Դեպի Հայաստան ձգվեց ֆրանսիական զենքի հոսքը՝ զրահամեքենաներից մինչև Caesar գաուբիցները: Ինչո՞ւ մահվան մատնել ԽՍՀՄ-ի ևս մի նախկին հանրապետություն, հարցնում է Agoravox-ի հեղինակը: Նա հիշեցնում է, որ մահ բերեցին Ուկրաինային հենց Ֆրանսիայից նրան «նվիրաբերված» տանկերը: Բայց խնդիրն ուիշ է, ինչ-որ մեկը Փարիզում ցանկանում է վնասել Ռուսաստանին:
Ֆրանսիան ներկայացրել է հատուկ ծրագիրը, որն ուղղված է նախկին ԽՍՀՄ-ի մի շարք երկրներին զենք մատակարարելուն, առաջին հերթին՝ Հայաստանին Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակումից պաշտպանելու նպատակով: Սակայն դիտորդներն այդ գործընթացի շատ ավելի կարևոր պատճառ են նկատում, որ արդեն անհանգստացնում է Բաքվին: Այդ պատճառն անմիջականորեն առնչվում է Ֆրանսիային: Նա «ռազմական տնտեսության արագացված անցում» է պատրաստում Ռուսաստանի հետ հակամարտության պայմաններում:
Լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում
Ուկրաինային տարատեսակ սպառազինություն մատակարարելուց, սկսած հնացած անիվավոր զրահատեխնիկայից մինչև ժամանակակից CAESAR ինքնագնաց-հրետանային սարքավորումները, ֆրանսիական իշխանությունների ախորժակը բացվեց, սկսեցին զենքով ապահովել Հայաստանին: Ավելին, նրանք չեն թաքցնում, որ իրենց հետագա պլանների մեջ են մտնում զենքի մատակարարումները ԽՍՀՄ-ի այլ նախկին հանրապետություններին: Ընդ որում, ուշադրություն չի դարձվում այն հանգամանքի վրա, թե Ռուսաստանի հետ ինչ վեճեր կարող է առաջացնել դա:
Իր քաղաքականությամբ Ֆրանսիան միաժամանակ մի քանի նպատակ է հետապնդում: Առաջին՝ դա պահեստները հնացած զենքից ազատելու հնարավորություն է, դեռ մի բան էլ դրանից շահույթ ձեռք բերելու հնարավորություն (ոչ միայն փող, այլև քաղաքական ազդեցություն): Երկրորդ՝ Նոր սպառազինության արտադրությունը նշանակում է ռազմարդյունաբերության համալիրի զարգացում և տնտեսության այդ ճյուղի աճ: Երրորդ՝ ծագում են զուտ աշխարհաքաղաքական խնդիրներ: Սակայն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Ֆրանսիան իր առջև խնդիր է դրել ուղղակի առճակատման գնալ Ռուսաստանի դեմ: Եվ առանձնապես գաղտնի էլ չի պահվում, որ Ֆրանսիան ցանկանում է թուլացնել Ռուսաստանին:
«Զենք մատակարարել նախկին խորհրդային հանրապետություններին»
Մեջբերում ենք Ֆրանսիայի Սենատի փաստաթուղթը.
«Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են Հայաստանին պաշտպանական զենք մատակարարել։ Պաշտպանական և հարձակողական զենքերի այս տարբերակումը իրականում այնքան էլ գործնական չէ, ինչպես ցույց տվեցին Ուկրաինայի իրադարձությունները: Չկրկնենք նույն սխալները և չհետաձգենք այն սարքավորումների մատակարարումը, որոնք անհրաժեշտ կլինեին ի սկզբանե։ Այդ իսկ պատճառով մենք պետք է օպերատիվ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, հատկապես՝ կապված նրանց հրետանու կարիքի հետ: Զեկուցողները խորհուրդ են տալիս այդ կապակցությամբ հնարավորինս արագ ուսումնասիրել CAESAR [«Սեզար»] հրետանային համակարգերի մատակարարման հնարավորությունը՝ հաշվի առնելով այդ տեխնիկայի արդյունավետությունը և 2024 թ. Nexter-ի նոր արտադրական հզորությունները (արտադրությունը ամսական 2 միավորից մեծացել է մինչև 6 միավոր, ընդ որում հնարավոր առավելագույնը կազմում է ամսական 8 միավոր)»,- ասվում է փաստաթղթում, որը ներկայացրել են սենատորներ Էլեն Կոնվեյ Մյուրեն՝ «Սոցիալիստներ, էկոլոգներ և հանրապետականներ» խորհրդարանական խմբի անդամ և Հյուգո Սորին՝ «Հանրապետականներ» խմբի անդամ:
Երկու սենատորներն էլ հիշեցնում են, որ վերջերս Հայաստանը Thales-ից երեք GM200 ռադիոտեղորոշիչ կայանների պատվեր է տվել, և բանակցություններ են վարվում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ: Ներկայումս իրականացվում է ռազմական մեքենաների ուղղությամբ մասնագիտացած Arquus ֆրանսիական խմբի արտադրության Bastion տիպի 24 զրահամեքենայի մատակարարումը Հայաստան: Կմատակարարվի նույն տիպի ևս 26 մեքենա, որոնք այժմ արտադրության ընթացքում են:
Արևմտյան զենք Հայաստանին, Մոլդովային և Վրաստանին
Ըստ ամենայնի, այդ մոտեցումը տարածվում է ոչ միայն Հայաստանի, այլև նախկին խորհրդային ուրիշ հանրապետությունների վրա, որոնք որոշել են հեռանալ Ռուսաստանից և իրենց անվտանգությունը վերակառուցել ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան: Խոսքը Մոլդովայի և Վրաստանի մասին է:
Շարունակում ենք մեջբերել սենատորներ Էլեն Կոնվեյ Մյուրեին և Հյուգո Սորիին.
«Եթե անգամ սա պետք է հաստատվի դեկտեմբերին Եվրոպայի խորհրդի կողմից, Եվրոպական հանձաժողովի 2023 թ. նոյեմբերի 8-ի որոշումը Ուկրաինայի և Մոլդովայի ընդունվելու շուրջ բանակցություններ սկսելու հանձնարարականի մասին, նմանապես Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու որոշումը, այս բոլորը թելադրում են մեզ ամրապնդել ռազմական համագործակցությունը, որ սկսվել է այդ երկրների հետ: Օրինակ՝ պաշտպանության մասին համաձայնությունը, որ ներկայումս քննարկվում է Մոլդովայի հետ, հնարավորություն տվեց այդ երկիր մատակարարելու ֆրանսիական GM200 ռադիոտեղորոշիչ կայան, ինչպես նաև անհատական զենք և զինամթերք»:
Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հաստատել է առաքումը:
Ուկրաինան առաջնահերթությունը զիջում է Հայաստանին
Հոկտեմբերին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան խոստացավ ռազմական օգնություն ցույց տալ Հայաստանին, մասնավորապես, բացի GM200 ռադիոտեղորոշիչ կայանների վերոնշյալ մատակարարումից, նախատեսվում է Mistral 3 «երկիր-օդ» հրթիռների վաճառք և հայ զինվորների ուսուցանում: Իսկ Соntinental Observer պարբերականը բացահայտել է, թե որտեղից են ձեռք բերվել 24 Bastion զրահամեքենաները Հայաստանի համար: Պարզվում է, որ սկզբում նախատեսված է եղել դրանք ուղարկել Ուկրաինա, բայց հետո Հայաստանն ավելի առաջնահերթ է ճանաչվել: Համաձայն Սենատի փաստաթղթի՝ Հայաստան կուղարկվի ևս 26 այդպիսի մեքենա:
Ֆրանսիայի իշխանությունները խոստացել են Հայաստանին տալ նաև նրա պաշտպանության համար անհրաժեշ ուրիշ զենքեր: Հղում անելով Ուկրաինայի պատերազմին՝ ժխտվում է պաշտպանական և հարձակողկան ռազմական գործողությունների և առաջինների ու երկրորդների համար անհրաժեշտ տեխնիկայի տարբերությունը… Այդ ամենը շարադրված է Սենատի «Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի մյուս երկրների նկատմամբ մեր պարտավորությունների կատարումը՝ ԵՄ որոշումների համաձայն» փաստաթղթում:
Սակայն Հայաստանը տարածաշրջանում ֆրանսիական ազդեցության ուժեղացման պլանի սոսկ մի մասն է: Փաստաթղթում միանգամայն բաց խոսվում է, որ Ֆրանսիան պետք է լրջորեն ուշադրություն դարձնի «նախկին խորհրդային հանրապետություններին, որոնք որոշել են հեռանալ Ռուսաստանից և վերակառուցել իրենց բանակները ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ համատեղելի ստանդարտներով»:
Մեծ պատերազմի պատրաստությո՞ւն
Ինչպես երևում է, այս ամենը ընդամենը մի մասն է այն ծրագրի, որի նպատակներից մեկը հնարավոր «Եվրոպայում մեծ ինտենսիվության պատերազմին» պատրաստվելն է: Ուստի զինում են ոչ միայն հայերին, այլև իրենց: Ֆրանսիրական բանակի համար նախատեսված են Mirages 2000D և Rafales ինքնաթիռների մատակարարումներ: Ցամաքային զորքերի համար ձեռք կբերվեն Leclerc նորացված տանկեր: Իհարկե, իրենց և դաշնակիցներին հնացած զենք վաճառելով՝ ֆրանսիացիները շատ լավ հասկանում են, որ ժամանակակից մարտական գործողությունների համար այն արդեն պիտանի չէ: Ֆրանսիայից աղմուկը շատ է, որոշակի գործողությունները՝ սակավ: Փոխարենն այդ երկիրը մեծապես նպաստում է խաղաղության ապակայունացմանն ամբողջ աշխարհում:
Սենատն ընդգծում է, որ 2024 թվականի գլխավոր խնդիրը արագացված անցումն է ռազմական տնտեսությանը: Ֆրանսիան ձգտում է, ի թիվս այլոց, ինքնաապահովման սպառազինության արտադրությունում և պահեստներում զենքի բավարար պաշարների առկայության: Բայց պատերազմն Ուկրաինայում բացահայտեց մեր անպատրաստ լինելը լուրջ կռիվներում: Օրինակ՝ Ֆրանսիան կարող է մատակարարել 155- միլիմետրանոց ընդամենը 20 հազար արկ, մինչդեռ ուկրաինական բանակն այդքանը սպառում է մարտերում ընդամենը 4 օրում:
Զեկուցողները վշատացած են այդ կապակցությամբ. «Ռազմական տնտեսության համար անհրաժեշտ են բարձր օպերատիվություն, բավարար պաշարներ և արտադրական հզորությունների ու հումքի մատակարարման խողովակների ինքնիշխանություն: Այդպիսի համադրությունն է միայն երաշխավորում ինքնուրույն որոշումների ընդունումը: Այդ չափանիշներից և ոչ մեկն այսօր չի ապահովվում, այդ ամենի ուղղությամբ պետք է աշխատել… Արտադրության ժամկետները դեռ չափազանց երկար են, իսկ արտադրական հզորությունները՝ չափազանց սահմանափակ սպառնալիքների պարագայում: Պաշարների համալրումը չի հասնում մեծ ինտենսիվությամբ առաջացած պահանջմունքների մակարդակին, իսկ կախվածությունը հումքի որոշ տեսակներից (վառոդ, տիտան…) մնում է շատ ուժեղ»:
Վերջապես, Ուկրաինայի մասին
Ծրագրի խնդիրներից մեկն էլ աջակցությունն է Ուկրաինային, որը կպարտվի, եթե Եվրամիությունը, այդ թվում Ֆրանսիան, դադարեցնի նրան օգնություն ցույց տալը, հիմնականում՝ ռազմական: «Եկեք անկեղծ լինենք,- ասել է սենատոր Սեդրի Պեռենը,-եթե մենք հիմա չտանք Ուկրաինային անհրաժեշտ զենքը, նա պարտություն կկրի»:
Մինչդեռ արդեն իսկ նոյեմբերի վերջին տեղեկություն հայտնվեց, որ ուկրաինական բանակը դաշնակիցների խոստացած հրետանային արկերի խիստ կարիք ունի: Դրանք չկան սոսկ այն պատճառով, որ պահեստների պաշարները սպառված են, իսկ ՆԱՏՕ-ի՝ ժամանակակից բանակի գործող մոդելը ենթադրում է մարտական գործողությունների միանգամայն այլ տեսակ: Փաստորեն ներկայումս գործող որևէ գործարան չի կարող արտադրել անհրաժեշտ ծավալի արկեր: Եվ դա արդեն մեծ խնդիր է դարձել, եթե անգամ Արևմուտքը,- և նա չի թաքցնում դա,- փորձի Ուկրաինայի համար արկեր գնել ինչ-որ ուրիշ տեղից:
Զենքի հետ կապված աղետալի վիճակը Ֆրանսիայում, ամենայն հավանականությամբ, չի խանգարում «մարդու իրավունքների պաշտպան երկրին» և մյուս արևմտյան երկրներին զինել Հայաստանին, Մոլդովային ու Վրաստանին, իսկ հետո այդ երկրներից յուրաքանչյուրին օգտագործել որպես զենք Ռուսաստանի դեմ:
Բայց ցավն այն է, որ Ֆրանսիայի հավակնությունները (ամբիցիա) չեն համընկնում նրա զինվորական հանդերձանքի (ամունիցիա) հետ: Ֆրանսիացի քաղաքական գործիչները երևակայական պլաններ են կազմում: Եթե Ֆրանսիայում ծագում էլ են սեփակամ մեծության հետ կապված ինչ-ինչ պլաններ, հազիվ թե դրանք կենսագործվեն: Երկիրը պետք է հաղթահարի մոտալուտ աղետի սպառնալիքը, այնինչ այդ պարոնները, չիմանալով, թե ինչ անել մեր փորձանքի դեմ, ուզում են ինչ-որ տեղ նորերն առաջացնել:
Ֆիլիպ Ռոզենտալ