ԱՄՆ նախագահի ներկա բժիշկ Քևին Օ'Քոնորը հայտնել է, որ Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը ևս մեկ անգամ դրական արդյունք է տվել։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։ Գրում է Gazeta.ru-ն։
Երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին COVID-19-ի բացասական թեստերից հետո, շաբաթ օրը՝ հուլիսի 30-ին, նախագահի առավոտյան հակագենի թեստը դրական է եղել, ասել է բժիշկը։
Օ'Քոնորն հավելել է, որ Բայդենը «չի զգում COVID-19-ի ախտանիշներ և շարունակում է իրեն բավականին լավ զգալ»: Սակայն, ինչպես նշել է բժիշկը, հակագենի թեստի դրական արդյունքի պատճառով երկրի ղեկավարը կրկին կարանտինի է անցնում։
Ավելի վաղ Բայդենը, կորոնավիրուսի պատճառով հինգ օրվա ինքնամեկուսացումից հետո, հայտնվել էր լրագրողների առջև և խոսել իր ապաքինման մասին։
Նախագահը շնորհակալություն էր հայտնել հանրությանը և իրեն բուժող բժիշկներին։ Նրա խոսքով՝ հիվանդության ախտանշաններն այնքան էլ էական չեն եղել՝ հիմնականում նախորդ պատվաստումների պատճառով, և նա կարողացել է «առանց դադարի» աշխատել անցած հինգ օրվա ընթացքում։