f

Անկախ

Info (Չեխիա). Ղարաբաղ՝ արյունոտ այգի


Չեխ լրագրողներ  Լենկա Կլիցպերովայի (Lenka Klicperová) և Մարկետա  Կուտիլովայի (Markéta Kutilová) կարծիքով, որոնք այս օրերին եղել են Արցախում,  «սև այգին» (ղարաբաղ) կամաց-կամաց վերածվում է «արյունոտ այգու»: Իրենց ռեպորտաժում նրանք հայկական կողմի նկատմամբ ակնհայտ համակրանքով փորձում են գնահատել իրավիճակը, գտնել հակամարտության արմատները և ցույց տալ աշխարհի վերաբերմունքը դրան՝ ընդգծելով թուրքական սադրանքն այդ պատերազմում: Ներկայացնում ենք  հատվածներ այդ հրապարակումից՝ բաց թողնելով արցախյան ռեպորտաժի և պատմական ակնարկի հատվածները, որոնց բովանդակած տեղեկությունները քաջ հայտնի են հայ ընթերցողին:

Թուրք-ադրբեջանական սպառազինումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարձակումը Ղարաբաղի վրա ծրագրել է իր թուրք գործընկերոջ հետ պատերազմը սկսվելուց շատ ավելի վաղ: Ապացույցները վերջերս հրապարակեց իսրայելական Jerusalem Post-ը:

Չնայած էմբարգոյին՝ Ադրբեջանը եռանդուն զենք էր գնում, ամենից առաջ Թուրքիայից, Իսրայելից, Ռուսաստանից, Պակիստանից, Չինաստանից, Ուկրաինայից և Բելառուսից: Զենքի վրա նա հարյուրավոր միլիարդ դոլարներ է ծախսել, որոնք ձեռք է բերել նավթի վաճառքից: Նավթամուղն անցնում է Թուրքիայով մինչև Եվրոպական միության երկրներ: Օրինակ՝ Չեխիայի Հանրապետությունն իր պահանջարկի 40 տոկոսը բավարարում է հենց ադրբեջանական նավթի հաշվին: Եվրոպական շատ երկրներ Ադրբեջանից են նավթ գնում նաև այն պատճառով, որ թուլացնեն իրենց կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Հայաստանն իր հերթին հիմնականում տնօրինում է ռուսական արտադրության զենք, ընդսմին նա ո՛չ նավթ ունի, ո՛չ գազ և շատ կախված է այն փողերից, որոնք տուն են ուղարկում դրսում ապրող հայերը:

Ադրբեջանը սկսեց նոր սերնդի զենքեր գնել՝ թուրքական և իսրայելական արտադրության մարտական անօդաչուներ, որոնք ամենաժամանակակիցներից են աշխարհում: «Լորա», «Գրադ» և «Սմերչ» հրթիռների հեռավորությունը հասնում է մի քանի հարյուր կիլոմետրի: Թուրքական անօդաչուների վրա Ադրբեջանն ամեն տարի ծախսում է միլիարդավոր դոլարներ: Թուրքիան ժամանակակից և հաջող ռազմարդյունաբերական համալիր է կառուցել, և ադրբեջանական նավթադոլարներն օգնել են նրա թուլացող տնտեսությանը:

Թուրքական ԶԼՄ-ները հող էին նախապատրաստում

Ելնելով Ալիևի և Էրդողանի հռետորաբանությունից՝ կարելի է ասել, որ հարձակումը պլանավորվել է դեռ տարվա սկզբից: Երկուսն էլ ծաղրում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Հուլիսին արդեն Թուրքիայի նախագահը հայտնեց իր աջակցությունն Ադրբեջանին: «Մենք կկանգնենք մեր եղբայրների կողքին և կավարտենք այն, ինչ սկսել են մեր նախապապերը»,- հայտարարեց նա՝ բացահայտ ակնարկելով 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Վերլուծաբան Սեթ Ֆրանցմանի խոսքով՝ դեպտեմբերի 25-ին, այսինքն՝ հարձակումից 2 օր առաջ, Անկարան կարգադրեց, որ իշխանամետ ԶԼՄ-ները լուր տարածեն Հայաստանում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) վտանգավորության մասին: Daily Sabah-ի խորագրում ասվում էր. «Հայաստանը Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների(YPG) և ՔԱԿ-ի ահաբեկիչներին ուղարկում է Լեռնային Ղարաբաղ պաշտպանության պատրաստելու համար»: Աշխարհում Թուրքիան ամենից ավելի շատ լրագրողների է բանտ նստեցնում, և այնտեղ քննադատող ԶԼՄ-ներ չկան, որոնք կարող էին առարկել կառավարության այդ ստին: Այդպես Անկարան ապահովեց իր casus belli-ն («պատերազմի առիթը») ծրագրված հակամարտության աջակցության համար:

Սիրիայի վարձկանները Կովկասում

Պատերազմի ծրագրման ևս մի ապացույց՝ վարձկանների հավաքագրումը Սիրիայից, ինչը սկսվել է դեռ հուլիսին: Թուրքիայի վարձած հավաքագրողները գայթակղել են սիրիացիներին՝ խոստանալով մեծ աշխատավարձեր, որոնք կստանան թուրքական սեփականության և  Ադրբեջանում նավթի հանքավայրերի պահպանության համար: Որ ստիպված են լինելու մասնակցել իսկական մարտերի, այն էլ կողք կողքի շիիթ ադրբեջանցիների հետ, հավանաբար քչերն են իմացել:

Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքրոշումը

Էրդողանն օգտվեց այն պահից, երբ աշխարհը, հատկապես՝ Եվրոպան և Միացյալ Նահանգները խրված էին իրենց խնդիրների մեջ (մասնավորապես կորոնավիրուսի համավարակի և ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների): Թուրքիայի նախագահին անպայման որևէ հաղթանակ է պետք, որպեսզի քողարկի իր ձախողված պայքարը համավարակի դեմ, տնտեսական խնդիրները և գլխավորը՝ իր վարկանիշի անկումը:

Աշխարհի դրությունը բարենպաստ չէ Լեռնային Ղարաբաղի համար: Բացի այդ, այնքան փոքր ու աննշան է, որ նրա համար ոչ ոք չի ուզենա ռիսկի դիմել: Ռուսաստանն այդ տարածաշրջանում արդեն իսկ շատ խնդիրներ ունի, բացի այդ, ռուսները ցանկանում են պահպանել բարեկամական հարաբերությունները հարուստ Ադրբեջանի հետ: Նրանք զենք են վաճառում թե՛ հայերին, թե՛ Ալիևի վարչակարգին:

Միացյալ Նահանգներն անտարբեր է, թե ինչ է կատարվում Կովկասում՝ չնայած Թրամփի՝ հայ ընտրողներին տրված խոստմանը նրանց օգնելու մասին: Հայերի օգտին հիմնականում հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, բայց նա էլ որոշակի ոչնչով չի օգնել:

Հյուսիսատլանտյան դաշինքը չի հետաքրքրվում Կովկասի իրադարձություններով, քանի որ չի ցանկանում զայրացնել լավ գործընկերոջը՝ Թուրքիային: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը շատ պարզ է արտահայտվել. «ՆԱՏՕ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի պատերազմին: Թուրքիան մեր արժեքավոր գործընկերն է»: Այդ կապակցությամբ արժի հիշել ՄԱԿ-ի այս տարվա սեպտեմբերյան զեկույցը Սիրիայում Թուրքիայի գործողությունների մասին: Այնտեղ Անկարան և զինյալները, որոնց նա աջակցում է, սոսկալի ռազմական հանցագործություններ են կատարել. բռնաբարություններ, էթնիկ զտումներ և կողոպուտներ, որոնց ենթարկվել են առաջին հերթին փոքրամասնությունները, այսինքն՝ եզդիները, քրդերը և քրիստոնյաները: Այդ նույն զինյալներին է այժմ Թուրքիան ուղարկել Ադրբեջան՝ կռվելու հայերի դեմ: Արդեն իսկ հայտնվել են տեսագրություններ, թե ինչպես են սիրիացի արմատականները կտրում հայ զինվորների գլուխները:

Չեխական հետքը

Չեխիայի համար պատերազմը Կովկասում այնքան էլ հեռավոր չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Ասենք, որ Ադրբեջանի սպառազինությունը մասամբ նաև Չեխիայի մեղքն է: 2017 թ. աշնանը ադրբեջանական տեսագրությունում, որը գովազդում էր բանակն ու նրա զենքերը, հայտնվեցին չեխական «Դանա» հաուբիցները (հրանոթ): Չեխիայի իշխանություններն արդարանում էին, որ Ադրբեջան հաուբիցի տիպի ծանր սպառազինություն արտահանելու համաձայնություն չեն տվել: Լրագրողները պարզեցին, որ զենքը Իսրայելի միջոցով Ադրբեջան է հասցրել Ստրնադ ընտանիքի ընկերությունը, որը, սակայն, իրեն հեռացրեց այդ մատակարարումից այնպես, ինչպես երկրի նախարարությունները:

Հայաստանի հետ կապված հակամարտության պատճառով է, որ եվրոպական երկրների որոշմամբ արգելվել է զենքի արտահանումը Ադրբեջան: ԵԱՀԿ-ի ոչ պարտադիր էմբարգոն շարունակում է գործել, թեպետ այժմ արդեն ոչ ոք դրա մասին չի հիշում: Եվ չեխական հետքն այնտեղ, ըստ ամենայնի, եզակի չէ:

Ադրբեջանն ամեն կերպ հոգ է տանում իր մեդիա կերպարի մասին և աջակցություն է փնտրում եվրոպական տարբեր քաղաքական գործիչների մոտ:  Լրագրողներն արդեն մեծ թվով դեպքեր են բացահայտել, թե ինչպես են եվրոպական քաղաքական գործիչներին կաշառել հենց ադրբեջանական փողերով: Հարևան Գերմանիայում, օրինակ, Կարին Շտրենցը Քրիստոնյա-դեմոկրատական միությունից և Էդուարդ Լինտները Քրիստոնյա-սոցիալիստական միությունից, ըստ ոստիկանության տվյալների, անօրինական  առաջ են տարել Ալիևի ավտորիտար ռեժիմի շահերը: Կաշառվել են նաև ուրիշ ազդեցիկ եվրոպական պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ: Նրանց դրամական պարգև է առաջարկվել մի քանի միլիոն եվրոյի հասնող չափերով: Այժմ ադրբեջանցիները շրջում են մոսկովյան լրատվամիջոցներում, որոնք Ղարաբաղում իրենց թղթակիցներն ունեն: Հիմնականում բոլորը հայերի կողմն են: Բայց կաշառելով նրանց համոզում են այլևս Ղարաբաղի մասին չգրել: Եվ ասում են՝ արդեն առկա են առաջին «հաջողությունները»:

«Թրանսփարենսի ինտերնեշնլի» ոչ այնքան թարմ տեղեկություններով, Ադրբեջանից Չեխիա է մուտք գործել 130 մլն կրոն: Դա բացահայտել է Հետաքննող լրագրողների միջազգային ասոցիացիան (OCCRP): Փողերը արտասահմանյան քաղաքական գործիչներին ադրբեջանական էլիտաները փոխանցել են հիմնադրամի միջոցով: Այդ կերպ ընդհանուր հաշվով փոխանցվել է 66 միլիարդ կրոն:

Բացի այդ, ավելի վաղ «Թրանսփարենսի ինտերնեշնլը» կազմել էր այն քաղաքական գործիչների ցուցակը, որոնք հանդես են եկել ադրբեջանական ռեժիմի օգտին: Առաջին տեղում այդ ցուցակում ներկայիս կառավարության փոխնախագահ և ներքին գործերի նախարար Յան Գամաչեկն էր: Նա խորհրդարանում չեխ-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խումբ է ստեղծել և հանդես է գալիս որպես Ադրբեջանի կրքոտ համակիր: Ալիևը նույնիսկ պարգևատրել է նրան: Սակայն ուղղակի կապը ադրբեջանական փողերի հետ Գամաչեկի դեպքում այդպես էլ չապացուցվեց:

Չեխական ԶԼՄ-ները բախվել են նաև ադրբեջանցիների՝ իրենց ռեժիմի հեղինակությունը բարելավելու փորձերի հետ: «Ռեֆլեքս» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Բոգումիլ Պեչինկան ժամանակին առաջարկ է ստացել հարցազրույց անել Ադրբեջանի դեսպանի հետ: Սակայն նրան հրահանգել են հարցեր չտալ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության մասին, չի կարելի: «Իհարկե ես հրաժարվեցի: Դրա փոխարեն մենք տպեցինք հոդված Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների մասին»,- ասում է Պեչինկան:

Իսկ այս ընթացքում ղարաբաղյան քաղաքների վրա հրթիռներ են թափվում: Ստեփանակերտի որոշ թաղամասեր արդեն հիշեցնում են Սիրիայի պատերազմի տեսարանները: Քաղաքից հեռանում են վերջին կանայք և երեխաները: «Բայց մենք մնում ենք: Մենք գնալու տեղ չունենք: Սա մեր հողն է, և մեզ մնում է միայն կռվել ազատության համար կամ մեռնել»,- ասում է ապաստարանի մթության մեջ ղարաբաղյան գնդապետ Ժաննա Գալստյանը: Եթե անգամ հայերը պահպանեն իրենց հողը Ղարաբաղում, դա կլինի պյուռոսյան հաղթանակ, որ կտրվի շատ մեծ արյան գնով: Սև այգին (Ղարաբաղ անվանումը ծագում է թուրքերեն «ղարա»՝ սև և պարսկերեն «բաղ»՝ այգի բառերից- խմբ.) վերջին ամսին սրընթաց վերածվում է արյան այգու:

Աղբյուրը

Օտարերկրյա ԶԼՄ-ների կարծիքները կարող են և չարտացոլել «Անկախի» խմբագրության դիրքորոշումը, դրանք դրսի հայացքն ու այնտեղ տիրող տրամադրությունները ընթերցողին ներկայացնելու նպատակ ունեն:

Աշխարհում հայացք դրսից արցախյան պատերազմ Info (Չեխիա)

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին