f

Անկախ

Մանուկ հասակում չէի հասկանում, թե հողի կարոտն ինչ է, հիմա ինքս եմ այդ կարոտը զգում․ քաշաթաղցի


«Գրեթե երկու տարի է անցել, բայց դեռևս չենք հարմարվում այն նոր իրավիճակին, որ չկա այն ամենը, ինչը մերն էր, ինչ ունեինք։ Մեր կյանքի 26 տարիներն ենք կորցրել»,- ասում է Արցախի Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղի բնակիչ, 30-ամյա Անուշ Գալստյանը։

Գալստյանների ընտանիքը Մոշաթաղում է հաստատվել 1994-ին, պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Եղել են գյուղի առաջին վերաբնակներից։ Անուշ Գալստյանը նշում է՝ հայրենասիրական մղումներով իր պապն էր առաջնորդվում, ուզում էր վերաբնակեցնել ազատագրված հայրենիքը, նրա դստեր և երկու որդիների ընտանիքներն էլ իրեն են միացել ու միասին հաստատվել Մոշաթաղում։ Իսկ հյուսիսային թևի բնակավայրերից ընտրել են հատկապես Մոշաթաղը, քանի որ այստեղ ջրի խնդիր չկար։

«Ինքս սկզբնական տարիները չեմ հիշում, բայց մեծերի պատմելով շատ դժվար է եղել։ Տները եղել են այրված և քանդված, այգիները՝ հատած։ Չի եղել ոչ էլեկտրականություն, ոչ կոմունալ որևէ հարմարություն։ Բայց այդ դժվարությունները որևէ մեկին հետ չպահեցին, աշխատեցին ու շենացրեցին գյուղը»,- ասում է Անուշ Գալստյանը՝ հավելելով, որ իրենցից հետո Ջերմուկից  շատ այլ ընտանիքներ  են հաստատվել Մոշաթաղում։

«Մինչև վերջին տարիները մեր բակում մի վագոն-տնակի նման  բան կար, որն արդեն որպես ցախանոց էր ծառայում։ Իսկ սկզբնական տարիներին այն ծառայել է որպես գյուղի երեխաներին դպրոց տեղափոխող միջոց։ Պապս ու հայրս էին կառուցել։ Կցում էին մեր մեքենային ու դրանով գյուղի երեխաներին հարևան գյուղի դպրոց տանում, ապա բերում»,- պատմում է Անուշը։ 

Լինելով մանկավարժների ընտանիք՝ նրանք գիտակցում էին կրթության կարևորությունը և ջանք չէին խնայում, որ գյուղում էլ դպրոց լինի․ վստահ էին, որ երեխաների՝ կրթության հնարավորություն ունենալու դեպքում ծնողներն ավելի հեշտ կհարմարվեին նոր պայմաններին ու չէին մտածի հետ վերադառնալու մասին։

Անուշ Գալստյանի տատը վաստակավոր մանկավարժ է, դասավանդել է Մոշաթաղի դպրոցում, նույն դպրոցում են դասավանդել նաև նրա հայրը, մայրը և հորեղբայրը։ Մինչ օրս Անուշի մայրը պաշտոնապես Մոշաթաղի դպրոցի տնօրենն է։ Անուշն էլ համալսարանն ավարտելուց հետո 4 տարի դասավանդել է դպրոցում։

«1995-ից արդեն մեր գյուղն էլ դպրոց ուներ, մեծ շենքի մի փոքր մասնաշենքն էին վերանորոգել և դպրոց դարձրել»,- ասում է Անուշը՝ հավելելով, որ 2019-ին  գյուղի դպրոցը վերանորոգվել էր «Հայրենասեր» ՀԿ-ի կողմից ու այլևս համապատասխանում էր  ժամանակակից բոլոր պահանջներին։ Ցավոք, նոր վերանորոգված ու վերազինված դպրոցը գյուղի մատաղ սերունդը գրեթե չհասցրեց վայելել։ 

Անուշ Գալստյանն այս լուսանկարում աջից առաջինն է

Հիշում է՝ իրենց ուսման սկզբնական տարիներին դասագրքերի պակաս կար, մի քանի աշակերտներով մեկ դասագիրք էին ունենում։ Բայց ժամանակի ընթացքում դասագրքերի խնդիրը լուծվել էր, իսկ բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ որևէ երեխա առանց գրենական պիտույքների չէր մնում։ 

Խոսելով գյուղի հետ կապված հուշերի մասին՝ Անուշն ասում է, որ չնայած դժվարություններին իրենք երջանիկ ու անհոգ մանկություն են ունեցել։ «Գյուղում հատուկենտ երեխաներ եռանիվ հեծանիվ ունեին։ Մեր տանը ես էլ ունեի, եղբայրս էլ։ Ու հիշում եմ, որ ողջ գյուղի երեխաները մեր բակում հերթ էին կանգնում, որ հեծանիվ քշեն։ Հետո բակային խաղերն եմ հիշում, որ ողջ գյուղի երեխաներով էինք խաղում։ Նաև միջգյուղային մրցումներ էինք կազմակերպում։ Անգամ մեծերն էին ֆուտբոլի մրցումներ կազմակերպում, և դա մեծ իրադարձություն էր, երբ մեր պապաները գնում էին ֆուտբոլ խաղալու»,- հիշում է նա։

Վստահեցնում է՝ գյուղի երեխաներով շատ հագեցած առօրյա են ունեցել, անգամ ամռան ամիսներին, երբ և արշավներ էին իրականացնում , և ուսանողական միությունների աջակցությամբ ամառային ճամբարներ էին կազմակերպվում։

« Հիմա, երբ  հետադարձ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ մենք անհոգ էինք, մեզ համար նշանակություն չուներ՝  թանկ շոր ու կոշիկ էր, թե ոչ, մրցակցություն չկար մեր մեջ՝ ում ունեցածն  է ավելի լավը, մենք բակում հավասարը հավասարի նման խաղում էինք բոլորով միասին։ Այն ժամանակ, եթե մեկը լավ էր  ապրում, մյուսը վատ, երբեք մատնացույց չէին անում, թե դու վատ ես ապրում, տարբեր ես, հակառակը, այն ժամանակ մարդիկ իրար օգնում էին։ Ամբողջ գյուղի երեխեքին մամաս մեր փոքրացած շորերով ու կոշիկներով էր օգնում։ Իսկ երբ մայրս 1998-ին երկվորյակներ ունեցավ, ողջ գյուղը մամայիս էր  օգնում  երեխաներին խնամելու հարցում»,- ասում է նա։

Խոսելով գյուղում կրած դժվարությունների մասին՝ Անուշն առաջնահերթ մատնանշում է ճանապարհների ոչ բարվոք վիճակը։ Հիշում է՝ սկզբնական տարիներին գյուղից ելումուտը դժվար էր, քանի որ ճանապարհները դժվարանցանելի էին, ավտոմեքենաներն էլ՝ քիչ։ «Հիշում եմ, որ շաբաթական երկու օր դեպի շրջկենտրոն գնացող ավտոբուս կար, բայց այդ ավտոբուսներից մեկն անսարք էր, ու դրանով գնացողը երբեք չգիտեր, թե երբ տեղ կհասնի կամ արդյոք երեկոյան գյուղ կհասնի, թե ոչ։ Բայց հետագայում այդ հարցը լուծվեց։ Իսկ երբ դպրոցական էի, գյուղում արդեն խանութ ունեցանք ու առաջին անհրաժեշտության պարագաների համար այլևս մարդիկ ստիպված չէին մի քանի ընտանիքներով միավորվել ու Գորիս հասնել»,- պատմում է նա։

Անուշը նշում է՝ եթե սկզբնական տարիներին գյուղում աշխատանք գտնելը խնդիր էր, ապա վերջին տարիներին գյուղի ենթակառուցվածքները զարգացել էին, կային աշխատատեղեր։ «Թուֆենկյան հիմնադրամի աջակցությամբ մեր դպրոցի առաջին հարկում մի հատված վերանորոգվեց և վերածվեց մանկապարտեզի՝ կենտրոնական ջեռուցումով, քնելու հատվածով։ Նաև ՀԷԿ-եր ունեինք գյուղում, որտեղ բավականին թվով մարդիկ էին աշխատում»,- ասում է նա։

Համեմատելով 1994-ի և 2020-ի Մոշաթաղը՝ Անուշն ասում է, որ այն ժամանակ գյուղում ամենուրեք մարդու հասակի խոտ էր, մոշի թփեր,  այրված ու  կիսաքանդ տներ, ականապատ տարածքներ։ Իսկ պատերազմից առաջ գյուղն արդեն ուներ վերանորոգված դպրոց ու մանկապարտեզ, հանդիսությունների սրահ, ակումբ։ Ճանապարհներն էլ հարթեցվել էին, անգամ ցածր ավտոմեքենաների համար անցանելի էին։   «Նախատեսվում էր, որ 2020-ին գյուղը պետք է գազաֆիկացվի։ Այն էլ շաբաթն ուրբաթից շուտ եկավ»,- ասում է նա։

«Մեր գյուղում բարեկեցության մակարդակը բավականին բարձր էր, մարդիկ աշխատում էին, ապրում էին ապահովված ու իրենց կյանքից գոհ։ Մարդիկ ոչ մի բանի խնդիր չունեին։ Եթե մարդ իրոք ցանկանում էր բարեկեցիկ կյանք ունենալ, կարող էր դա ստեղծել։ Մոշաթաղում մարդիկ այն նախապայմաննեը ստեղծել էին, որ հանդարտ ու լավ որակի կյանք ունենան»,- ասում է նա։

Վստահեցնում է՝ ոչ իր ծնողները, ոչ ինքը երբևէ չեն զղջացել Արցախում հաստատվելու որոշման և այնտեղ ապրած տարիների համար։ Ավելին, հնարավորության դեպքում նորից Մոշաթաղում կհաստատվեն․ այնտեղ կյանքն էլ էր ուրիշ, մարդկային հարաբերություններն էլ։ 

«Մարդիկ իրար թև ու թիկունք կանգնելով գյուղը շենացրեցին։ Մեր գյուղում մարդիկ միմյանց հետ շատ բարեկամական էին՝ իրար հյուր էին գնում, երեկոները միմյանց հետ էին անցկացնում։ Վարդավառն, օրինակ, ողջ գյուղով էինք նշում՝ բոլորով միմյանց վրա ջուր էինք ցանում, հետո միասին սեղան նստում։  Ունեինք նաև մի հետաքրքիր ավանդույթ՝ առու հանելու ավանդույթ էր կոչվում։ Ամեն գարնանը, երբ վարուցանքի ժամանակը գալիս էր, գյուղի բոլոր տղամարդիկ հավաքվում էին ու բահերով գնում  ոռոգման առու մաքրելու ու վերակառուցելու։ Անգամ տղա երեխաներին հետները տանում էին։ Բահը ձեռքներին բանակով գնում էին առու հանելու»,- պատմում է նա։  

Խոսելով պատերազմի մասին՝ ասում է, որ քառօրյա պատերազմից հետո նոր պատերազմի վտանգն օդում կախված էր, մարդիկ զգում էին, որ մի օր նորից այն վերսկսվելու է, բայց հոգեպես պատրաստ չէին դրան։ 

«2020-ի պատերազմը շատ անսպասելի էր։Սկզբնական մի քանի օրերին բոլորն այն կարծիքին էին, որ հերթական դիվերսիան են կազմակերպել ու  շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի»,- պատմում է նա։ Անուշը նշում է՝ իր երկու եղբայրները մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը։ «Իրենք առաջնագծում էին, բայց մեզ իրենց ունեցած տեղեկությունները հասանելի չէին։ Նաև իրենք էլ հույս են ունեցել, որ ի վերջո ամեն բան լավ կլինի»,- ասում է նա։ Հիշելով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ պատմում է, որ սկզբում շոկային վիճակ էր, չէին հասկանում, թե ինչ ու ինչու է կատարվում։ «Մարդիկ պետք է գյուղը լքեին, բայց ուր գնային, չէ՞ որ տեղ էլ չունեին գնալու»,- ասում է նա։ 

Ասում է՝ ինչպես 90-ականների սկզբին գյուղը այրված ու կիսաքանդ են գտել, նույն վիճակով էլ թշնամուն են թողել՝ հատել են իրենց այգիներն ու այրել տները։ Եթե երբևէ կարողանան նորից Մոշաթաղ վերադառնալ, ամեն ինչ նորից զրոյից կսկսեն։ 

Հարցին, թե ինչն է օգնում, որ չկոտրվեն, ասում է․ «Ծնողներին օգնում են երեխաները, երեխաներին էլ՝ ծնողները։ Ամեն մեկը հանուն մյուսի փորձում է չկոտրվել ու նորից ամեն ինչ զրոյից ստեղծել»։

«Մեր կորցրածը հետ բերելը մեծ երազանք է։ Փոքր ժամանակ, երբ հեռուստացույցով տեղահանվածների պատմություններ էին ներկայացնում, չէի հասկանում, թե հողի կարոտը որն է, ինչպես կարելի է հողը կարոտել։ Հիմա արդեն հասկանում եմ, թե ինչն էին կարոտում և ինքս եմ այդ կարոտը զգում։ Ոչ թե հողն էին կարոտում, այլ այն տաքուկ կյանքը, որ այդ հողի վրա, այդ տարածքում ունեին»,- ասում է նա։

Խոսելով Բերձորի միջանցքի հանձնման մասին՝ Անուշն ասում է, որ նոր այլընտրանքային ճանապարհն այնքան էլ այլընտրանք չէ, այդպիսով Արցախը շրջափակման մեջ է հայտնվում, ինչպես 90-ականների սկզբին էր։  «Եթե հանձնեն Բերձորի միջանցքը և շրջափակում լինի, Արցախը որպես  հայկական հող երկար չի կարող գոյատևել, շուտով կթուրքացվի»,- ասում է նա՝ բացառելով, որ այսքան կռիվներից հետո հայը կարող է թուրքի կողքին, առավել ևս թուրքի տիրապետության տակ անհոգ ապրել։ 

Հարցին, թե որն է պատճառը, որ անտարբեր ենք դարձել մեր կորուստների հանդեպ, զուտ արձանագրում ենք դրանք, բայց ոչ կանխարգելում, Անուշը պատասխանում է․ «Երևի թե պատճառը ցավն է։ Երբ մարդ երկար ժամանակ ցավ է ապրում, հատկապես կորստի ցավ, դրանից հետո բթանում են բոլոր զգացմունքները, այսպես ասած,  էլ ոչ մի բան ոչ նկատում է, ոչ զգում։ Ծննդաբերական ցավի հետ համեմատենք, կա չէ պահ, որ ցավն այնքան ուժգին է, որ քեզ թվում է, որ այլևս չես զգում այն։ Հիմա  դրա նման մի վիճակ  է։ 

Մեր ընտանիքում բարբախտաբար զոհեր չեն եղել, բայց այդ հանգամանքը չի նշանակում, որ մենք չենք ցավել  հարազատի կորստով, չենք ցավել ամեն մի զինվորի կորստով։ Ու այդպես բոլորը։ Ուրիշի ցավն էլ քոնն է դառնում, սա բոլորիս ցավն էր, ոչ թե մեկի, դրա համար համընդհանուր բթացում է նկատվում մեր ազգի մոտ»։


 

խմբագրի ընտրանի կորսված հայրենիք Արցախ Քաշաթաղ Մոշաթաղ 44-օրյա պատերազմ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին