ներկայացնելու այս գովելի խանդավառությունն է, որ փոխանցվում է թանգարան ոտք դնող բոլոր այցելուներին՝ նրանց ևս վարակելով մեր ազգի հարատևության՝ զուտ Գրատպության թանգարանին բնորոշ համոզվածությամբ...  

     

           Արփի Խաչատրյան

 

Գրատպության թանգարան Հայաստան հարցազրույց Խմբագրի ընտրանի Հրաչյա Սարիբեկյան Ազգային գրադարան

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Ինչի՞ են ձգտում հասնել Մասիս Մայիլյանն ու նրան աջակցող ՈՒ ՆՐԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՈՒԺԵՐԸ
ՆՓ-ն հիմնական գործը գցել է պարետի վրա ու նստած սրան նրան է զանգում, "կապիտալ ծրագրեր" է քննարկում
Վիրուսը պայթեցնում է համակարգի բոլոր թույլ տեղերը և դրանք ի ցույց դնում, մերկացնում է մեղավորներին
Աղքատ հպարտների կյանքից
Արցախում կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու նպատակով ամրագրվել է հյուրանոցային ավելի քան 80 համար
Աշխարհը սթափվում է, իսկ Հայաստա՞նը
Մեր գյումրեցի ոստիկանները մի 100 գլուխ աչքիս բարձրացան, հատկապես նրանց շարքում գտնվող գեղեցկուհի ոստիկանը
Իրավախախտ բոլոր անձանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ. ԱՀ ոստիկանություն
Կորոնասվիրուսի ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է․ Արսեն Թորոսյան
Իրերը կոչենք իրենց անուններով. «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն
ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին
Հաց և տեսարաններ՝ Ջոնի և Բրջոնի.
Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Պարոն Արման Թաթոյանին
Իտալիան ինչքան էլ վարակվի, հոգին տալուց էլ կարգին երաժշտություն է լսելու, իսկ դուք ՝ ջոնիբրջոնի
Ձեզ շեղում են իրական խնդիրներից, ձեզ շեղում են վիրուսից, որ ժամանակ չունենաք քննադատել իրենց, երբ թիվը վստահաբար հասնելու է 1000-ի և անցնելու է
ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կոչ է արել չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին
«Toyota» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է Ձորագետ գետի մեջ
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հարցազրույցը «Հայկական Ժամանակ» օրաթերթին
Ինչպե՞ս պահպանել հոգեկան առողջությունը և լինել արդյունավետ կարանտինի պայմաններում․ խորհուրդներ հոգեբանից
Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է
Ցանկացած իրեն հարգող պետություն պարզապես պարտավոր է ամեն գնով իր միջոցներով իր իսկ քաղաքացիներին բերի հասցնի հայրենիք
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 822-ի. ապաքինվել է 57 պացիենտ
Նայում են մարդկանց աչքերի մեջ ու խաբում
Երբ ՄԵԾ մարդկանց ներկան տնօրինում են մարդուկները
Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին
Ավելին
Ավելին