ՌԴ իշխանությունները երկրի նավթային ընկերություններին արգելելու են մինչև տարեվերջ նավթ վաճառել ԵՄ-ի կողմից սահմանված գնային առավելագույն շեմով, գրում է «Կոմերսանտը»։
Ռուսական ընկերություններին նավթի վաճառքը գների առավելագույն շեմով վաճառելն արգելելու մեխանիզմը նախատեսվում է ընդունել մինչև տարեվերջ, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նրա խոսքով՝ այս մեխանիզմի մանրամասներն այժմ քննարկվում են ընկերությունների հետ։
«Այժմ մենք քննարկում ենք, վերջնական որոշում ենք կայացնում, քննարկում ենք ընկերությունների հետ»,- լրագրողներին ասել է Նովակը։ Այլ մանրամասներ պաշտոնյան չի հայտնել։
Եվրամիության երկրները, G7-ը և Ավստրալիան պայմանավորվել են ռուսական նավթի առավելագույն գին սահմանել մեկ բարելի դիմաց 60 դոլար սահմանաչափը: Այս միջոցը գործում է դեկտեմբերի 5-ից։