CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Մար-ա-Լագոյի իր առանձնատանը ՀԴԲ-ի հետախուզության խուզարկության տեսագրությունները հրապարակելու հնարավորությունը։ Գրում է Gazezta.ru-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքական գործչի շրջապատում աշխույժ քննարկում է ընթանում այն մասին, թե արդյոք այս քայլը նրա օգտին կխաղա՞, թե՞ հակառակը՝ ի վնաս իրեն։ Ինչպես նշվում է, որոշ դաշնակիցներ ակտիվորեն հորդորում են Թրամփին հրապարակել տեսանյութն ամբողջությամբ կամ հատվածներով՝ համարելով, որ դա կամրապնդի Հանրապետական կուսակցության դիրքերը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին։ Մյուսները մտավախություն ունեն, որ կադրերը ցույց կտան խուզարկության շրջանակը և նյութերի քանակը, այդ թվում՝ նախկին նախագահից առգրավված գաղտնի փաստաթղթերը, և դա դժվար թե օգնի նրան ապացուցել ներկայիս իշխանության կողմից «քաղաքական հետապնդումների» առկայությունը։
Միևնույն ժամանակ, CNN-ի սյունակագիրների կարծիքով՝ նման իրավիճակում Թրամփը կարող է ոչ միանշանակ դիրքորոշում ընդունել՝ օգտագործելով տեսանյութերի գոյությունը որպես «քաղաքական զենք», բայց ի վերջո հնարավոր ռիսկերի պատճառով չանցնելով դրանք իրականում հրապարակելուն։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարող է Թրամփի դեմ պաշտոնական մեղադրանք ներկայացնել՝ նրա ունեցվածքում ՀԴԲ-ի խուզարկությունից հետո։