f

Անկախ

Ներսում չլինելով ժողովրդավար, մեզ արևմտամետ ենք համարում՝ քծնելով Արևմուտքին, իսկ Արևմուտքը շարժվում է իր շահերով․ Ավետիք Իշխանյան


Ի՞նչու է աշխարհը մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին տարբեր երկրներում տարբեր կերպ արձագանքում  և արդյոք երկակի մոտեցումները արժեզրկո՞ւմ են այն  հիմնարար արժեքները, որով թվում էր, թե առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը։ Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվելու աշխարհն ապագայում։ Այս հարցերի շուրջ է «Անկախը» զրուցել  «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ  Ավետիք Իշխանյանի հետ։

Երկակի ստանդարտների պատճառների մասին

Խորհրդային տարիներին այլախոհների համար Արևմուտքը բոլոր տեսանկյուններից  դրախտ էր համարվում՝  և  տնտեսական զարգացման, և մարդու իրավունքների ու  ժողովրդավարության տեսանկյունից։ Արևմուտքը երազանք էր։ Ես ինքս էլ այդպես էի մտածում։ Մեր երազանքն էր Հայաստանը տեսնել այդ ժողովրդավարական աշխարհի մաս։ 

Երբ Հայաստանն անկախություն ստացավ, մեզ թվում էր, թե մեր երկիրն էլ  կգնա այդ ճանապարհով։ Բայց այս հարցը պետք է մի քանի հարթություններում դիտարկել։

Առաջինը՝ արդյոք մեր հասարակությունը և  իշխանությունն  իսկապես անկե՞ղծ էին, որ ուզում են գնալ դեպի ժողովրդավարություն։ Անցած  30 տարվա պատմությունը ցույց տվեց, որ դրանք  հռչակված արժեքներ էին հայ հասարակության համար, որոնք այդպես էլ հռչակված մնացին։ Տարիների փորձը ցույց տվեց, որ որևէ քաղաքական ուժ իրականում այդ արժեքների կրողը չէ, և ոչ միայն այդ արժեքների,  այլև պետականության կրողը չէ։ 

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա հենց նույն 90-ականներից, երբ Հայաստանն անկախացավ,  և մեզ համար բացվեց աշխարհը, ովքեր  մի փոքր տրամաբանություն ունեին և տեսնում էին, թե ինչ է կատարվում աշխարհում, արդեն պետք է հասկանային,  որ աշխարհը շարժվում է իր շահերով, ինչպես եղել է  հազարամյակների ընթացքում։ Իսկ ժողովրդավարության արժեքները  գործիքներ են,  դրանք բոլորովին էլ սկզբունքային չեն։ 

Մեր տարածաշրջանի օրինակով ներկայացնեմ։ Արցախի հայության ինքնորոշման իրավունքը ոչ միայն չողջունվեց և չպաշտպանվեց Արևմուտքի կողմից որպես կարևորագույն արժեք, այլև Արևմուտքը պաշտպանեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց հաշվի առնելու այդ երկրի բռնատիրական և ռասիստական ռեժիմը։  Եթե ընդհանրացնենք աշխարհի մակարդակով, դա կարելի է նաև այլ օրինակներով դիտարկել։ 

Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն այդ արժեքներից պետք է հրաժարվեր։ Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, իրավական պետությունն իսկապես արժեքներ են։ Եթե մեր  պետությունը ձևավորվեր այդ արժեքների վրա, որոնք էլ հիմնված լինեին ազգային արժեքների՝ լեզվի, մշակույթի և ազգային անվտանգության վրա, դա կլիներ Հայաստանի զարգացման հեռանկարը։ Մեր պետությունը պետք է լիներ իրավական, մարդիկ էլ իրենց պետության կողմից պաշտպանված պետք է զգային։

Բայց մենք այդ ճանապարհով չգնացինք։ Փոխարենը Արևմուտքին դուր գալու համար մի շարք քաղաքական, հասարակական գործիչներ ձևեր են թափում, որ արևմտամետ են։ Մեր հասարակական-քաղաքական գործիչները,  իրականում, իմ համոզմամբ,  չդավանելով որևէ արժեք՝  և կրոնական, և ազգային, և ժողովրդավարական, անձնական շահերից ելնելով են համարվում արևմտամետներ։ Նրանք  մեծամասամբ այն նույն մարդիկ են, որոնք  ժամանակին եղել են կոմունիստներ, տարբեր ճամբարներ են փոխել, այսօր էլ նրանք արևմտամետներ են և իրենց պայմանական կեցվածքով վնաս են հասցնում Հայաստանի անվտանգությանը։

Այսինքն,  ներսում չլինելով ժողովրդավար, մեզ արևմտամետ ենք համարում՝ քծնելով Արևմուտքին, իսկ Արևմուտքը շարժվում է իր շահերով։ Հատկապես վերջին տարիները   ցույց տվեցին, որ իրականում, ինչպես ասացի, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները քարոզչական պաստառներ են, ոչ թե համոզմունքներ, ինչպիսին քրիստոնեությունն է եղել խաչակրաց արշավանքների ժամանակ։ 

«Եվրոպական արժեքների» արժեզրկման մասին

Այսքանով հանդերձ հիմա էլ համարում եմ, որ Հայաստանի զարգացման հեռանկարը առաջին հերթին  ազգային արժեքների  և ազգային անվտանգության վրա հենված  իրավական պետությունն է։ Իսկ արտաքին հարաբերություններում բոլորովին պարտադիր չէ լինել արևմտամետ։ Դու կարող ես լինել ժողովրդավարական, իրավական  պետություն, բայց դաշնակից ունենալ աշխարհի ամենաբռնապետ պետությանը, եթե դա է թելադրում քո ազգային շահը։

Ապագայի սկզբունքների մասին

Իսկ թե ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը և ինչ սկզբունքներով կառաջնորդվի աշխարհն ապագայում, բարդ է ասել։ Աշխարհը փոխվում է հատկապես համաշխարհային պատերազմներից հետո։ Իսկ մենք հիմա գտնվում ենք եթե ոչ 3-րդ համաշխարհային պատերազմի փուլում, ապա դրա նախաշեմին։ Եթե չունես քո ազգային անվտանգությունը և ճիշտ չես կողմնորոշվում այս  ամենաբարդ իրավիճակում, ինչը ես տեսնում եմ մեր  պարագայում, ապա շատ մռայլ ապագա է մեզ սպասվում։ Այսպիսի իրավիճակներում իմաստուն ժողովուրդները շահում են, իսկ այդ ամեն ինչը հաշվի չառնող ժողովուրդները կարող են վերանալ։ 

Պետք է ունենաս իմաստուն քաղաքական վերնախավ, որը ճիշտ կկողմնորոշվի վայկենապես փոփոխվող աշխարհում և կկարողանա առնվազն առանց կորուստների դուրս բերել երկիրն  այդ ամեն ինչից։

Այս թեմայով կարդացեք նաև․

Կանգնած ենք մեծ վտանգի առջև՝ ազգային ինքնությունը կորցնելով կորցնել ռեալ պետական սուբյեկտայնությունը՝  պետականությունը․ Լարիսա Ալավերդյան

 

իրավունք քաղաքականություն Ավետիք Իշխանյան խմբագրի ընտրանի Ուկրաինա Մարդու իրավունքներ Ժողովրդավարություն իրավական համակարգ Արևմուտք Ռուսաստան Արցախ Հայաստան

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Ավելին
Ավելին