f

Անկախ

Հայկական «գուգիզմի» նուրբ ուրվագծերը


Երբ իմ վաղեմի ընկերը, որն այցելել էր Լեհաստանում գտնվող Պյաստովյան ամրոցը, հիացած պատմում էր մի յուրահատուկ ցուցադրության մասին, անմիջապես  պարզ դարձավ, որ խոսքը ռեժիսոր, օպերատոր, նկարիչ Գուրգեն Գադաչիկի մասին է: Մյուս մասնագիտությունների շարքում իր կոչումը գտնելով նաև մետաղագրության մեջ, և գեղարվեստում բազմազան «իզմերից» չտարբերվելու համար, նա հենց սկզբից իր արվեստը կատակով անվանեց «գուգիզմ», դարձավ դրա հիմնադիրը և, եթե ոչ միակ, ապա հարկավ դրա սակավաթիվ ներկայացուցիչներից մեկը:

Գեղարվեստը մշտապես գրավել է Գուրգենին: Որպես ռեժիսոր, որը գործ ունի բազմաթիվ մարդկանց հետ, նա միշտ մի փոքր նախանձում էր նկարիչներին, որոնք որևէ արվեստի գործ ստեղծելիս միշտ մնում են առանձնության մեջ, իրենց մտքերի և հույզերի հետ միայնակ: Այդպես, ծանր 90-ականներին մետաղի միջոցով Գուրգենը սկսեց հորինել  և ստեղծել իր աշխարհը: Զոդիչ, նրբունելի և մետաղ՝ թերևս ահա այն ամենը, ինչն օգտագործվում էր նրա աշխատանքներում: Եվ, իհարկե, չպետք է մոռանալ անսահման ստեղծագործ մոտեցման մասին, որը գլխավոր դերն էր խաղում նկարների և արձանիկների ստեղծման մեջ, որոնք արտահայտչականության նվազագույն միջոցներով կարողանում են փոխանցել հերոսների տրամադրությունը, զգացմունքներն ու բնավորությունը: Նրբագեղ, փխրուն, բարակ գծով կերտված այդ կերպարները դառնում են բուռն կրքերի, վեհ գաղափարների և բարոյական անսասան հիմքերի կրողներ:

Նկարչի աշխատանքների թեմատիկան ընդգրկուն է՝ քաղաքական և սոցիալական այլաբանություններից մինչև հայտնի մարդկանց դիմանկարներ: Դիմանկարների շարքը ներառում է Կոմիտասին, Շառլ Ազնավուրին, Լեոնիդ Ենգիբարյանին, Օհան Դուրյանին, Քշիշտոֆ Պենդերեցկուն, Յուրի Բաշմետին: Այս կերպարների շարքն անվերջ է, սակայն Գուրգեն Գադաչիկը նաև ստեղծագործում է իր գործունեության բոլոր շերտերում առկա մի թեմատիկայով, որի նկատմամբ վարպետը առանձնահատուկ համակրանք է տածում: Դա թատրոնն է, որը արտացոլվում է նկարչի ստեղծագործություններում՝ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի խորհրդանշանից մինչև հայ մեծ դերասաններ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի և այլոց դիմանկարներն ու արձանիկները: 

Թատրոնը, թերևս, կյանքի այն ոլորտն է, որին Գուրգեն Գադաչիկը նվիրել է իր կյանքը: 1988 թվականին Գուրգենը Հայաստանի հեռուստաընկերության ծրագրերի նախկին տնօրեն Վարուժան Հակոբյանի հետ դիմեց Թատերական գործիչների միության այդ ժամանակվա նախագահ Հրաչյա Ղափլանյանին՝ տեսակենտրոն կազմակերպելու խնդրանքով: Պետք է նշել, որ Ղափլանյանը զարմանալի հնարավորությունների տեր մարդ էր և ղեկավարի լավ հոտառություն ուներ: Նա գիտեր, որ տեսակենտրոնից վնաս չկա, իսկ օգուտ՝ որքան ուզես: Նա, որ կյանքի էր կոչել Երևանի դրամատիկական թատրոնը, բոլորից լավ գիտեր, որ դերասանի կյանքը բեմում և նրա դերերը ակնթարթային են և անցողիկ: Դեռ ոչ մի դերասան չի կարողացել նույնությամբ կրկնել իր խաղացած դերը: Նա հասկանում էր, որ տեսակենտրոնի ստեղծումը հնարավորություն կտար անմահացնելու Հայաստանի տարբեր թատրոնների բեմադրությունների յուրահատուկ նյութերը: 80-ականների վերջին քանդվում էր հին պետությունը և ստեղծվում էր նորը: Թատերական գործիչների միությունում ստեղծվում էր մի վայր, որտեղ դարակներում տարիներ անց տեղ էին գտնելու բեմադրություններն ու դրանց ստեղծման ընթացքն ամփոփող տեսագրությունները, վավերագրական ֆիլմեր դերասանների  մասին, որոնք կարող էին թատերական ինստիտուտի ուսանողների համար ուսումնական հրաշալի նյութ դառնալ: Բեմադրությունը նկարելը բարդ գործ է: Դրա համար հատուկ կրթություն է անհրաժեշտ: Դրամատուրգիայի և ռեժիսուրայի բավարար գիտելիքներ են անհրաժեշտ: Գուրգեն Գադաչիկը տիրապետում էր այդ գիտելիքներին, հասկանում էր թատրոնի լեզուն, կարողանում էր ճիշտ հաղորդակցվել դերասանների հետ: «Մհեր Մկրտչյան. վերջին դեր…», «Սոս Սարգսյան, Շարունակություն», «Վլադիմիր Մսրյան.Կյանք առանց սկզբի և վերջի», «Օհան Դուրյան. Երաժշտության դասեր». Մաեստրո Դուրյանը վարպետության դաս էր անցկացնում: Նա դիրիժորություն էր անում և այդ ամենը նկարահանում էին: Իմիջիայլոց, Մհեր Մկրտչյանի վերջին դերը եղել է «Հացթուխի կինը» ներկայացման մեջ. բեմադրությունը ամբողջապես անմահացրեց Գուրգեն Գադաչիկը: Այժմ ռեժիսորի բոլոր տեսագրությունները թվայնացված են և գտնվում են իր անձնական արխիվում՝ Լեհաստանում: Դրանց թիվը գերազանցում է 300-ը: 

Հայաստանի համար արտասովոր ազգանունով ռեժիսորի և նկարչի նախնիները լեհեր են: Նրա պապը, Յոսեֆ Գադաչիկը, տասնյակ հազարավոր լեհերի հետ արտաքսվել էր Կովկաս և հաստատվել Սպիտակ քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Մեծ Պարնի գյուղում: Այդպես, Հայաստանը դարձել էր նրա երկրորդ հայրենիքը: Յոսեֆը բուժակ էր և օգնություն էր ցուցաբերում բոլոր կարիքավորներին: Գուրգենի հայրը, Ստանիսլավ Գադաչիկը, վերապրել է Սպիտակի երկրաշարժը և վերականգնել Լենինականը: Գուրգենի մայրը հայ էր: Մայրը՝ Նվարդ Բաղդասարյանը, Երևանում Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի թանգարանների հիմնադիրն էր: Գուրգենը ծնվել, ապրել և աշխատել է Հայաստանում: Աշխատում էր սիրով, հաճույքով, միշտ անում էր այն, ինչ իրեն հոգեհարազատ էր: 90-ականների կեսերին, երբ նրա «գուգիզմը» ծաղկում էր, իսկ տեսակենտրոնի դարակները համալրվում էին նոր նյութերով, ես հարցրի Գուրգենին, թե արդյոք երբևէ կպատահի՞, որ ինքը տեղափոխվի իր նախնիների հայրենիք և այնտեղ ապրի:  «Իմ արմատները ե՛ւ այստեղ են, ե՛ւ այնտեղ,- պատասխանեց Գուրգենը,- Հայաստանում այնքան բան եմ արել արդեն, որ պարզապես չեմ կարող թողնել ամենը և այլ վայրում զրոյից սկսել կյանքս: 

Ինչքան էլ վստահ լինի մարդն իր խոսքերում, շատ դեպքերում կյանքն այլ կերպ է դասավորվում, և դրա հետ չես վիճի: Աստծո գծած ճանապարհները անքննելի են: Արդեն 10 տարի է Գուրգենը ապրում է հարմարավետ լեհական քաղաքում՝ Ռացիբուժում, որտեղ տեղի տեսարժան վայրերի շարքում տեղ են գտել նաև կերպարվեստի նոր ուղղության՝ «գուգիզմի» նմուշները, որոնք չորս տարի զարդարել են հինավուրց Պյաստովյան ամրոցի (այժմ գործում է որպես մշակույթի կենտրոն) պատերը:  

Ինչ վերաբերում է տեսանյութերին, դրանք Գուրգենի հավաքածուի անկրկնելի գանձերն են և սպասում են այն ժամին, երբ որևէ մեկը պրոֆեսիոնալ կերպով կհետաքրքրվի այդ յուրահատուկ նյութերով: Գուրգենը առաջվա նման նկարահանում է, սակայն արդեն իր իսկ ընտանեկան արխիվի համար, իր երեխաների և թոռների համար, որոնցով հպարտանում է: Առաջվա պես արվեստի մեջ չի կարողանում տանել վուլգարը և կոպիտը. համոզված է, որ  մարդկանց մեջ պետք է զարգացնել հոգևորը, չի ընդունում ցուցադրական ոչ մի բան, որն այժմ շատ տարածված է, և պարզապես վայելում է կյանքի պարգևած ամեն օրը: Չէ՞ որ այլ կերպ նա չի կարող:

ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Ռուս. թարգմանեց  ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ

Աղբյուրը՝ Ազգ

 

Հայաստան Գուրգեն Գադաչիկ կերպարվեստ

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին