Անկախ այն հանգամանքից, թե որքան են հարգում քաղաքացուն կամ փաստաբանին, արդարադատության համակարգը չի կարող ազատազրկված անձի կամակորություններով կատարել այն գործողությունները, որոնք կատարում են ՔԿՀ–ներում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը` անդրադառնալով ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի դեպքին։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին դատական նիստերի դահլիճում Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր, դատական նիստն ընդմիջվել էր։ Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապօգնություն կանչել և Վերմիշյանին ԲԿ տեղափոխել։ Դրան ի պատասխան արդարադատության նախարարությունը հայտարարել էր` Վերմիշյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հրաժարվել է բուժօգնությունից, ինչի մասին արձանագրություն է կազմվել:
«Երբ ազատազրկված անձը գանգատ է ունենում, ինքն ստանում է բժշկական անձնակազմի աջակցությունը, և որևէ մեկը չի կարող ասել` ես չեմ ուզում ձեր բժիշկներին, հենց հիմա շտապօգնություն կանչեք: Մանավանդ, երբ բժիշկները տեսնում են, որ դրա կարիքը չկա։ Կան հստակ ստանդարտներ: Եթե մարդն ունի գանգատ, բժիշկը գնահատական է տալիս, և եթե կարիք է լինում՝ «Դատապարտյալների հիվանդանոց» կամ էլ քաղաքացիական հիվանդանոց են տեղափոխում։ Անհրաժեշտության դեպքում շտապօգնություն ենք կանչում: Այսինքն` երբ մարդն ասում է՝ լավ չեմ, բժիշկն ուզում է հետազոտի, եւ ինքը հրաժարվում է, ոտքը խփում է գետնին ու ասում` սա եմ ուզում, նա եմ ուզում, այդպես չի արվում: Եթե իսկապես ցանկությունը բուժօգնությունն է, ապա այս պահին չկա որևէ ազատազրկված անձ, որը չի ստանում ուշադրություն եւ բժշկական օգնություն»,-ասաց նախարարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հուլիսի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել` հայտնելով, որ Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել, որի ընթացքը չի ապահովվում։
Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել է։ Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։
Վերմիշյանն իր հերթին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Նա պահանջել է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել իր պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։ Վերմիշյանն իր դեմ հետապնդումն ակնհայտ քաղաքակական է համարում, իսկ ազատազրկումը, նշում է՝ միջազգային իրավունքում դրան տրված բնորոշմանը համաձայն, բավարարում է քաղբանտարկյալի բոլոր չափանիշներին։