AP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կորոնավիրուսով վարակված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ձայնը խռպոտվել է։ Գրում է Gazeta.ru-ն։
Տնտեսական հարցերով հանդիպման ժամանակ, որին պետության ղեկավարը մասնակցել է հեռակա կարգով, նախագահի ձայնը խռպոտ է եղել և նա հազացել է։
Միաժամանակ նախագահը հանգստացրել է իր զրուցակիցներին՝ վստահեցնելով, որ իրեն ավելի լավ է զգում, քան արտաքնապես երևում է։
Միևնույն ժամանակ Սպիտակ տանը նշել են, որ Բայդենն աշխատում է օրական ավելի քան ութ ժամ, և նրա ախորժակը նույնն է մնացել։
Սպիտակ տան՝ COVID-19-ի տարածման դեմ պայքարի համակարգող Աշիշ Ջան նախկինում վստահեցրել է, որ նախագահին առողջական վիճակի վատթարացման վտանգ չի սպառնում։ Նա նշել է, որ բժիշկները ուշադիր հետեւում են Բայդենին։
«Նախագահի համար բարդությունների հավանականությունը լրջորեն նվազել է, քանի որ նրա իմունիտետն ամրապնդվել է։ Նա հակավիրուսային դեղեր է ընդունում»,- ասել է Ջան։
CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը չի հասկանում, թե որտեղից է Բայդենը COVID-19-ով վարակվել։