f

Անկախ

«ՀԻՄԱ ԶԻՆՎԵԼ Է ՊԵՏՔ՝ ԻՄ ԵՐԿՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է ԴՐՎԱԾ»


Համատարած գեներացվող ապազգայնության մթնոլորտում՝ ՄՐՐՈ հայ ազգային արվեստի կենտրոնն այն լուսավոր կետն է մնացել, որի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի տեղի է ունենում «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի փառատոնը: Այս, ինչպես նաեւ երկրում տիրող ներկա իրողությունների շուրջ զրուցեցինք փառատոնի հիմնադիր, «Արար» հայ ազգային արվեստի պահպանման եւ հանրահռչակման ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

- Տպավորություն է, որ հիմա, քան երբեւէ իր բովանդակային առումով ավելի է կարեւորվում «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի փառատոնը: Ի՞նչ կասեք այս մասին:

- «Գութանը» միշտ էլ կարեւոր է եղել եւ հիմա էլ նույնքան կարեւոր է: Ուղղակի, Հայաստանում իրողություններն են մի քիչ ավելի փոխվել՝ հասկանալի պատճառներով: Եթե ուզում ենք մեր պետությունը պահել՝ իբրեւ ազգային պետություն, ուրեմն՝ ամենակարեւորն ինքնությունը պահելն է: Եվ հենց ինքնության պահպանումն է մեր փառատոնի հիմքում: Ընդհանրապես՝ ինքնություն պահելու համար շատ կարեւոր զենք է ազգային մշակույթի պահպանումը: Ազգային մշակույթի բոլոր ճյուղերն այսօր ամենքս պարտավոր ենք պահել ու անդրադառնալ մեծ նվիրվածությամբ: Սա այն ոլորտն է, որտեղ չպետք է մտածես՝ ի՞նչ շահ ունեմ, այլ պետք է մտածես՝ ի՞նչ ներդրում կարող եմ անել, որ այսօրվա մատաղ սերունդը կրողը դառնա ազգային մշակույթի, այլ ոչ թե ունկնդիրը:

- Պարոն Գրիգորյան, հիմա ազգայինի դեմ, կարծես, անողոք պայքար է սկսվել, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում: Ինչո՞ւ:

- Այսօր շատ հզոր «ժողովրդավար» պետություններ փորձում են գլոբալիզացիա տարածել մեր երկրում, մինչդեռ նրանք իրենց ազգային ինքնությունն ամեն կերպ պահում են: Օրինակ, Անգլիան բոլորին ասում է՝ պետք է ժողովրդավար լինեք, բայց իրենք ազգային են, իրենց ընտանիքը պետք է մեծ լինի, երեխաները՝ շատ: Իսկ ուրիշներին հորդորում են, որ պետք է քիչ երեխա ունենալ, որ լավ կրթություն ստանան, ու սա սերմանում են ամեն տեղ: Ես ուզում եմ, որ իմ երեխաներն ավելի շատ ճանաչեն իրենց մշակութային ժառանգությունը եւ տերն ու կրողները լինեն: Դեմ չեմ, որ պետք է նաեւ ծանոթ լինել աշխարհի տարբեր տեսակի մշակույթների հետ, այդ թվում՝ երգարվեստում, պարարվեստում եւ այլն: Բայց նախ քո ազգային երգը պետք է իմանաս եւ չհնչի հարց՝ «Սարի աղջիկը», «Դլե յամանը» հայկակա՞ն է, թե՝ ոչ: Դրա համար մեր «Գութանը» շատ կարեւոր խնդիր է լուծում: Այս 8 տարիների ընթացքում հսկայական արխիվ ունենք արդեն, ընդ որում՝ որակյալ, որ մեր լեզուն երկար լինի եւ կարողանանք ասել՝ մեր մշակույթի վրա ոչ թե փոշի է դրած ու չգիտենք՝ վաղը կկորի, թե՝ ոչ, այլ մենք վեր ենք հանում այն՝ որպես կենդանի մշակույթ, ոչ թե՝ իբրեւ հնացած: Եվ փաստացի լուծում ենք ոչ միայն պահպանության խնդիր, այլեւ տարածման:

-Այս առումով՝ ինչո՞ւ «Գութանը» միջազգային փառատոնի չի վերածվում:

- «Գութանը» կոչվում է Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի փառատոն, ուրեմն՝ իր խնդիրն ազգային մշակույթի պահպանումն ու տարածումն է: Մենք խնդիր չունենք օտար ազգի մշակույթը տարածելու: Իսկ ինչ վերաբերում է տարբեր երկրներից հայկական խմբերի մասնակցությանն, ապա մեծ սիրով փորձելու ենք այն իրականացնել: Օրինակ, փառատոնին՝ լինի այս տարի, թե մյուս, հնարավորություն կունենանք բերել Ռոստովի մոտ գտնվող մի փոքրիկ գյուղից պարային խմբի: Այդ գյուղում գրեթե բոլորը անեցիներ են եւ պահել են իրենց մշակույթը՝ երգը, պարը, բարբառը, իրար հետ են ամուսնանում, ուրիշին աղջիկ չեն տալիս: Ունենք համշենահայերի պարային խմբեր, որոնց եւս ցանկանում ենք մասնակից դարձնել փառատոնին: «Գութանը» համահայկական նշանակություն ունի եւ կամաց-կամաց փորձում ենք հասնել նրան, որ այն լինի ոչ միայն Երեւանում կամ որեւէ համայնքում, այլ ամեն տարի բոլոր համայնքներում, մարզերում կարողանանք միաժամանակ իրականցնել:

- Որտե՞ղ եւ ե՞րբ է լինելու «Գութանն» այս տարի…

- Երկար մտածելուց եւ խորհրդակցելուց հետո՝ որոշել ենք խոնարհումի ու ոգեկոչման «Գութան» իրականացնել՝ մեր հարգանքի տուրքը տալու մեզ համար զոհված հերոս տղաներին: Բնականաբար, ծրագիրն ամբողջությամբ կլինի հայրենասիրական երգ ու պարով: Շատ զոհեր ենք տվել եւ նման միջոցառումները ոչ թե պետք է միայն արդարացված լինեն, այլեւ իմաստավորված: Միգուցե այն արցախյան զորամասերում իրականացնենք, Գորիսում կամ Երեւանում, բայց կարեւորն այն է, որ մեր միջոցառումները լինեն ոգեկոչող ու ապրեցնող: Իրականում ամենակարեւորը փառատոնը չէ, այլ պետք է այսօր լուծել երկրի անվտանգության խնդիրները, ուստի՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստով՝ զինվել է պետք:

- Հետաքրքիր է, որ, որպես զինվորի հայր, զինվելու կոչ եք անում, մինչդեռ որոշ ծնողներ անգամ ակցիաներ էին իրականացնում, որ իրենց որդին այլեւս Արցախում չծառայի…

- Նախ ինձ համար տարօրինակ է, որ ասում են, թե մեր երեխաները պետք է ծառայեն Հայաստանում: Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվել, արդեն ձե՞ռք ենք քաշել Արցախից, Արցախը Հայաստան չէ՞: Իմ տղան այնտեղ է, եկավ արձակուրդ, իր եւ մեր կամքով ինքս եմ տարել եւ հասցրել իր զորամաս ու այսօր Արցախում է շարունակում ծառայությունը: Նա ընկեր է կորցրել այնտեղ, վիրավորվել է մեր այդ հողի վրա: Չեմ հասկանում՝ երբ ինձ հարցնում են, թե տղադ որտե՞ղ է: Էլ որտե՞ղ պետք է լինի: Արցախն ինձ համար եղել ու կմնա Հայաստան:

Ոչ մի բան չի փոխվել ինձ համար, եթե որեւէ մեկի համար փոխվել է, թող ինքը մտածի: Մի քանի ամիս առաջ, երբ ասում էին՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, բոլորը ծափ էին տալիս, հիմա ի՞նչ եղավ: Եվ բազմաթիվ հարցեր են առաջանում՝ պատերազմի դադարից հետո ինչո՞ւ չենք շարունակում բանակը հզորացնել, ինչո՞ւ չենք շարունակում խնդիրները լուծել, ինչո՞ւ ենք նվազեցնում մեր բանակի բյուջեն, երբ մեր հարեւան թշնամին բարձրացնում է իր բանակի բյուջեն, ո՞ւմ դեմ է ավելացնում: Մինչդեռ կան մարդիկ, որ խոսում են ադրբեջանցիների հետ համակեցության մասին, սա ինձ համար անընդունելի է:

ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ հարցազրույց հայոց բանակ

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին