Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ իր երկիրը պատրաստվում է պատերազմի, բայց կռվել չի ուզում։ Նրա խոսքերը մեջբերել է «ԲելՏԱ» բելառուսական գործակալությունը։
«Ոչ ոքի մի հավատացեք, որ մենք ուզում ենք կռվել։ Մենք պատրաստվում ենք պատերազմի, ես այդ մասին բացահայտ ասում եմ։ «Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի». սա ես չեմ հորինել։ Շատ ճիշտ է ասված»,- ասել է Լուկաշենկոն Գրոդնո կատարած աշխատանքային ուղեւորության ժամանակ։
Բելառուսում կատարվում է անհրաժեշտ պատրաստություն, զորքերին մատակարարվում են տարբեր տեսակի սպառազինություններ եւ տեխնիկա, նշել է նա։
Նրա խոսքով, եթե ոչ բարեկամական երկրներից «ինչ-որ մեկը փնովում եւ քննադատում է մեզ», ապա Մինսկը ամեն բան ճիշտ է անում, իսկ եթե երկիրն սկսեն գովաբանել՝ աղետ է։
Մինչ այդ Լուկաշենկոն հայտնել էր, որ ՆԱՏՕ երկրների զորքերը չեն կռվի Ուկրաինայի համար այնպես, ինչպես դա անում են իրենք՝ ուկրաինացիները։