Հանրապետական կուսակցության անդամները Ֆլորիդայում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո կալվածքում իրականացված խուզարկությունները համեմատել են գեստապոյի գործողությունների հետ։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Գրում է Gazeta.ru-ն։
Հանրապետականների կարծիքով՝ նման մանևրներ կարող են լինել միայն երրորդ աշխարհի երկրներում կամ բանանային հանրապետություններում՝ այն երկրներում, որտեղ գործում է բռնապետություն։
Թրամփի կուսակիցները կոչ են արել անկախ հետաքննություն անցկացնել։ Բացի այդ, նախկին փոխնախագահ Մայք Փենսն ասել է, որ անհրաժեշտություն կա վերացնել «Արդարադատության նախարարության կողմնակալությունը», որը վերահսկում է Հետաքննությունների դաշնային բյուրոն:
Վիրջինիայի նահանգապետ Գլեն Յանգկինն իր հերթին ընդգծել է, որ քաղաքական դրդապատճառներով գործողություններ չեն կարող տեղի ունենալ ժողովրդավարական երկրում։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքքարթին խոստացել է հետաքննություն սկսել Արդարադատության նախարարության գործունեության վերաբերյալ, եթե կուսակցությունը հաղթի այս նոյեմբերի ընտրություններում:
Ավելի վաղ Թրամփի կրտսեր որդին՝ Էրիկ Թրամփը, հոր կալվածքի վրա կատարված հարձակումներն անվանել էր «համակարգված հարձակում»։
Մինչ այս ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը տեղյակ է Մար-ա-Լագոյի իր կալվածքում խուզարկությունների մասին՝ չնայած Սպիտակ տան կողմից հակառակ հավաստիացումներին։