ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի Մար-ա-Լագոյում գտնվող իր կալվածքում պահել է առնվազն 300 գաղտնի փաստաթուղթ։ Գաղտնի նյութերի թվում են Կենտրոնական հետախուզական վարչության, Ազգային անվտանգության գործակալության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի փաստաթղթերը, հայտնում է The New York Times-ը:
Հրատարակությունը նշում է, որ Թրամփը հունվարին մոտ 150 գաղտնի փաստաթուղթ է փոխանցել ԱՄՆ Ազգային արխիվների և փաստաթղթերի վարչությանը։ Թրամփի ներկայացուցիչները մնացած գաղտնի փաստաթղթերը ԱՄՆ արդարադատության նախարարությանը հանձնել են հունիսին, իսկ որոշները առգրավվել են օգոստոսի սկզբին Մար-ա-Լագոյում խուզարկության ժամանակ։
Այժմ Սպիտակ տան ներկայացուցիչներն ունեն նյութերի 26 տուփ, որոնք Թրամփը պահել է իր մոտ. դրանց մեջ կա «հույժ գաղտնի» մակագրված մեկ փաթեթը, նշվում է հրապարակման մեջ։
Թրամփն իր տան խուզարկությունը կապել է 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին իր առաջիկա մասնակցության հետ։ Օգոստոսի 12-ին հայտարարվել է, որ ՀԴԲ-ի գործակալները առգրավել են գաղտնի փաստաթղթերի 11 հավաքածու, որոնցից մի քանիսը «հույժ գաղտնի» նշումով են եղել և չպետք է դուրս բերվեին հատուկ պետական հաստատություններից։ Դուրս են բերվել նաև շուրջ 20 տուփ իրերով և լուսանկարներով թղթապանակներ։