f

Անկախ

Փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահ են ընտրելու. Ալիևի հետ մրցակցում են 6 թեկնածուներ


Փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ: Վստահությամբ կարելի է պնդել, որ քվեների ճնշող մեծամասնությամբ նախագահ կընտրվի Իլհամ Ալիևը, որն  այդ երկրի ղեկին է արդեն 20 տարի և կվերընտրվի արդեն 5-րդ անգամ: Հենց Ալիևի նախաձեռնությամբ է ժամանակին Սահմանադրությունից դուրս մնացել 2 անգամից ավել ընտրվելու արգելքը երկրի ղեկավարի համար: Ադրբեջանում  նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Հարևան երկրում նախագահի վերջին ընտրությունները կայացել էին 2018 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ հաղթել էր Ալիևը։ Նրա օգտին քվեարկել էր ընտրողների 86,22 %-ը։

Հարևան երկրում հերթական նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025-ի հոկտեմբերին: Փորձագետների կարծիքով` Ալիևը շտապում է վերընտրվել, քանի դեռ ունի բարձր վարկանիշ` պայմանավորված հաղթանակով Արցախում: Նրա նախընտրական կարգախոսն է  «Հաղթանակած Ժողովրդի հաղթական առաջնորդը»։ 

BBC-ի հաղորդմամբ` Ադրբեջանում  տարիներ շարունակ աճող նվազագույն աշխատավարձն այս տարի առաջին անգամ չի բարձրացել: Բացի այդ, հաշմանդամության թոշակ ստացողների թիվը 2020 թվականից ի վեր հանրապետությունում անընդհատ նվազում է, թեև մինչ այդ ամեն տարի միայն աճում էր։ Նաև այս տարի հանվել է փոքր ձեռնարկատերերի արտոնյալ եկամտահարկը, և նրանք այժմ պետք է վճարեն ոչ թե շահույթի 5 տոկոսը, այլ 20 տոկոսը։ Այս ամենը սոցիալական լարվածության կարող է հանգեցնել, որի պարագայում կդժվարանա խաղարկել Արցախում հաղթանակի խաղաքարտը: 

 Ալիևը  նախկինում էլ է նախատեսված ժամկետից շուտ համապետական քվեարկություն կազմակերպել՝ այդպիսով նաև հնարավորություն չտալով ընդդիմությանը պատշաճ պատրաստվել ընտրապայքարին։ Այս անգամ արտահերթի գնալու որոշումն, ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ երկու պատճառ ունի․ «դարակազմիկ հաղթանակներից հետո Ադրբեջանը պատմության նոր էջ է սկսում» և «տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո» Ադրբեջանի նախագահին այժմ կարող են ընտրել նաև վերջին երեք տարվա ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչները. Ադրբեջանը ընտրատեղամասեր է բացել նաև օկուպացված Արցախում, անգամ դատարկ Ստեփանակերտում:  Փետրվարի 7-ին հերթական անգամ վերընտրվելու դեպքում Իլհամ Ալիևն արդեն կարող է հայտարարել, որ 86 հազար 600 քառակուսի կիլոմետրանոց Ադրբեջանի կողմից ընտրված նախագահ է։

Ալիևի մշտական մրցակիցները

Ադրբեջանի նախագահի աթոռի համար պայքարելու են 7 թեկնածուներ: Փորձագետները, սակայն, Ալիևի հետ մրցակցող թեկնածուներին բնորոշում են որպես գրպանային ընդդիմություն` շեշտելով, որ նրանց մասնակցությունն ընտրություններին զուտ գործընթացը լեգիտիմացնելու և ժողովրդավարություն խաղարկելու նպատակ ունի: 

Նախագահի թեկնածուներն են Իլհամ Ալիևը, որի թեկնածությունն առաջադրել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը,  ադրբեջանական խորհրդարանի պատգամավորներ Զահիդ Օրուջը (ինքնառաջադրված), Ռազի Նուրուլաևը («Ազգայնական ճակատ» կուսակցության առաջնորդ), Գուդրաթ Հասանգուլիեևը («Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ), Ֆազիլ Մուստաֆան («Մեծ արարում» կուսակցության նախագահ), ինչպես նաև «Մեծ Ադրբեջան» կուսակցության առաջնորդ Էլշադ Մուսաևն ու ինքնառաջադրված Ֆուադ Ալիևը։

«Կովկասյան հանգույց» պարբերականը,ամփոփելով ադրբեջանցի փորձագետների հետ զրույցները  վերլուծելով նախագահի թեկնածուների պոտենցիալը, գրում է. «Վեց թեկնածուները, ովքեր որոշել են պայքարել Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար, չեն կարող  մրցել պետության գործող ղեկավարի հետ առաջիկա արտահերթ ընտրություններում, սա ընդամենը մրցակցության պատրանք է։… Ալիևի պոտենցիալ մրցակիցները, որոնք հայտարարել են իրենց առաջադրման մասին, միայն մրցակցության տեսք են ստեղծում։ Օրինակ` Գուդրաթ Հասանգուլիևը և Ֆազիլ Մուստաֆան  ժամանակին եղել են իրական ընդդիմության ճամբարում, բայց հետո փոխել են ճամբարը և մտել այսպես կոչված «կառուցողական ընդդիմության» դերում և «պարգևատրվել»,  օրինակ` Զահիդ Օրուջը,  ի սկզբանե եղել են կառավարամետ ճամբարում, իսկ մյուսները պարզապես առաջադրվել են՝ ինչ-որ կերպ իրենց մասին հայտարարելու կամ իրենց ծառայություններն իշխանություններին առաջարկելու համար։ Նրանցից ոմանք նախկինում արդեն առաջադրվել են  որպես նախագահի թեկնածուներ»։

Նախորդ՝ 2018 թվականի արտահերթ նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևին այլընտրանք առաջադրված թեկնածուներից Զահիդ Օրուջը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով ձայների 3,11 տոկոսը, Գուդրաթ Հասանգուլիևը ստացել է քվեների 3,02 տոկոսը,  իսկ Ռազի Նուրուլաևը  եղել է վերջինը`  ութերորդը՝ ստանալով 0,74% ձայն։ 2013 թվականի ընտրություններում միայն Հասանգուլիևն էր առաջադրվել՝ զբաղեցնելով չորրորդ տեղը  ձայների 1,99%-ով։ 2008 թվականի ընտրություններում Հասանգուլիևը նույնպես չորրորդն էր՝ հավաքելով 2,28%, Ֆազիլ Մուստաֆան երրորդն էր՝ 2,47%: Հասանգուլիևը մասնակցել է  նաև 2003 թվականի ընտրություններին և եղել է նախավերջին՝ յոթերորդը՝ հավաքելով ձայների 0,55 տոկոսը։ Հասանգուլիևը խորհրդարանի անդամ է 2003 թվականից, Ֆազիլ Մուստաֆան՝ 2005 թվականից, Զահիդ Օրուջը՝ 2010 թվականից։ Էլշադ Մուսաևը պատգամավորության թեկնածու է առաջադրվել վերջին հինգ խորհրդարանական ընտրություններում, սակայն խորհրդարան չի անցել։

Իրական ընդդիմության համարում ունեցող  «Մուսավաթ» և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»  կուսակցությունները հրաժարվել է ընտրություններին մասնակցությունից՝ պատճառաբանելով, որ արդար քաղաքական մրցակցության պայմաններ չկան։ 

Ադրբեջանի Եվրոպական ինտեգրման ազգային հասարակական կոմիտեի անդամ Թոգրուլ Ջուվարլին «Կովկասյան հանգույցի» հետ զրույցում նույնպես պնդել է, որ առաջադրված նախագահի թեկնածուները ոչ միայն մրցակցություն չեն ստեղծում Ալիևի համար, այլև նրանց մասնակցությունը համապատասխանում է իշխանությունների շահերին.  «Այս թեկնածուներն ավելի շատ կապված են իշխանության, քան ընդդիմության հետ, քաղաքական պայքարում խուսափում են պետական ​​քաղաքականությունը քննադատելուց կամ առանձին պաշտոնյաների քննադատելուց, ոմանք ավելի շատ քննադատում են ընդդիմությանը, քան իշխանություններին, ակնհայտ թույլ դեմքեր առաջադրելով՝ իշխանություններըձգտում են  ցույց տալ ժողովրդին, որ Իլհամ Ալիևին իրական այլընտրանք չկա»:

Ալիևի նախընտրական ծրագրի համաձայն մինչև 2031թ. Ադրբեջանի արտաքին քաղաքականության նպատակներն են լինելու. 

* Ազգային շահերի և միջազգային իրավունքի վրա հիմնված անկախ և սկզբունքային արտաքին քաղաքականության շարունակություն,

* Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 հիմնարար սկզբունքների հիման վրա Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում,

* Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և այն զարգացման տարածաշրջան դարձնելու ջանքերի շարունակություն,

* Ադրբեջանի ոչ կոնֆլիկտային օրակարգի ձևավորում,

* Հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդում,

* Ադրբեջանի պաշտպանությունը աշխարհաքաղաքական և հիբրիդային սպառնալիքներից,

* Միջազգային հարաբերություններում Ադրբեջանի դերի հետագա ամրապնդում, միջազգային անվտանգության ճարտարապետության ձևավորում և գլոբալ խնդիրների լուծում,

* Թյուրքական պետությունների և թյուրքական պետությունների կազմակերպության հետ կապերի հետագա ամրապնդում,

* Ռազմավարական գործընկերների և դաշնակիցների թվի ավելացում,

* Կանաչ էներգիայի ծրագրի խթանում՝ ավելացնելով այլընտրանքային և վերականգնվող էներգիայի օգտագործումը և, հետագայում, նպաստելով կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին,

Եթե վերանանք գեղեցիկ ձևակերպումներից և ըստ էության այս կետերը վերլուծենք, պարզ է, որ Ալիևի խոստումները նշանակում են հայկական գործոնի չեզոքացում և հարկ եղած դեպքում  Հայաստանի դեմ ոտնձգությունների լեգիտիմացում` Ադրբեջանը սպառնալիքներից պաշտպանելու հիմնավորմամբ: 

 

քաղաքական Ադրբեջան նախագահական ընտրություններ խմբագրի ընտրանի Աշխարհում

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին