ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ վերջին օրերին իշխանություններն անթաքույց գրոհ են սկսել, մասնավորապես այն բանից հետո, երբ ՄԻՊ-ն անդրադարձել էր ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայմանն ու հանցավոր արարքներին: Հայտարարության մեջ ՄԻՊ-ը նշել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները և այլն:
Պաշտպանության նախարարությունը հակադարձող հայտարարությամբ հանդես եկավ՝ ՄԻՊ հայտարարությունը որակելով ուռճացված, ինչից հետո ՄԻՊ-ն իր հայտարարությունները վկայող տեսանյութ հրապարակեց:
Նախօրեին Արման Թաթոյանին բացահայտ քննադատեց նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտարարելով, որ Թաթոյանը հանդես է գալիս «հակահեղափոխական դիրքերից», ինչպես նաև կասկածի տակ դնելով ՄԻՊ հայտարարությունների անաչառությունը:
Թեմայի վերաբերյալ Անկախ-ին իր տեսակետը հայտնեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
-Խստորեն դատապարտում եմ ՊՆ-ի պատասխանը ՄԻՊ-ին: Դա ոչ թե մերժելի է, այլ դատապարտելի է, և այդ տեքստի հեղինակը, նաև այն անձը, որի հետ համաձայնեցվել է այն, պետք է օր առաջ ներողություն խնդրեն նախ հայ ժողովրդից, հետո Արման Թաթոյանից:
Այս դաշտում միակ զինվորն այսօր մնացել է ՀՀ ՄԻՊ-ը, և դա բոլորիս է հայտնի: Այն, որ այս իշխանություններն ամբողջովին, այլևս անթաքույց ու հետևողական, ցավոք սրտի նաև բավականին հաջող իրականացնում են թուրք-ադրբեջանական ռազմավարական նպատակները, կասկածից վեր է: Եվ տվյալ դեպքում Պաշտպանության նախարարության այդ քայլը ես համարում եմ ինքնախոստովանություն իրենց սխալ քաղաքականության և արդեն վերջնական կատարած ընտրության վերաբերյալ, այն է՝ թուրք-ադրբեջանական շահերի սպասարկում: Մինչդեռ ՊՆ-ն ինքը պետք է զբաղվի սահմանային գյուղերի բնակիչների և մեր սահմանների անվտանգությամբ:
Ինչ վերաբերում է այն անձնավորությանը, որն ի պաշտոնե Անվտանգության խորհրդի քարտուղարն է, բայց այդ կառույցը դարձրել է ազգային վտանգի աճի խորհուրդ, ապա այդ մարդն արդեն վաղուց ապացուցել է իր ոչ պիտանի լինելն այդ կառույցում և բացահայտել իր իրական դեմքը:
Քննադատելով Արման Թաթոյանին՝ այդ մարդը հանդես է գալիս նեղ կուսակցական դիրքերց, որը, ինչպես գիտենք, սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը: Այնպես որ նրա մեղադրանքներն՝ ուղղված Արման Թաթոյանին, ամբողջովին ինքնաբացահայտում և ինքնախոստովանություն է: Պարզ է, որ այդ անձնավորության շուրթերով խոսում է իշխանությունը: Իսկ ինչո՞ւ է խոսում հենց այդ մարդու շուրթերով. որովհետև այդ մարդու դիրքերն ամենաթույլն են:
-Տիկին Ալավերդյան, Արմեն Գրիգորյանը նաև հայտարարեց, որ շուտով Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր թեկնածուին կառաջադրի: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ որակի թեկնածու կառաջադրի իշխող խմբակցությունը:
-Ես վստահ եմ, որ իրենք ունեն հլու-հնազանդ թեկնածուներ, և դա մեկը չի, մի տասը թեկնածու կունենան: Պարզ է, որ կոչնչացնեն նաև այդ ինստիտուտը, մինչդեռ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կառույցն աշխարհում ամենաառաջադեմ ինստիտուտներից մեկն է: Այսօրվա պաշտպանի պես բարձր մակարդակի պաշտպան մենք չենք ունեցել, ես սա ասում եմ՝ որպես առաջին պաշտպան:
Եթե այդ անձնավորությունը հայտարարում է, թե իբր Արման Թաթոյանը հանդես է գալիս հակահեղափոխականության դիրքերից, ապա ինքն էլ ամբողջովին հանդես է գալիս թուրք-ադրբեջանական շահերի դիրքերից: Բայց Թաթոյանը երբեք հակահեղափոխականության դիրքերից հանդես չի եկել: Նա ամեն ինչ արել է բարձր մակարդակով, պրոֆեսիոնալ ու գերազանց՝ իր պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ միասին: Նա միշտ ցույց է տվել բարձր որակ և պրոֆեսիոնալիզ՝ երբեք դուրս չգալով մարդու իրավունքների սկզբունքներից, տերմինաբանությունից ու էությունից: Ի դեպ, նույնիսկ իշխանավորների իրավունքները պաշտպանելիս նա փորձել է գտնել այնպիսի բանաձևեր, որպեսզի չխորացնի հասարակության և իշխանության միջև պառակտումը, այլ շտկի սխալները:
Ինչ վերաբերում է իշխանության թեկնածուին կամ թեկնածուներին, ապա ես էլ իմ կողմից մի թեկնածու կառաջարկեմ, որը, կարծում եմ, ամենահարիր թեկնածուն կլինի այս իշխանություններին. Էլմիրա Սուլեյմանովան, որը եղել է Ադրբեջանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը: Նա գերազանց կկատարի այն բոլոր հիվանդագին պատկերացումները, որոնք ունեն այս իշխանությունները մարդու իրավունքների ու պետության մասին: