Սովորական հայտարարությունների, դատարկ հռետորաբանության և իրավիճակային որոշումների ժամանակը սպառվում է Անդրկովկասում: Մոտենում է առանցքային հարցի՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ վճռական որոշումների պահը:
Ղարաբաղյան մրցուղում հասունանում է հերթական սուր քաղաքական-դիվանագիտական ինտրիգը: Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժանմունքի փոխտնօրեն Իվան Նեչաևը ճեպազրույցի ժամանակ հայտնեց մինչև օգոստոսի վերջը Բաքվի, Երևանի և Մոսկվայի եռակողմ շփումների պատրաստության մասին: Նրա խոսքով՝ շփումները երեք երկրների միջև կազմակերպվելու են «բարձր մակարդակով»: Նա ճշտեց նաև, որ դրանց թեման դառնալու են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման տարբեր ուղղությունները, և ընդգծեց, որ «առավել մանրամասն տեղեկությունները կհայտնեն ավելի ուշ»:
Նկատենք անմիջապես, որ քաղաքական գործելակերպում դիվանագետները հաճախ չեն կիրառում առաջիկա «բարձր մակարդակի» հանդիպման մասին ժամանակից շուտ՝ մինչև դրա հնարավոր գործնական իրականացումը ծանուցելու հնարքը: Դա միշտ արվում է որոշակի նպատակներով: Առաջին. պարզ է, որ Նեչաևը ապագա իրադարձությանն ուղղված այս տեղեկատվական նախաձեռնությամբ, առանց դրան հատուկ քաղաքական հավակնություն վերագրելով, հանդես է եկել ԱԳՆ ղեկավարության հետ համաձայնեցված: Երկրորդ. Մոսկվայում նախատեսվող Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների թեման չի նշվում, հետևաբար տեղեկատվության պակասը լրացվելու է տարբեր վերլուծական դատողություններով: Երրորդ. Ռուսաստանի ԱԳՆ-ի վարվելակերպը թելադրված է Բաքվի և Երևանի փոխհարաբերությունների ստեղծված իրավիճակով, բայց այն չի բարձրացվել նորությունների աստիճանի, ինչը նվազեցնում է հիմնախնդրի քաղաքական հրատապությունը: Դա կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառնելով՝ կապված ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների քաղաքական համատեքստով:
Խնդիրն այն է, որ մինչ այս Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել էր, որ Ալիևը և Փաշինյանը կարող են հանդիպում ունենալ Բրյուսելում: Ճշգրիտ ժամկետների մասին առայժմ խոսք չկա, բայց հայտնի է թեման՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը: Ընդ որում, աչքի է զարնում այն հանգամանքը, որ Միշելը միշտ անդրկովկսյան խաղի մեջ է մտնում, երբ սրվում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Այդպես էր անցած տարվա ամռանը, երբ նա այցելեց Բաքու և Երևան և երբ սկսվեցին առաջին լուրջ բախումները ղարաբաղյան հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնություններից հետո: Երբ 2021 թ. նոյեմբերին Հայաստանի Սյունիքի մարզի և Ադրբեջանի Քելբաջարի շրջանի սահմանին մարտեր սկսվեցին, Միշելին հաջողվեց Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպում կազմակերպել Բրյուսելում: Այդ կապակցությամբ շատ փորձագետներ անմիջապես ուշադրություն դարձրին այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ն սկսել է «սեփականեցնել» 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնության դիրքերը, ներառյալ Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան ճանապարհի բացումը:
«Որոշվել է ձեռնամուխ լինել երկաթուղային գծերի վերականգնմանը՝ համապատասխան սահմանապահ և մաքսային հսկողության միջոցներով, փոխադարձության սկզբունքի հիման վրա: ԵՄ-ն պատրաստ է աջակցելու միացնող գծերի զարգացմանը իր տնտեսական և ներդրումային պլաններին համապատասխան: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը նույնպես կարող է նպաստել այդ գործընթացին»,- ասվում էր բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին համատեղ հայտարարության մեջ:
Այդպես փաստորեն, բացի մոսկովյանից, ի հայտ եկավ նաև բրյուսելյան միջնորդական կենտրոնը: Հիմա դրանք գործում են, բայց Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտության պայմաններում: Եվս մի կարևոր հանգամանք: ԵՄ-ն պնդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը, որի կազմում Ռուսաստանն է, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Բայց Մոսկվան համարում է, որ Արևմուտքը կազմաքանդել է այդ խումբը: Ալիևը առհասարակ խոսում է դրա քաղաքական գործունակության կորստյան մասին: Եվ այդուհանդերձ Երևանի հետ ընդունում է Միշելի միջնորդական ջանքերը:
Ուրեմն կարելի է հետևյալ եզրակցությունն անել: Ալիևը ոչ հրապարակայնորեն ընդունել է ԵՄ-ի առաջարկը ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման, այլ իր տարածքում այսպես կոչված հայկական անկլավի վերաբերյալ, ինչը ձեռնտու է Փաշինյանին: Ստեղծված կիրավիճակում երկու կողմերի նման դիրքորոշումը միայն կարող է հանգեցնել այդ խնդրի փոխզիջումային որոշմանը և կվերացնի արգելապատնեշները խաղաղության պայմանագրի ճանապարհին: Հակառակ դեպքում խոսք կարող է լինել միայն երկու կողմերից դիվանագիտական սխոլաստիկայի կիրառման մասին: Բայց այդ դեպքում ստացվում է, որ Ադրբեջանը պարզապես Բրյուսելում կհնչեցնի իր դիրքորոշումը, Հայաստանը՝ իր: Եվս մի հանգամանք՝ Լեռնային Ղարբաղում ռուսական խաղաղապահների ներկայության հեռանկարները: Չի բացառվում, որ ԵՄ-ն պահանջի այդ զորակազմը տարրալուծել ուրիշ երկրների ռազմական ստորաբաժանումներով:
Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա ուշադիր հետևում է Անդրկովկասի իրադարձություններին: Սովորական հայտարարությունների, դատարկ հռետորաբանության և իրավիճակային որոշումների ժամանակը սպառվում է: Մոտենում է վճռական որոշումների պահը առանցքային հարցի՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ: Բայց այդպիսի որոշում պետք է ընդունի նաև Եվրամիությունը: Այդ խնդիրը կրկին սկսում է ծառանալ իր ողջ սրությամբ Անդրկովկասի աշխարհաքաղաքականության մեջ տեղի ունեցող տեկտոնիկ տեղաշարժերի խորապատկերում:
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ ИА REGNUM