Գերմանիան, ինչպես ամբողջ Եվրամիությունը, քննադատում էր «Օտարերկրյա ազդեցության տակ գտնվող կազմակերպությունների» մասին օրենքը, և երբ այն կասեցվեց, իսկապես հույս ունեինք, որ կրկին օրակարգում չի լինի: Ըստ Новости-Грузия-ի՝ դրա մասին ասված է «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի քննադատական ելույթում, որը հրապարակել է Գերմանիայի դեսպանությունը։
«Ներկայում ի հայտ է եկել նույն ուղղությամբ ընթացող օրենսդրական նոր նախաձեռնություն։ Մեր քննադատությունը նույնն է, ինչ նախորդ անգամ և հուսով ենք՝ օրենքը նույն տեսքով չի ընդունվի, քննադատական հայտարարություններն արդեն հաշվի կառնվեն»,- նշել է Շոլցը։
Նա հավելել է, որ Եվրամիությունում նման կարգավորում չկա։ Ըստ կանցլերի՝ Հունգարիայում կար որոշակի կանոնակարգ, որը բեկանել է Եվրոպական դատարանը: Քննարկվում է որոշակի ոլորտներում թափանցիկություն ապահովելու հարցը: Շոլցը նշել է, որ Եվրամիությունը այդ նախագիծը դեռ չի ընդունել ու, ամենայն հավանականությամբ, չի ընդունի։
«Կանաչ այլընտրանք» հասարակական կազմակերպությունը հայտնել է, որ Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը լքել է Վրաստանի տարածքը։ Ըստ կազմակերպության՝ իրենք նամակ են ստացել Գերմանիայի դեսպանատնից, որում ասվում է, որ Ֆիշերը «հրատապ գործերով մեկնում է Գերմանիա»: