f

Անկախ

«Տեղի ունեցածը պետության գլոբալ պայթյունի հերթական լոկալ դրսևորումն էր»․ Հարություն Մեսրոբյան


Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի համակարգող Հարություն Մեսրոբյանը։ 

-Պարոն Մեսրոբյան, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը բացահայտեց մի շարք խնդիրներ հակաճգնաժամային կառավարման ոլորտում։ Դուք՝ որպես կառավարման փորձագետ, որն ունի նաև ճգնաժամային իրավիճակներում կառավարման երկարատև փորձ, ի՞նչ խնդիրներ կարող եք մատնանշել։

-Նախ, ուզում եմ հայտնել ցավակցությունս զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Ես ժամանակին եղել եմ փրկարարական ջոկատի հրամանատար և նման իրավիճակներում շատ եմ հայտնվել ու գիտեմ, թե ինչպես է պետք գործել։ Այն, ինչ տեսանք ԶԼՄ-ներով և այլ տեսանյութերով, մեծամասամբ անգրագետ մոտեցման դրսևորում էր։ Բանն այն է, որ ճգնաժամի ժամանակ, նամանավանդ փլուզումների, հրդեհների ու պայթյունների ժամանակ, թիվ մեկ խնդիրը տեղում գտնվող մարդկանց անվտանգությունն ու կազմակերպվածությունն ապահովելն է, որովհետև այդ մարդիկ հիմնականում շոկի մեջ են ընկնում և կարող են ջղաձիգ քայլեր կատարել, սխալներ գործել, որոնք շղթայաբար ավելացնում են տուժածների քանակը։ Նման իրավիճակներում պետք է բավականին կոշտ միանձնյա հակաճգնաժամային փրկարարական կառավարում իրականացնել։

Ես կարող եմ նույնիսկ մի դեպք հիշել․ 1990-ին մեր ջոկատը փրկարարական գործողություն էր իրականացնում Երևանում, որտեղ ավտոտնակներից մեկում պայթել էր զինամթերք։ Պայթյունի հետևանքով վնասվել, անգամ ավերվել էին հարակից շենքերի որոշ տնտեսական պատշգամբներ, կային զոհեր և վիրավորներ։ Բնակչության շրջանում սկսվել էր մեծ խուճապ։ Ես մի քանի կարճ գործողությամբ խուճապը մարեցի։ Առաջինը՝ կոշտ ձևով, ջոկատի տղաների միջոցով մեկուսացրեցի պայթյունի տարածքը հենց բնակիչներից՝ ազատելով տարածքը կողմնակի բոլոր մարդկանցից, և տղաները սկսեցին փրկարարական գործողությունները։ Չպետք է թողնել, որ խուճապի մատնված ժողովուրդը մասնակցի, ավելի ճիշտ՝ խանգարի փրկարարական գործողություններին։ «Սուրմալու»-ի դեպքում էլ պետք էր հատուկ զորքերի միջոցով արագ շրջափակել տարածքը, որպեսզի աղետի գոտի անգամ ծիտը չկարողանար ներթափանցել, ինչը չարվեց։

Ինչ վերաբերում է տեղի ունեցածին ընդհանրապես, ապա դա պետության գլոբալ պայթյունի հերթական լոկալ դրսևորումն էր։ Երբ ողջ օրգանիզմը մահացու հիվանդ է, օրգանիզմի տարբեր հատվածներում միշտ «միկրոպայթյուններ» են տեղի ունենում։

-Վերջին շրջանում մենք համակարգված ձևով նաև հոգեբանական ճնշումների և ահաբեկումների ենք ենթարկվում։ Խոսքը վերաբերում է հանրային տարբեր վայրերում պայթուցիկ նյութերի առկայության մասին արդեն հաճախակի դարձած ահազանգերին։ Ինչի՞ մասին է սա վկայում։

- Երկու ուղղությամբ պետք է մտածել և գործել․ առաջինը, որ դա արվում է միտումնավոր՝ ավարտին հասցնելու երկրի ջլատումն ու փլուզումը, երկրորդ՝ տագնապի ժամանակ նման դրսևորումներն ինքնաբերաբար սկսում են ակտիվանալ․ մեր հասարակության մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր նյարդային իմաստով թույլ են, հեշտ են խուճապի ենթարկվում, և շիկացած իրավիճակներում նման երևույթներն ինքնըստինքյան ի հայտ են գալիս։ Այս երկու գործոնները պատկան մարմինները պետք է զանազանեն և շատ կոշտ վերացնեն:

- Պարոն Մեսրոբյան, այս օրերին տեղի է ունենում Քաշաթաղի շրջանի 3 բնակավայրերի՝ Բերձորի, Աղավնոյի և Սուսի հայաթափումը։ Ընդ որում, ինչպես հայտնի է դառնում, օգոստոսի 26-ն Ալիևի կնոջ ծննդյան օրն է, իսկ հայկական բնակավայրերի հանձնումը կամ ինչպես Ադրբեջանն է նշում՝ «ազատագրումը» նախատեսված է օգոստոսի 25-ին։ Դուք դիտավորություն տեսնու՞մ եք սրանում։

- Նախ վերջին տարիներին Ադրբեջանը ոչ թե «ազատագրում է», այլ մենք ենք մեր հոժար կամքով տալիս մեր բնակավայրերը։ Երկրորդ՝ ինձ ոչ այնքան այդ զուգադիպություններն ու դիտավորություններն են հետաքրքրում, ինչքան մտահոգում է այն փաստը, որ հայերը նահանջում են և ավերում սեփական երկիրը՝ բռնելով ինքնաոչնչացման ճանապարհը հիմար բացատրություններով՝ խաղաղության դարաշրջան և այլն։ Այնպիսի տպավորություն է, որ մենք որոշել ենք ոչ թե ապրել, այլ բացատրել մեր զանգվածային մահը։ Սա անընդունելի է։

-Փաստորեն, ժողովրդի համար արդեն սովորական է դարձել ոչ միայն փոքր տարածքների հանձնումը թշնամուն, այլև ամբողջական բնակավայրերի։ Մենք տեսանք, որ մարդկանց մեծ մասին առանձնապես դա չի հետաքրքրում։ Մինչդեռ նախկինում մի քանի հարյուր հեկտար հողի համար մեծ աղմուկ էր բարձրացվում, ակցիաներ և այլն։ Ինչպե՞ս կբացատրեք այս համատարած անտարբերությունն ու անգործությունը։

-1915-ին էլ հազարավոր հայ գաղթականներ Դեր Զորում մի քանի ասկյարների ուղեկցությամբ, խելոք գնում էին դեպի սեփական գերեզման։ 2018-ից ի վեր հրապարակավ զգուշացնում եմ, որ մենք մտնում ենք ողբերգական շրջան՝ բիֆուրկացիոն կետ։ Պարբերաբար ինձ ասում էին՝ պարո՛ն Մեսրոբյան, բա ու՞ր է Ձեր գուշակած ողբերգությունը։ Եղավ 2020-ի պատերազմը, որից հետո շարունակվում են ողբերգությունները։ Այդ բոլոր հարց տվողներին ես հիմա ասում եմ՝ նայե՛ք ձեր շուրջը և կտեսնե՛ք տևացող ողբերգությունը։ Ուրիշ բան, որ Երևանի կենտրոնի սրճարաններում դեռ ողբերգություններ չկան։ Բայց եթե շարունակենք նման ձևով մեզ պահել, սրճարաններում անհոգ վեր ընկածներին երաշխավորում եմ՝ դա էլ կլինի։ Դրա համար եկեք ընդունենք, որ ոչ թե մեզ են ցեղասպանում, այլ մենք ենք ցեղասպանվում։ Ի դեպ, Մեծ Եղեռնի ժամանակ էլ մեր ցեղասպանվելուն նպաստել են նաև շատ հայեր՝ սովորական ռամիկից սկսած, մեծահարուստներով, նախարարներով ու քաղաքական գործիչներով վերջացրած։ Հիմա որ ես նայում եմ մեր քաղաքական դաշտին, տեսնում եմ 1915-ը՝ մինչ ապրիլի 24-ը։

-Այս իրավիճակում ի՞նչ եք կարծում, արդյո՞ք շարժում չի կարող ձևավորվել։ Կամ Դիմադրության շարժումը կարո՞ղ է նորից թափ հավաքել և ինչ-որ բան փոխել մեր երկրում։

-2020-ի փետրվարին, երբ դեռ Հայրենիքի փրկության շարժումն էր, իսկ ընդդիմադիրները սկսեցին պատրաստվել վազելու արտահերթ ընտրությունների, ես նրանց հրապարակավ բազմաթիվ անգամներ զգուշացնում էի, որ դա շատ երկարատև ու դաժան ազդեցություն է ունենալու մեր երկրի վրա մոտակա տարիներին։ Եվ երբ սկսվեց այս նոր՝ Դիմադրության շարժումը, մարդկանց մի մասն արդեն հոգեպես ջարդվել էր, քանի որ շատերը մտածում էին, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա քաղաքական ընդդիմադիր «ջոջերը» կարող են հետքայլ անել։

Փաստորեն, նախորդ աններելի սխալն իր ազդեցությունը թողեց, որպեսզի այս շարժումը թափ չհավաքի։

Իհարկե այլ սխալներ էլ կային։ Ես ինքս մի քանի անգամ ԶԼՄ-ներով, այդ թվում և Ձեր կայքի միջոցով, հրապարակավ խորհուրդներ եմ տվել շարժման ղեկավարներին։ Ավելին, ինձ հետ կապվել էր շարժման ղեկավար ներկայացուցիչներից մեկը և խնդրել, որ ես ներկայացնեմ առաջարկություններ։ 3 էջանոց առաջարկություններ եմ ներկայացրել, բայց հետո տեսա, որ նույն սխալներն առանց շտկվելու շարունակվում են։ Մենք հաճախ իշխանություններից ենք բողոքում, որ չեն լսում խորհուրդներ, առաջարկներ, բայց նույն ընդվզողներն այս իմաստով իշխանություններից չեն տարբերվում։ Իսկ դա մեկ բացատրություն ունի․ մեր պայմանական էլիտան ունակ չէ գլոբալ խնդիրներ լուծելու՝ լինի իշխանության մեջ, թե ընդդիմադիր դաշտում։ Կա ևս մեկ կարևոր պատմականորեն ձևավորված հանգամանք. մենք՝ հայերս, չունենք համակարգային մտածելակերպ և ներքին հետադարձ կապ: Այսինքն, ունակ չենք խնդիրն ամբողջական ընկալել իր բոլոր ներքին ու արտաքին կապերով և լսել այլ կարծիքներ:

Հիմա էլիտան, որն ընդվզման փորձեր է անում, պետք է մի քանի քայլ անպայման ձեռնարկի:

Առաջին հերթին պարտավոր է փոխել երևացող շերտի դերակատարներին և հեռացնել օդիոզ անձանց, որովհետև մարդիկ, ովքեր պայքարի ընթացքում ունեցել են ձախողումներ և փոխել իրենց ռազմավարությունը՝ վազելով ընտրությունների հետևից, այլևս վստահություն չեն վայելում։

Երկրորդ՝ պետք է ներգրավել և հանրայնացնել այն մարդկանց, ովքեր վարկաբեկված չեն անհաջողություններով և ունեն արդյունքներով լի անցած ճանապարհ։ Բարոյական նկարագրի մասին էլ չեմ խոսում:

Երրրորդ՝ անպայման պետք է հանդես գալ ծրագրային մոտեցմամբ։ Մեր ազգային սովորությունն՝ իշխանությունը փոխենք, հետո ծրագիր մշակենք, պետք է մոռանալ։ Նախապես պետք է ծրագրային գոնե նշմարներ ունենալ, որոշակի ճանապարհային քարտեզներ, որպեսզի ավելի շատ ներգրավվեն գիտակից մարդիկ։

Չորրորդ՝ որպեսզի շարժումը թափ հավաքի, հերիք են մի քանի տասնյակ պոտենցիալ ունեցող ունակ մարդիկ, իսկ որակն արդեն կտա քանակի էֆեկտ։ Պետք է նաև մարդկանց ցույց տալ, թե ընդվզողները նոր կառավարության տարբեր ոլորտներում ու՞մ են տեսնում։ Կարճ ասած՝ մարդիկ պետք է տեսնեն չվարկաբեկված պրոֆեսիոնալների թիմ, ովքեր ցանկացած պահի ունակ են մեր երկրի կառավարման ղեկը վերցնել իրենց ձեռքը:

-Ի դեպ այդ հարցը շատ է քննարկվում, որ լավ, ենթադրենք Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը վաղը հեռացան, ի՞նչ է մեզ սպասվում, ովքե՞ր են վերցնելու երկրի ղեկը և ինչպե՞ս են լուծելու մեր առջև ծառացած խնդիրները։

-2015-ին մի առիթով հրապարակային ելույթ ունեցա, որտեղ բավականին գիտակից մարդիկ էին հավաքված։ Ես մի հարց տվեցի՝ պատկերացրեք Սերժ Սարգսյանը երկրի բանալին հանձում է Ձեզ ու հեռանում։ Նշեմ, որ 2018-ին այդպես էլ եղավ: Ո՞րն է Ձեր առաջին քայլը՝ հաջորդող քայլերի մասին էլ չեմ խոսում։ Դահլիճում տիրեց քար լռություն։ Այս հարցը ես տվել և տալիս եմ բոլոր ժամանակների ընդվզողներին։ Հավատացեք, գրագետ պատասխան չկա, հատուկ շեշտում եմ՝ պետական կառավարման իմաստով գրագետ։

-Պարոն Մեսրոբյան, ի՞նչ փուլում է «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագիրը, որը նախաձեռնել և մշակման աշխատանքները համակարգում եք Դուք։

- Երբ 2020-ի հուլիսից մեկնարկեց «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի մշակումն, առ այսօր բավականին աշխատանքներ արվել են: Մասնավորապես, 2021-ի դեկտեմբերին ավարտվեցին ծրագրի բոլոր 10 ուղղությունների մշակման աշխատանքները, և անմիջապես սկսվեց այդ ուղղությունների փորձազննումը: Այս պահի դրությամբ իրականացվում է վերջին ուղղության փորձազննումը: Այդ աշխատանքներին ներգրավել էինք մի քանի տասնյակ լավագույն փորձագետների թե՛ Հայաստանից և թե՛ Սփյուռքից:

Այս տարվա սեպտեմբերից սկսվելու են փորձազննումն անցած ծրագրի բոլոր 10 ուղղությունների համակցման աշխատանքները, որից հետո մշակվելու են անցումային դրույթները: Անցումային դրույթների մշակումն անհրաժեշտ է այն պարզ պատճառով, որ մեր պետությունը, որպես կառավարման գործիք, արդեն գոյություն չունի, ինչը պահանջում է 4-5 տարի անցումային շատ կոշտ հակաճգնաժամային պետականաստեղծ կառավարման փուլ, որից հետո միայն հնարավոր է «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի իրական՝ գետնի վրա մեկնարկը:

-Երեկ ֆեյսբուքում մի գրառում կար Ձեր կնոջ կողմից՝ կապված Ձեր երկրորդ ծննդյան հետ։ Կպարզաբանե՞ք ինչի մասին է խոսքը։

1992-ին Արցախյան պատերազմի ժամանակ օգոստոսի 16-ին ես ծանր վիրավորվեցի և ընկա կլինիկական մահի մեջ՝ կորցնելով բավականին արյուն։ Մինչև հիմա էլ ոտքիս մեջ բեկոր է մնացել։

Փաստորեն այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում ու Արցախում, ավելի ցավալի ու ծանր է հատկապես այն մարդկանց համար, ովքեր արյուն են թափել Արցախյան պատերազմում։ Անգամ ամենադաժան երազում 1992-ին, երբ ծանր վրավորվեցի, չէի կարող պատկերացնել, որ մեր հասարակությունը բարոյահոգեբանական, մտավոր և կամային նման խայտառակ անկում կունենա։ Այդ թափած արյունը հարգելու համար մենք պարտավոր ենք դեմ կանգնել այն բոլոր ցավալի գահավիժումներին, որոնք տեղի են ունենում այսօր, և գնանք դեպի վերելք ու, որպես հետևանք, դեպի հաղթանակ։ Բայդ դա կարող են անել բացառապես ընտրյալ մարդիկ, ովքեր իրենց կյանքով ապացուցել են ազնվությունն ու նվիրվածությունը, ինչպես նաև պրոֆեսիոնալիզմը։ Եվ այդ նվիրյալները պետք է նաև ոգեշնչեն այսօրվա երիտասարդությանը և միասին ջարդենք մեր երկրին սպառնացող մահացու վտանգի ողնաշարը։ Եթե դա մեզ չհաջողվի, թուրքը կա ու կա։ Նա ոչ միայն մեր մեջքը կջարդի, այլև կլուծի մեր էթնիկ գոյության հարցն այս տարածաշրջանում՝ գետնի վրա փակելով նաև «Հայկական հարցն» ամբողջությամբ։

Հարություն Մեսրոբյան Հայաստան Սուրմալու Պայթյուն Հայոց Երկիր ռազմավարական ծրագիր խմբագրի ընտրանի հարցազրույց

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին