f

Անկախ

Բայրաքթար եղբայրների համար փողն առաջնային չէ, նրանց աջակցությունը Ուկրաինայի կողմն է. BBC


«Բայրաքթար» անօդաչուները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում դարձել են ուկրաինացիների դիմադրության ուրույն խորհրդանիշ, իսկ բուն «բայրաքթար» բառը՝ զանգվածային մշակույթի անքակտելի մասը: Այդ անօդաչուների ստեղծման գլխին այսօր կանգնած են Հալուք և Սելջուկ Բայրաքթար եղբայրները: Նրանք հազվադեպ են հարցազրույց տալիս, բայց համաձայնել են զրուցել BBC-ի թղթակիցներ Ջաֆեր Ումերովի և Տատյանա Յանուցևիչի հետ:

 Մենք հանդիպեցինք Բայրաքթար եղբայրներին Ստամբուլի ծայրամասում՝ նրանց գրասենյակում: Տարածքն ու շենքն ավելի շատ հիշեցնում են արևմտյան համալսարանի կամպուս, քան ընկերություն, որտեղ արտադրում են աշխարհի տարբեր շրջաններում պատերազմների ընթացքը փոխող ռազմական անօդաչուներ:

Մուտքին կից աշխատակիցների համար տեղադրված է Օսմանյան կայսրության պատմության վերաբերյալ անվճար գրքերի մեծ ընտրանի, կողքին՝ գրքեր այն մասին, թե ինչպես ճիշտ նամազ անել: Առանձնասենյակները քիչ են, բաց տարածությունները՝ շատ: Այն զգացողությունը, որ գտնվում ենք համալսարանում, գալիս էր նաև աշխատակիցներից: Նրանց միջին տարիքը, եղբայրների խոսքով, 29-30 տարեկանն է:

Երկրորդ հարկում երեք առանձասենյակ կա, մեկական յուրաքանչյուր եղբոր համար: Հարցազրույցը համաձայնեցված էր երկու ավագների հետ: Ինչպես պարզվեց, կրտսեր եղբայր Ահմեդը հանրածանոթ անձ չէ, ըստ մամլո ծառայության՝ անօդաչուներով չի զբաղվում:

Նրա սենյակի դուռը բաց էր, և ծխախոտի քուլաների մեջ հաջողվեց նշմարել մեծ թուրքական դրոշը և Օսմանյան կայսրության զինանշանը պատին:

Առանձնասենյակների հերթականությունը ըստ ավագության էր՝ կարծես հուշելով, որ գտնվում ենք պահպանողական Թուրքիայում, որտեղ ընտանիքին մեծ նշանակություն են տալիս:

Առաջին սենյակը ավագ եղբայր Հալուքինն է: Ընկերությունում նա զբաղեցնում է գլխավոր տնօրենի պաշտոնըՆրա սենյակը լուսավոր է, պատին փակցված է ուկրաինական խատայի սաթե նկար, ցածր սեղանիկին փափուկ խաղալիք է դրված՝ Bayraktar TB2 անօդաչու եռաժանիով: Եվ առաջին հերթին նա հպարտությամբ ցույց է տալիս «Ծառայությունների համար» շքանշանը, որը ստացել է Կիևում 2020 թ. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց:

Զրույցի ընթացքում Հալուքը հաճախ է հիշատակում հորը՝ Օզդեմիր Բայրաքթարին, որը վախճանվել է անցած տարի: Հարցազրույցի ընթացքում հորը հիշում է նաև միջնեկ եղբայրը՝ Սելջուկը, որը ընկերության տեխնիկական տնօրենն է և համարվում է «Bayraktar անօդաչուների ճարտարապետը»:

Դառնալ Էրդողանի փեսան

Հալուքն ասում է, որ օդագնացության սերն իր մեջ սերմանել է հենց հայրը, որը սիրող օդաչու է եղել: Օզդեմիր Բայրաքթարը 1984 թ. ստեղծել է ավտոպահեստամասերի արտադրության ընկերություն:

Բացի արտադրությունից, նա ակտիվ զբաղվել է քաղաքականությամբ, ինչի շնորհիվ ծանոթացել է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ (երբ նա դեռ նախագահ չէր):

Երկուսն էլ 1998 թ. արգելված իսլամական Բարօրության կուսակցության անդամ էին: Իշխանությունները համարում էին, որ այդ կուսակցությունը վիժեցնում է աշխարհիկ արժեքները, որոնց վրա է հիմնված ժամանակակից Թուրքիան շնորհիվ հանարեպության առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի: Հետագայում կուսակցությունը վերագրանցվեց «Արդարության և զարգացման կուսակցություն» անվան տակ և այժմ Թուրքիայի իշխող կուսակցությունն է:

2016 թ. հայացքներով երկու հարազատ քաղաքական գործիչները հարազատացան պաշտոնապես. Սելջուկն ամուսնացավ Էրդողանի դստեր՝ Սյումեյեի հետ: Եվ դա Թուրքիայում շատերի քննադատության պատճառ դարձավ, թե կապը երկրի ղեկավարի հետ ընտանեկան բիզնեսը ծաղկեցնելու համար է: Սելջուկը համաձայն չէ այդ քննադատությանը:

«Մենք անօդաչուների արտադրությունը սկսել ենք դեռ 2000-ական թվականներին, և որոշ իմաստով դրան են նվիրել իրենց կյանքը հայրս, եղբայրս, մայրս, ես ինքս էլ»,- ասում է նա: Հարսանիքը Էրդողանի դստեր հետ կայացել է 2016 թ., հիշեցնում է Սելջուկը, և այն ժամանակ առաջին անօդաչուները՝ Mini-ն և Bayraktar TB1-ը, արդեն մշակված էին:

Սելջուկը նշում է, որ ամուսնությունից հետո շատացավ քաղաքական քննադատությունը, բայց իր կյանքն առանձնապես չփոխվեց:

Եղբայրների խոսքով՝ Բայրաքթար ընտանիքը միշտ էլ ապրել է «արտադրությունով», և դեռ մանկուց իրենք սովորել են աշխատել ֆաբրիկայում. օգնել են հաստոցների ծրագրավորմանը և համատեղել են դա ուսման հետ դպրոցում:

Սելջուկն այն ժամանակ սովորել է երկրի ամենահեղինակավոր լիցեյներից մեկում՝ Ստամբուլի ամերիկյան Ռոբերտ քոլեջում:

Երկու եղբայրները բարձրագույն կրթություն են ստացել Թուրքիայում և ԱՄՆ-ում, ուր Սելջուկը մասնագիտացել է անօդաչուների արտադրության ուղղությամբ:

Ավարտելով ուսումը՝ վերադարձել են հայրենիք, որպեսզի «զարգացնեն իրենց երկրի տեխնոլոգիական կարողությունները» և սկսել են աշխատել հոր Baykar ընկերությունում:

«Ավիացիայի» և «իրավահավասար աշխարհի» դրոշակակիրները

Եղբայրներն ասում են, որ անօդաչուների արտադրությունը սկսել են ինժեներների շատ փոքր թիմով և ընկերությունում ներդրել են լոկ անձնական միջոցները:

Նրանք հաջողության բաղադրիչներից մեկը համարում են մշտական շփումը թուրք զինվորների, մարտական գործողությունների իրական մասնակիցների հետ, ինչը, իրենց խոսքով, օգնում է նորացնելու անօդաչուները զինվորականների պահանջներին ու կարիքներին համապատասխան:

Հարցին, թե ինչու են ռազմական անօդաչուները կոչվել իրենց ազգանունով, եղբայրները պատասխանում են, որ «Բայրաքթար» թուրքերեն  նշանակում է «դրոշակակիր», և իրենք համարում են, որ այդ անվանումը կատարելապես համապատասխանում է իրենց անօդաչուներին:

«Մենք ուզում էինք դրոշակակիր լինել ավիացիայի ոլորտում, որտեղ հարացույցի հերթափոխ է տեղի ունենում»,- ասում է Սելջուկը:

Հալուքն էլ այն հարցին, թե անձամբ իրենց համար ինչ նշանակություն ունի «Բայրաքթարը», պատասխանում է, որ ուզում է՝անօդաչուներն իրենց ավանդն ունենան առավել արդար և իրավահավասար աշխարհ ստեղծելու գործում:

Այդ պահին մենք սահուն անցանք Ուկրաինայի պատերազմի թեմային, որտեղ ուկրաինական բանակը ակտիվ օգտագործում է Bayraktar ТВ2-ները ռուսական զորքերի դեմ:

Տեսագրությունը, որ ցույց է տալիս, թե  ինչպես են անօդաչուները ոչնչացնում ռուսական զրահատեխնիկան, պտտվեցին ամբողջ աշխարհում: Իսկ ուկրաինացիների համար թուրքական անօդաչուները ռուսական ագրեսիային դիմակայելու յուրահատուկ խորհրդանիշ դարձան: Դրանց մասին սկսեցին երգեր գրել, դրանց պատվին երեխաներին և ընտանի կենդանիներին են անվանակոչում, և աստիճանաբար «բայրաքթար» բառն իր խորշը գտավ երկրի մշակույթում և ուկրաինական սփյուռքում:

Եղբայրները բացահայտ աջակցում են Ուկրաինային և արդեն մի քանի անգամ անվճար  անօդաչուներ են տրամադրել ուկրաինացի զինվորներին, իսկ կամավորների հավաքած փողն ուղղել են ուկրաինացի փախստականների կարիքներին:

Հարցին, թե ինչ է զգում այն փաստից, որ «Բայրաքթարները» դարձել են ուկրաինացիների համար ազատության խորհրդանիշ, Հալուքը պատասխանում է, որ հպարտանում է նրանով, որ իրենց մշակած տեխնոլոգիաները օգնում են Ուկրաինային անկախության համար պայքարում:

Նա հավելում է, որ Ուկրաինան կռվում է հանուն ազատ աշխարհի: Սելջուկն էլ ռուսական ներխուժումը Ուկրաինա համարում է «անարդար և անօրինական պատերազմ», իսկ ուկրաինացի ժողովրդին՝ առաքինի:

Ինչպես են Բայրաքթար եղբայրներն օգնում Ուկրաինային

Baykar-ի համագործակցությունը Ուկրաինայի հետ սկսվել է մինչև Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը: Ղրիմը բռնակցելուց հետո Ռուսաստանը սկսեց ռազմական օգնությունն այսպես կոչված «ԴԺՀ»-ին և «ԼԺՀ»-ին, Կիևը սկսեց պաշտպանության տարբեր միջոցներ որոնել:

Հալուքն ասում է, որ Ուկրաինայի իշխանությունները անօդաչուներ տրամադրելու խնդրանքով դիմել են տարբեր երկրների, սակայն, իր խոսքով, միայն Թուրքիան է համաձայնել գործարքին:

«Bayraktar» համակարգերը կիրառվում են Ուկրաինայում 2018-ից,- հիշեցնում է նա:- Միաժամանակ Ուկրաինայի հետ պաշտպանության արդյունաբերության շատ կարևոր նախագծեր են ստորագրվել, որոնք կնպաստեն մեր համագործակությանը տարբեր տեխնոլոգիական ոլորտներում»:

Հալուքի խոսքով՝ ընկերության մասնագետները Bayraktar TB2-ը կառավարել են սովորեցրել շատ ուկրաինացի զինվորների, իսկ վերջերս ռուսական գրոհի հետևանքով զոհվեց ուկրաիանական բանակի՝ եղբայրների հետ ընկերացած մի սպա՝ անօդաչուի օպերատորը: Նա մահացավ ստացած վիրավորումից: Baykar ընկերության ներկայացուցիչները ներկա են եղել նրա թաղմանը, և եղբայրները ցանկանում են օգնել նրա ընտանիքին:

«Երբ սկսվեց պատերազմը, մենք մարդասիրական օգնության 10 բեռնատար ուղարկեցինք. պարեն, մանկական սնունդ, հիգիենայի պարագաներ: Ուկրաինան մի երկիր է, որի հետ մենք սերտ հարաբերություններ ունենք: Մենք  զգում ենք ուկրաինացիների ցավը և գնահատում ենք սեփական հողի հաջող պաշտպանությունն ու հերոսական պայքարը»,- ասում է Հալուքը:

Այդ ամենը վեհանձն է հնչում, բայց կան քննադատներ, որոնք պնդում են, որ Ուկրաինան սոսկ մատակարարման շուկա է  Baykar-ի համար: Ի՞նչ են պատասխանում Բայրաքթար եղբայրները:

Հալուքը չի թաքցնում, որ առևտրային շահեր կան: Բայց պատերազմի սկզբից ընկերությունը շատ ջանքեր է գործադրել Ուկրաինայի հետ համագործակցելու համար: «Մեզ համար առաջնայինը ամուր հարաբերություններ հաստատելն է և համագործակցության զարգացումը, որը օգուտ կբերի երկու երկրներին էլ»,- վստահ է նա:

Այո, հաստատում է նա,  Ուկրաինայում ռուսական պատերազմի սկզբից ևեթ հետաքրքրությունը «Բայրաքթար» անօդաչուների նկատմամբ մեծացել է, մեծացել է նաև վաճառքը: Մինչև պատերազմը Ուկրաինայում անօդաչուները հաջողությամբ օգտագործեց Ադրբեջանը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի պատերազմում, ինչպես նաև Սիրիայում և Լիբիայում: Եվ հաճախ հակամարտության հակառակ կողմում Ռուսաստանն է եղել:

«Փողը առաջնային չէ»

Եղե՞լ է արձագանք Ռուսաստանի կողմից: Այս հարցն ինքնաբերաբար է ծագում:

«Մենք ընկերություն ենք, որը տեխնոլոգիաներ է մշակում,- ասում է Հալուքը:- Մենք մեր նպատակներն ունենք: Մենք փորձում ենք մեր ավանդն ունենալ մեր երկրի զարգացման մեջ, ինչպես նաև այն երկրների, որոնց հետ ռազմավարական համագործակցություն ունենք: Մենք ինքներս չենք օգտագործում այդ տեխնոլոգիաները: Մենք մշակելով փոխանցում ենք դրանք ուրիշների օգտագործման համար»:

Նա հիշեցնում է, որ օրինակ՝ Ուկրաինայում անօդաչուներն օգտագործում են ուկրաինացի զինվորները և հատկապես նրանք են որոշում, թե երբ օգտագործել դրանք:

«Այնպես, ինչպես ուրիշ ապրանքների դեպքում: Իհարկե, ցավոք սրտի, ռուսական ԶԼՄ-ներում մենք զրպարտանք ենք տեսնում, քանի որ մեր համակարգերը ոչնչացնում են նրանց ՀՕՊ-երը և զրահատեխնիկան: Բայց, վերջ ի վերջո, մենք ընկերություն ենք, որը տեխնոլոգիաներ է տրամադրում»,- ասում է նա,- իսկ թե ինչպես են դրանք օգտագործվում, դա արդեն ուրիշ մարդկանց որոշումն է»:

Ընդ որում, նա չի թաքցնում, որ «Բայրաքթար» անօդաչուները «ավանդ են ներդնում անկախության համար Ուկրաինայի պայքարում և մենք աշխատում ենք, որ այդ ավանդը ներդրվի հնարավոր լավագույն կերպով»:

«Իսկ եթե Մոսկվան ձեզ մեծ գումար առաջարկի, նրանց նո՞ւյնպես կվաճառեք»,- հարցնում ենք մենք:

«Փողը մեզ համար առաջնային չէ: Փողը և նյութական ռեսուրսները երբեք նպատակ չեն եղել մեր բիզնեսում,- վստահեցնում է Հալուք Բայրաքթարը:- Ուկրաինայի հետ մեր բարեկամությունը և համագործակցությունը ձգվում է արդեն երկար տարիներ: Ուստի ինչքան փող էլ մեզ առաջարկեն, անկեղծ ասած, խոսք չի կարող լինել այն մասին, որ տվյալ իրավիճակում տրամադրենք նրանց [Մոսկվային]: Այս ժամանակամիջոցում մեր զորակցությունն ամբողջովին Ուկրաինայի կողմն է: Քանի որ մենք շատ ամուր կապ ունենք, և Ուկրաինան ենթարկվում է շատ անարդար, ագրեսիվ և անհիմն հարձակման: Ուստի ոչինչ չի խաթարի մեր համագործակցությունը Ուկրաինայի հետ, անկախ այն հանգամանքից, թե ինչ  գումար կառաջարկվի, մեր դիրքորոշումն այդ կապակցությամբ հստակ է»:

Մենք հարցազրույցն անցկացրինք այն օրը, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր կուսակցության ժողովում հայտարարեց, թե Վլադիմիր Պուտինը ցանկանում է համագործակցել Բայրաքթարների հետ: Մամլո ծառայությունը խորհուրդ էր  տվել Հալուքին չօգտագործել Պուտինի ազգանունը իր հարցազրույցում, այլ միայն «Ռուսաստան» ասել: Իսկ Սելջուկն առհասարակ հրաժարվեց մեկնաբանելուց պատճառաբանելով, որ դա պետական մակարդակի հարց է: Սակայն Հալուքի խոսքից հասկանալի էր՝ Բայրաքթար եղբայրների համագործակցությունը Ռուսաստանի հետ չի կայանա, համենայն դեպս քանի դեռ տեղի է ունենում ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժումը Ուկրաինա:

Հարցին, թե ով է այնուամենայնիվ որոշում ում մատակարարել ռազմական անօդաչուները, Հալուքը պատասխանեց, որ դա թե՛ ընկերության, թե՛ թուրքական պետության որոշումն է: Սակայն, ըստ ամենայնի, վերջին խոսքն այնուամենայնիվ Անկարայինն է, որը ելնում է նաև իր արտաքին քաղաքականության շահերից:

Հայտնի է, որ Մոսկվան հետաքրքրություն է ցուցաբերել իրանական Shahed 129 անօդաչուների նկատմամբ: Սելջուկն ասում է, որ անտեղյակ է իրանական անօդաչուների տեխնիկական բնութագրերին: Բայց հավելում է, որ «Բայրաքթարը» լավագույնն է իր դասի մեջ:

«Աշխարհում չկա ուրիշ անօդաչու թռչող սարք, որն այդպես լավ գործի մարտի ընթացքում»,- ընդգծում է նա:

«Բայրաքթարի» դերը պատերազմում. փորձագետների կարծիքը

Պավել Ակսյոնով, BBC-ի ռազմական մեկնաբան.

Baykar Bayraktar TB2-ն իսկական մեդիա աստղ է թռիչքի երկար տևողությամբ միջին բարձրության անօդաչու թռչող սարքերի (medium-altitude long-endurance UAV կամ պարզապես MALE UAV) ռազմական շուկայում, թեպետ այդ շուկայում քիչ չեն բարձր տակտիկա-տեխնիկական բնութագրերով անօդաչուները:

Բանն այն է, որ դրա կենսագրությունը բավական հաջող է դասավորվել: Այդ անօդաչուն կիրառել են միանգամից մի քանի հակամարտություններում, որոնցում այն գործել է՝ գրեթե դիմադրության չհանդիպելով: Դեռ մինչև Ուկրաինան «Բայրաքթարը» հաջողությամբ կիրառեց ադրբեջանական բանակը Լեռնային Ղարաբաղում, Թուրքիան՝ 2020 թ փետրվարին Սիրիայում «Գարնանային վահան» գործողության ժամանակ, իսկ մինչ այդ Լիբիայում, որտեղ այդ անօդաչուները գործում էին Հավթարի բանակի դեմ:

Մինչև Ուկրաինան «Բայրաքթարները» գործել են որպես հետախուզական համակարգեր, բայց նաև հարվածներ են հասցրել թիրախներին գրեթե «ջերմոցային» պայմաններում՝ առանց հակաօդային պաշտպանության լավ կառուցված համակարգերի:

Անօդաչուի հարվածները, որը գտնվել է բավական մեծ բարձրության վրա, հաճախ ապշեցուցիչ են եղել. նրա իսկ խցիկի նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես են կառավարվող ռումբերն ընկնում այն օբյեկտների վրա, որտեղ գտնվել են  հակառակորդի բանից անտեղյակ զինվորները:

Սակայն ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու այդ կարողությունը կորցրեց արդիականությունը, երբ «Բայրաքթարները» սկսեցին կիրառել Ուկրաինայում ՀՕՊ-ի ակտիվ հակազդեցության պայմաններում: Դրանից հետո անօդաչուները սկսեցին ավելի ավանդական գործառույթներ կատարել՝ դիտարկում, թիրխավորում, հետախուզում:

Դա նվազ տպավորիչ աշխատանք է, բայց ոչ պակաս օգտակար: Այդ դասի սարքերը չեն կարող օգտագործվել որպես հարվածային ավիացիայի փոխարինող, դրանք չի կարելի կիրառել, օրինակ, որպես ռոմբակոծիչ, գրոհիչ ինքնաթիռ կամ ուղղաթիռ: Դրանց օգտակար բեռնավորումն ավելի փոքր է, քան օդաչուավոր սարքերինը, դրանք ավելի դանդաղ ու խոցելի են:

Դա ինչ-որ ավիացիոն դասի զարգացում չէ, որում անօդաչուները պարզապես փոխարինում են մարդկանց: Ի հայտ գալով 1990-ականների վերջում՝ MALE-ները  կարծես իրենք թռչող սարքերի նոր դաս ստեղծեցին, որով սկզբնավորվեց դրանց կիրառման տակտիկան: Դրանց օդում երկար մնալու և դիտարկմամբ ու օպերատիվ-տակտիկական օդային հետախուզությամբ զբաղվելու կարողությունը հազիվ թե կարելի է գերագնահատել:

Bayraktar TB2-ը բնավ էլ տվյալ դասում միակ անօդաչուները չեն: Օրինակ՝ Չինաստանը արտադրում է իր Wing Loong անօդաչուները՝ արտահանելով դրանք Եգիպտոս, Ղազախստան, ԱՄԷ և այլ երկրներ: Այդ դասի ամենահայտնի անօդաչուներից է նաև իսրայելական IAI Heron-ը, որը վաճառել են բազմաթիվ երկրների, այդ թվում և Թուրքիային: Վերջապես, կա ամերիկյան MQ-9 Reaper-ը, որը ինքնին հայտնի է որպես իր դասի առավել արդյունավոտ մեքենաներից մեկը և լեգենդար MQ-1 Predator-ի ժառանգորդն է, որը թռչում է 1990-ական թթ. ի վեր:

«Բայրաքթարը» մի ինչ-որ յուրահատուկ հաջող բացառություն չէ, պարզապես այդ բավական հաջողակ անօդաչուն մեծ մասամբ հայտնվեց ճիշտ ժամանակին ճիշտ տեղում:

Ռոբ Լի, Արտաքին քաղաքականության ինստիտուտի (Վաշինգտոն) ավագ աշխատակից.

«Բայրաքթարներն» Ուկրաինայում ավելի շուտ օժանդակ դեր խաղացին:  Պատերազմի առաջին շաբաթներին մենք տեսնում էինք հարվածներ ռուսական ռազմական տեխնիկային, երբ ռուսական զորքերի շարասյուներն անմտորեն շարժվում էին [ուկրաինական ճանապարհներով] առանց ՀՕՊ ուժերի պաշտպանության: Եվ դա կարևոր էր:

Բայց հետագայում, երբ ռուսները սկսեցին վերջապես կռվել այնպես, ինչպես պետք է, մոտավորապես մարտ ամսից մենք այլևս չտեսանք ուկրաինական անօդաչուների հարվածները ռուսական ռազմական տեխնիկային, բացառությամբ Զմեինի կղզու:

Դոնբասում «Բայրաքթարների» ակտիվ կիրառում չի նկատվում: Այնտեղ ռուսներն ավելի հզոր ՀՕՊ ուժեր ունեն, այնպես որ այդ անօդաչուները կատարում են թիրախավորման խնդիր, ինչը դրանք կարող են անել օպտիկական մեծ հնարավորության շնորհիվ: Եթե դատենք ըստ տեսագրության, ապա կարելի ենթադրել, որ մոտ մի տասնյակ «Բայրաքթար» է կործանվել, բայց ճշգրիտ դա  հնարավոր չէ հաստատել:

Անօդաչուն որոշիչ զենք չի համարվում, այն կարող է օգտակար լինել որոշակի պայմաններում, օրինակ՝ երբ հակառակորդն ուժեղ հակաօդային պաշտպանություն կամ էլեկտրոնային կռվի միջոցներ չունի, որոնք անօդաչուները խոցելի են դարձնում:

Ղարաբաղի պատերազմում դրանք որոշիչ դեր խաղացին, քանի որ Ադրբեջանը առավելություն ուներ օդում: Բայց Ուկրաինայում իրադրությունն ուրիշ է, այստեղ ակնհայտ առավելություն չկա: Այն, ինչ կարևոր է մի պատերազմում, մյուսում կարող է աննշան լինել:

Եվ այլ անօդաչուներ…

Baykar ընկերությունը զբաղվում է նաև ուրիշ անօդաչուի՝ «Աքինջիի» մշակմամբ, որում օգտագործում են ուկրաինական արտադրության տուրբիններ:

Սելջուկը պնդում է, որ դրանք ավելի բարձր դասի են և արագ: Սակայն չնայած այն հանգամանքին, որ դրա մեջ օգտագործվել են ուկրաինական տուբիններ, դրանցից Ուկրաինայում դեռ չկան: Իսկ այն հարցին, թե կմատակարարվեն դրանք Ուկրաինային, երկու եղբայրներն էլ պատասխանեցին, որ ուկրաինական կողմն առայժմ չի դիմել նման պահանջով:

Միաժամանակ եղբայրները մշակում են առաջին թուրքական գերձայնային անօդաչու «Կիզիլելմա» կործանիչը և աշխատում են նոր մարտական «Բայրաքթար ТВ3»-ի վրա: Երկու անօդաչուներն էլ կարող են թռչել և վայրէջք կատարել ուղղաթիռակիր դոկ նավերի վրա: «Կիզիլելմայում» նույնպես օգտագործվում են ուկրաինական տուրբիններ:

Բայց դրանով համագործակցությունը չի ավարտվելու: Հալուքը նշում է, որ ծրագիր ունեն Ուկրաինայի տարածքում անօդաչու կործանիչների լիակատար արտադրություն սկսել և գիտական կենտրոններ բացել ուկրաինացի երիտասարդների համար:

Եղբայրները տեղեկացրին նաև, որ գիտական կենտրոնի ստեղծման և անօդաչուների արտադրության համար տարածք են գնել, բայց պատերազմի պատճառով ստիպված եղան կանգ առնել:

 

Աղբյուրը 

Աշխարհում Թուրքիա Ուկրաինա Ռուսաստան «Բայրաքթար» անօդաչուներ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին