Ամերիկյան լրագրող Թոմ Մատչը դժգոհ է Արցախում Ռուսաստանի հարաճուն ազդեցությունից, ինչը տարածաշրջանում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման հետևանքն է: Եվ թեպետ ընդունում է, որ դրան համաձայնել են և՛ Բաքուն, և՛ Երևանը, իսկ հրաձգություններն Արցախում դրանից հետո դադարել են, չի կարողանում թաքցնել բացասական զգացումները: «Ռուսական խաղաղապահներն արմատապես փոխել են այդ տարածաշրջանը»,- գրում է նա, և դա տհաճ է նրա համար:
Հայկական հոյակապ Դադիվանքը Ադրբեջանի Քելբաջարի շրջանում կարելի է համարել աշխարհի ամենաանառիկ տաճարը: Նրա հնամենի պատերին ցցվել են գնդացիրների բները, պատուհանները ծածկված են ավազի պարկերով, իսկ ներսը վերածվել է զորանոցի: Ընդամենը վեց ամիս առաջ հայ ուխտավորները կարող էին խաղաղ ու անարգել աղոթել սրբատեղիում: Հիմա այստեղ կարելի է հասնել միայն ռուս զինվորների ուղեկցությամբ, որոնք ամիսը երկու անգամ ուղևորվում են Ստեփանակերտից, այն ամենի մայրաքաղաքից, ինչ մնացել է ինքնահռչակ Արցախի Հանրապետությունից: Այդ անջատողական հայկական տարածաշրջանը զբաղեցնում է Լեռնային Ղարաբաղի երկու երրորդը: XII դարի վանքի ճակատագիրը սուր թեմա է դարձել այն տարածքների հայկական մշակութային ժառանգության մասին բանավեճերում, որոնք վերջերս իրեն վերադարձրեց Ադրբեջանը:
Երբ մենք կանգնած էինք Դադիվանքի բակում կիրակնօրյա պատարագից հետո, իմ հայ ուղեկից Նարիկը ցույց տվեց հին ջրմուղ աշտարակի մնացորդները՝ ցցված բլրին: «Հենց այնտեղ ադրբեջանցիների պահակակետն է»,- ասաց նա որոշ թատերական հնչերանգով:- Զգույշ, նրանք հավանաբար արդեն մեզ վրա են ուղղել ինքնաձիգները»:
Երբ մտնում ես Ստեփանակերտ քաղաքը, գովազդային վահանակից քարացած դեմքով քեզ է նայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վահանակին գրված է՝ «Տարվա մարդը», և տեղի բնակիչները դրան միանգամայն լուրջ են վերաբերվում: Չգիտես ինչու խաղաղ հայ բնակիչները Մոսկվային համարում են իրենց միակ պաշտպանը: Ռուսաստանն էլ, իր կողմից ավելի ու ավելի է մեկուսացնում ու վերահսկում այդ ինքնահռչակ պետությունը, ինչի հետևանքով Հայաստանը սեփական տարածաշրջանում ավելի ու ավելի անկարող է դառնում:
Անցած ամսին ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակմանը: Եվ մինչ աշխարհը հետևում էր դրան, ինչը պարզվեց՝ շեղող հնարք էր, Ռուսաստանը հանգիստ ուժեղացնում էր հսկողությունն իր շրջակա մեկ այլ անհանգիստ տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում:
Երկար ժամանակ մարմրող կոնֆլիկտն անցած տարվա սեպտեմբերին վերածվեց պատերազմի, որը աղետալի դարձավ Հայաստանի համար: Երևանը ոչ միայն մարդկային մեծ կորուստներ ունեցավ, այլև զրկվեց Լեռնային Ղարաբաղի մեկ երրորդից: Հայերը ստիպված եղան նաև հանձնել յոթ ադրբեջանական շրջանները, որոնք նրանց հսկողության տակ էին 1990-ականներից ի վեր, երբ ավարտվեց առաջին պատերազմը: Հրադադարը, որ ձեռք բերվեց Ռուսաստանի միջնորդությամբ, վերջ դրեց մարտական գործողություններին, դադարեցին մարդկային զոհերը: Բայց ահա թե ինչ տեղի ունեցավ. խաղաղության համաձայնության պայմաններով շփման նոր գիծ ժամանեց ռուսական խաղաղապահների 2000-հոգանոց կազմը:
Արդյունքն այն է, որ Հայաստանի ենթադրյալ դաշնակից Ռուսաստանը դարձավ այն տարածաշրջանային ուժը, որն ամենից շատ շահեց ղարաբաղյան 2020 թվականի պատերազմից: Ռուսական զորքերը վերադարձան այդ անկլավ և տեղավորվեցին այնտեղ առաջին անգամ Խորհրդային Միության փլուզումից հետո: Շատ հավանական է, որ հենց նրանց է վերագրվում վերջին խոսքը տարածաշրջանի քաղաքական հարցերը լուծելիս: Դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի մինի պետությունն ավելի ու ավելի է մեկուսացման մեջ հայտնվում: Փետրվարից օտարերկրացիների համար, բացառությամբ ռուսաստանցիների, փաստացի անհնարին է դարձել Լեռնային Ղարաբաղ մտնելը: Գրեթե բոլոր արտասահմանյան ԶԼՄ-ներին և օգնություն ցույց տվող կազմակերպություններին, որոնք փորձել են այդ տարածաշրջան մտնել, իշխանությունները պատասխանել են մերժումով:
Փաստաթղթում, որ ստացել ու հրապարակել է հայկական «Առավոտ» թերթը, թվարկված է մոտ 80 կազմակերպություն, որոնց արգելված է մուտքը Լեռնային Ղարաբաղ: Դրանց դթվում են «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, Միջազգային ճգնաժամային կենտրոնը և անգամ ականազերծմամբ զբաղվող Halo Trust-ը, որին տեղի բնակչությունը մինչ և կոնֆլիկտի ժամանակ հարգանքով էր վերաբերվում: Մերժվել է նաև BBC-ի, «Ռադիո Ֆրանսիայի» և շատ անկախ լրագրողների հավատարմագրման հայտը: Ֆոտոլրագրող Կիրան Ռիդլիին անգամ, որ վիզա է ստացել Արցախի իշխանություններից, ռուսական զինվորները թույլ չեն տվել անցնել ռուսական սահմանով: Նրան ասել են, որ այժմ այդ վայրեր թույլատրվում է թողնել միայն Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիներին:
Ենթակայության համակարգը Լեռնային Ղարաբաղում հատուկ անթափանց են դարձրել: Ռուսական խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հաճախ է հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ, լսում նրանց, թե ինչ և ինչպես պետք է լինի այդ քվազիպետությունում: Բայց քանի որ հայկական զորքերը ստիպված են եղել հեռանալ այդ շրջանից, իսկ ադրբեջանցիները հիմնականում մնում են շփման գծից անդին, ստացվում է, որ հենց Ռուսաստանն է այժմ իրականացնում լիակատար ռազմական հսկողությունը Լեռնային Ղարաբաղում:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ժանն Կավելյեն ասել է, որ այդպիսի սահմանափակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղը կարող է վերածվել տեղեկատվական «սև խոռոչի», և կոչ է արել ռուսական խաղաղապահներին ներս թողնել համաշխարհային ԶԼՄ-ներին: Նախկինում իրավիճակը լրիվ ուրիշ էր: Երբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հսկողության տակ էր, արտասահմանյան քաղաքական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, արևմտյան լրագրողները և անգամ զբոսաշրջիկները կարող էին գրեթե ազատ ժամանել տարածաշրջան:
Մարտ ամսին Արցախի Հանրապետության խորհրդարանը որոշեց ռուսերենը դարձնել պաշտոնական լեզուներից մեկը, իսկ իշխանությունները Երևանում և Մոսկվայում առաջարկեցին տարածաշրջանի բնակչությանը ռուսական անձնագրեր տալ: Լեռնային Ղարաբաղի համար դա բացարձակապես ուրիշ իրավիճակ է, բայց հենց այդպիսի ընթացք են ունեցել իրադարձություններն ուրիշ սառեցված կոնֆլիկտների գոտիներում, ուր Ռուսաստանն ուժեղացրել է իր իշխանությունն ու ազդեցությունը:
Արևելյան Եվրոպայում և Կովկասում Ռուսաստանն օգտագործում է իր խաղաղապահներին ճնշում գործադրելու համար տարածաշրջանային հակառակորդների վրա նրանց խաղաղության հարկադրելու նպատակով, նաև ռուսական քաղաքացիություն է առաջարկում տեղի բնակչությանը: Վրաստանի կազմից դուրս եկած և Մոսկվայի կողմից անկախ պետություն ճանաչված Հարավային Օսիան այժմ հսկում են ռուսական խաղաղապահները: Օտարերկրացիների համար չափազանց դժվար է այժմ հայտնվել այդ տարածքում, որը աշխարհաքաղաքական առումով լրիվ կախված է Մոսկվայից: Միաժամանակ Ուկրաինայում Մոսկվան պահանջում է, որ իր խաղաղապահները պահպանեն Դոնբասի սահմանները, ինչը կայուն հրադադարի ապահովման գլխավոր խոչընդոտներից մեկն է դարձել:
1990 թ. ի վեր ռուսական խաղաղապահները սառեցված կոնֆլիկտների ևս երկու գոտի են պահպանում՝ վրացական Աբխազիայում և մոլդովական Մերձդնեստրում: Այդ շրջանները ճիշտ նույն կերպ մեկուսացման մեջ են, թեպետ այնտեղ ավելի հեշտ է մտնել, քան Հարավային Օսիա և Դոնբաս: Մի բարձրաստիճան ուկրաինացի գեներալ 2018 թ. ասաց ինձ, որ Ռուսաստանը 2014 թ. Մերձդնեստրում լիակատար մարտական վիճակի է բերել իր խաղաղապահներին ներխուժելու անհրաժեշտությանը պատրաստ լինելու համար: Իրոք, ուկրաինացի զինվորները շատ են վախենում, որ Ռուսաստանը կարող է հարձակում սկսել Դոնբասի կամ Մոլդովայի տարածքից:
Իհարկե, էական տարբերություններ կան Լեռնային Ղարաբաղի և մյուս անկլավների միջև: Նախ՝ Հայաստանը և Ադրբեջանն իսկապես համաձայնել են ռուս խաղաղապահների ներկայությանը, երբ անցած աշնանը հրադադարի համաձայնություն կնքեցին: Ի տարբերություն՝ Ուկրաինան և Մոլդովան անցայում են ներս թողել ռուսական զորքերին, բայց հետո վճռականորեն թեքվել են Արևմուտքի կողմը: Դա տեղի է ունեցել, երբ Ռուսաստանը միջամտել է նրանց տեղային կոնֆլիկտներին:
Ադրբեջանը և Հայաստանը պահպանել են բարեկամական հարաբերություններն իրենց նախկին գաղութային կեղեքիչի՝ Մոսկվայի հետ: Բայց իրար հետ նրանք երդվյալ թշնամիներ են: Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերին հակառակորդ հայերից հաշված մետրեր են բաժանում: Այդ իսկ պատճառով ռուս զինվորականների ներկայությունն ավելի քիչ առարկություն է հարուցում, քան այլ վայրերում, քանի որ ռուսներին համարում են չեզոք կողմ: Բայց բախումներ, միևնույն է, լինում են:
Ես շփման գծում եղել եմ փետրվարին՝ օտարերկրյա լրագրողների Լեռնային Ղարաբաղ մուտքի արգելումից կարճ ժամանակ առաջ: Այն ժամանակ ես ականատես դարձա նման դաժան բախումներից մեկին: Լրագրողների փոքր խմբին, որոնց թվում նաև ես էի, ուղեկցում էին հայ զինվորները, որոնք ծառայում էին հայկական Թաղավարդ գյուղի պահակակետում: Այդ գյուղը ճակատի նոր գծի հետևանքով կիսվել էր: Մենք հայտնվեցինք դաշտում, որը, ինչպես մեզ տեղեկացրին, խիստ ականապատված էր, և այդ պահին կրակոց լսվեց ադրբեջանական դիրքերից, որոնք մեզնից հեռու էին ընդամենը մեկ կիլոմետրով:
Հայ զինվորները չէին բացվում և ոչինչ չէին ասում ստեղծված իրավիճակի մասին, սակայն հաստատում էին, որ առաջվա պես կորուստներ են ունենում դիպուկահարների կրակոցներից: Նշանակում է՝ նման հրաձգությունները և բախումները տեղի են ունենում պարբերաբար: Նույն օրը ուրիշ մարտ տեղի ունեցավ, որի ընթացքում 62 հայ զինծառայողների, որոնք պահպանում էին Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներում գտնվող Խծաբերդ և Հին թաղեր գյուղերը, գերի վերցրին: Այդ գյուղերի կարգավիճակը հրադադարի մասին համաձայնությունում չի նշվել, ուստի Ադրբեջանը հնարավոր է համարել դրանց հարցը ուժով լուծել:
Թաղավարդի գյուղապետը պատմեց մեզ, որ երբ բնակիչներից մեկը անցել է գյուղի այն կեսը, որը հսկում է Ադրբեջանը, որպեսզի այցելի եղբոր գերեզմանին, ադրբեջանցի զինվորները պատանդ են վերցրել նրան՝ հայտարարելով, որ նա դիվերսանտ է: Այդ մարդու գտնվելու վայրը մինչև հիմա անհայտ է, գյուղական իշխանությունները ենթադրում են, որ նրան Բաքու են տարել:
Երևանում մի հայ ղեկավար դժգոհություն հայտնեց, որ Ռուսաստանը ոչինչ չարեց անցած աշնանը ի պատասխան Ադրբեջանի հարձակմանը, սակայն սկսեց շատ նպատակասլաց գործել, հենց որ տարածաշրջանում իր զորքերը տեղակայելու հնարավորություն ստացավ: Այսուհանդերձ շատ հայեր կարծում են, որ իրենք այլ ընտրություն չունեին, բացի Ռուսաստանի օգնությանը դիմելուց:
Ստեփանակերտում ռուսների ներկայությամբ խաղաղության նման մի բան է վերականգնվել: Պատերազմի ժամանակ՝ 2020 թ. սեպտեմբերին, տեղի բնակիչներն առավոտ կանուխ էին արթնանում, որպեսզի հավաքեն գիշերային հրաձգություններից հետո մնացած աղբն ու ապակու փշուրները: Տեղի մի բնակիչ ասաց, որ քաղաքի ներկայանալի տեսքը պատերազմի ընթացքում ցուցադրական անհնազանդության մի փոքր դրսևորում է: Հիմա քաղաքի փողոցները մաքուր են, վնասված շենքերի մեծ մասը նորոգված է կամ ծածկված ցուցատախտակներով: Ստեփանակերտում վերադարձել է կյանքը, և այն ավելի շատ նման է մի քաղաքի, որը տուժել է ուժեղ փոթորկից, բայց ոչ անողոք հրետանային կրակոցներից:
Բայց քաղաքում մնացած հայերի շրջանում ինքնաընկալման խիստ ճգնաժամ է: Հրադադարի մասին հապճեպ պատրաստված և ստորագրված համաձայնությունում խոսք չկա Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին, քանի որ կողմերը որոշել են այդ հարցերով զբաղվել հետագայում: Բայց այդ դժվար լուծելի խնդիրն է տվյալ կոնֆլիկտի առանցքը, և քանի դեռ այն չեն լուծի, Լեռնային Ղարաբաղը, ինչպես Աբխազիան, Հարավային Օսիան, Դոնբասը և Մերձդնեստրը, կմնա որպես սառեցված կոնֆլիկտի գոտի: Կնշանակի կախված կմնա Մոսկվայից: Ռուսաստանին լիովին ձեռնտու է այդ կոնֆլիկտների անորոշությունը: Սառեցված կոնֆլիկտները բացառում են դրանց մասնակցությունը ՆԱՏՕ-ին: Չէ որ այդ կազմակերպությունը պահանջում է, որ թեկնածու երկրները չլուծված տարածքային վեճեր չունենան:
Ռուսական զորքերը նաև արգելապատնեշի դեր են խաղում Լեռնային Ղարաբաղում թուրքական ազդեցությանը, քանի որ այդ երկու երկրների մրցակցությունն ուժեղանում է: Սեպտեմբերյան պատերազմի ընթացքում Թուրքիան համակողմանի դիվանագիտական և ռազմական օգնություն է ցույց տվել Ադրբեջանին: Բացառված չէ, որ ժամանակակից ռազմական տեխնիկայի մատակարարումները Թուրքիայից վճռական գործոն դարձան և որոշեցին կոնֆլիկտի ելքը: Ասում են՝ Ադրբեջանի օգտագործած շատ անօդաչուների օպերատորները կառավարում էին դրանք Անկարայի բազաներում նստած:
Բայց երևում է, որ Թուրքիան քիչ բան ստացավ Ադրբեջանին օգնելու դիմաց: Անկարան ներկա չէ ճակատի գծում՝ սահմանափակվելով հրադադարի կարգը հսկող ռուս-թուրքական կենտրոնի մասնակցությամբ, որը հեռու է կոնֆլիկտի գոտուց: Տեղում դոփում է նաև Նախիջևանի անկլավի միջոցով Թուրքիայի և Ադրբեջանի միջև ցամաքային միջանցք բացելու ծրագիրը: Իսկ երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց վերջերս հայերի ցեղասպանությունը, շատ մեկնաբաններ եկան այն եզրակացության, որ թուրքական ազդեցությունը Վաշինգտոնում անկում է ապրում նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով:
Այնինչ Հայաստանը և Ադրբեջանը նորից լարված ռազմական հակամարտության մեջ են: Մայիսի 12-ին ադրբեջանական զորքերն առաջ գնացին մի քանի կիլոմետր և մտան Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, ինչի հետևանքով ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պահանջեցին Բաքվից հետ քաշել զորքերը: Ռուսաստանին կոչ արեցին միջնորդական ջանքեր գործադրել, և դա էլ ավելի մեծացրեց նրա ազդեցությունը երկու կողմերի վրա:
Գտնվելով Դադիվանքում՝ ես խաղաղության և հաշտության նշաններ չտեսա: Երեկոյին մոտ երեք տղամարդ, ադրբեջանական համազգեստով, սարի գլխին գտնվող իրենց դիրքերից իջել էին, որպեսզի որոշ մթերքներ գնեն ավտոկրպակից, որը ռուս զինվորները դրել են վանքի մատուռի կողքին: Նրանք բարձրահասակ էին և նիհար, խնամքով հարդարված բեղերով, բայց տեսքով 21 տարեկանից ավելի տարեց էին: Նրանք ակնհայտ կաշկանդված էին, իրարից չէին հեռանում և այնքան էլ համարձակ չէին: Այդ մարդիկ ոչ մի կերպ չէին նմանվում նվաճող հորդայի, որ գոյություն ունի հայկական պատկերացումներում: Հավանաբար նրանք առաջին ադրբեջանցիներն էին, որոնց տեսան վանքում գտնվող հավատացյալներն ու հոգևորականները, առաջին անգամ այն ժամանակվանից ի վեր, երբ 25 տարի առաջ փակվեցին սահմանները:
Բայց երբ ես Նարիկին առաջարկեցի մոտենալ ադրբեջանցի զինվորներին և խոսել նրանց հետ, նա ապշած նայեց ինձ և դեմքը ծռմռեց: «Ես միշտ ատելու եմ նրանց, իսկ նրանք միշտ ատելու են ինձ,- ասաց նա:- Էլ ինչո՞ւ ընդհանրապես խոսել իրար հետ»: