f

Անկախ

Կանգնած ենք մեծ վտանգի առջև՝ կորցնելով ազգային ինքնությունը  կորցնել ռեալ պետական սուբյեկտայնությունը՝  պետականությունը․ Լարիսա Ալավերդյան


Ի՞նչու է աշխարհը մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին տարբեր երկրներում տարբեր կերպ արձագանքում  և արդյոք երկակի մոտեցումները արժեզրկո՞ւմ են այն  հիմնարար արժեքները, որով թվում էր, թե առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը։ Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվելու աշխարհն ապագայում։ Այս հարցերի շուրջ է «Անկախը» զրուցել  ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ։

Երկակի ստանդարտների պատճառների մասին

Մարդու իրավունքների թե արժեհամակարգը,  և թե միջազգային հարաբերությունների այդ մեծ հայեցակարգը ինձ համար մնում է վերին աստիճանի կարևոր և մեր աշխարհահայացքներին շատ  մոտ։ Չմոռանանք, որ այդ արժեքները ծնվել են քրիստոնեական նորմատիվային բազայի վրա, այլ հարց  է, որ դրանք հետագայում ենթարկվել են այլափոխության։ 

Ինչ վերաբերում է երկակի ստանդարտների արմատներին,դրանք  շատ հստակ են։ Երբ մենք հասանք մեր իղձին՝ անկախ պետություն ունենալուն, քաղաքական էլիտան մոռացության տվեց, որ ցանկացած արժեհամակարգ գոյություն ունի իրական ռեալ աշխարհաքաղաքական շահերի դաշտում։ Մինչդեռ պետք է հստակեցվեր, որ ամենակարևոր խնդիրը նորանկախ Հայաստանի  համար յուր ռազմավարությունն է, որը պետք է ապահովի  համայն հայության անվտանգությունը։ Առաջին նախագահի կառավարման տարիներին բացարձակապես սխալ կողմնորոշում եղավ, այդ քաղաքական էլիտան  մեզ մղեց  դեպի Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամություն։ Երբ այսօր այդ թեմայով խոսում են,  շատերը  մոռացել են  կամ չգիտեն, որ այդ քաղաքականության հիմքերը դրել է հենց առաջին նախագահն իր թիմի հետ, որի  կարկառուն դեմքերից մի քանիսն հենց ընդգրկված են այսօրվա իշխանության կազմում։

Երբ երկրորդ նախագահի ընտրությունն էր, պղտոր գլոբալիստական կենտրոնների և արդեն ընդդիմություն դարձած ՀՀՇ-ի կողմից անընդմեջ շրջանառության մեջ էր դրվում միտքը, որ  խաղաղության ուժերը  պարտվել են, և իշխանության են  եկել պատերազմի ուժերը։ Այնինչ պետք է հիշեցնեմ, որ երկրորդ  նախագահի ժամանակ ընդհանրապես պատերազմ չի եղել, երրորդի ժամանակ տեղի են ունեցել 2016-ի ապրիլի դեպքերը, որն առանձին քննարկման առարկա է։ Ներկայում,  երբ իշխանության է այս ուժը,  որը խաղաղությունից է անընդմեջ խոսում, փաստորեն, պատերազմի  մեջ ենք հայտնվել։ Ո՞րն է այստեղ խնդիրը և երկակի ստանդարտի հիմքը։

Երկակի  ստանդարտի հիմքում ընկած է կոլեկտիվ Արևմուտքի և մասնավորապես  նրա անգլոսաքսոնյան թևի հստակ ծրագրավորված  ռազմավարական նպատակը, այն է՝ Ռուսաստանի փլուզումը կամ  հնարավորինս թուլացումը։ Այստեղ Հայաստանն ու  հայերը, Ուկրաինան ու  ուկրաինացիները  վերին աստիճանի ֆոնային, երկրորդական նշանակություն ունեն։

ԽՍՀՄ փլուզումից հետո այդ պղտոր գլոբալիստական կենտրոնները, տարածքային ամբողջականության սկզբունքը դարձնելով ամենաբարձր արժեքը, թույլ տվեցին, որ ԽՍՀՄ նախկին հանրապետությունները, որոնք դաշնային էին ու իրենց կազմում ունեին ինքնավար միավորներ, ոչնչացնեն այդ միավորները և իրենց հռչակեն ունիտար պետություններ։

Արևմուտքն  աչք է փակում Ադրբեջանի գործողությունների վրա։ Շատերը  զուսպ կամ անզուսպ ձևով շնորհավորել են այդ երկրին  տարածքային  ամբողջականության վերականգնման կապակցությամբ։ Ադրբեջանի կողմից ցուցաբերված անմարդկային գործողություններն ուշադրության չեն արժանացել, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի այդ  գործողությունների գերնպատակը եղել է Ռուսաստանն այս  տարածաշրջանից դուրս մղելը, կապ չունի թե մարդու ինչ իրավունքներ են ոտնահարվել, և  ինչ սկզբունքներ են հայտարարված իրենց կողմից։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, այն, ոգևորված Ադրբեջանի օրինակով, նույնն էր պատրաստվում անել։ Եվ հիմա,  երբ Արևմուտքը թմբկահարում է Ուկրաինայում մարդու իրավունքների ոտնահարման մասին  Ռուսաստանի կողմից, նորից նույն սկզբունքն է։

Ինչ թույլ են տվել Ադրբեջանին, նույնը նրանք թույլ են տվել անել Ուկրաինային։ Տարբերությունն այն է, որ մեր իշխանությունները բացարձակապես չունեն և չեն ունեցել համապատասխան ինքնապաշտպանության, անվտանգության ապահովման ռազմավարություն, իսկ Ռուսաստանը, Դոնեցկն ու Լուգանսկը համաձայնեցված ունեին դա։

«Եվրոպական արժեքների» արժեզրկման մասին

Երկակի մոտեցումների պարագայում արդյոք այս  սկզբունքները չե՞ն արժեզրկվում։ Իհարկե։ Մեծ առումով դրա մասին  որպես առաջին ՄԻՊ խոսում էի դեռ 2004-2005թթ․։

Դա  մեծ հարված է մարդու իրավունքների, իրավական պետության կոնցեպտին։ 

Բայց  այդ արժեհամակարգի համար  համայն մարդկությունը պայքարել է դարեր շարունակ։ Չմոռանանք, որ մարդու իրավունքների  սիրտը խտականության բացառումն է։ Մինչդեռ հիմա Արևմուտքը ոտնահարում է այդ կարևորագույն սկզբունքը։ Բայց դա չի նշանակում, որ մենք հետագայում  պետք է հրաժարվենք այդ սկզբունքից։

Այժմ, ինչպես միշտք, մենք քաղաքակրթական բախումների առաջնագծում ենք։ 

Մենք պայքարում ենք բազմաբևեռ աշխարհ ունենալու համար։ Եթե համաձայնենք սրա շուրջ, ապա պարզ կլինի, թե ով ինչի կողմնակից է, ոչ թե այս կամ այն երկրի կողմնակից պետք է լինենք, այլ սկզբունքների։ Ես կողմնակից եմ, որ երբևէ տարածքային ամբողջականության սկզբունքը չդառնա գերակա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ։ Ես դեմ եմ միաբևեռ աշխարհին՝ կլինի ԱՄՆ-ն, թե որևէ այլ պետություն։ Ես կոչ եմ անում բոլորին հստակեցնել, որ մեզ համար ավելի ճիշտ է բազմաբևեռ աշխարհ ունենալը, որտեղ արդեն այդ արհեստածին հակադրությունները պետք է  չլինեն, որտեղ մարդու իրավունքները պետք է ունենան իրենց տեղը,  որտեղ պետք է խտրականությունը, այդ թվում քաղաքական խտրականությունը, բացառվի։ Ինչքանո՞վ է դա հասանելի։ Այնքանով,  ինչքանով  դրա համար կպայքարեն  ավելի շատ ժողովուրդներ, պետություններ և անհատներ։

Ապագայի սկզբունքների մասին

Իսկ թե ինչպիսին կլինեն  ապագա աշխարհի սկզբունքները․․․ Համոզված եմ, որ այլևս պետք է վերջ դրվի այսպես կոչված զուտ արևմտակենտրոն արժեհամակարգը ողջ աշխարհին պարտադրելուն։ 21-րդ դարի բոլոր  պատերազմները քողարկված են եղել այդ արժեհամակարգով, մինչդեռ իրական շահերը միշտ եղել են տարածքներ և ռեսուրսներ յուրացնելը  կամ  հսկողության ներքո դնելը։  Ես համոզված եմ, որ աշխարհը հիմա գնում է բազմաբևեռ աշխարհակարգի։ Եվ այդտեղ  նոր մարտահրավերներ են լինելու հատկապես  փոքր երկրների համար։ Դա չի նշանակում, որ մեր նշանակությունը փոքր է։ Բայց իրողությունն  այլ քաղաքականություն և այլ հմտություններով էլիտաներ է պահանջում, խնդիրը դա է։ Այսօրվա իշխանությունները, որոնք  գործիք են  դրսի պղտոր գլոբալիստական  կենտրոնների ձեռքում, չեն կարող լուծել այդ  խնդիրները և ի պատասխան այնպիսի քայլեր ձեռնարկել, որ Հայաստանն  ապագա աշխարհակարգում գտնի իր արժանի ու արժանապատիվ տեղը։

Մենք ինքնության պահպանության խնդիր ունենք։ Տարիների ընթացքում թիրախ է եղել ազգային ինքնությունը, քանի որ  միայն այն ազգերը կարող են պետականություն ունենալ և զարգանալ, որոնք չեն կորցնում իրենց ազգային ինքնությունը։ Այս առումով է, որ ներկայիս իշխանությունները չունեն համապատասխան ունակություն և հմտություն, ոչ էլ ցանկություն։ Այս իշխանություններն ունեն ամբողջովին ոչ ավանդական  քաղաքական կողմնորոշում մեր ազգի համար, այն է՝  թուրք-ադրբեջանական միության հետ են ուզում ունենալ քաղաքական,  բարիդրացիական հարաբերություններ, այն պայմաններում, երբ այդ  երկու պետությունները հստակ հայտարարում են, որ իրենց խնդիրը թուրքական աշխարհ ստեղծելն է։  Օրվա իշխանությունները հստակ իրականացնում  և սպասարկում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական գործողությունների ծրագրերը և ռազմավարությունը։ Եվ մենք կանգնած ենք մեծ վտանգի առջև՝ ազգային ինքնությունը կորցնելով կորցնել ռեալ պետական սուբյեկտայնությունը՝ այսինքն պետականությունը։

Այս թեմայով կարդացեք նաև․

Ներսում չլինելով ժողովրդավար, մեզ արևմտամետ ենք համարում՝ քծնելով Արևմուտքին, իսկ Արևմուտքը շարժվում է իր շահերով․ Ավետիք Իշխանյան

 

Արևմուտք քաղաքականություն իրավունք Ժողովրդավարություն Մարդու իրավունքներ ՄԻՊ Լարիսա Ալավերդյան խմբագրի ընտրանի Ուկրաինա Ռուսաստան Արցախ Ադրբեջան խտրականություն

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին