f

Անկախ

Ծաղկազարդ


Տոնը հայտնի է նաև Ծառզարդար, Ծառկոտրունք անուններով:

Սա շարժական տոն է և նշվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ: Համաձայն քրիստոնեական եկեղեցու` տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Երբ Հիսուսն ավանակի վրա նստած մտնում է Երուսաղեմ, համաձայն Աստվածաշնչի, դիմավորողները նրա առջև փռում են իրենց զգեստներն ու ձիթենու, արմավենու ճյուղեր: Հագուստներ փռելը հին աշխարհում խորհրդանշել է մեղքերից քավություն ստանալը, իսկ ծառի ճյուղերը` փառքը, հաղթանակը (հիշենք դափնեպսակը հին Հունաստանում):

Իրականում այս տոնը նույնպես նախաքրիստոնեական արմատներ ունի և նվիրված է եղել գարնան զարթոնքին, հարություն առնող բնությանը: Բնության և գարնան պաշտամունքը հայոց հին դիցարանում կապված էր Արա Գեղեցիկի պաշտամունքի հետ: Ինչպես ավանդությունն է պատմում, Արա Գեղեցիկի սպանությունից հետո Շամիրամը նրա դին դնում է բարձր լեռան գագաթին, որպեսզի արալեզները նրան կենդանացնեն: Այսինքն` Արա Գեղեցիկը խորհուրդն է մեռնող և հարություն առնող բնության, և Ծաղկազարդը ի սկզբանե նվիրված էր հենց նրան: Ծաղկազարդը կոչվում է նաև Ծառազարդ և անմիջականորեն կապված է եղել նաև Կենաց ծառի պաշտամունքի հետ: Հայաստանում ծառի պաշտամունքը ամուր արմատներ է ունեցել: Պաշտամունքի առարկա են եղել հատկապես բարդին, սոսին: Արմավիր մայրաքաղաքի մոտակայքում էր նշանավոր Սոսյաց սրբազան անտառը, որտեղ նաև հայոց աստվածների բագիններն էին կանգնեցված:

Ծառերին անգամ նվերներ ու զոհաբերություններ էին մատուցում: Արա Գեղեցիկի սպանությունից հետո հայոց գահն անցավ նրա Անուշավան որդուն, որին կոչում էին Սոսանվեր: Սոսենին այնքան մեծ պաշտամունք է ունեցել, որ քրիստոնեության ընդունումից հետո, երբ արգելվեց այդ պաշտամունքը, նրա անվանումը դարձավ անձնանուն` Սոս կամ Չինար: Քրիստոնեության ընդունումից դարեր անց, անգամ Ներսես Շնորհալու ժամանակներում` XII դարում, Հայաստանում կային արորդիներ, որոնց մոտ պահպանվել էր ծառի, տվյալ դեպքում` բարդու պաշտամունքը: Նմանատիպ մի համայնքի մասին, որն ապրել է Ծոփքում` Սամոսատում, գրում է ինքը` Շնորհալին:

Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում` կանաչի հավաքելու: Ծաղկազարդի տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին:

Շատերը տապակած կամ հում կանաչեղենը եկեղեցում բաժանում էին որպես մատաղ: Լոռվա ձորում այդ օրը հատկապես բանջար (եղինջ) են եփել, որպեսզի նրա ծակող զորությունը վերանա, քանզի հավատացած էին, թե Հիսուսին բանջարով են ծեծել: Ծաղկազարդի նախօրեին բացվում են եկեղեցիների խորանի վարագույրները, իսկ բուն տոնին կատարվում է պատարագ` բաց վարագույրներով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ուռենու, ձիթենու ոստերը և բաժանվում հավատացյալներին: Օրհնված ճյուղերը համարվում էին չարխափան:

Այս ճյուղերով խփում էին անասուններին, որ չար աչքից հեռու լինեին, կախում էին խնոցուց, որ կաթը յուղոտ լիներ, կախում էին տան պատերից, որպեսզի տնեցիք հաջողակ լինեին: Նաև հարվածում էին միմյանց` ասելով. «Մեջքը տեղը, կամքը տեղը»: Չնայած ծաղկազարդը պահքի ժամանակաշրջան է, այդ օրը թույլ էր տրվում նշանադրության արարողություն կատարել, սակայն պարել կարող էին միայն տղամարդիկ, որ պարում էին Ծաղկազարդի վերվերի պարը: Ծաղկազարդը, ըստ էության, բխում է նաև բնության, հատկապես ծառերի և կենաց ծառի պաշտամունքից: Ծաղկազարդի տոնին հնում պաշտամունքային վայրերում ծառերը զարդարում էին զանազան գունավոր լաթերով:

Եթե Ամանորին չոր ճյուղերից ծառը զարդարում էին մրգերով և չրերով, ապա Ծառզարդարի ծառը զարդարվում էր փնջած ձվերով, որոնք աչքխափան հուռութք են եղել. ձուն եղել է կյանքի սկզբնավորության, նաև տիեզերքի խորհրդանիշ:

Այն նաև Նուրի (Նար, Հուրի, Նուարդ) աստվածուհուն նվիրված տոն էր: Քանի որ քրիստոնեության մուտքից հետո հին տոտեմներն արգելվեցին, ժողովուրդը հին աստվածությունները պահպանեց տիկնիկների ձևով: Նուրին պատկերված է որպես խատուտիկ տիկնիկ, որի աչքերից կաթիլներ էին թափվում: Նուրին նաև անձրևի հովանավոր աստվածուհին էր, և երաշտի ժամանակ գյուղացիները Նուրիին պտտեցնում էին համայնքում` որպեսզի նա անձրև պարգևեր մարդկանց: Նուրիի շապիկը նկարազարդ էր, իսկ մեջքի գոտին` ծիածանակերպ: Նուրիի պաշտամունքը խոր արմատներ ուներ Հայաստանում և դեռ մի քանի տասնամյակ առաջ Նուրիի ծիսակատարությունը տարածված էր Հայաստանի շատ գավառներում:

Մասնավորապես, երաշտի ժամանակ Լոռիում հաճախ խաչքար էին գցում ջուրը, խոտ էին այրում և սկսում Նուրիի ծեսը:

Երեխաները Նուրիի տիկնիկը ձեռքին շրջում էին տնետուն, փողոցներում ու երգում.

-Նուրի-Նուրին էկել ա, Շիլա-շաբիք հագել ա, Կարմիր գոտին կապել ա, Ձու բերեք թաթին դնենք, Եղ բերենք` սրտին քսենք… Սրտին քսել` նշանակում է սիրաշահել:

Կա երգի այլ տարբերակ ևս.

Նուրի-Նուրին էկել ա, Դուռն ի դռան կանգնել ա, Շալե շաբիք հագել ա, Կեշմե գոտիք կապել ա, Ձու բերեք, թաթը դնենք, Եղ բերեք` վարսը քսենք, Ջուր բերեք` գլխին ածենք, Աստուծանե ցող թող գա, Գետնիցը` պտուղ դուս գա…

Երեխաներից մեկը զամբյուղ է պահում, որի մեջ տանտերերը ուտելիք և գումար են դնում, ճանապարհելիս ջրում: Վերջում հավաքված համայնական միջոցներով գառ են գնում, մատաղ անում, տոնը նշում երգով և ուրախությամբ:

Չնայած եկեղեցական տոն լինելուն` Նուրիի մասին երգը հուշում է, որ բնապաշտական ժամանակաշրջանում տոնը պասուց չի եղել:

Հատիկ

Երկու ձևով է մատուցվում.

ա.- 1 բ. խաշած ձավարի վրա լցնել 1 ճ. գ. շաքարավազ, ընկուզեղեն ու չամիչ:

բ.- Խաշած ձավարեղենը (ձավար, լոբի, սիսեռ, բակլա) մատուցել աղով:

Աղամաղ (աղի-մաղի)

Այս կերակուրը տարածված էր հատկապես Մարաշում և Կիլիկիայի մյուս շրջաններում:

0,5 կգ սմբուկ

1 սոխ

2 պճեղ սխտոր

քացախ

կարմիր և սև պղպեղ

անանուխ աղ

Սմբուկը մանրացնել ու խաշել քիչ ջրով: Ավելացնել մանրացված սոխն ու սխտորը, համեմել և մատուցել սառը վիճակում:

Բաղարջ

Գոլ ջրի մեջ աղ և խմորիչ լուծել, ավելացնել հալեցրած յուղ, ձու, շաքար, լավ խառնել: Ալյուրը մաղել սեղանի վրա, բլրի ձև տալ, մեջը ակոս անել, պատրաստի խառնուրդը լցնել փոսի մեջ և 15-20 րոպե հունցել խմորը: Ապա խմորը ծածկել սրբիչով և մեկ ժամ թողնել: Մեկ ժամից hունցել կրկին, ապա թողնել, որ խմորը բարձրանա: Պատրաստի խմորը բաժանել 200 և 500 գրամանոց կտորների: Մեծ կտորները կլոր բլիթի ձև տալ, դնել յուղաթերթի վրա, բլիթի երեսին և կողերին ձվի դեղնուց քսել և վրան պատառաքաղով ցանցաձև ակոսներ անել: Խմորի փոքրիկ կտորներից երկար լարեր պատրաստել, երկտակել և պարանի պես հյուսել: Պարանաձև խմորի լարերը շրջանաձև կպցնել ջեռոցի մեջ դրված բլիթի շուրջը, ձվի դեղնուց քսել և վրան խաշխաշ ցանել: Թխել վառարանի տաք ջեռոցում 18-20 րոպե:

Խմոր – անհրաժեշտ է 900 գր ալյուր, 100 գր կարագ, 1 ձու, 300 գր շաքարավազ, 30 գր խմորիչ, 10 գր աղ, 200 մլ ջուր, 1 ձվի դեղնուց, 15 գր խաշխաշ:

Քացխլաշորվո (քացախով համեմված ոսպապուր)

1 բ. ոսպ

1 կարտոֆիլ

1 սոխ

2 ճ. գ. ձեթ

քացախ

կանաչի

սև պղպեղ

աղ

Խաշել ոսպը, ավելացնել մանրացրած կարտոֆիլը: Ձեթով սոխառած անել, լցնել ապուրի վրա: Կրակն անջատելուց հետո համեմել, լցնել քացախը և մատուցել սառը:

Օձիթթու

1 բ. մանր կորկոտ

1 բ. ոսպ

1 բ. ալյուր

3 սոխ

կարմիր և սև պղպեղ

չորացրած խառը կանաչի

կաղամբի թթու և թթվի ջուր

Խաշել ոսպը, ավելացնել կորկոտը, ալյուրն ու մանրացված կանաչին, համեմել և շաղախել: Պատրաստել ընկույզի մեծությամբ կոլոլակներ և խաշել թթվի ջրի մեջ. ընթացքում մանրացնել թթուն և եփել կոլոլակների հետ:

Աղանձ

Ցորենը և կանեփը բովել ջեռոցում առանձին-առանձին: Ժամանակ առ ժամանակ վրան փոքր-ինչ ջուր ցանել: Բովելու ընթացքում ավելացնել նաև աղ:

Թթվապուր

1 բ. կարմիր ոսպ

1/3 բ. ձավար

1/3 բ. սիսեռ

1 կապ բազուկի տերև

1 կիտրոն

2 պճեղ սխտոր

2 ճ. գ. ձեթ

կարմիր պղպեղ անանուխ, աղ

Խաշել հատիկեղենը: Ավելացնել մանրացված բանջարը: Ձեթի մեջ տաքացնել սխտորը, համեմել և լցնել ապուրի վրա: Կրակն անջատելուց առաջ լցնել կիտրոնի հյութն ու անանուխը:

Թթվեպաս

0,5 բ. լոբի

0,5 բ. սիսեռ

0,5 բ. ոսպ

0,5 բ. ձավար

0,5 բ. արիշտա

0,5 բ. չամիչ

0,5 բ. սալորաչիր

0,5 բ. քացախ

2 կապ սպանախ

աղ

Արմտիքը խաշելուց հետո ավելացնել արիշտան, չամիչը, սալորաչիրն ու սպանախը: Մատուցել քացախով:

 

Ծաղկազարդ Հայաստան անցյալից

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին