f

Անկախ

Որակյալ ուսուցիչ ունենալու փուլն ավարտվել է, հիմա արդեն պետք է մտածենք ուղղակի ուսուցիչ ունենալու մասին․  փորձագետ


ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է սահմանել ուսուցչի մասնագիտական չափանիշներ։ Նախագծով առաջարկվում է ուսուցիչների մասնագիտական կարողություններն ու հմտությունները դիտարկել և գնահատել 4 ոլորտների տեսանկյունից․  առարկայի իմացություն, դասավանդման մեթոդամանկավարժական կարողություններ, սովորողին ցուցաբերվող աջակցություն և ինքնազարգացում ու  մանկավարժական համայնքի հզորացում։ Այս 4 ոլորտներով գնահատման արդյունքում, կախված պահանջներին համապատասխանության մակարդակից,  ուսուցիչները ստանում են բնութագիր՝ դասավանդող ուսուցիչ, ավագ ուսուցիչ, վերապատրաստող ուսուցիչ կամ  հետազոտող ուսուցիչ։ Ըստ այս բնութագրերի էլ ուսուցիչներին շնորհվում է տարակարգ և որոշվում նրանց հավելավճարի չափը։

Ըստ փաստաթղթի հեղինակների՝ այն «միտված է հզորացնել ուսուցիչներին և օգնել նրանց՝ ստանձնել պատասխանատվություն սեփական ընթացիկ մասնագիտական զարգացման համար, և հնարավորություններ ընձեռել նրանց՝ բարեփոխումների իրականացման համար»։ 

«Անկախը» կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ զրուցել է նախագծի դրական և բացասական կողմերի մասին։

-Պարոն Խաչատրյան, ուսուցիչների մասնագիտական չափանիշները սահմանող նախագիծը ոչ փորձագետ ընթերցողի համար գեղեցիկ ձևակերպումներով, նաև մի քիչ խճճված փաստաթուղթ է։ Դուք որպես փորձագետ այն ինչպե՞ս եք գնահատում։ Ի՞նչ դրական և բացասական կողմեր ունի նախագիծը։ 

-Այս փաստաթղթի խնդիրն այն է, որ այն վերցված է  անգլիական մոդելից։ Շեֆիլդի համալսարանի մոդելն է որպես հիմք ընդունվել։ Պատրաստի մոդելը փորձել են  հնարավորինս հարմարեցնել հայկական իրականությունը։ Դրա համար այս փաստաթուղթը մի քիչ արհեստական է, դժվար է  կարդացվում, բազմապիսի բաժանումներ  կան  արված, որի հետևանքով հաճախ կորցնում ես կապերը, թե որը որինն էր։ Այդ իմաստով, իհարկե, փաստաթուղթը բավականին խճճված է։

Այս փաստաթղթով ուսուցիչների  տարակարգերն  ստանում են անվանումներ։ Եվ այն իր հերթին բաժանվում է բաղադրիչների, օրինակ՝ առարկայի իմացություն, դասավանդման մեթոդներ և այլն։  Այստեղ լավն այն է, որ ուսուցչին հնարավորություն է տրվում միանգամից ստանալ 4-րդ տարակարգ․ եթե քո ձեռքբերումները բավարարում են, միանգամից  կարող ես 4-րդ տարակարգ ունենալ  և 50 տոկոս հավելավճար ստանալ։ Այդ իմաստով ավելի ճկուն բաներ կան։ 

Այս նախագծով առաջարկվող գնահատման մեխանիզմներն են, որ ինձ  մտահոգում են։ Օրինակ՝ ուսուցիչը պետք է ներկայացնի տեսադաս։ Սա արհեստականություն է բերելու։ Օրինակ՝  ուսուցիչը մի 10 անգամ պիտի նկարի դասը, փորձելու են այնքան, մինչև լավ ստացվի, նկարահանվող դասը սիրուն դասարանում կանցկացնեն։ Ոմանք անգամ  կարող է պրոֆեսիոնալ  օպերատորներ վարձեն, որ լավ որակի լինի տեսանյութը։ Իսկ հեռավոր գյուղի այն ուսուցիչը, որի դպրոցի շենքային պայմանները վատն են, որը լավ հեռախոս չունի, գուցե չկարողանա որակյալ տեսանյութ ստանալ։ 

Հասկանալի է՝ պետք  է ֆորմալիզացնես, որ կարողանաս գնահատել,հակառակ դեպքում  գնահատելն է սուբյեկտիվ բնույթ կրելու։ Բայց այսպես էլ շատ բաղադրիչներ  կորցնում ենք։ Օրինակ՝ ինձ համար շատ կարևոր է, թե ինչպես է ուսուցիչը դաս վարում անծանոթ դասարանում կամ ինչպես է հանպատրաստից պլանավորում և անցկացնում դասը։ Այդտեղ երևում է ուսուցչի վարպետությունը, որքանով է կարողանում արագ կողմնորոշվել և այլն։ Սրանք ավելի բնական բաներ են։ Մինչդեռ այն, ինչ  հիմա է պահանջվում, ավելի բյուրոկրատական է։ 

-Ասացիք, որ փաստաթուղթը այլ երկրի օրինակի վրա է հիմնված։ Որքանո՞վ է այն հնարավոր եղել տեղայնացնել և դարձնել մեր իրավիճակից բխող փաստաթուղթ։

-Ինչ-որ իմաստով սա դարձել է մեր իրավիճակից բխող փաստաթուղթ։ Ինչքան հնարավոր է, փորձել են հարմարեցնել։ Բայց տեսնենք․․․ կարծում եմ՝  շատ բյուրոկրատացված է։

-Այս նախագծով ուսուցչի մասնագիտական չափանիշներն ու տարակարգը փոխկապակցված են։ Արդյոք դա կնպաստի՞, որ ավելի շատ ուսուցիչներ տարակարգ ձեռք բերեն և հետևաբար նաև հավելավճար ստանան։

-Կա ուսուցիչների մի խումբ, որի համար գումարն էական չէ։ Ինչ ուզում ես արա, իրենց ոչ կամավոր ատեստացիան է պետք, ոչ տարակարգը։ Իրենք  ուղղակի աշխատում են  և հավակնություններ չունեն։ Կա նաև ուսուցիչների  մի խումբ, որը ոչ մի բանի չի հավատում և համարում է, որ ամեն ինչ անարադար է։ Եվ կա ուսուցիչների մեկ այլ խումբ՝ մոտ  5-6 հազար մասնագետ, որոնց այդ ամեն ինչը հետաքրքիր է։ Ինչ էլ անենք կամ նախաձեռնենք, իրենք կպայքարեն, քանի որ իրենց համար դա կարևոր է։ Ստացվում է՝ թիրախը այդ ուսուցիչներն են։ Դրանք այն ուսուցիչներն են, որ իրենց առարկան լավ գիտեն, ակտիվ են և սիրում են նոր բաներ փորձել։

-Իսկ նախագծի ընդունումը և կիրառումը արդյոք մեկ քայլ առաջ կլինի՞ բարձրակարգ ուսուցչական կազմ ունենալու ուղղությամբ։

-Ոչ։ Իմ կարծիքով իրականությունում մենք  ստիպված ենք լինելու ավելի պարզ խնդիր լուծել՝ ուսուցիչ գտնել, որ դպրոցներում ուսուցիչ ունենանք, այդ հարցը հիմա ավելի հրատապ է դառնալու, քան որակյալ ուսուցիչ ունենալը։ Որակյալ ուսուցիչ ունենալու փուլն ավարտվել է, հիմա արդեն պետք է մտածենք ուղղակի ուսուցիչ ունենալու մասին։

-Ստացվում է մենք ավելի կարևոր խնդիր ունենք, քան այն, ինչը փորձ է արվում այս նախագծով լուծել։

-Փորձել են այս հարցում այլ երկրի փորձը  տեղայնացնել, համապատասխանեցնել Հայաստանին։ Բայց այս պահին  այլ խնդիրներ են արդիական։ Նախ պետք է ուսուցիչ ունենանք, հիմա այդ հարցն է մեզ հուզում։ Եթե ուսուցիչ չկա, ենթադրենք մի 5-6 հազար  մասնագետի  որակը և աշխատավարձը բարձրացրեցինք, հետո՞։  Արդյոք բավարա՞ր է այդ թիվը որակ փոխելու համար։ Կարծում եմ՝ չէ։

 

Սերոբ Խաչատրյան ուսուցիչ դպրոց կրթություն խմբագրի ընտրանի հարցազրույց ԿԳՄՍՆ նախագիծ

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին