f

Անկախ

«Քաշաթաղն իմ կյանքի, իմ սրտի դաջվածքն է, իմաստը, որով ապրում էի»․ հայրենազրկված քաշաթաղցի


Օգոստոսի 26-ին թշնամին ոտք դրեց հայկական Բերձոր, Աղավնո և Սուս։ Մտավ հպարտ, առանց կորուստների՝ դավադիր պայմանավորվածության արդյունքում։

Ադրբեջանական օկուպացիայի կադրերն ու Ալիևի հրճվանքը ցավ էր ազգային արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր հայի համար, բայց Քաշաթաղում ապրած, Քաշաթաղին մի ողջ կյանք նվիրված մարդկանց համար դա նախևառաջ բարոյական մահ էր։

Մհեր Մազմանյանն այդ մարդկանցից մեկն է։ Ասում է՝ սիրտը պայթում է, չի համակերպվում այն մտքի հետ, որ Քաշաթաղը հանձնվել է առանց կրակոցի, թուլամորթության հետևանքով։ «Քաշաթաղը 3100 քմ էր, հիմա վերջ, մնաց զրո։ Ընդամենը մի ճանապարհ, որը չգիտենք, թե ով է վերահսկելու, ինչ է լինելու»։

Ծնունդով սպիտակցի Մհերը 88-ի երկրաշարժի ժամանակ կորցրել էր ծնողներին, երբ դեռ պատանի էր։ Նրա հետագա կյանքն ամբողջությամբ նվիրված էր Արցախյան ազատամարտին ու հատկապես Քաշաթաղին։

 «Քաշաթաղն ինձ համար գտնված հրաշք է իր պատմական հայկականության շնչով։ Դա իմ կյանքի, իմ սրտի դաջվածքն է։ Ու էսօր, երբ տեսնում եմ թշնամու ոգևորությունը, թե ոնց է Աղավնոյի կամրջով անցնում, հետո թեքվում դեպի Սրբոց Նահատակաց եկեղեցի, որի կողքին «Աիմավան 1» ցուցանակն էր, որն ունի պատմություն և որը մեր ձեռքով էինք դրել, ես չեմ կարող բառերով նկարագրել այն ցավը, որն ունեմ։ Այնտեղ ամեն մի ծառ ու թուփ ինձ համար թանկ է, քանի որ այնտեղ նաև իմ ընկերների արյունն է թափվել»։

Մհերը մտքով գնում է դեպի 1992 թվական, երբ ընկերներով՝ 19-20 տարեկան տղաներ, մասնակցում էին Արցախյան ազատամարտին։ Ինքն այդ ժամանակ ԱԻՄ-ական էր ու պատերազմին մասնակցում էր հենց ԱԻՄ-ի աշխարհազորային ջոկատով։ Հիշում է՝ հուլիսի 28-ին Քաշաթաղի Հոչանց գյուղում էին։ Երեկոյան 5 ընկերներով ոգևորված զրուցում էին ապագայի իրենց պլանների մասին ու հենց այդ ժամանակ որոշում են, որ  երբ պատերազմը վերջանա, վերադառնալու են Քաշաթաղ ու ապրեն այստեղ։

«Մեր մեջ կասկած չկար տարածքի հայկականության առումով, քանի որ մեր աչքով էինք տեսել խաչքարերն ու հայկական պատմական հուշարձանները։ Մենք չէինք կարող նույնիսկ մտածել, որ հայկական այս հողերը մի օր նվիրվելու են թշնամուն»։

Այդ օրը խոստացան ու երդվեցին, իսկ հաջորդ օրը հայտնվեցին շրջափակման մեջ։ 5 ընկերներից ողջ մնաց միայն Մհերը։

«Գյուղում այդ պահին 36 հոգով էինք, որից 19-ը զոհվեց նույն օրը, իսկ 4-ը՝ հաջորդ օրը։ Շոկային վիճակ էր, չէինք սպասում, որ թշնամու կողմից հարձակում կլինի։ Ինքնապաշտպանությամբ հետ քաշվեցինք, ես երկու ոտքից վիրավորվեցի։ Կարողացանք մի կերպ դուրս գալ շրջափակումից, ինձ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ մնացի մինչև դեկտեմբերի սկիզբ և հիվանդանոցից դուրս գալուց հետո անմիջապես գնացի ռազմաճակատ»։

1994 թ․ զինադադարի լուրի օրը Մհերն Աղավնոյում էր։ Դեմ էր զինադադարին, քանի որ կարծում էր, որ դա չի արտահայտում հայկական կողմի հաղթանակն ու Ադրբեջանին կապիտուլյացիայի չի ենթարկում։ Այդ ժամանակվանից դառնում է ընդդիմադիր գործող իշխանությանը։

«1994 թ մարտի 22-ն էր՝ իմ ծննդյան օրը։ Ես Աղավնոյում էի, որտեղ ԱԻՄ-ի մեր աշխարհազորը փոքր տնտեսություն էր հիմնել, և ես զբաղվում էի դրանով։ Իմ մտերիմ ընկերները զոհվել էին, ու ես պիտի պահեի այն խոստումը, որ միասին տվել էինք 1992 թ․ հուլիսի 28-ին։ Եվ այդ ժամանակ ինքս ինձ կրկին խոստացա, որ պիտի ապրեմ Քաշաթաղում, ընտանիք կազմեմ ու շատ երեխաներ ունենամ»։

Մհերը խոստումը պահեց։ 1996 թվականին վերջնականապես տեղափոխվեց Քաշաթաղ։ Ապրեց Քաշաթաղի տարբեր բնակավայրերում՝ Աղավնո, Տանձուտ, Բերձոր և այլն։ Տեղափոխումներն աշխատանքի հետ էին կապված։ Ասում է՝ իր համար Քաշաթաղի ամեն անկյունն էր հարազատ, տարբերություն չկար, թե որտեղ կապրի։

Մյուս խոստումն էլ է պահում, ունենում է 7 զավակ՝ 5 որդի, երկու դուստր։ Երբեմն-երբեմն ընտանիքը թողնում էր Քաշաթաղում, ինքը որոշ ժամանակով ապրում Երևանում՝ քաղաքական ակտիվությամբ պայմանավորված կամ ֆինանսական խնդիրներ լուծելու նպատակով։ Բայց քանի դեռ Քաշաթաղը կար, Մհերն իրեն ամուր էր զգում։ Գիտեր, որ ինչ էլ լինի, ինչ դժվարությունների մեջ էլ որ հայտնվի, կա մի վայր, որտեղ իրեն ապահով ու խաղաղ  զգում։ Քաշաթաղն իր տունն էր, իր թիկունքը։

Հետաքրքիրն այն է, որ ողջ կյանքը նվիրելով Քաշաթաղին, այնտեղ ապրելով շուրջ 25 տարի՝ Մհերը մի կարգին սեփականություն էլ չի ունեցել։ Ու այսօր անգամ փոխհատուցում չի կարող ստանալ պետությունից։

«Քանի որ վերջին 3 ամսում ես Քաշաթաղում չեմ ապրել, ոչ մի նյութական փոխհատուցում չեմ ստանա։ Հիմա ոչ մի տեղ տուն չունեմ։ Էս պահին ապրում եմ Ասկերանի Պատարա գյուղում՝ վարձով։ Զինվորական ու հաշմանդամության թոշակ եմ ստանում 65 հազար դրամ, որից 50 հազարը տալիս եմ տան վարձ։ Բայց ինձ համար նյութական կորուստները ոչ մի բան են։ Դժվարությունների մեջ շատ ենք եղել, սա էլ կհաղթահարենք։ Ինձ համար իմ ընկերների թափած արյունն է ցավ։ 30 տարվա կյանքի իմաստը, որով ապրում էի, զրոյացավ։ Ես հիմա երեխեքիս առաջ արդարանալու ոչինչ չունեմ։ Ես չգիտեմ, թե ոնց եմ շարունակելու իմ հետագա կյանքը»։

Մհերն աշխատել է Արցախի ԱԻՆ-ում՝ որպես Բերձորի տարածաշրջանի հետաքննիչ, Բերձորի զինկոմիսարիատում՝ որպես ֆինանսատնեսական բաժնի պետ և այլն։ Սակայն նրա կյանքի պատմությունն ընդհանուր առմամբ բարդ է և մշտապես ուղեկցվել է արդարության ու ամուր պետություն ունենալու համար պայքարով, ինչի համար բոլոր ժամանակներում հաճախ դարձել է իշխանությունների աչքի փուշը։

«Ես միշտ եմ ընդդիմադիր եղել, Լևոնի ժամանակներից սկսած,-ծիծաղում է նա,-ու հիմա չեմ զարմանա, եթե այս իշխանությունների օրոք մի գեղեցիկ օր հայտնվեմ Բաքվի բանտերում»։

Մհեր Մազմանյանը մասնակցել է ոչ միայն Արցախյան առաջին ազատամարտին, այլև 2016-ի քառօրյային ու 44-օրյա չարաբաստիկ պատերազմին։ Ասում է՝ վերջին պատերազմի ժամանակ իր համար ակնհայտ էր, որ դավադրություն ու դավաճանություն է տեղի ունենում։   

«Այն, ինչ տեսա հոկտեմբերի 1-11-ը Ջրականում, սարսափելի էր։ Ամենաթողություն, անկառավարելիություն։ Ինձ համար պարզ էր, թե ինչ է կատարվում։ Իսկ նոյեմբերի 9-ից հետո, եթե այս իշխանությունը հեռանար, կարծում եմ գոնե Քաշաթաղը հնարավոր կլիներ պահել։ Եթե Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը մեր ձեռքում չէր, մեզանից շատ բան կախված չէր, ապա Քաշաթաղում մենք կարող էինք ինքնակազմակերպվել և մեր ձեռքը վերցնել պաշտպանությունը ու չհնանձնել Քաշաթաղը»։

Խոսելով Հայաստանի ու Արցախի ապագայի մասին՝ Մհեր Մազմանյանն ասում է, որ միակ ճանապարհը նոր, առողջ ու ազգային ուժերի իշխանության գալն է։

«Այս իշխանությունը Հայաստանի ամենամեծ խնդիրն է, բայց շատ խնդիրներ ծագել  են 30 տարիների ընթացքում։ Այս իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, մեր բոլոր սխալների հետևանքն է։ Պիտի բոլորս ընդունենք մեր սխալը։ Պիտի խոստովանենք, որ բոլոր պետական կառույցները ծառայել են անձերին, ոչ թե պետությանը։ Հասարակությունն էլ դեգրադացվել է։ Այս որակով չենք կարող պետության մասին խոսել։ Ընտրությունները կեղծվել են, իրար քծնելով պաշտոն են ստացել, կեղծ հայրենասիրություն են խաղացել։ Այդ ամենը հասցրեց մեզ էս օրին։ Եթե նախկին նախագահներն իրոք այս երկրի մասին են մտածում, թող քաղաքական առումով մի կողք քաշվեն և թող օգնեն նոր ուժերին գալ իշխանության։ Այդ դեպքում, վստահ եմ, կարողանալու ենք հետ բերել մեր կորուստները»,-հույս է հայտնում է Մհերը։

 

 

Քաշաթաղ Բերձոր Աղավնո Մհեր Մազմանյան խմբագրի ընտրանի Արցախ 44-օրյա պատերազմ Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին