f

Անկախ

Նոր գիրք կորած թե մոռացված հայերի միջավայրի մասին


Սեղանիս է Սերգեյ Վարդանյանի նոր լույս տեսած «Բանահյուսական պատումի միջավայրը (Կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները)» գիրքը, որի շնորհիվ հաջողվեց մի շաբաթով կտրվել մեր օրերի ճնշող իրադարձություններից, հեռանալ ոչ շատ վաղ անցյալ և նոր գիտելիք ձեռք բերելու հաճելի պահեր ապրել:

Ինչպես բոլոր գիտական գրքերի դեպքում, այս գրքի անոտացիայում էլ գրված է, որ այն հասցեագրված է ոչ միայն ակադեմիական շրջանակներին, այլև «թեմայով հետաքրքրվող ընթերցողներին»: Ընդունված կարգ է կարծես, թեպետ այդպես գրողների համար գաղտնիք չէ բնավ, որ գիտական գրքերի մեծ մասը, բացի նեղ մասնագետներից, ոչ ոք չի կարդում: Բայց տվյալ դեպքում «թեմայով հետաքրքրվող ընթերցողների» ակնկալիքը ոչ միայն իրատեսական է, այլև ավելին կարելի է ասել՝ այն ընթերցանության և ճանաչողության լավ առիթ է նաև թեմայով չհետաքրքրվողների համար:

Ես լավ գիտեմ հեղինակին, նրա հետ ժամանակին աշխատել եմ նույն խմբագրությունում, տեսել եմ նրա գործելաոճն ու գիտելիքների պաշարը, կարդացել եմ նրա «Հայաստանի մայրաքաղաքները», մյուս գրքերը, հոդվածները, միշտ հիացել եմ նրա պրպտելու, փաստեր հավաքելու ջանասիրությամբ ու այդ փաստերն իրար կապելու, բացահայտումներ անելու կուռ տրամաբանությամբ, կարծրատիպեր կոտրելու համարձակությամբ, ընթերցողին կլանող շարադրանքի պարզությամբ և կարծում էի, որ այս նոր գիրքն այլևս ոչնչով չի զարմացնելու, պարզապես հերթական հաճելի ու օգտակար ընթերցանություն է լինելու: Բայց և այնպես այս անգամ էլ զարմացա:

Ինչի՞ մասին է գիրքը

Հեղինակն այս անգամ խնդիր է դրել պարզել, թե կրոնափոխ համշենահայերից գրի առած պատումները փոփոխակներ ունե՞ն արդյոք հայ ժողովրդի այլ հատվածների բանարվեստում: Նա վերցրել է 1987 թ. Ղազախստանում մի մահմեդական համշենահայից իր գրառած «Արդէլէցիք՝ ավջի» («Արդալացիները՝ որսորդ») զվարճապատումը և դրա 36 փոփոխակ է գտել, որոնք ամբողջությամբ ներկայացվում են ու վերլուծվում: Դրանցից 5-ը գրի է առել հեղինակը կրոնափոխ համշենցիներից 2010-2014 թվականներին Թուրքիայի Արդվինի նահանգի Խոփայի գավառում, մեկ տարբերակ էլ կրոնափոխ համշենցուց ձայնագրել և տպագրել են ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի երեք աշխատակիցներ: Մնացած 30 փոփոխակները, որոնք գրի են առնվել Հայաստանի և հարևան երկրների  հայերից (Արցախ, Նախիջևան, Փերիա, Ղարադաղ, Շատախ, Մոկս, Ջավախք, Լոռի, Տավուշ, Վան, Մուշ, Կեսարիա, Բեյրութ, Հալեպ և այլն), հեղինակը որոնել ու գտել է տպագիր աղբյուրներում ու արխիվներում:

Փաստորեն այս աշխատությունը հայ բանագիտության մեջ մահմեդական և քրիստոնյա հայերի բանահյուսությունը համեմատելու և մի պատումի փոփոխակները մեկտեղելու առաջին փորձն է:

Եվ հայտնաբերված նյութի վերլուծությունը  հնարավորություն է տվել հեղինակին ապացուցելու, որ կրոնափոխ հայերի զվարճապատումները, որոնք պատմվել են հայերեն՝ Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով, հիմնավորապես հաստատում են այն համոզմունքը, որ դրանք հայկական բանահյուսական ժառանգության անբաժանելի մասն են:

Սա շատ կարևոր եզրահանգում է, քանի որ քիչ չեն թուրք և նույնիսկ Թուրքիայում ապրող հայկական ծագումով հեղինակները, որոնք ամեն կերպ փորձում են զատել համշենահայերին հայությունից և թուրքական ծագում վերագրել, անգամ բարբառն են փորձում հայերենից օտարել: Ահա բանահյուսական միջավայրի պատկերն էլ գալիս է ապացուցելու, որ մահմեդականացած,  բայց, ի դեպ, բազմաթիվ քրիստոնեական սովորույթներ ու ծեսեր պահպանած նույն հայ ժողովրդի հետ գործ ունենք՝ նույն մտածելակերպով:

Աշխատության բանագիտական արժեքին, անշուշտ, ճշգրիտ, գիտականորեն գնահատական կտան համապատասխան մասնագետները: Ինձ՝ ոչ մասնագետ ընթերցողիս, այս հրատարակությունը գրավեց հատկապես իր երկու առանձնահատկությամբ:

Մարդիկ. ակնածանքն ու երախտագիտությունը նախորդների նկատմամբ

Առաջին իսկ էջերից նկատեցի, որ այս կամ այն գիտնականին, բանահավաքին կամ ասացողին հիշատակելիս հեղինակն անպայման նշում է նրանց տարիքը, թե որ տարիքում է կատարվել տվյալ գործը: Եվ հակառակ  տարածված սովորության, երբ ուրիշ աշխատություններում նշվում են միայն հիշատակվող ասացողի կամ բանահավաքի ազգանունն ու անվան սկզբնատառը, նա իր պարտքն է համարում առատ կենսագրական տվյալներ զետեղել, ավելի հաճախ՝ բառի բուն իմաստով դրվագ առ դրվագ հայտնաբերել դրանք ժամանակի աշխատություններում, արխիվներում ու մամուլի նյութերում՝ ինչպես ասում են, սրբելով այդ երախտավորների վրայից մոռացության փոշին, համոզված, որ «ինչ էլ գրում ենք, ի վերջո, այդ ամենը մարդկանց մասին է»:

Ահա այս աշխատության շնորհիվ իմանում ենք, օրինակ, ամենաառաջին բանահավաքներից մեկի՝ շուշեցի Առաքել Բահաթրյանի մասին, որն իր գրառումներն արել է Սրվանձտյանի «Գրոց ու բրոցից» դեռ շատ առաջ՝ 1860 թ. և  ընդամենը 12 տարեկանում, իմանում ենք, որ հայ բանահյուսության առաջին հրատարակիչներից Տիգրան Նավասարդյանն իր գրառումները տպագրելիս հազիվ 20 տարեկան էր, իսկ «Հայ ժողովրդական հեքիաթների» առաջին հատորը լույս ընծայելիս՝ 21 տարեկան, որ Հովսեփ Օրբելին իր առաջին ծանրակշիռ ուսումնասիրությունները գրել է արդեն 24-25 տարեկանում, որ Գարեգին Սրվանձտյանը 3 ամիս ապրել է Շուշիում և մամուլում  հետաքրքիր հիացական տպավորություններ է թողել տեղի բնակչության ու մտավոր կյանքի մասին, կամ կարդում ենք մի երախտավոր կնոջ՝ շուշեցի Մարգարիտ Գրիգորյան-Սպանդարյանի անձնվեր բանահավաքչական գործունեության հուզիչ պատմությունը և այլն: Փաստերը, ընդ որում նորահայտ, արխիվներից ու անցյալի մամուլից քաղված, շատ-շատ են, և թվարկել կամ մեջբերել դրանք, կնշանակի վերաշարադրել գրքի զգալի մասը:

Բացի այդ,  հեղինակը խնդրո առարկա զվարճապատումի այս կամ այն փոփոխակը քննարկելիս տեղին է համարել ոչ միայն տեղեկություններ հաղորդել ասացողի մասին, այլև  մեջբերումներ անել այլ հեղինակներից տվյալ բնակավայրերի բնակչության խառնվածքի, առանձնահատկությունների, նիստուկացի մասին՝ այդպիսով ամբողջացնելով  միջավայր ասվածը, պատկերացում տալով, թե վերջապես ով էինք մենք, ինչպիսին էինք մենք՝ հայերս, երբ զանազան պատումներ էինք հյուսում ու դրանց մեջ ամփոփված իմաստությունը խնամքով փոխանցում հաջորդ սերունդներին:

Օրինակ՝ շատ տպավորիչ է մեջբերումը Գարեգին Սրվանձտյանի ակնարկից Արցախում Մկրտիչ Խրիմյանի անցկացրած օրերի մասին: «Դու նստար Ղարաբաղում ութ օր և քարոզեցիր էնտէղ ամեն օր: Դու գտար էնտեղ մի խումբ ժողովուրդ, որոյ մեջ անարատ և առատ կը փայլէր Հայութեան ձիրքեր և բնաւորութիւն և սովորութիւն: Նոցա մէջ տեսար ըստ ամենայնի ընդունակութիւն. արի ու անվեհեր էր նոցա  բազուկն և արիւն. իրավ անուսում էին, բայց զգացող և շատ հասկացող, նոցա մանկունք ուշիմ, նոցա ծերեր առոյգ մարմին, խելացի հանճարով, փորձեալ գլուխներով, նոցա երիտասարդք հզօր և հնազանդ, միշտ պարկեշտութիւն իրենց քաջասրտութեան քօղ կը պահէին» ( (էջ 105, «Մեղու», Կ. Պոլիս, 1862, 10 նոյեմբ.):

Կամ մեջբերումը ժամանակի լրագրող Արշակ Եդիգարյանի (Պիրո) «Տաճկացած հայեր» հոդվածից, որում, նկարագրվում է, թե ինչպես են թուրքական բռնակալության սարսափելի ժամանակներում բռնի կրոնափոխված համշենահայերը պահպանել բուն հայկական սովորությունները, և մանավանդ այս վկայությունը. «…Մայրերն աւելի հայ են մնացել, քան թէ հայրերը. հայ կինը միշտ աւելի սրբութեամբ է պահպանել իւր նախնիքներից իրեն աւանդած հաւատը, քան թէ հայ մարդը: Նրանք մինչև այժմ պաշտում են հայ վանքերը և եկեղեցիները և եթէ եկեղեցու ծառերից մի ճիւղ անգամ ընկած լինի ճանապարհին, նրանք վերցնում են և առանձին տեղ դնում, որ գնացող եկողը կոխ չտայ, ասել է, որ նրանք իբրև սրբութիւն պաշտում են և եկեղեցու ծառերն անգամ, շատ մայրեր խնդրում են իրենց որդոց տանել իրենց Երուսաղեմ երկրպագութիւն տալու համար սուրբ վայրերին: Այդպիսի տաճկացած շատ հայերի հայրերը մահմեդական են, իսկ մայրերը քրիստոնեայ» (էջ 223, «Նոր-Դար», Թիֆլիս, 1893, 21 դեկտ.):

Հոգատարությունը հետնորդների նկատմամբ՝ գրքի մատենագիտական արժեքը

Գիրքն ուղեկցվում է մոտ հազար տողատակերի հղումներով, մեծ մասամբ՝ ընդարձակ մեկնաբանություններով:

Եվ գրքի վերջում էլ հեղինակը զետեղել է իր օգտագործած արխիվային նյութերի, գրքերի ու ժողովածուների, մամուլի նյութերի ընդարձակ ցանկը: Փաստորեն կրոնափոխ համշենահայերի մասին բանագիտական, ազգագրական, պատմագիտական, բարբառագիտական գրականության մատենագիտական ցանկը: Մի հանգամանք, որ կրկնակի է դարձնում աշխատության արժեքը: 

Եվ դա արվել է՝ ելնելով ապագա մասնագետների նկատմամբ հոգատարությունից, որպեսզի չանցնեն որոնումների այն նույն դժվարին ճանապարհը: Ինքը՝ հեղինակն էլ խոստովանում է. «Ի դեպ, ներկա ու ապագա բանագետներին, բանահավաքներին, բարբառագետներին, ազգագրագետներին, պատմաբաններին, համշենագետներին ու թուրքագետներին, երգիչ-երգչուհիներին, երաժիշտներին ու երաժշտագետներին օժանդակելու նպատակով սույն մենագրության մեջ, ինչպես հավանաբար նկատել են ընթերցողները, աշխատել ենք բազմաթիվ աղբյուրների գոնե մի մասը հղել, ինչի շնորհիվ գիրքը, որոշ չափով ստանալով մատենագիտական գործառույթ, ներկայացնում է նաև հետազոտության միջավայրը»:

Սեփական անխելքության ծաղրն ու ցավը

Գիրքը փակելուց հետո բազմաթիվ հարցեր են առաջանում, և անցյալի միջավայրին ծանթանալուց հետո ակամա զուգահեռներ են գծվում ներկայի հետ: Ինչպե՞ս է, որ բռնի կրոնափոխվելով՝ թուրքական դաժան ճնշումների տակ մարդիկ պահպանել են լեզուն ու ազգային սովորությունները, նույնիսկ ծածուկ իրենց հայ են համարել: Իսկ այսօր Հայաստանում բնակչության մի հատվածը, գնահատելով մի շարք անհատների ու նրանց համակիրների խոսքն ու գործը, խիստ համոզված նրանց  ոչ ավելի, ոչ պակաս «թուրք» է համարում: Սա փաստ է: Ինչո՞ւ է բռնի թուրքացված հայը տարիներ շարունակ տանը սրբորեն հայկական ձեռագրեր պահում, իսկ ժամանակակից հայաստանցի հայը՝ հրապարակավ կասկածի տակ առնում բաներ, որոնք մինչ այս սրբություն ու անձեռնմխելի են համարվել:

Կամ այսօր անընդմեջ  մի հարց ես լսում. «Այսքան անխելք մարդիկ մեզանում ե՞րբ առաջացան, մենք էլ կարծում էինք, թե խելացի ազգ ենք»:

Հետաքրքիր է, որ գրքում քննարկվող զվարճապատումը հենց անխելքության մասին է: Ընդհանուր բովանդակությունը սա է: Մի քանի հոգի գնում են արջ որսալու և արջին չհանդիպելով՝ մտածում են, որ որջում է: Նրանցից մեկը մտնում է որջը, որ համոզվի: Արջը պոկում է նրա գլուխը: Մարդուն դուրս են քաշում ու տեսնում են, որ գլուխը չկա, և մտածում են՝ նա գլուխ ունե՞ր, թե ոչ: Եվ որպեսզի պարզեն այդ հանելուկը, գնում հարցնում են կնոջը: Կինն էլ պատասխանում է, որ չգիտի՝ ուներ, թե ոչ, բայց առավոտյան նախաճաշելիս շրթունքները շարժվում էին:

Փաստորեն մեր ժողովուրդը միշտ է զարմացել սեփական անխելքության վրա՝ դա երգիծանքի առարկա դարձնելով, ինքն իր վրա ծիծաղելով: Սակայն, իմ համեստ կարծիքով, սեփական արատի վրա հնարավոր է ծիծաղել, երբ այն արդեն մերժել ու հաղթահարել ես: Ժամանակակից հայության միջավայրում առայժմ միայն ցավի նկարագրություններ են: Բայց սա արդեն այլ խոսակցության նյութ է:

Անահիտ Հարությունյան 

Բանասիրական գիտ. թեկն.

Հ.Գ. Տասնամյակներ անց ի՞նչ կգրի ապագա  ուսումնասիրողը սույն գրքի հեղինակի մասին՝ ունենալով նրա՝ նախորդների մասին լիարժեք տեղեկություններ տալու նախանձախնդրությունը: Հավանաբար այսպես: Բանասեր, պատմաբան, ազգագրագետ,  բանահավաք, բանագետ, բարբառագետ, լրագրող, հրապարակախոս, արձակագիր, խմբագիր Սերգեյ Վարդանյանը սկսել է հետաքրքրվել բանահավաքչությամբ և կրոնափոխ հայերի ճակատագրով երիտասարդ տարիքից՝ հետագա  ողջ կյանքի ընթացքում, ի թիվս այլ գործերի, զբաղվելով դրանցով և մանավանդ համշենագիտության ոլորտում թողնելով շատ մեծ ավանդ…

Հայաստան համ՛շենագիտություն նոր գիրք Սերգեյ Վարդանյան Գրախոսություն

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին