f

Անկախ

Այս օրենքով պետությունն ամեն կերպ գումարները փորձում է ուղղել դեպի բանկեր․ տնտեսագետ


Հուլիսի մելից ուժի մեջ է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն ՀՀ  տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող  գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Անկախ գումարային մեծությունից, անկանխիկ են իրականացվում նաև պետական գնումները, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական ծառայությունների դիմաց կատարվող վճարները։ Այսուհետ անկանխիկ են  նաև աշխատավարձերի վճարումները, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից վարկերի և փոխառությունների տրամադրումը, ինչպես նաև տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները։

Օրենքի դրական և բացասական կողմերի մասին է «Անկախը» զրուցել տնտեսագետ, ԵՊՀ Կառավարան և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի հետ։

-Պարոն Խաչատրյան,  «Անկանխիկ գործառնությունների մասին»  օրենքի կիրառությունը որքանո՞վ կնպաստի ստվերային շրջանառության կրճատմանը։

-Միանշանակ կարող ենք պնդել, որ օրենքի մեջ ներառված սահմանափակումներն ու առկա մեխանիզմները որևէ կերպ չեն կարող նպաստել ստվերային շրջանառության կրճատմանը։ Պետական  պաշտոնյաները շեշտում են, որ այդ նախաձեռնությամբ խնդիր է դրված ստվերի դեմ պայքարել, բայց հարցադրումներին, թե  ինչպես է օրենքը նպաստելու, որպեսզի ստվերային տնտեսությունը կրճատվի, փաստացի պատասխան չկա։ 

Ես վստահ կարող եմ պնդել, որ որևէ կերպ  այս օրենքը չի նպաստելու ստվերի կրճատմանը։

-Այդ պարագայում օրենքի բուն նպատակը ո՞րն է Ձեր կարծիքով։

-Որքանով ես եմ հասկանում՝ հիմնական նպատակը եղել է բանկերի՝ որպես  ֆինանսական միջնորդ դերակատարման մեծացումը և  ֆինանսական միջնորդության ծավալների աճը։ Փաստացի ստացվում է, որ այս սահմանափակումներով պետությունը գումարի մեծ մասն ուղղում է բանկեր, որոնք  էլ սպասարկման և  միջնորդային վճարներ են գանձելու։ 

Մի օրինակ բերեմ․ մեր երկրում գործող մոտ 67 հազար ՀԴՄ սարք կա։ Օրենքի կիրառումը ենթադրում է,  որ դրանց վրա  պետք է ակտիվացվի անկանխիկ գումար ընդունելու ֆունկցիան։ Ծառայության ամսական վճարը կախված է  շրջանառության ծավալից, բայց նվազագույն վճարը 4600 դրամ է։ Այսինքն, անգամ փոքր կրպակը ստիպված է լինելու  ամեն ամիս առնվազն այդքան գումար  վճարել բանկին, անգամ եթե որևէ վճարում չընդունի անկանխիկ, իսկ ընդունելու դեպքում նաև որոշակի միջնորդավճար է ավելանում։ 

Հավելեմ նաև, որ  անկանխիկ  վճարման դեպքում գումարը հաճախորդի հաշվեհամարից փոխանցվում է  խանութի հաշվեհամարին։ Հետագայում,  եթե սեփականատերը իր կարիքների համար այդ գումարը բանկից կանխիկացնի, բանկը նորից կանխիկացման միջնորդավճար է  գանձելու։

 Ստացվում է, որ այս օրենքով պետությունն ամեն կերպ գումարները փորձում է ուղղել դեպի բանկեր ու նրանց կողմից մատուցվող ֆինանսական միջնորդության ծավալները էապես մեծացնել։

-Տպավորություն է ստեղծվում, որ օրենքը ոչ տնտեսվարողի, ոչ շարքային քաղաքացու շահերից չի բխում։ Արդյոք այդպե՞ս է։ Եթե  այո, ապա ո՞ւմ շահերից է բխում այս օրենքի կիրառությունը։

-Եկեք հերթով դիտարկենք։ Քաղաքացիների առումով․ եթե սա նպատակ ունի քաղաքացիներին որևէ կերպ աջակցելու, քաղաքացին իր հարմարավետությունից ելնելով այսպես, թե այնպես այդ անկանխիկ գործարքներին կգնար։ Փոխարենը մենք ունենք մի իրավիճակ, երբ հասարակության որոշակի զանգված անգամ բանկային հաշվեհամար կամ քարտ չունի, իսկ այն մարդիկ, ովքեր ունեն, նրանց  ճնշող մեծամասնությունը աշխատավարձի ստացման հենց նույն օրը  ամբողջ գումարը կանխիկացնում են։ Ու վստահաբար այս վիճակագրությունը մեր պատկան մարմինները, նույն Կենտրոնական բանկը շատ լավ գիտի։ 

Ստացվում է, որ հասարակությունն  այս պարտադրանքից որևէ կերպ չի շահելու, ընդհակառակը, այն մարդիկ, ովքեր հաշվեհամար չունեն, ստիպված են լինելու բանկերում հաշվեհամարներ բացել, օրինակ, եթե 300 հազար դրամը գերազանցող որևէ կահույք կամ տեխնիկա պետք է գնեն։ 

Եթե պետությունն իրոք նպատակ էր դրել բանկային նորագույն տեխնոլոգիաներին հասու դարձնել հասարակության ստվար զանգվածին, առաջին հերթին պետք է  նախապատրաստելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեր՝ բարձրացնելով ֆինանսական գրագիտության աստիճանը ուսուցանման միջոցով, հանրային արշավների միջոցով հասներ նրան, որ  մարդիկ հասկանային դրա առավելություններն ու ինքնակամ  որոշեին, որ պետք է սկսեն քարտեր գործածել ու անկանխիկ վճարումներ անել։ 

Ինչ վերաբերում է բիզնեսին, մինչև  այս օրենքի ուժի մեջ մտնելը շատ բիզնեսներ արդեն ունեին  անկանխիկ վճարման տերմինալներ,  այսինքն հնարավորություն տվել էին  սպառողներին անկանխիկ վճարելու։ Հիմա, երբ մենք անխտիր  բոլորին ենք ստիպում գնալ այդ ճանապարհով, ինչպես արդեն նշեցի, որոշակի ֆինանսական բեռ ենք դնում նրանց վրա։  Կլինի դա 5 հազար, թե 10 հազար դրամ, դա որոշակի ծախս է, որը հատկապես միկրոբիզնեսի համար իրականում խնդիր է։ Հետևաբար այս օրենքով մեծ հաշվով բիզնեսի խնդիրն էլ չի լուծվում։

Իսկ ո՞ւմ շահերից է բխում։ Իմ խորին համոզմամբ՝ բանկային համակարգի։ Որովհետև այդ գումարները պարտադրաբար հոսելու են դեպի բանկեր, որոնք,  ինչպես ասացի,  սպասարկման,  միջնորդային և կանխիկացման վճարներ են գանձելու։ Այս նախաձեռնությունն ավելի շատ ուղղված է   բանկային համակարգի զարգացմանը, քան փոքր բիզնեսի կամ առհասարակ տնտեսության զարգացմանը կամ քաղաքացիների համար ավելի հարմարավետ պայմաններ առաջարկելուն։

-Իսկ միջազգային պրակտիկան այս առումով ինչպիսի՞ն է։

-Միջազգային պրակտիկան այս առումով բավականին խայտաբղետ է։ Կան բազմաթիվ զարգացած երկրներ, որտեղ որևէ նման սահմանափակում չկա։ Տեսեք, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Սկանդինավյան երկրների  նման զարգացած տնտեսություն ունեցող երկրներում  որևէ նմանատիպ սահմանափակում չկա։ Եվրոպայում կան երկրներ, օրինակ, Չեխիան, Բուլղարիան, Սլովակիան, որոնք կանխիկի գործածության որոշակի սահմանափակումներ կիրառում են, բայց նրանք էլ  բավականին բարձր շեմեր են սահմանել՝ 5 հազար, որոշ դեպքերում 10 կամ 15 հազար եվրո և ավել։

Մեր պարագայում, եթե 300 հազար դրամը  վերածենք եվրոյի, մոտավորապես 700 եվրո է շեմը։

Բայց միևնույն ժամանակ պետք է ընդգծենք, որ այնպես չէ, որ այս  եղանակով այդ երկրները ստվերի դեմ են փորձել պայքարել։ Այդ երկրներն էլ ընդունում են, որ այդպիսով  ոչ թե ստվերի դեմ են պայքարում, այլ կանխիկի շրջանառության ծավալներն են փոքրացնում՝ փորձելով ավելի շատ էլեկտրոնային, բանկային գործիքներ օգտագործել։

-Ստացվում է՝   օրենքը կիրառության մեջ է մտել առանց նախապատրաստական աշխատանքների։ Այդ դեպքում օրենքի կիրառությունն ի՞նչ խնդիրներ է  արդեն առաջացրել և դեռ ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել։

-Ճիշտ եք, ինչպես ասացի, մոտ 67 հազար ՀԴՄ սարք է գործածվում մեր երկրում, ու ոչ պաշտոնական տվյալներով՝  ամսի մեկի դրությամբ դրանցից մոտ 50 հազարի վրա անկանխիկ գումար  ընդունելու ֆունկցիան ակտիվացված չի եղել, այսինքն բանկերը չեն հասցրել բոլոր ՀԴՄ սարքերն ակտիվացնել։ Սա փաստացի ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ այո, համակարգը տեխնիկապես անգամ պատրաստ չի եղել։ Ժամանակին, երբ օրենքն  ընդունվում էր, թե ես, թե գործընկերներս խոսում էինք այն մասին, որ նման հապճեպությամբ իրավակարգավորումներն  ունքը սարքելու  տեղն  աչքն էլ են հանելու։ Եթե քո համակարգը տեխնիկապես պատրաստ չէ դրան, եթե հասարակության ֆինանսական գրագիտության և բանկային տեխնոլոգիաներից օգտվելու մասշտաբները փոքր են, եթե բիզնեսը դեռ պատրաստ չէ գնալ նման քայլի, ուղղակի  բիրտ ուժի կիրառմամբ, պարտադրանքով ստիպելը ցանկալի արդյունքի չի բերելու։ Արդեն իսկ  թե բնակչության և թե բիզնեսի կողմից բազմաթիվ բողոք-ահազանգեր կան, որ համակարգը փաստացի նորմալ չի աշխատում ու անհարմարություններ է պատճառում, փոխանակ մարդկանց կյանքը հեշտացներ ու ավելի հարմարավետ դարձներ։

-Անդրադառնանք նաև օրենքի այն դրույթին, որ առողջապահական կազմակերպություններում, անկախ վճարման ծավալից, բոլոր վճարումներն անկանխիկ պետք է լինեն։ Դա ի՞նչ խնդիրներ է ստեղծում մարդկանց համար և արդյոք այսպիսով չի՞ ոտնահարվում առողջության պահպանման, բժշկական ծառայություններից օգտվելու մարդկանց իրավունքը։

-Ճիշտ եք, դա իրականում շատ լուրջ խնդիր է, և այդ խնդիրը լուծելու համար նույն առողջապահական ընկերությունները բառի բուն իմաստով ստիպված են եղել իրենց տարածքում կանխիկի ընդունման վճարային տերմինալներ տեղադրել, որն էլ էժան հաճույք չէ։ Փաստացի հասկանալով, որ մարդիկ քարտ չունեն և կանխիկը ձեռքին գալու են, երբեմն  նաև անհետաձգելի որոշակի բուժօգնություն ստանալու, բուժհաստատությունները ստիպված են եղել վճարային տերմինալներ դնել, որպեսզի օրենքի այդ դրույթը պահպանեն։


 

Կառլեն Խաչատրյան խմբագրի ընտրանի տնտեսություն բանկային համակարգ անկանխիկ գործարք հարցազրույց

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին