f

Անկախ

Ինչ տեսա պատերազմից ամայացած Արցախի Հանրապետությունում և Հայաստանում. Le Figaro


Ֆրանսիական սոցկուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆորը եղել է բզկտված ու ամայացած Արցախում և Հայաստանում: Նա պատմում է տեսածի մասին և անհանգստություն հայտնում հայերի անվտանգության կապակցությամբ: Քաղաքական գործիչը կոչ է անում եվրոպացիներին խախտել փոքրոգի լռությունը՝ համոզված, որ հայերը եվրոպական ցինիզմի զոհն են դարձել:

Դժվար է ասել՝ ինչն է ավելի ուժեղ, ցասո՞ւմը, թե՞ սուգը: Արցախի Հանրապետության յուրաքանչյուր գյուղում աչքի են զարնում անորոշ տարիքի տղամարդիկ և կանայք: Ցավը կնճռոտել է նրանց դեմքերը, ինչպես Հայաստանի չորացած սարերը:

Ձյունապատ ճանապարհներով  շարժվում է դեռ պատանի զինվորներին տեղափոխող ավտոշարասյունը: Նրանց մեջքը կորացած է պարտության ծանրությունից, իսկ աչքերը խամրած են կասկածի մշուշից: Նրանք տուն են մեկնում Լեռնային Ղարաբաղից: Պատերազմն ավարտվել է: Արցախի Հանրապետությունը կորցրել է տարածքի երեք քառորդը, որը վերահսկում էր 30 տարի:

Ընդառաջ շարժվում է ռուսական բանակի զրահատեխնիկան, որը  նոյեմբերի 10-ին հայերի և ադրբեջանցիների ստորագրած հարադադարի պահպանման երաշխիք է ծառայում:

Երևանի գերեզմանոցում տարածվել են թարմ գերեզմանները, այնքան, որքան ընդգրկում է հայացքդ: Գիշեր է: Օդում խունկի ծանր հոտն է: Գերեզմանները պատմում են մարտիկների կարճատև կյանքի մասին, որոնք զորակոչվել են շուտափույթ և գտել իրենց մահը: Տասնյակ փոքր խմբերը ձևավորում են հսկայական ամբոխ, որը տաքանում է հնարված կրակարանների մոտ: Մարտերի 44 օր: Մի ամբողջ սերունդ, որ կրում է կամիկաձե դրոնների, կասետային ռումբերի և սպիտակ ֆոսֆորի արյունոտ հետքերը: Ողջ մնացածները պատմում են դրոնների իսկական անձրևի, նորակոչիկներ տեղափոխող բեռնատարների գնդակոծման մասին. նրանք զոհվել են՝ չհասցնելով մարտի մեջ մտնել: Ողջ մնացածները տառապում են խրամատներում գլխատված և կտոր-կտոր եղած դիակների հիշողության մղձավանջից: Դիակները գետնին են մնացել մի քանի շաբաթ, և այժմ զոհվածների ինքնությունը կարելի է հաստատել միայն ԴՆԹ հետազոտության միջոցով:

Նրանք խոսում են անհավասար պատերազմի մասին, որում Արցախի Հանրապետության 150 հազար բնակիչները և հայկական բանակը միայնակ դիմակայում էին ադրբեջանական ուժերին, որոնց աջակցում էին Թուրքիան, գործի դրված ջիհադիստական վարձկանները Սիրիայից, ինչպես նաև թուրքական ու իսրայելական տեխնոլոգիաները:

Արցախի նախագահի մոտ նորանոր հանդիպումներ են կազմակերպվում: Աշխատանքը չի կարող ընդհատվել: Մեր ընթրիքի ժամանակ նա միայն մեկ անգամ է թույլ տալիս իրեն թուլանալ, երբ հարցնում ենք, թե ինչպես է հաջողվում դեռ հավատալ ապագային: Նախագահը՝ զինվորական հագուստով, ձեռքերով ծածկում է դեմքը, ապա դանդաղ բացում է աչքերը. «Պետք է հաշտվել եղածի հետ»: Հնչում է այնպես, թե հայ ժողովուրդը սովոր է ողբերգություններին: «Կարմիր սուլթանի» հաշվերահարդարը XIX դարավերջին, երիտթուրքերի ցեղասպանությունը XX դարասկզբին, հպատակությունը խորհրդային շրջանում, իրենց հողերի հանձնումը ադրբեջանցիներին Ստալինի ձեռքով, բնական աղետներ, պատերազմներ. ոչինչ չի խնայել հայ ժողովրդին: Ինչպե՞ս կարողացավ զսպել արցունքները:

Մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջակա գյուղերում ծանր մթնոլորտ է, թեպետ կյանքը վերադառնում է սովորական հունին: Փախստականները կամացուկ  վերադառնում են: Որմնադիրներն ու ապակեգործները համառորեն աշխատում են, որպեսզի ամոքեն պատերազմի վերքերը: Ծնողները սպասում են ռազմաճակատ մեկնած երեխաներին, ոմանք՝ որևէ տեղեկություն չունենալով: Շատերը անհետ կորած են: Չափազանց շատ են ինքնությունը չպարզված զոհվածների դիակները: Կարմիր շուկա ավանում մեզ է դիմում մեկի հայրը: Նա հեռախոսով ցույց է տալիս որդու՝ կնոջ և երկու դուստրերի հետ լուսանկարը: Ոչ ոք չի կարող նրան պատասխան տալ: Հույսի կրակը վառ պահելու մղումով սպան ասում է, որ որդին կարող էր փախչել ռազմաճակատի գծից: Տագնապին խառնվում է նվաստացումը: Հայրը բռնկվում է: Իր որդին երբեք չէր փախչի: Ցավ ու ցասում: Կարո՞ղ են նրանք դեռ ինչ-որ բանի հույս ունենալ: Այս պատերազմում նրանք անտարբերության ու ցինիզմի զոհ դարձան: Լարված նախագահական ընտրություններով տարված ամերիկացիների անտարբերությունը, ինչպես նաև եվրոպացիների, որոնք երկատվել էին հայերին աջակցելու և  Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու ձգտման միջև, փաստացի թույլ տվեց Ադրբեջանի Ալիևին նվաճել:

Ֆրանսիան՝ Մինսկի խմբի անդամը ԱՄՆ-ի հետ, ցույց տվեց, որ ձգտում է առաջին հերթին պահպանել միջնորդի կարգավիճակը: Էմանուել Մակրոնը  արժանին չմատուցեց ֆրանսիացիների և հայերի դարավոր կապերին և սեփական չեզոքության հետևանքով նույնիսկ չհրավիրվեց հրադադարի բանակցությունների սեղանի մոտ…

Այս նոր մերձավորարևելյան դիպվածն ամրապնդեց Ռուսաստանի և Թուրքիայի դիրքերը: Միջամտությունից առաջ Ռուսաստանի նախագահը թույլ տվեց Էրդողանին առաջ գնալ իր պանթուրքիստական ծրագրերի իրականացման գործում և նոր սուլթանի երազանքում: Պուտինը հույս ունի, որ տարաձայնությունների թույնը ՆԱՏՕ-ում կսպանի կազմակերպությունը, որն արդեն «ուղեղի մահ» է ապրում, ինչպես ասել է նախագահ Մակրոնը: Հաստատելով արդյունքում իր խաղաղությունը՝ Պուտինը հասավ ռուսական բանակի ներկայությանը տարածքում մինչև Ադրբեջանի սահմանը: Նա առանց գեթ մեկ կրակոցի  ուժեղացրեց իր ներկայությունը Կովկասում և թուլացրեց ՆԱՏՕ-ն: Վարպետ քայլ:  Մինչև ո՞ր պահը: Դեկտեմբերի 10-ին Բաքու այցի ժամանակ Էրդողանը հասկացրեց, թե ինչ պլաններ ունի: Նա ոգեկոչեց  Էնվեր փաշայի (1915 թվականի ցեղասպանության պատասխանատվությունը կրող եռյակի անդամ) «սրբազան բանակը» և հայտարարեց, որ իր դաշնակիցների պայքարը չպետք է սահմանափակվի Լեռնային Ղարաբաղով, այլ պետք է շարունակվի Հայաստանի դեմ: Իլհամ Ալիևն էլ իր հերթին հնչեցրեց Սյունիքի (տարածաշրջան Հայաստանի հարավում), Սևանա լճի և Երևանի հետ կապված իր նկրտումները:

Եվրոպացիները սխալ թույլ կտան, եթե բավարարվեն տեկտոնական սալերի տեղաշարժը դիտելով: Ժամանակն է վերջ տալ փոքրոգի լռությանը: Ազգային ժողովը և Սենատն ընդունել են բանաձև, որով պահանջվում է կառավարությունից ճանաչել Արցախի անկախությունը: Ֆրանսիան պետք է արտահայտվի: Բազմակողմ համակարգի թուլացումը, ԱՄՆ-ի ռազմական ներկայության կրճատումը և արձագանքի բացակայությունը, բացի ցասումնալից մամլո հաղորդագություններից, հակամարտությունների կարգավորման նոր ձևերի պայմաններ ստեղծեցին:  Նոր կայսրությունները սեփական կարգերն են հաստատում իրենց շրջակայքում և ծիծաղում են հին ազգերի վրա: Ազդեցության խաղաքարտերը նորից են բաժանվում: Մեր աչքի առաջ նոր միջազգային իրավագիտություն է գրվում: Քանի դեռ եվրոպացիները փախցնում են հայացքները: Երեկ այդպես եղավ քրդերի հետ, այսօր՝ հայերի: Վաղը դեռ քանի՞ ժողովրդի հետ ենք ստիպված լինելու կիսել նրանց ողբն ու ցասումը:

Բնագիրը՝ Olivier Faure: «Ce que j'ai vu dans la République d'Artsakh, dévastée par la guerre, et en Arménie»

Աղբյուրը 

Աշխարհում արցախյան պատերազմ Le Figaro

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին