Վերջերս Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները, որոնք նախկինում բնորոշվում էին որպես գործընկերային, ակնհայտ վատացել են: Ավելին, ցայտուն է երկու երկրների հարաբերությունների հետագա հետընթացի միտումը՝ ըստ էության նրանց դարձնելով հակառակորդներ:
Ֆրանսիայի անկարգությունների խորապատկերում հուլիսի 5-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ ճառով Չմիանալու շարժման համակարգող բյուրոյի հանդիպման ժամանակ: Այդ ելույթն ուշագրավ էր ժամանակակից Ֆրանսիայի քննադատությամբ: Ալիևը ելույթը սկսեց լուրջ մեղադրանքով.
«Ադրբեջանը շատ անհանգստացած է նեոգաղութատիրության հարաճուն միտումից: Չմիանալու շարժումը, ստեղծված ապագաղութացման գործընթացի արդյունքում, պետք է վճռականորեն պայքարի անցյալի այդ խայտառակ ժառանգության դեմ և նպաստի դրա լիակատար վերացմանը:
Այն երկրներից մեկը, որը դեռևս շարունակում է նեոգաղութատիրության քաղաքականությունը, Ֆրանսիան է: Ֆրանսիայի կառավարումը Եվրոպայի սահմաններից դուրս գտնվող տարածքներում Ֆրանսիայի գաղութարար կայսրության նողկալի մնացուկներն են: Ֆրանսիան պետք է հարգի Կոմորյան կղզիների ինքնիշխանությունը Մայոտտա կղզու վրա, ինչպես նաև Նոր Կալեդոնիայի ժողովրդի և ուրիշ ֆրանսիական անդրծովյան համայնքների ու տարածքների ժողովուրդների իրավունքները: Ես ողջունում եմ ֆրանսիական անդրծովյան համայնքների ու տարածքների հարգելի ներկայացուցիչներին, որոնք իրենց զուգահեռ միջոցառումները կանցկացնեն Բաքվի նախարարների նիստի հարթակներում, որպեսզի նրանց արդար գործը և ազատության ձգտումը լսելի լինեն միջազգային հանրություններին»:
Նեոգաղութատիրությունը շատ լուրջ մեղադրանք է: Ըստ այդմ՝ Ադրբեջանը առնվազն խոսքով ուզում է, որ Ֆրանսիան տարածքային կորուստներ կրի Եվրոպայի սահմաններից դուրս:
Սակայն այնուհետև Ադրբեջանի նախագահը էլ ավելի խիստ մեղադրանքներ է հնչեցնում Հինգերորդ հանրապետության հասցեին.
«Գրեթե 1,5 միլիոն ալժիրցի է սպանվել ցեղասպանության ժամանակ ֆրանսիական կառավարման օրոք: Ալժիրցի ազատության մարտիկների գանգերը մինչ օրս պահպանվում են փարիզյան թանգարանում որպես ռազմավար: Դա ցինիկ է և նողկալի: Մենք պահանջում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից Ալիժիրին փոխանցել նրա հերոսների աճյունները»:
Չխորանալով անցյալի մեջ՝ նշենք, որ Ալժիրում այժմ շատ ուժեղ հակաֆրանսիական տրամադրություններ են: Ալժիրցիներն այնքան թունդ են ատում նախկին մետրոպոլիային, որ պատրաստ են համագործակցել ցանկացած երկրի հետ, բացի Ֆրանսիայից: Դրանից հաճույքով օգտվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի և Ալժիրի հարաբերությունների դրական շարժընթաց գոյություն ունի:
Ալիևը որոշեց էլ ավելի զարգացնել իր դատողությունները նեոգաղութատիրության մասին.
«Ֆրանսիան, կեղծավորաբար իրեն ներկայացնելով որպես մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պաշտպան, նախկինի պես միջամտում է ուրիշ երկրների ներքին գործերին: Մալիից և Բուրկինա Ֆասոյից վերջերս ֆրանսիական զորքերի դուրսբերումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Աֆրիկայում Ֆրանսիայի զայրացնող նեոգաղութատիրական քաղաքականությունը դատապարտված է ձախողման: Ցավոք, Ֆրանսիան փորձում է նույն արատավոր գործելակերպը պարտադրել Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ պաշտպանելով հայկական անջատողականությունը Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում և օգտագործելով աշխարհաքաղաքական մրցակցությունը, օտարերկրյա ռազմական ներկայությունը և օրիենտալիզմի գաղութատիրական քաղաքականությունը»:
Մեր կողմից նշենք, որ ֆրանսիական ազդեցության նվազեցումը Մալիում ու Բուրկինա Ֆասոյում տեղի է ունեցել Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ (տե՛ս Получив «оплеухи» в Африке, Франция огрызается в Европе). Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը Հարավային Կովկասում Ֆրանսիայի քաղաքականության մասին, ապա ամեն ինչ շատ ավելի բարդ է:
Ֆրանսիան եղել է Ղարաբաղի խնդրով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը: Ֆրանսիայում պատմականորեն մեծաթիվ հայկական սփյուռք է ապրում, որ ձևավորվել է, ի դեպ, մի այլ ցեղասպանության հետևանքով, որի մասին Իլհամ Ալիևը նախընտրում է չմտածել, որը ֆրանսիական վերնախավի որոշակի հատվածի և հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ նրա դիրքորոշման վրա ազդեցություն է ունեցել: Ընդ որում, Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունների լուրջ անկումը սկսվել է դեռ 2020 թ. ամռանը, երկրորդ ղարաբաղյան պատերազմից դեռ քիչ առաջ: 44-օրյա պատերազմից հետո Փարիզի և Բաքվի հարաբերությունները էլ ավելի լարվեցին:
Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Ղարաբաղի շուրջ առաջացած քաղաքական գործընթացում Ֆրանսիան այլևս հրաժարվեց չեզոքություն պահելուց և սկսեց ցուցադրաբար թեքվել Հայաստանի կողմը: Դրա ապոթեոզը դարձան Ֆրանսիայի Ազգային ժողովի երկու բանաձևերը՝ ընդունված 2022 թ., որոնք կոչ էին անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ:
Պաշտոնական Բաքվի համար այդ քայլերն անախորժ էին, քանի որ Ադրբեջանում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ որևէ հայտարարություն ու մեկնաբանություն ընկալվում է որպես միջամտություն անդրկովկասյան երկրի ներքին գործերին և նրա տարածքային ամբողջականության խախտում: Ադրբեջանում պակաս ջղագրգռություն չառաջացրեց նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի այցը Ֆրանսիա 2022 թ. դեկտեմբերի սկզբին, որը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգներով գործող մարդու հեղինակություն ունի:
Ընդ որում, հարկ է նշել, որ Ֆրանսիայի նախաձեռնած այդ բոլոր քայլերը փուչիկ դուրս եկան: Բաքվում շատ լավ գիտեին, որ Ֆրանսիան իրավաբանորեն չի վիճարկի Ադրբեջանի ինքնիշխանությունը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մնացած տարածքի վրա: Ճիշտն ասած՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մտադրության չգոյության մասին հայտարարեց հենց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը 2023 թ. հունվարին Հայաստան կատարած այցի ժամանակ (տե՛ս Франция преподала урок армянским евроатлантистам):
Ուրեմն ինչո՞ւ էին Ֆրանսիայում ընդունվել երկու բանաձևերը և արվել այլևայլ հայտարարություններ, որոնք հիացմունք էին առաջացնում Հայաստանում: Բացառապես մի բանի համար, որպեսզի Ռուսաստանը դուրս մղվեր Հայաստանից, որտեղ, չգիտես ինչու, համարում են, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հանուն Մեծ Հայքի կռվելու են ՆԱՏՕ-ի մեջ մտնող Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի դեմ: Իսկ իրականում, քանի դեռ ամերիկացիներն ու բրիտանացիներն իրենց գործողություններով քաոս են ստեղծում տարածաշրջանում և առավելագույնս ուժեղացնում են Ադրբեջանին, ֆրանսիացիները «Հայաստանի բարեկամի» հռետորական դերն են կատարում՝ ջանալով ստվերել ու հեղինակազրկել հայերի աչքում Ռուսաստանին:
Փաստորեն Ֆրանսիայի «օգնությունը» մաս ունի ներկայումս ստեղծված տարօրինակ իրավիճակի առաջացման հարցում: Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ (ԱՄՆ-ն առհասարակ երկարացրել է Բաքվին զայրացնող 907-րդ փոփոխության արգելքի ժամկետը) և համագործակցում է Ռուսաստանի հետ: Փաշինյանի հետհեղափոխական Հայաստանն էլ վանում է իրենից Ռուսաստանին և մոտենում է Արևմուտքին, որը չի պատրաստվում հրաժարվել ադրբեջանական էներգոռեսուրսներից և ամեն տեսակ միջանցքներ քաշելու շնորհիվ Միջին Ասիայի պաշարներին հասնելու նպատակից: Ի լրումն՝ այժմ հակամարտության կարգավորման Հայաստանի և Ադրբեջանի բոլոր շատ թե քիչ լուրջ բանակցությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում, ոչ թե Ռուսաստանում: Այս խորապատկերում Ֆրանսիայի՝ Ղարաբաղի վերաբերյալ նախորդ գործողություններն ու հայտարարությունները Ադրբեջանին տհաճ թյուրիմացություն են թվում, որը անհապաղ չեզոքացում է պահանջում:
Ահա ինչու Ալիևը, առանց ամաչելու, խփում է Ֆրանսիայի ցավոտ տեղերին: Եվ պետք է ասել, որ ճիշտ է անում: Ֆրանսիայի հասցեին Ալիևի մեղադրանքի բուն էությունը ճշմարիտ է.
«XX դարի երկրորդ կեսի ողջ ընթացքում Ֆրանսիան մի քանի միջուկային զենքի փորձարկում է անցկացրել Ալժիրում և իր անդրծովյան տարածքներում՝ Խաղաղ օվկիանոսում՝ Ֆրանսիական Պոլինեզիայում, հարուցելով, ըստ այդմ, շրջակա միջավայրի համընդհանուր վատթարացում և տեղի բնակչության լուրջ առողջական խնդիրներ: Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի իր գաղութատիրական անցյալի և արյունահեղ գաղութատիրական հանցագործությունների համար, ինչպես նաև Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլ վայրերում ցեղասպանության գործողությունների համար Չմիանալու շարժման անդամ պետությունների դեմ: Մի քանի օր առաջ Նիդեռլանդների թագավորը պաշտոնապես ներողություն խնդրեց իր երկրի գաղութատիրական անցյալի և ստրակավաճառության մասնակից լինելու համար: Մենք կոչ ենք անում նրա ֆրանսիացի գործընկերոջը նույնն անել: Լավ է ուշ, քան երբեք: Ներողություն խնդրելը միլիոնավոր մարդկանցից, որոնց նրա նախորդները գաղութացրել են, օգտագործել են որպես ստրուկներ, սպանել են, տանջել ու նվաստացրել, կարող է ոչ միայն Ֆրանսիայի պատմական մեղքի ընդունումը լինել, այլև կօգնի նրան հաղթահարելու խոր քաղաքական, սոցիալական և հումանիտար ճգնաժամը, որում նա հայտնվել է ալժիրցի պատանու դաժան սպանության պատճառով»:
Մի խոսքով, ինչպես երևում է, Ֆրանսիան Ադրբեջանի համար վաղուց ի վեր բարեկամ երկիր չէ: Հուլիսի 6-ին Բաքվում կլոր սեղան է տեղի ունեցել, որին մասնակցել են Մարտինիկի, Գվիանայի, Նոր Կալեդոնիայի, Ֆրանսիական Պոլինեզիայի, Ոուլլիս և Ֆուտունայի, Սողոմոնյան կղզիների ներկայացուցիչները: Այդ միջոցառման ընթացքում մասնակիցները պայմանավորվել են ստեղծել Բաքվի նախաձեռնող խումբ ֆրանսիական գաղութատիրության դեմ և հռչակագիր են ընդունել:
Մի խոսքով, Ալիևի խոսքից հետո արժի, որ Մակրոնն անհանգստանա նաև Ֆրանսիայի եվրոպական տարածքների համար.
«Ֆրանսիան նույնիսկ արգելում է կորսիկական լեզուն և չի ընդունում էթնիկ փոքրամասնությունների հայեցակարգը՝ միաժամանակ փորձելով ներակայանալ իբրև հայկական փոքրամասնության պաշտպան Ադրբեջանում: Դա ոչ այլ ինչ է, քան երեսպաշտություն և երկակի ստանդարտ»:
Ի՞նչ կա որ, ունենալով դաշնակից Մեծ Բրիտանիային ու Թուրքիային, Ադրբեջանը կարող է սպառնալ Ֆրանսիային, որը ոչինչ չի կարող անել անդրկովկասյան այդ երկրի դեմ: Իզուր չէ, որ Ադրբեջանը նպատակաուղղված հարաբերություններ է ստեղծում Ֆրանկոֆոնիայի երկրների հետ, որպեսզի այդպիսով զրկի Փարիզին իր դաշնակիցների պաշտպանությունից:
Ընդ որում, այժմ հասունացել է այն պահը, երբ պաշտոնական Բաքուն կարող է չվախենալ որևէ պատժամիջոցից: Ընդհակառակը, ոչ միայն Արևմուտքն ու Ռուսաստանը, այլև Իրանը, որի հետ հարաբերությունները վերջին ամիսներին հասել էին առճակատման սահմանին, ցանկանում է տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով, որպեսզի համագործակցություն ծավալի տնտեսական և տրանսպորտային ոլորտներում: Դրա օրինակն են Ալիևի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի բանակցությունները Բաքվում հուլիսի 5-ին: Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի համար հենց Ադրբեջանի տնտեսական արժեքն է թույլ տալիս Ալիևին նպատակաուղղված գնալ նախանշված նպատակին՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մնացորդների ընդգրկմանը Ադրբեջանի կազմում: Հայաստանի ներկայիս ղեկավարությունն էլ հաճույքով զիջումների է գնում Ադրբեջանին Ղարաբաղի հարցում: Իսկ Փարիզն այստեղ ոչ մի բանի չի խանգարում:
Ֆրանսիան՝ կորցնելով ազդեցությունը Աֆրիկայում, ոչինչ չի կարող առաջարկել Անդրկովկասին, բացի Ռուսաստանի «դուրսմղումից» տարածաշրջանից, ավելի ճիշտ՝ Հայաստանից: Տվյալ իրավիճակում Ալիևը հաջող ժամանակ է ընտրել հակաֆրանսիական արշավի համար, քանի որ Ռուսաստանը և Իրանը նույնպես դեմ չեն Ֆրանսիայի ազդեցության նվազմանը Անդրկովկասում: Չմոռանանք, որ Ռուսաստանի և Իրանի համար Ֆրանսիան նույնպես ոչ բարեկամ երկիր է:
Պյոտր Մակեդոնցև
Աղբյուրը՝ EA Daily